Սպիտակ տան բժիշկը հոգեկան առողջության «հավաստագիր» տվեց Դոնալդ Թրամփին: Դրա համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահն իր ամբողջ գիտակցական կյանքում ո՛չ ծխել է, ո՛չ էլ ալկոհոլ է օգտագործել: Բայց չնայած այս ծանրակշիռ փաստարկին, դա հիմք չտվեց հակառակը ենթադրող ամերիկացիների որոշ մասին և Թրամփի բնութագրմամբ` «վանող հոտ արձակող անցքի նման երկրների» քաղաքացիներին իրենց հակադիր կարծիքներից հրաժարվեին: Կարճ ասած, նրանք շարունակեցին «կայֆ բռնել» ԱՄՆ-ի նախագահի ելույթներում արտահայտած ոչ պատշաճ ձևակերպումների վրա: Իր մասին հեգնանքով արտահայտվող ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ներին էլ Թրամփը որոշեց երկրի թշնամիներ հայտարարել: Զամբիացիներն էլ՝ հաշվի չառնելով Թրամփի հակակրանքն իրենց երկրի հանդեպ, որոշեցին գործի դնել իրենց ոչ այնքան բնորոշ նրբանկատ հումորը: Զբոսաշրջային գովազդապաստառ հրապարակեցին, որով ամերիկացիներին հրավիրում են իրենց «վանող» երկիր, բայց չեն խոստանում, թե այնտեղ նրանք հնարավորություն կունենան տեսնելու սեփական երկրի խորհրդանիշն հանդիսացող ծածանվող դրոշներ: Զամբիացիները նաև հավաստիացրել են, թե այդ կերպ իրենք չեն «բռնագրավում» ամերիկացիների` իրենց դրոշով հպարտանալու ցանկությունը: Փոխարենը` անդրօվկիանոսյան զբոսաշրջիկներին խոստացել են իրենց պետական դրոշի իմիտացիան պատկերացնել զեբրերի զոլերի և երկնքի աստղերի համադրության պատկերում:
Այս առումով երևակայության ավելի հնարամիտ հայտարարի են եկել Հարավային և Հյուսիսային Կորեաները: Նրանք որոշել են միմյանց նկատմամբ տասնամյակների հակակրանքը մի կողմ դրած, ձմեռային օլիմպիադային հանդես գալ մեկ դրոշի նեքո: Իսկ որպեսզի «ոչ շիշը վառի, ոչ քյաբաբը», իրենց պարզած դրոշի վրա պատկերված է լինելու Կորեական թերակղզին: Այսինքն` կբացառվի որևէ կողմի հայրենասիրության «բռնագրավումը»: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ հայրենասիրությունը անբռնագրավելի կատեգորիա է:
Հայաստանում ևս դա շատ լավ հասկանում են, ուստի այստեղ պատրաստվում են ներքին աճուրդի հանել պահուստային ֆոնդի ոչ թե պատմամշակութային, այլ` բռնագրավված թանկարժեք զարդերը: Դե, սա էլ է հասկանալի` գանձարանը լցնելու տարբերակ է: Բայց այս տարբերակը, ի տարբերություն «Հարկային օրենսգրքի» փոփոխության պատճառով առաջացած գնաճից պետական գանձարան մուտք գործող ռեալ գումարների, այնքան էլ արդյունավետ չի դիտարկվում: Այս զարդերը, ինչպես նշվեց կառավարությունում, ցածր լիկվիդայնություն ունեն: Թեև պարզ է, որ դրանք ջրի գնով ոչ ոք չի պատրաստվում վաճառել: Դրանում կասկած չկա, կասկածը նրանում է, թե կառավարության բերած փաստարկն այն մասին, որ այս տարի ընդամենը 2,6 տոկոսի գնաճ է եղել, արդյո՞ք արտացոլում է իրական պատկերը: Հայ փորձագետն այս երևույթի մասին իրեն թույլ տվեց նկատել, որ այդ համեստ տոկոսային պատկերը վիճակագիրների թվանկարչության, այլ` ոչ թե ռեալ գնահատման արդյունք է: Կովկասյան հարևան հանրապետություններում արձանագրված գնաճային համեմատական վարկանիշում «բարետես» երևալու համա՞ր է արվել: Մյուս կողմից, նույն փորձագետը նկատում է, որ սա` վառելիքի գնով պայմանավորված, մուլտիպլիկատիվ գնաճ է և շուտով այն կհասնի 15 տոկոսի: Երկրի հակամոնոպոլ մարմինն այս դեպքում, վերևից ստացած հանձնարարականի համաձայն, բնականաբար, կաշխատի գնաճի մարդասիրական դրսևորման բացատրություններ գտնել:
Օրինապահ մարմիններն էլ` տարբեր վայրերում տեսահսկող սարքերի սպասվող ավելացման շնորհիվ, շուտով հնարավորություն կունենան ավելի հստակ արձանագրել այդ ամենից դժգոհ մարդկանց դեմքերը: Բայց սա պաշտոնապես չեն արձանագրի, սարքերը նախատեսված են փողոցում կատարվող հանցագործությունների արձանագրման համար: Թեև ԱԺ պատգամավորներից մեկը հակված էր ենթադրելու, թե այդ սարքերի քանակը իրենց կինոդերասանի ամպլուա կպարտադրեն: Ընդ որում, ամեն ոք կխաղա իրեն վերապահված դերը: Բայց հայ պատգամավորները` իրենց վերապահված սովորական դերից բացի, դերասանական այլ շնորհներն էլ հնարավորություն կունենան հանրությանը ցուցադրել: Իսկ այս դեպքում Շարմազանովը նրանց դիմելիս, կասի. «Դերասաններին հրավիրում եմ դահլիճ»:
Շատ էր խոսվում, թե ՀՀԿ-ն ո՞ւմ է տեսնում հանրապետության նախագահի դերում: Մարտ ամսին և՛ մենք, և՛ ռուսները նոր նախագահ ենք ունենալու, ուստի այս օրերի գլխավոր ինտրիգն է խաղարկվում մեզ մոտ և Ռուսաստանում: Ռուսաստանում ինքնաառաջադրված Պուտինի հաղթանակը, իսկ մեզ մոտ` ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից ՀՀԿ թեկնածուի նախագահ ընտրվելը կասկած չի հարուցում: Թեկնածուն, ասվում էր, թե անկուսակցական պետք է լինի, մաքուր ճանապարհ անցած, լեզուներ իմացող և Սփյուռքում լավ կապեր ունեցող: Ի վերջո, հայտարարվեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի անունը, ով տարիներ առաջ փորձեց վարչապետ աշխատել, բայց դա երկար չտևեց: Շարմազանովը, ինչպես միշտ, իր ծանրակշիռ կարծիքն հայտնեց, թե Արմեն Սարգսյանը, բացի ՀՀԿ թեկնածուն լինելուց, վայելում է նաև ընդդիմության մի ստվար մասի համակրանքը, իսկ եթե նրանք չքվեարկեն վերջինիս օգտին, ապա ինքն համոզված է, որ ներքուստ խղճի խայթ կապրեն: Մի խոսքով, ինչպես մեկ այլ փորձագետ էլ նկատեց` թեկնածուի անունն ականջահաճո է, ոչ անգլամետ է, ոչ ռուսամետ: Ու բավականաչափ համեստ մարդ է, որ ինչպես նրա` վարչապետ աշխատած տարիների փորձն է հուշում, կարող է չզլանալ, մետրոյով երթևեկել և դեպի ավելի ժողովրդավար պետություն առաջնորդելու բարի ցանկություններից դրդված, մարդկանց հետ շփվելու հնարավորություն փնտրել:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ