ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավ կլիներ, եթե բոլորս էլ հեռու լինեինք զազրելի գիտափորձերից

Հայաստանի վարչապետին տրամադրվելու է Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայրը, իսկ նախագահն առայժմ կտեղավորվի կառավարությունների ընդունելությունների տանը: Ճշգրտված են նաև նրանց աշխատավարձերի չափերը: Բայց, կարծում եմ, որ սա ամենաանէական առնչությունը կունենա նրանց հետ` պաշտոնավարման ժամկետում:

ՀՀԿ-ից նախագահի պաշտոնի թեկնածուի հավանությունը ստացած ֆիզիկոս, դիվանագետ և մի շարք միջազգային հեղինակավոր ընկերությունների խորհրդատու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ հայ գիտնականների հետ: Ու թեև հանդիպումը փակ դռների ետևում էր (թե ի՞նչ կար թաքցնելու` այնպես էլ հայտնի չդարձավ), գիտնականները կանխավ անթաքույց ոգևորություն էին ապրել` այն ակնկալիքով, որ իրենց կոլեգայի պաշտոնավարման ժամկետում իրենք նրա կողմից անտեսված չեն լինի` որպես գիտական մտքի հեղինակություններ:

Դռնփակ հանդիպումները, նիստերը երևի իրենց օգտակարությունն ունեն: Ասում են, թե դրանք նաև արդյունավետ են գործնականության տեսանկյունից: Համենայն դեպս, խոշոր հաշվով, հանրությունը հստակորեն չի իմանա, թե ինչ «բազարներ» են տեղի ունենում ներսում: Ու այդպես էլ «վերևներում» որոշվեց, որ այսուհետ կառավարության նիստերն էլ կանցնեն փակ դահլիճում: Դրանում վատ բան չկա` ասում է երկրի գլխավոր օրինաստեղծը, պատկերացրեք, տանը վիճում են հարս ու սկեսուր` ոչինչ, դա յուրայինների վեճ է, բայց մտածեք միայն, թե այն ինչ հետևանքներ կունենա, եթե դրան ներկա լինի մի երրորդ անձ: «Երրորդ անձի» դիրքերից հանդես եկած ԶԼՄ-ները պնդեցին, թե կառավարության անդամները չեն կարող անձնականացվել հարս ու սկեսրոջ հետ, իսկ նիստում հնչած հարցերը պետական նշանակություն ունեն, որոնց հանրությունը կուզենար անպայման տեղյակ լինել: Ուստի դրանց լուսաբանման արգելումը դիտարկվեց ետընթաց ժողովրդավարությունից: Դե, այստեղ Շարմազանովը, ինչպես միշտ, միջամտեց` թե պետք է օրինակ վերցնենք Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից: Բա, մի երջանիկ օր չլինե՞ր, որ իշխանություններն այդ երկրներում ստեղծված բնակչության կենսմակարդակն այստեղ մոդելավորեին:

Այս առումով, Ադրբեջանը, օրինակ, հակառակ կերպ է վարվում: Այն իր ներսում արմատացած ու ահավոր չափեր ընդունած քաղաքական կոռուպցիան արտահանում է Եվրոպա, որպեսզի այնտեղ ևս դա զարգացման ուղի հարթի: Միլիոնավոր եվրոներ է փոխանցում եվրոպացի դիվանագետներին` երջանկացնելու համար: Ընդամենը մի փոքր պայմանի դիմաց, որպեսզի սրանք էլ չմոռանան հենց ադրբեջանական շահերը տարբեր ամբիոններից պաշտպանել:

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպան եղավ` դեպրեսիայից իրեն պաշտպանել չկարողանալու պատճառով: Նա` փոխանցման կարգով, երբեք հավակնություն չի ունեցել հոր պաշտոնը ստանալ: Հորից ժառանգած կասկածելի պատկանելիություն ունեցող հողի տերն ու տիրականը իրեն համարող Իլհամին անշուշտ ինքնասպանության մոլոր ուղին չի սպառնում, որովհետև ինքը դեպրեսիաների մեջ չի ընկնում, երբ ոչ թե խավիարասեր դիվանագետներն են դատողություններ անում իր երկրի իդեալական կառավարման մասին, այլ` օբյեկտիվ փորձագետներն ու վիճակագիրները, ովքեր նրան բռնապետ են անվանում:

Այժմ էլ քանիերորդ անգամ, Իլհամը` որդին Հեյդարի, պատրաստվում է վերընտրվել ու պահպանել խանական աթոռը: Ի՞նչ արած` բնազդ է: Ենթարկվել է պետք դրան: Ռուս երիտասարդ ինժեներները մի ջերմացնող կցորդ-սարք են հնարել, որ փորձարկել են մի զբոսայգում: Այստեղ գտնվող նստարաններն այդ կցորդ-սարքի միջոցով ջերմացվում են և մարդկանց ձգում են նստելու: Հետևություն` ինժեներներին հաջողվել է գրգռել ամենասովորական մարդկանց տաքուկ տեղում նստելու բնազդը: Այնպես որ, սա զուտ խանական բնազդ չէ` հաջողվել է ապացուցել ռուս երիտասարդ-նորարարներին: Հիմա այդ այգին լիքն է մարդկանցով:

Կենդանիների վրա գիտական փորձեր կատարելու համար գերմանական ավտոարտադրող հեղինակավոր մի քանի ընկերություններ հայտնվեցին սկանդալային պատմության մեջ: Գիտնականների փորձանմուշները եղել են հերմետիզացված խեղճ կապիկները: Հերմետիկ միջավայրը նրանց ջերմությամբ չի ապահովել, այնտեղ մեքենայի գազ է փչվել: Երևի այն պատճառով, որ կապիկները շատ նմանություն ունեն մարդկանց հետ, դրա համար են նրանք ընտրվել փորձի համար: Նպատակը եղել է՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տալ, որ մեքենաներից արտանետված գազն այնչափ վնասակար չէ, ինչպես դա երևակայում են ոմանք: Ըստ որոշ տեղեկությունների, այս փորձերին պետք է մասնակից դառնային նաև երիտասարդ մարդիկ, ինչը զազրելի երևույթ գնահատվելուց հետո, կանխվել է: Բայց ինչ-որ պահի մեզանից յուրաքանչյուրն էլ երևի որոշակի երևույթների է հանդիպում, որոնք անուղղակիորեն նրան դարձնում են գիտափորձի մասնակից: Վատ, թե՞ լավ, դա դեռ հարկ կլինի վերլուծել ու նոր միայն հասկանալ` սիցիլիական պաշտպանություն կիրառելու համար: Բոլոր դեպքերում` լավ կլիներ, եթե բոլորս էլ հեռու լինեինք զազրելի գիտափորձերից:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ