ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

COVID-19-ի բացասական ու դրական հետեւանքները

Հարցազրույց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (YIC) ՀԿ-ի նախագահ ԱՐԹՈՒՐ ՆԱՋԱՐՅԱՆԻ հետ:

Արթուր, բնականաբար, այս փուլում ամենաակտիվ թեման COVID-19-ն է. ո՞վ, ինչպե՞ս է կարողացել այն անցկացնել, ի՞նչ է սովորեցրել այն մեզ, ինչպե՞ս է փոխել մեր առօրյա կյանքը, և դեռ ինչքա՞ն պետք է ապրենք թագաժահրի կողքին

– Իհարկե որքան էլ COVID-19-ը բացասական հետևանքներ թողեց, ինչ-որ տեղ նաև դրական ազդեցություն ունեցավ: Առաջինի դեպքում, քանի որ մեր կազմակերպության հիմնական գործունեությունը կապված է միջազգային կառույցների հետ, այս առումով ծանր հետևանքներ ունեցանք. մի շարք ծրագրեր ամբողջությամբ դադարեցվեցին: Եվրոպական միության պահանջով, մեր գործընկերները հետ կանչվեցին: Մասնավորապես, դրանք կրթության, մշակույթի, երիտասարդության վերաբերյալ ծրագրեր էին, ունեինք նաև ծրագրեր՝ տուրիզմի և սոցիալական ձեռնարկության ոլորտներում՝ սրանք ևս ամբողջությամբ կասեցվեցին: Ունեինք միջազգային 4 մեծ ծրագիր, որոնք համապատասխան գործընկերների հորդորով առհասարակ դադարեցվեցին: Սա իր հետ բերեց 3-24 ամիս տևողությամբ ծրագրերի կասեցման: Իսկ ծրագրերի չեղարկումը բերեց լուրջ տնտեսական վնասներ. Հայաստան էին գալու շուրջ 7 միջազգային խումբ, ամեն խումբը 40 հոգուց բաղկացած, 7 շաբաթվա տևողությամբ, որոնք իրենց վերապատրաստումն էին իրականացնելու այստեղ: Այդ ծրագրերն իրենց մեջ ներառում էին մշակութային, զբոսաշրջային բաղադրիչներ. սա ենթադրում էր ծառայությունների ողջ փաթեթից օգտվել, իսկ դա կբերեր տնտեսական որոշակի շարժ մեր քաղաքում, քանի որ մարդիկ հիմնականում պետք է օգտվեին հյուրանոցներից, սպասարկման ծառայություններից:

Իսկ այն տեղական ծառայությունները, որոնք մենք առօրյա տրամադրում էինք, աշխատում էինք երիտասարդության ոլորտի մասնագետների և երիտասարդների հետ, ստիպված եղանք մի պահ կասեցնել: Սակայն հնարավոր չէր երկար տեղում նստել. ստիպված ծրագրային մոդուլները փոխակերպեցինք հեռավարի: Ծառայությունների մեծ մասը, որոնք գրասենյակում ներկայություն չեն ակնկալում, սկսեցինք իրականացնել օն-լայն տարբերակով: Սա իր հերթին բերեց բարդություններ. մեր կառույցը, որը բավականին պրոֆեսիոնալ է հեռավար հաղորդակցման ոլորտում, արագ կարողացավ կողմնորոշվել ու կազմակերպել աշխատանքները, սակայն թիրախը, որի հետ մենք աշխատում էինք, կա՛մ չէին տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին, կա՛մ ձեռքի տակ չունեին համապատասխան սարքավորումներ:

Ինչպե՞ս լուծեցիք այդ հարցը:

– 2 շաբաթում հնարավոր եղավ կազմակերպել այդ աշխատանքները. և՛ տեխնիկական աջակցություն տրամադրվեց մեր կողմից, և՛ ծրագրային, շատ արագ վերապատրաստումներ արեցինք, այնպես որ, այլ կրթական ծրագրերին կից սովորեցին նաև ժամանակակից հեռահաղորդակցություն վարելը:

Ձեր աշխատանքները կապված են երիտասարդների, ինչպես նաև որոշակի սոցիալական խավի հետ: Ի՞նչ կասեք, կարանտինի մեջ հայտնվելով, ի՞նչ հոգեվիճակում էին մարդիկ, ինչպիսի՞ ազդեցություն է թողել համաճարակը:

– Այս պահի դրությամբ, մասնավորապես, մեր երկրորդ՝ պատանիների զարգացման կենտրոնի աշխատակիցների կողմից հաղորդվել է, որ կարանտինի պատճառով ոչ մի օր չի դադարեցվել կենտրոնի աշխատանքները, ամբողջ ծառայությունը պատանիներին տրամադրվել է, որոնք տարբեր մարգինալ խմբերից և տարբեր սոցիալական խավերից են: Իրենց, իրոք, ավելի շատ կարիք կար ճիշտ խորհրդատվությամբ ապահովելը, սկսած այն պահից, որ այս առիթն օգտագործելը երեխաներին ի նպաստ աշխատեց՝ համընդհանուր զարգացման ապահովման տեսանկյունից: Մենք հասկացանք մի կարևոր բան. հեռավար ուսուցումն ավելի հասանելի դարձավ, ավելի շատ շահառուների ներգրավեց: Անձինք, ովքեր ժամանակին տրանսպորտի գումար չունեին, որ հասնեին կենտրոն, ովքեր հագուստ չունենալու պատճառով չէին հաճախում, այս դեպքում, հեռավար կերպով ավելի հասանելի դարձան: Մենք ունեցել ենք առցանց մասնակցությամբ վերապատրաստումներ, ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, ընթերցանություն, և մասնակիցների թիվը կրկնակի ավել է եղել: Նման դեպքերում է, որ դրական եմ համարում կարանտինի ազդեցությունը:

Բացի այս, նաև շատ կարևորվեց այն հանգամանքը, որ կես կատակ-կես լուրջ ասած «Ինտերնետն անջատվել էր, շփվեցի ընտանիքիս հետ, պարզվեց՝ լավ մարդիկ էին» արտահայտությունն ավելի շուտ լուրջ էր… Ծնողները պատմեցին, որ եթե երեխաները մինչ այդ դրսում էին, հետո գալիս, համակարգիչների, հեռախոսների մեջ էին մխրճվում, հիմա, հեռախոսը կամ համակարգիչը օգտագործվել է տեղեկատվական նպատակներով, դարձել է ուսուցման գործիք՝: Այսինքն, խաղեր խաղալը հոգնեցրել է, ավելի շատ դասերին պատրաստվելու, տարբեր ծրագրեր սովորելու համար են օգտագործել:

Եթե մտավոր զարգացումն ինչոր կերպ ապահովվեց, ապա ֆիզիկական զարգացման համար բավական լուրջ խնդիր կունենանք, եթե, Աստված մի արասցե, այս իրավիճակը հանկարծ տարիներ տևի:

– Ճիշտ է, մենք չենք ունեցել սպորտային ակտիվ գործողությունների վերաբերյալ ծրագիր, սակայն կարանտինի սկզբից, քննարկումների արդյունքում որոշում կայացրեցինք, որ կարևոր է նաև ֆիզիկական վարժություններ մտցնելը, կամ պարի միջոցով այն լրացնելը: Սա զարգացած աշխարհում վաղուց ընդունված է, երբ օն-լայն տարբերակներով բազմաթիվ տեսանյութեր կան, որ տանը կամ որոշակի խմբի համար պարային, ակտիվ շարժման միջոցով խթանեն ֆիզիկական ակտիվությունը:

Ի՞նչ ծրագրեր կարող են դեռ իրականացվել:

– Այս ընթացքում նոր պրոյեկտներ են ծնվել, մեծամասշտաբ ծրագրեր, որոնց մասին շուտով առավել մանրամասն կպատմենք: Իսկ Սպիտակ համայնքի երիտասարդության համար լավ լուր եմ ուզում հայտնել. օգոստոս ամսից այնտեղ կբացվի «Սպիտակի երիտասարդների տունը»՝ սա թվով երկրորդն է: Իրականացնում ենք «Յունիսեֆի» հետ միասին: Տևական ժամանակ բանակցում էինք նաև Սպիտակի համայնքապետարանի հետ և, ի վերջո, մենք հասանք դրան: Այս կենտրոնը տարեկան մոտ 200՝ 13-18 տարեկան երիտասարդների համար ծառայություն կմատուցի: Նաև մի ուրիշ նախաձեռնություն կա՝ «Քաղաքը մերն է», որը երիտասարդների զարգացումն է՝ տուրիզմի և ենթակառուցվածքների զարգացման գործում ներգրավվածության առումով: Նպատակը՝ Շիրակի մարզում տուրիզմի զարգացումն է, մյուս կողմից՝ երիտասարդությանը այդ գործում ներգրավելը: Միջազգային ծրագիր է, 5 երկիր են ներգրավված: Հուլիսի 1-ից մեկնարկը կտրվի: Ամեն երկրից ընտրված 24 պատանի 8 ամիս տուրիզմի ոլորտին առնչվող տարբեր վերապատրաստումներ են անցնելու:

print
1,055