Խորհրդային տարիներին Լենինականի վոլեյբոլը հետին դիրքերում էր՝ համեմատած բասկետբոլ, ֆուտբոլ, մականախաղ և հանդբոլ մարզաձևերի հետ: Համահայկական սպարտակիադաներում մեր քաղաքի կանանց ու տղամարդկանց թիմերն այդպես էլ չկանգնեցին հաղթողի պատվանդանին: Դժվար է ասելը, թե ինչն էր պատճառը: Մարզաշխահի ներկայացուցիչներից շատերը հակված էին այն տեսակետին, թե չունենք բարձրակարգ խաղացողներ: Սակայն, եթե վերոհիշյալ խաղային մարզաձևերում բավականին լուրջ էր հաջողությունների քանակը, վոլեյբոլում ընդամենը մեկ անգամ մեր տղամարդկանց թիմը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Անկախ Հայաստանի օրոք տարիներ շարունակ Շիրակի մարզում վոլեյբոլի կադրային դարբնոցը եղել է Արթիկ քաղաքը: Դա հավասարապես վերաբերում է 90-ականներին և 21-րդ դարի առաջին տասնամյակին:
Ամեն ինչ սկսվեց 2012 թվականից: Արամ Սարգսյանի անվան քաղաքապետարանի խաղերի մարզադպրոցում վերջապես ստեղծվեց վոլեյբոլի առաջին խմբակը: Մարզիչ Եղիշե Մանուկյանն ամեն ինչ սկսեց զրոյից: Ով մարզչական աշխատանքի անգամ փոքրիկ փորձ ունի, լավ է պատկերացնում, թե ինչքան դժվար են առաջին քայլերը: Եղիշեն չբավարարվեց մանկապատանեկան խմբով ու հավաքագրեց մեր քաղաքում մնացած հատուկենտ փորձառու վոլեյբոլիստներին: Շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս գործին: «Ոչինչ չի ստացվի». հիմնականում այսպիսի կարծիք էր ձևավորվել մեր քաղաքի սպորտային համակարգում: Բայց շատ շուտով Երևանում համոզվեցին, որ Գյումրին լուրջ մտադրություններ ունի Հայաստանի մեծահասակների առաջնությունում ու պատրաստ է փչացնել առաջատար թիմերի տրամադրությունը: Ես բազմիցս եմ ներկա գտնվել մեր թիմի մարզումներին ու զարմացել եմ գյումրեցի մարզիչ-մանկավարժի նպատակամղվածությունից: Ձեռքի հարվածների կիրառումը խաղահրապարակի տարբեր հատվածներից կատարվել է օրական մի քանի հարյուր անգամ: Առանց հոգնելու, առանց դժկամության:
Այս 5 տարիների ընթացքում մեր վոլեյբոլիստներին դասական ձևում չի հաջողվել Հայաստանի առաջնության մրցանակակիր դառնալ: Իսկ ահա անցած տարվա ընթացքում լողափնյա վոլեյբոլի հանրապետության առաջնությունում մեր տղամարդկանց թիմը վերջապես նվաճեց բրոնզե մեդալներ: Իսկ 2017 թվականը սկսվեց Հայաստանի ձմեռային առաջնության մրցումներով: Գյումրին հանդես եկավ երկու թիմով: 12 թիմ մասնակցեց պաշտոնական ստուգատեսին և, գործող օլիմպիական կանոնակարգի համաձայն, պարտվողը լքում էր մրցասպարեզը: Ամենալարված ու անզիջում պայքարը տեղի ունեցավ բրոնզե մեդալների համար մրցակցությունում, որտեղ մեր թիմին դիմակայեց Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբը: Այս մրցավեճը դարձավ առաջնության լավագույն դիմակայություններից մեկը: Հավասար պայքարում մերոնք զիջեցին մրցակցին 1:2 հաշվով: 4-րդ տեղը 12 թիմերի պայքարում բավականին լուրջ արդյունք է, ինչը լավատեսորեն է տրամադրում մեզ, որ դասական վոլեյբոլի Հայաստանի առաջնությունում մերոնք մրցանակային տեղերի պայքարի լրջագույն հավակնորդներից մեկն են:
Ներկա պահին Եղիշե Մանուկյանի գլխավորությամբ արդեն մեր վոլեյբոլի թիմը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին. «Այս տարի վերջապես մեր մարզադպրոցի թիմը ցույց է տալու այնպիսի խաղ, որը հնարավորություն կտա նվաճելու մրցանակային տեղ: Միշտ մեզ խանգարել է մարզական բախտը, այս անգամ համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու ու Եղիշե Մանուկյանը Հայաստանի մեծահասակների առաջնությունից մրցանակային տեղով է վերադառնալու»,- նշում է Արամ Սարգսյանի անվան խաղերի մարզադպրոցի տնօրեն Արման Տիրայանը: Մենք ոչ մի հիմք չունենք նրան չհավատալու:
ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ