ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Գյումրին վերածվում է տեխնոքաղաքի»

Գյումրիում էր Լեհաստանում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաս Վալերյանի գլխավորած պատվիրակությունը:

Լուկաս Վալերյան լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Գյումրիի հետ համագործակցության մեկնարկի մասին՝ համաձայն որի, «Blue Idea» ընկերությունը կհավաքագրի և կփոխանցի լեհական ՏՏ ընկերությունների պատվերները Գյումրիի ՏՏ մասնագետներին ու ստարտափերին։ Նա նշեց, որ պատվերներն հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web Design և այլ տեխնոլոգիական խնդիրներին։

«Blue Idea» ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի և PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը, և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար: Ավելի ուշ սպասվում է «Blue Idea»-ի հայաստանյան մասնաճյուղի բացումը։ «Երբ ինձ հարցնում են՝ ինչու Հայաստան, ես կարճ պատասխանում եմ՝ համատեղել բիզնեսը հաճույքի և ժամանցի հետ: Շատ կարևոր հանգամանք է արմատներով իմ հայ լինելը՝ 200 տարի հետ գնալով, բացահայտում եմ իմ հայ արմատները: Լեհաստանն ունի բավական զարգացած տնտեսություն, ՏՏ ոլորտն է շատ զարգացած, բայց այնտեղ կարիք կա նորարարությունների: Կարծում ենք այս համագործակցությամբ կունենանք նոր գաղափարներ և նորարական ու որակյալ, տարբերվող դեմք: Հունվարին, երբ ես դարձա ՀԶՀ ներկայացուցիչ, մշակեցինք Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու երկարաժամկետ ծրագրեր: Վստահ եմ, որ մեր գործողությունները Հայաստանում պետք է շատ մեծ ազդեցություն ունենա երկու երկրների տնտեսությունների զարգացման վրա: Մենք ուզում ենք մեր բիզնեսը զարգացնել քայլ առ քայլ: Ուսումնասիրել ենք Հայաստանի շուկան, տեղեկացել, որ այստեղ կան շատ որակյալ ծրագրավորողներ, և մեր գործողությունների սկիզբը նախատեսել ենք Գյումրիի հետ համագործակցելով»,- ասաց Լուկաս Վալերյան:

«Շատ հուզված եմ այսօր,- ասաց ԳՏՏԿ գործադիր տնօրեն և ՀԶՀ Գյումրու պաշտոնական ներկայացուցիչ Ամալյա Եղոյանը,- քանի որ, երբ մի 5 տարի կամ մեկ տարի առաջ գնում էինք Երևան, այնտեղի ընկերություններին համոզում, որ Գյումրիում բացեն իրենց ներկայացուցչությունները, բավականին բարդ էր: Իսկ 2017թ. մենք արդեն մեզ մոտ ունենք 7 նոր ընկերության մուտք: Հպարտորեն հայտարարում եմ, որ Գյումրին վերածվում է տեխնոքաղաքի: Երբ ՀԶՀ-ի կողմից ինձ առաջարկ եղավ՝ լինել իրենց ներկայացուցիչը Գյումրիում, ես տարակուսորեն ընդունեցի, չէի պատկերացնում համագործակցության արդյունավետությունը: Սակայն հենց ինձ ուղարկեցին աշխարհով մեկ իրենց կարևոր կոնտակտները և իրենց ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեները, առաջին իմ շփումն եղավ պարոն Լուկասի հետ: Երբեք չեմ մոռանա այդ նամակագրությունը, որտեղ Լուկասը ներկայացնելով իրենց ընկերությունը, նշեց, թե ուզում են Հայաստանում ներկայացուցչություն ունենալ: Ես, բնականաբար, ներկայացրեցի Գյումրու ՏՏ կենտրոնը: Շատ անսպասելի պատասխան ստացա. թիմը որոշել էր անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից գալ Գյումրի և տեղում ծանոթանալով հնարավորություններին, հեռուն գնացող ծրագրեր մշակել: Այսօր մենք արդեն շոշափելի տեսնում ենք սա և հույս ունեմ, շուտով շոշափելի կլինի նաև արդյունքները»: