Հարցազրույց վերլուծաբան ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Պեպանյան, հայտնի է, որ մեր ժողովուրդը դժգոհ է իշխանություններից: Սակայն, եթե կա դժգոհություն, ապա ինչո՞ւ ընդդիմադիրների կողմից ռեալ ձևով չի արտահայտվում այդ բողոքն ընդդեմ իշխանությունների: Գուցե ընդդիմադիրներն համամի՞տ են ՀՀ—ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների հետ:
— Լավ հարց է… Եթե կա դժգոհություն իշխանություններից, ապա ընդդիմության վարկանիշը պիտի բարձր լիներ, մինչդեռ իրականում ընդդիմության վարկանիշը մոտ է 0-ին։ Սա նշանակում է, որ ընդդիմությունն ունակ չէ իրականությունը վերափոխող ծրագիր առաջարկել։ Իսկ այդպես լինում է, երբ քաղաքական ուժը չի ունենում բավարար խոհունություն և չի կարողանում հասկանալ, թե ինչու է իրականությունն այսպիսին։ Նման դեպքում հետևանքը շփոթվում է պատճառի հետ, պայքար է տարվում հետևանքի դեմ, իսկ դա հանգեցնում է հեղինակազրկման։
— Ժողովուրդն այլևս իրավունք չունի անմիջականորեն ՀՀ նախագահ ընտրել: Նախագահ ընտրելու իրավունքից զրկելուն ինչպե՞ս եք վերաբերվում:
— Լավ եմ վերաբերվում։ Ես միշտ գտել եմ ու հիմա էլ գտնում եմ, որ մենք պատրաստ չենք ընտրությունների։ Մենք չենք ստեղծել պետական անհրաժեշտ կառույցներ, մենք չունենք բավարար մակարդակի ընտրող, մենք մեր ազգային ոգին չենք բարձրացրել ներմուծված օրենքների պահանջներին համապատասխան, իսկ նման դեպքում ընտրությունների անցկացումը կործանարար է երկրի ու ժողովրդի համար։ Սա մարդկությանը հայտնի է արդեն 120 տարի, բայց ո՛չ մեր քաղաքական դաշտին։
— Ըստ Ձեզ, ի՞նչ կփոխվի ուժային կառույցների գործունեության մեջ, եթե նրանք անցնեն վարչապետի վերահսկողության տակ:
— Քանի որ վարչապետն, ըստ ամենայնի, լինելու է նա, ում վերահսկողության տակ են ներկայում այդ կառույցները, ապա սպասելի է, որ ամենը կմնա նույնը։ Բայց մենք հասել ենք մի բաժանարար գծի, որ նախկինի պես կառավարելու դեպքում շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։ Կարծում եմ իշխանությունները դա զգում են ու նաև գիտակցում, որ բարեփոխումներն անհրաժեշտ են։ Մյուս կողմից, երկրում փաստացի իշխանություն ունեցող անձը ստանձնելով վարչապետի պաշտոնը, այսուհետ անմիջականորեն կտեղեկանա իրականությանը և ոչ թե միջնորդավորված կերպով։ Նա նաև կլինի խնդիրների լուծման անմիջական պատասխանատուն։ Այս դեպքում հույս կա, որ կառավարության գործունեության մեջ դրական փոփոխություններ կկատարվեն։
— Ձեր կարծիքով, 2018 թվականի մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո քաղաքական ինչպիսի՞ վիճակ է հասունանալու:
— Ընդդիմությունը քիչ-միչ կաղմկի, բայց էական ազդեցություն չի ունենա իրականության վրա, ինչպես չի ունեցել նախկինում։ Քաղաքական դաշտում մնացել է ընդամենը մեկ գործոն՝ իշխանությունները։ Սա նոր իրավիճակ է, և մեր քաղաքական միտքը պիտի գտնի այն հարցի պատասխանը, թե ստեղծված պայմաններում, երբ գրեթե բացառվում է իշխանափոխությունը, ի՞նչ կերպ կարելի է դրական փոփոխությունների ենթարկել իրականությունը։ Ասեմ, որ սա անլուծելի խնդիր չէ։
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ