ՍՊՈՐՏ

Հայաստանի Կյոկուշինկայ կարատեի 5 ֆեդերացիաները միավորվեցին

Դեռևս խորհրդային տարիներին շատերը ոգևորվելով մարտական ֆիլմերից, սկսեցին գաղտնի, այսպես ասած, «ընդհատակում» մարզվել արևելյան մարտարվեստներով, իմա՝ կարատեով: Փոխվեց հասարակարգը, Հայաստանն անկախացավ, զուգահեռ՝ կարատեն սկսեց «ազատ շնչել» ու լայն տարածում ապրեց: Այսօր բազմաթիվ արևելյան մարտարվեստների ոճեր են հաշվառված մեր երկրում, նույնիսկ գրանցված են պետական ռեգիստրում: Այս տարիների ընթացքում տարբեր միջազգային մրցասպարեզներում բազմաթիվ հայ մարզիկներ մեծ հաղթանակներ են գրանցել, կանգնել հաղթողի պատվանդանին ու Հայոց դրոշը ծածանել աշխարհի շատ ու շատ երկրներում:

Եվ, չնայած որ արևելյան մարտարվեստի բազմանուն ոճերում ունենք բազմաթիվ չեմպիոններ, անկախ Հայաստանի սպորտային պետական կառույցները կարծես լիասիրտ կամ լուրջ չեն ընդունում կարատեն: Անգամ հարցազրույցների ժամանակ սպորտային շատ չինովնիկներ կարատեի ասպարեզում գրանցած հաջողությունների մասին կարծիք հայտնելիս, խուսանավել են՝ արդարանալով, թե կարատեն օլիմպիական մարզաձև չէ:

Սպորտի նախարարությունը երևի անհանգստանալով, որ Հայաստանում արևելյան մարտարվեստներով զբաղվողներն արդեն մեծ թիվ են կազմում, նախաձեռնել, հրահանգել էր գոնե ստեղծել միավորումներ, ասոցիացիաներ, հավանաբար, որպեսզի օտարահունչ անունների մեջ չխճճվելով՝ «թացը չորից» տարբերել հնարավոր լինի և, ինչո՞ւ չէ, նաև պետական մակարդակով հնարավոր դառնա պատվի արժանացնել նաև այս ասպարեզի մարզիկներին:

Հետևելով այս հրահանգին, Հայաստանում գործող Կյոկուշինկայ կարատեի հինգ ֆեդերացիաների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել և պաշտոնապես գրանցել է «Հայաստանի Կյոկուշինկայ Կոնտակտային կարատեի ֆեդերացիաների ասոցիացիա»: Ասոցիացիայի նպատակն է՝ ստեղծել ուժեղ, մրցունակ, միասնական հավաքական, որը միջազգային մրցաշարերում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը: Ասոցիացիայում ընդգրկվել են «Համահայկական Կյոկուշինկայ Բուդո կարատեի ֆեդերացիան» (նախագահ՝ Էդիկ Սարգսյան, 4-րդ դան), «Սոկյոկուշին կարատեի հայկական ֆեդերացիան» (նախագահ՝ Գևորգ Ղարիբյան, 5-րդ դան), «ԿՎՖ» Կյոկուշինկայ կարատե ազգային ֆեդերացիան» (նախագահ՝ Սպարտակ Գասպարյան, 4-րդ դան), «Արմավիրի Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիան» (նախագահ՝ Անդրանիկ Թորոսյան, 3-րդ դան) և «Կյոկուշին կան կարատե դո Լոռու մարզի ազգային ֆեդերացիան» (նախագահ՝ Սևակ Սերոբյան, 3-րդ դան):

Ընթերցողն երևի նկատեց, որ նույնանուն, սակայն որոշակի տարբերությամբ ֆեդերացիաներ են, որոնք ունեցել են իրենց պետական գրանցումը, կանոնակարգը, սակայն ընդամենը 5-ն են միավորվել, դեռ որքանն էլ կան, որ ինչ-ինչ պատճառով չեն համախմբվել այս միասնական գաղափարի շուրջ: Անկեղծ ասած, այս պարագայում թերևս կարելի է հասկանալ Սպորտի նախարարությանը… Եթե ամեն ոճ ունի բազմաթիվ նույնանուն ճյուղավորումներ, ապա, բնականաբար, խճճվելն անխուսափելի է:

Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցի «Համահայկական Կյոկուշինկայ Բուդո կարատեի ֆեդերացիայի» նախագահ ԷԴԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Էդիկ, ասոցիացիա հիմնելու գաղափարը կարծես ճիշտ էր, երբ նկատում ենք, որ մի փոքր տարբերությամբ՝ նույնանուն, բայց Կյոկուշին մարտարվեստի ֆեդերացիաներով միավորվել եք:

— ՀՀ-ում գործում են 7-8 Կյոկուշինի ֆեդերացիաներ, բայց հինգիս է հաջողվել միավորվել:

— Իսկ «կոնտակտային» բառն ինչո՞ւ է շեշտվել, Կյոկուշինն ինքնըստինքյան կոնտակտային մարտարվեստ է:

— Այս դեպքում, վաղը, մյուս օրը կարող են ասոցիացիա մտնել այն ոճի ֆեդերացիաները, որոնք կոնտակտային են և ընդունում են տվյալ կոնտակտային մարտարվեստի մրցակարգը: Չնայած մենք Հայաստանում գործող բոլոր Կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիաներին հրավիրել էինք անդամակցելու ասոցիացիային, բայց… Մեր դռները բաց են և մենք պատրաստ ենք համագործակցել: Ասոցիացիայի կազմում են մարզվում Միջազգային առաջնությունների բազմակի մրցանակակիրներ և հաղթողներ, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների կրկնակի և եռակի չեմպիոններ: Նշեմ, որ Ասոցիացիայի մարզիկները և մարզիչները ՀՀ-ում տարբեր պետական ատյանների կողմից պարգևատրվել են տարբեր տեսակի պարգևներով և պատվոգրերով:

— Ասոցիացիան կունենա ընդհանո՞ւր ղեկավար:

— Ոչ, այն կունենա համանախագահներ և բոլոր հարցերը կկարգավորվեն ձայների մեծամասնությամբ: Համախմբվածությամբ համագործակցելով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, կարծում եմ, առավել արդյունավետ աշխատանք կկազմակերպվի հետագայում:

— Եվ ինչպիսի՞ կանոնակարգ է ընդունել Ասոցիացիան, որն ընդունելի է բոլոր ֆեդերացիաների համար:

— Մենք միասնաբար կազմել ենք մեր ծավալուն կանոնադրությունը: Կնշեմ միայն մեկ կարգ. Ասոցիացիան կկազմակերպի տարեկան Հայաստանի մեկ առաջնություն, իսկ կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են կազմակերպել միայն Հայաստանի գավաթ, բայց ոչ Հայաստանի առաջնություն: Այս դեպքում մենք տվյալ տարիքային ու քաշային կարգերում կունենանք Հայաստանի մեկ չեմպիոն, և ոչ թե տասնյակից ավել, ինչպես նախկինում էր: Մենք կունենանք Հայաստանի ընդհանուր հավաքական, որը կկազմավորվի համանախագահների որոշմամբ և, որն իրավունք կունենա մասնակցելու Միջազգային մրցաշարերին: Սա հնարավոր կլինի այն դեպքում, եթե Սպորտի նախարարությունը կընդունի մեզ որպես սպորտաձև:

Հ.Գ. Նշենք, որ օրերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում արևելյան մարտարվեստների ազգային մի քանի ֆեդերացիաների նախաձեռնությամբ կայացել է բաց քննարկում, որի արդյունքում եկել են այն հայտարարին, որ նախարարությունում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի մեր երկրում արևելյան մարտարվեստների ազգային ֆեդերացիաների հավատագրման համար անհրաժեշտ չափորոշիչների սահմանմամբ: Ոլորտի իրավական կարգավորումը հնարավորություն կտա միայն մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող, մարզումների կազմակերպման համար անհրաժեշտ բազային գիտելիքներով մարզիչներին զբաղվելու մարզչական աշխատաքով:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ