ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քո դարդն ուրիշ դարդեն է, գործիդ գնա

Փաստաբանների հետ դատավորների հարաբերությունները` իմ իդեալական կամ գոնե մոտավոր պատկերացմամբ, երևի պետք է հաշտվողականության առանցքում գտնվի: Բայց նոր օրինագիծը, որին դեմ է Հայաստանի փաստաբանական պալատի համարյա մեծամասնությունը, կարծես դա չի նախատեսում:

Եթե այսպիսի տեսքով նոր օրենք ընդունվի, ակնհայտ է, որ դա անզեն դուելի ելածի կարգավիճակում կհաստատի փաստաբանին: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ բոլոր իրավաբան-փաստաբանները չէ, որ օծյալներ են, բայց հո՛ չի՞ կարելի մեր իրավական նորմերի պաշտպանության խնդրում նրանց դնել ականջօղով ծովահենի տեղ, ով «նավաբեկյալներից» անխտիր միայն շահ է ակնկալում ու ոչինչ` շահից բացի: Օրինակ` ինչպե՞ս է սրանից հետո իրավական որոշ լիազորություններով օժտված սուբյեկտը, ինչպիսին փաստաբանն է, գործ ունենալու այն մարդկային տեսակի` դիվանբաշու հետ, ով հաշտ է զուտ սեփական հարմարավետության հետ: Պարզ ասած, օրենսդիրը առաջ է մղում փաստաբանի կարգավիճակը դատական ատյաններում դատավորի քմահաճությանը ստորադասելու օրենսդրական գործընթացը: Այնպես որ, վերադարձի փորձ է արվում սովետական վարկանիշով պաշտպանի կարգավիճակին:

Բայց Դատական նոր օրենսգրքով նախատեսվում է նաև, որ դատավորը ենթակա է պատասխանատվության, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի խախտման փաստը: Սա, իհարկե, օրինախախտ դատավորներին է վերաբերում: Ինչը թույլ է տալիս Արդարադատության նախարարին եզրահանգել, որ դատական համակարգը պետք է մաքրվի այն դատավորներից, ովքեր իրենց թույլ են տալիս օրենքի կոպիտ խախտում: Երևի այս դեպքում նա իրավացի է:

Երիտասարդներին այսուհետ խաղատուն կարելի կլինի գնալ միայն անձն հաստատող փաստաթղթով, որով կստուգվի, թե լրացել է արդյո՞ք նրա 21 տարին: Օրենքի խախտումը նախատեսում է խոշոր չափերի տուգանք: Այսպիսով գաղափարապես գիտակից սերունդ ենք դաստիարակում: Չէ՞ որ նաև ազնիվ գաղափարներով դաստիարակված սերունդով է զորեղ հայոց բանակը: Պաշտպանության նախարարությունը փաստում է, որ մեր զինուժը` բնակչության թվի հարաբերակցությամբ, խոշորագույններից է աշխարհում: Իսկ հայ զինվորն էլ պարզ գիտակցում է, որ մեր սրբազան հողն է պաշտպանում: Բայց այսքանից հետո, արի ու Ալիևին` իր այդ տարիքում խելք սովորեցրու: Մի քանի օրից կմեկնարկի սրա` բռնապետական ադաթ դարձրած նախագահական արշավը, ուստի էս մարդը եղանակ ստեղծելու համար, որոշել է իր ուղեղի ֆանտաստիկ ճգնաժամից ծնված մտքերով կիսվել սեփական ժողովրդի հետ: «Պատմական էքսկուրսի» ժանրին դիմելով, նա հայտարարեց, թե Երևանն ու Զանգեզուրն իրենցն է ու պետք է անպայման վերադարձվի բնիկներին, ասել կուզեր` իր քոչվոր ազգին: Բայց ընդդիմությունը` թարսի պես, նրա տեսլականը չկիսելով, հակադարձեց, թե` «Քո դարդն ուրիշ դարդեն է, գործիդ գնա» և որոշեց բոյկոտել ընտրություններ կոչված էքսկուրսիան: Ադրբեջանական գլամուրային ամսագրերից մեկն էլ՝ փախչելով ալիևյան ուղեծրից, գերադասեց Վլադիմիր Պուտինին տարվա մարդ ճանաչել:

Դեպի Մարս տանող ուղեծրում հայտնվեց երկրից արձակված, էկոլոգիական շարժիչով գերծանր հրթիռը, որը միլիարդավոր տարիների ճամփա ունի անցնելու բաց տիեզերքում: Ճիշտ է ուղևորությունը սկսվեց միլիարդատեր Մասկի «շաբաշի» շնորհիվ և երկրացիների ոգեշնչման համար ուղեկցվեց Դևիդ Բոուի երգով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպե՞ս կդիմավորի հրթիռին «թիրախավորված» Կարմիր մոլորակի տեսլականը:

Սրան զուգահեռ, Դոնալդ Թրամփը դարձյալ հայտնվեց քննադատների «հրթիռակոծության» թիրախում: Նա որոշեց Պենտագոնի զորահանդես կազմակերպել, ու դա անել ավելի ճոխ, քան կարող են երևակայել նրբաճաշակ ֆրանսիացիները` Բաստիլի գրավման իրենց տոնի օրը: Տեխնիկայի նմանատիպ ստուգատեսներն ադաթի ուժ չունեն Ամերիկայում, ուստի «էքսկուրսիոն» պատերազմների վետերան ամերիկացիները դա անվանեցին «բանանային հանրապետության բռնապետի քմահաճույք»: Դե, նրանք առավելություն ունեն, չէ՞, չորս անգամ ծառայությունից խուսանաված Թրամփի հանդեպ կարող են այդպես անվանելու քմահաճույքն իրենց թույլ տալ:

ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը, շոումենի իր լավատեսությամբ, ուզում է Ռուսաստանի քաղաքական ուղեծիրը փոխել ու ապացուցել, որ կարելի է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ: Մեկնելով ԱՄՆ, այս ջահել տիկինը խելամտորեն ուզում է կամուրջ գցել երկու երկրների միջև: Իսկ Հայաստանում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը բարության կամուրջ գցելով իր և երիտասարդների միջև, նրանց նվիրեց իր մանկագիր կնոջ հեքիաթների գիրքը: Սա տեսնելով, ուզում ես հավատալ, որ Հայաստանում նախագահ-ժողովուրդ հեքիաթային հարաբերությունները միայն գրքերում չեն լինում:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ