Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ՄԵՍՐՈՊ ԲԶՆՈՒՆՈՒ հետ:
— Պարոն Բզնունի, երբ 2018թ. ՀՀ բյուջեի նախագիծն էր քննարկվում, հայտարարվեց, որ առողջապահության ոլորտին՝ համեմատած 2017-ի հետ, ավելի քիչ գումար է հատկացվել: Նախարարն էլ արդարացրեց, որ դա ծառայության որակի անկման չի հանգեցնի: Արդյո՞ք դա այդպես է, թե՞ ոչ:
— Մենք որևէ ազդեցություն չենք նկատել. մարզի առողջապահական հաստատությունները նախորդ տարվա բյուջեի չափով այս տարի ևս պայմանագրեր կնքել են, այսինքն՝ մարզի բուժհաստատություններին տրվող պետպատվերի գումարները մնում են անփոփոխ, բացառությամբ մի քանիսի: Հանրագումարում, գումարային տեսքով կրճատումներ չենք ունեցել:
— Մայրաքաղաքի բուժհաստատություններին պետպատվերներ ավելի շատ են հատկացվում, քան մարզայիններին: Արդյո՞ք դա արդարացի է, մի՞թե հաշվի չի առնվում, որ մեր մարզը համարվում է ամենաաղքատը, և բնակիչը վճարունակ չէ:
— Պետպատվերի տեսակետից, բնականաբար, Երևանին հատկացումները պետք է շատ լինի՝ հաշվի առնելով դիմելիության աստիճանը. չմոռանանք, որ մայրաքաղաքային բուժհաստատություններ դիմում են նաև մարզերի բնակիչները: Այդ կտրվածքով է, որ բնական եմ համարում:
— Կառավարության կողմից որոշում էր կայացվել, որ բուժհաստատությունները հույսերը չպետք է կապեն միայն պետպատվերի հետ, այլ պետք է անցնեն ինքնաֆինանսավորման:
— Չէ, այդպես չէ, ասել են վճարովի ծառայությունների հարաբերակցությունը պետպատվերի համեմատ մեծացնել, ինչը խրախուսելի է: Ցանկացած կազմակերպություն, լինի բժշկական, թե այլ, պետք է կարողանա ինքն իր ծախսերը փակել: Այսինքն, եթե տվյալ հաստատության արդյունավետությունն այնքան չէ, որ ինքն իրեն բավարարի, ապա միգուցե պետք է վերանայել, արդյո՞ք նպատակահարմար է այդ կազմակերպության շահագործումը: Այո, վճարովի ծառայությունները պետք է ավելացվեն, այն մեծանալու է նաև ստվերի հաշվին: Աշխատանքներ են տարվում նաև այն ուղղությամբ, որ վճարովի ծառայություններն ավելացվեն ի հաշիվ Երևան գնացող հիվանդների, այսինքն՝ կարողանանք այնպիսի որակ, սպասարկում ապահովել, որ մեր հիվանդը մնա, փակ ցիկլով ամբողջական ծառայություն իրականացնենք:
— Լրացավ Ձեր պաշտոնավարման 6 ամիսը: Ձեր նշանակման շուրջ խոսակցություններ եղան, որ Դուք այս ոլորտից չեք, որ մասնագիտությամբ տնտեսագետ եք, ինչին մարզպետը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ պաշտոնի հավակնորդը բժիշկ լինի, կարևոր է՝ կառավարչական աշխատանքը կազմակերպելու հմտություն ունենա: Այսօր Դուք ինչպե՞ս եք գնահատում ՇՄ առողջապահական ոլորտը…
— Այս պաշտոնի անձնագրով, ընդունված կարգով, ես մասնակցել եմ մրցույթի և հաղթել եմ: Ի դեպ, իմ պաշտոնը երկու մասից է՝ առողջապահություն և սոցիալական ապահովություն: Այո, եթե զուտ բժշկական տեսանկյունից խորհրդի կարիք լինի, ապա առողջապահության բաժնի պրոֆեսիոնալ պետ կա, որի հետ կարևոր որոշումները միասին ենք կայացնում: Իսկ ես սոցիալական ոլորտի մեծ փորձ ունեմ, աշխատել եմ Գյումրու, Արթիկի սոցապի տնօրեն, մարզպետարանում՝ ներքին աուդիտի բաժնում, այնպես որ, լիարժեք տիրապետում եմ այն ոլորտին, որը պաշտոնավարում եմ:
Ինչ մնում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա ոչ մի կազմակերպություն չի կարող հայտարարել, որ 100 տոկոսով հագեցած է, քանի որ կյանքը շատ արագընթաց զարգանում է և, օր-օրի տեխնիկան զարգանում է… Ինչ-որ տեղ, ինչ-որ չափով բավարարված ենք, ունենք ժամանակակից բժշկական սարքավորումներ, սակայն նույն համարժեքությամբ չունենք, չենք մատուցում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են, ասենք, սրտի բաց վիրահատությունը: Նեղ մասնագիտական խնդիրներ էլ կան, օրինակ՝ երիկամային քարերի ճառագայթային բուժում, որի սարքավորումը չունենք: Բայց միայն սարքն ունենալով հարցը չի լուծվում. նախ մասնագետ է պահանջվում, երկրորդ՝ արդյո՞ք այդ թանկարժեք սարքավորումն ունենալով կկարողանանք այն թվով հիվանդներ ապահովել, որ արդարացնի: Այսքանը՝ հագեցվածության առումով: Բայց մարզում մի քանի մասնագիտությունների գծով բժիշկների խիստ կարիք ունենք. օրինակ՝ ընտանեկան բժշկի, մանկաբույժի, երիկամային հիվանդությունների մասնագետի, թերապևտի, սրտաբանի, ռադիոլոգի, անեսթեզիոլոգի…
— Պարոն Բզնունի, ըստ Ձեզ, բժշկի աշխատավարձը համարժե՞ք է մասնագիտական որակաորմանը և արդյո՞ք ստվերը լոկ աշխատավարձի չափի հետ է կապված:
— Այսօր դրվել է համակարգ, նաև առողջապահության չափանիշներ են մշակված, բժիշկն իր մատուցած ծառայությունների 60-70 տոկոսը աշխատավարձ է ստանում: Ցանկացած գիտակից մարդու համար ավելի լավ է «սպիտակ» ճանապարհով իր փողը ստանալ, քան վտանգավոր ոլորաններով: Խորհրդակցությունների ժամանակ ես անձամբ հայտարարել եմ, որ առավելագույնի հասցնեն բժշկի աշխատավարձը, եկամուտ ապահովող բժշկին առավել ուշադրության արժանացնեն:
— Ձեր պաշտոնավարմամբ նոր ձեռագիր մտցվե՞լ է:
— Բոլորովին չուզենալով ինչ-որ մեկի աշխատանքը ստվերել, միայն կասեմ, որ փորձել եմ առավել թափանցիկ աշխատելաոճ ներդնել, վճարովի ծառայության գները, պետպատվերների շրջանակում բուժօգնություն ստացողների ցանկը փակցված է առավել տեսանելի հատվածներում, հիվանդն արդեն գիտի, թե ինչի համար որքան է վճարելու: Փորձել եմ ներդնել հաստատությունների միջև բալանսավորված աշխատելաոճ՝ եթե մի հիվանդանոցում այս ծառայությունը չկա, մյուսին ուղղորդեն, որպեսզի հիվանդն ավելորդ ծախսեր չանի ու չգնա Երևան: Նաև համագործակցում ենք մասնավորի հետ. կզարմանաք, եթե իմանաք, որ առողջապահության ոլորտում ևս գործում է մրցակցային դաշտ: Պետք է խոստովանենք, որ այսօր պետականի կողքին ունենք նաև բարձրակարգ մասնավոր դիագնոստիկ հաստատություններ, մրցակցություն է, և սա ես փորձում եմ բալանսավորել: Այս ամբողջը շուկայագիտություն է և ես փորձել եմ դա կարգավորել:
— Անդրադառնանք Ձեր պաշտոնի երկրորդ մասին՝ սոցիալական ապահովությանը…
— Ամենացավոտ կողմն է դա:
— Ինչպիսի՞ հարցերով են Ձեզ առավել դիմում, ընդհանրապես, մարզպետարանն այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում:
— Բազմատեսակ հարցերով են դիմում: Մարզպետն իր որոշումներով տարեկան մոտ 30 միլիոն դրամ ուղղորդում է սոցիալական խնդիրը մեղմելուն: Գաղափար կա՝ սոցիալական ոլորտի հաստատությունները մեկ հարթակում միավորելու՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով: Անիում, Ամասիայում, Աշոցքում արդեն գործում է, Արթիկը շենքի հարց է լուծում, մենք ևս փորձում ենք համալիր սոցիալական կենտրոնի ստեղծման համար համապատասխան շենք գտնել, որտեղ կմիավորվեն թե՛ սոցապը, թե՛ զբաղվածությունը, թե՛ բժշկասոցիալական փորձաքննությունը… Որպեսզի քաղաքացին ցանկացած հարցով դիմի, ու համապատասխան մարմինը զբաղվի քաղաքացու հարցով, ոչ թե նրան այս դռնից այն դուռն ուղղորդվի: Մեր սոցիալական աշխատողները հասցեական կարգավորումներով են զբաղվում, որպեսզի այն տարածված խոսակցություններին, թե նպաստը սրան են տալիս, նրան չի հասնում՝ վերջ տրվի, մաքրվի այդ ցուցակները: Բացի այդ, մարզպետարանը աջակցում է հաշմանդամների համար թեքահարթակների, լսողության սարքերի, հաշմանդամի սայլակների և այլ հարցերով: Ժողովուրդը կարիք ունի խորհրդատվության, իրավախորհրդատվության, ա՛յ, սոցիալական բաժնի աշխատանքը նաև սա է, միայն ֆինանս տալով չէ: Միայնակ ծերերի հայտնաբերման, սոցիալական կարիքների գնահատման հարցերը ևս մեր ուշադրության կենտրոնում են:
— Եվ վերջում. ի՞նչ փոփոխություններ կա, ի՞նչ կուզենայիք, որ մեր միջոցով փոխանցվեր բնակչությանը:
— Մի քանի փոփոխություններ կան… Հատկապես ուզում եմ խոսել սոցփաթեթների մասին: Նախկինում պետական ծառայողներին պետպատվերի շրջանակում տրվում էր առողջության երաշխիք՝ փաթեթը, ներկայում այն հանվել է և այն դրվել ապահովագրական ընկերությունների վրա: Այսինքն, հիմա ներկայացնելով անձնագիրը, բժշկական հաստատությունը այլևս չի կարող ժամանակ ձգել՝ թե պետպատվերը չի իջեցվել, նախկինում նման դեպքեր շատ եղան, այլ այս դեպքում հաստատությունը տեսավ, որ ապահովագրված ես, իր ծառայությունն է մատուցում: Սա կարծես կանխիկ վճարման երաշխիք է: Նաև խոսակցությունների մակարդակով շրջանառվում է, որ այն խավը, որը նախկինում ընդգրկված էր կառավարության ցանկում՝ 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամներ, զինվորականների ընտանիքներ և այլն, որոնք պետական երաշխիքով էին բուժում ստանում, նաև նրանք են ընդգրկվելու ապահովագրական համակարգ: Մինչև հոկտեմբեր կարծում եմ այն կներդրվի: Մոտ 600 հազար հոգի ունենք վերը նշածս թիրախային ցանկում, պետությունը երաշխավորում է, պատվիրում է ապահովագրական ընկերությանը, որ այդ գործընթացը բավարարեն: Սա լավ գաղափար է: Մյուսը՝ պարտադիր ապահովագրությունն է. այն քաղաքացին, որը պետծառայող չէ, սոցիալական թիրախային ցանկի մեջ չէ, ապա խոսակցություն կա, որ մտցվի այս համակարգը՝ քաղաքացին եկամտից կամ ապահովագրական փաթեթից ելնելով, վճարում է կատարում՝ իր առողջության ապահովագրման համար:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ
Պիտակներ՝ #առողջապահություն