ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Եթե տեղումներ չլինեն, մարդկային գործոնն անզոր է որեւէ բան փոխել

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Պարոն Մանուկյան, գյուղատնտեսական տարին մոտ է, ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները դրանք պատշաճ սկսելու համար:

— Գյուղատնտեսության նախորդ տարվա աջակցության ծրագրերը` սերմեր հատկացնելու տեսքով, այս տարի էլ կշարունակվեն: Այժմ գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելիքի տրամադրումը կառավարության կողմից քննարկման փուլում է և մարտ ամսին, հուսով եմ, որ դրա սուբսիդավորման ծրագրին նույնպես ընթացք կտրվի: Փետրվարին մենք դեռևս ժամանակ ունենք ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար: Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մասով էլ է պետությունը սուբսիդավորում նախատեսել: Միայն ազատ շուկա է հատկացվել ազոտական պարարտանյութին, միաժամանակ գնային սանդղակ սահմանելով, ըստ որի, մեկ պարկի արժեքը` Գյումրու կայարանից բարձումն ու տեղափոխումը ներառած, չպետք է գերազանցի 7 հազար դրամը: Պարարտանյութ ներկրող կազմակերպությունների նկատմամբ մաքսային և հարկային քաղաքականություն կկիրառվի հիշյալ սանդղակը չպահպանելու համար: Անցած տարի շուկայում այդ չսուբսիդավորված պարարտանյութի արժեքը կազմել է 8.500 դրամ: Ցանկացած գյուղտնտեսություն կարող է ձեռք բերել այն շուկայում` իրեն անհրաժեշտ չափաքանակով: Այս դեպքում ոչ թե պետք է ասել, թե պետությունը հանեց ազոտական պարարտանյութի սուբսիդավորումը, այլ, որ թողեց ազատ շուկայի կարգավորմանը: Ֆիզիկական անձի հայեցողությանը թողնվեց՝ գնել իր նախընտրած երկրի արտադրության պարարտանյութը:

— Տարին սկսվեց գյուղմթերքի, ինչպես նաև գյուղատնտեսական մեքենաների շահագործման համար անհրաժեշտ դիզելային վառելիքի թանկացմամբ: Միաժամանակ, Դուք նշեցիք, որ կառավարությունն, իր հերթին, խոստանում է դիզվառելիքի սուբսիդավորում: Ձեր կարծիքով՝ դա ինչպիսի՞ համամասնությամբ է արվելու, և արդյո՞ք այն կզսպի գյուղմթերքի հետագա հնարավոր թանկացումը:

— Նախորդ տարվա փորձով, 3 հեկտար հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններն էին սուբսիդավորվում: Այս սուբսիդավորումը նպատակաուղղված է փոքր ու միջին, այսինքն` մինչև 3 հեկտար հող ունեցող գյուղացիական տնտեսություններին օգնություն ցուցաբերելու համար: Սրանք մեր մարզում 90-ից ավելի են և ֆինանսապես ավելի թույլ վիճակում են գտնվում: Կոպիտ հաշվարկով, մեր մարզում կա 20 հազար գյուղացիական տնտեսություն, որից 19 հազարը փոքրագույններն են:

Գյուղապրանքների գնագոյացումը նաև ա՞յդ տնտեսությունների աշխատանքի ու ծախսերի հաշվարկման արդյունք է:

— Ոչ, միջին և բարձր ֆերմերային տնտեսությունների, որոնք ունեն ավել արտադրանք, որն էլ իրացնում են շուկայում: Փոքրագույններն արտադրում են այնքան, որ հազիվ իրենց պահանջներին է բավականացնում: Փոքրագույնը` դա 3 հեկտարից պակաս հողատարածքով տնտեսություններն են համարվում: Իհարկե, դարձյալ նկատվելու է գնային աճ, բայց ոչ թե անցած, այլ` այս տարի արտադրված մթերքի վրա: Նախորդ տարի պետությունը սուբսիդավորել է և՛ խոշոր տնտեսություններին, և՛ մանրին: Այս տարի էլ է այդպես լինելու, բայց գնային սանդղակը ավելի շատ ոչ թե կախված է դիզվառելիքի և պարարտանյութի` մշակման ընթացքում ծախսված գումարի հետ, այլ առավելապես` մթերք արտահանումից: Միսը հիմնականում արտահանում ենք Իրան ու դրանով պայմանավորված, մեր շուկայում գները բարձրանում են: Բացի այդ, մսի գնի վրա ազդել է նաև նախորդ տարում կերի պակասը, երբ աշնանը հարկադիր մորթի պատճառով, մոտ 10 տոկոս տավարի և 25 տոկոս խոզի գլխաքանակի կորուստ արձանագրվեց: Մսի և կաթի ինքնարժեքն ինքնաբերաբար բարձրացավ: Ինչ վերաբերում է կարագին ու պանրին, ապա անկախության տարիներից ի վեր մեր հանրապետության կարագի 90 տոկոսը ներկրվում է: Մենք մարզում մաքուր կարագի արտադրման գործարան անգամ չունենք: Իսկ այն, ինչ արտադրվում է, օգտագործվում է որպես հալած յուղ, կիսաֆաբրիկատ: Պանրի մասով, կարող եմ ասել, որ այն բավարարում է մարզի բնակչության պահանջարկը:

Սովորաբար գյուղատնտեսությունը, եթե առարկայական համեմատություն տանենք, վիճակախաղի պես երևույթ է` կախված եղանակային քմահաճույքներից: Շատ հաճախ գյուղացիներն էլ փորձելով «վստահել» բնությանը, հույսերը բանկերից վարկ վերցնելու հետ են կապում, բայց ի վերջո «ճռռում» են տոկոսների տակ:

— Անցած տարի գյուղացիները վարկ են վերցրել, ներդրել տնտեսության մեջ, բայց ստացած արդյունքը բացասական է եղել: Ցավոք, խնդիրը նրանում է, որ հիշատակածս փոքրագույն տնտեսություններն արտադրում են զուտ իրենց ընտանիքի կարիքներն հոգալու համար: Եկեք նշենք, որ գյուղացին միշտ մնում է եզրին: Նրա համար գուցե տասը տարին մեկ, եզակի առիթ է ներկայանում, երբ կարողանում է իր արտադրած մթերքով իրացում ապահովել ու բավական եկամուտ ստանալ: Նրա եկամուտները սովորաբար միջին և դրանից էլ ցածր չափի են:

Քանի որ խոսք գնաց գյուղատնտեսության համար անբարենպաստ եղանակային պայմաններից, բոլորս տեսանք, որ այս տարին ձնառատ չէր, ինչը նշանակում է, որ ջրամբարներում ջուրը սակավ է: Ոռոգման ընթացքի մասին Ձեր կանխատեսումներն ինչպիսի՞ն են:

— Եթե այսպես շարունակվի, շատ պրոբլեմատիկ վիճակի առաջ կհայտնվենք: Ոչ մի ջրամբարում մենք հիմա ջուր չունենք, դրանք զրոյական մակարդակի վրա են: Ճիշտ է, լեռնային շրջաններում ձյան բավականին շերտ ունենք, բայց մյուսներում հնարավորություն չունենք ջրատեխնիկական միջոցներ կիրառել, որպեսզի ջուր կուտակենք: Դրանք բնական պաշարներով կուտակվող ջրամբարներ են: Պետք է անձրևի տեսքով տեղումներ լինեն, որպեսզի խնդիրը լուծվի: Եթե դա չեղավ, մարդկային գործոնն անզոր է որևէ բան փոխել:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ