ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Անի» թաղամասի բնակիչները թող զինվեն համբերությամբ

Գյումրիում ընթացքի մեջ են փողոցաշինական լայնածավալ շինաշխատանքները: Փողոցների մի մասը հիմնանորոգվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Որոշ փողոցներ կարգի են բերվում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ (ՎԶԵԲ): Ինչպե՞ս է կատարվել փողոցների ընտրությունն ու ինչ դժգոհություններ ունեն գյումրեցիները, ո՞ր փուլում են ընթացող աշխատանքները:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» «Փողոցաշինական բուռն ընթացք Գյումրիում. որ փողոցներն են հիմնանորոգվում և ինչպես են դրանք ընտրվել» թեմայի քննարկումն էր. բանախոսներն էին՝ Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Սուրեն Ջանոյանը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը:

Մինչ թեմայի քննարկմանն անցնելը, համակարգողը ներկայացրեց տեսանկարահանված հարցախույզ, որն անցկացվել էր Գյումրու բնակիչների հետ: Վերջիններիս կարծիքները կիսվում էին՝ դժգոհություն և գոհունակություն հայտնողների, սակայն բոլորն էլ հույս էին հայտնում, որ չնայած առաջացած անհարմարություններին ու խնդիրներին, վերջնարդյունքում լավ կլինի, երբ արդեն մեծ թվով փողոցներ ասֆալտապատված կամ սալիկապատված կլինեն:

Քաղաքապետարանի պատասխանատուն ներկայացրեց, որ շարունակվելու են ՎԶԵԲ-ի ծրագրով նախատեսված փողոցաշինական աշխատանքները, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով քաղաքի 22 փողոց է ասֆալտապատվելու. «ՎԶԵԲ-ով նախատեսված փողոցների մեծ մասի շինաշխատանքներն համարյա ավարտված են, ներկայում աշխատանքներ են շարունակվում Կայարանամերձ հրապարակում, մոտ օրերս այն էլ ավարտին կհասցվի: Անցած տարվանից մեկ փողոց՝ Նիզամին է, որ ջրամատակարարման համակարգի արդիականացման հետ կապված ձգձգվել է, հույս ունենք, որ այս տարի կավարտեն: ՎԶԵԲ-ի ծրագրով լուսավորության համար նախատեսված գումարների համար բանակցություններ են ընթանում, հուսանք թույլ կտան, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Անի» թաղամասի և Ավստրիական թաղամասի փողոցների ասֆալտապատմանը: Բացի այդ, նախագծա-նախահաշվային փուլում է գտնվում քաղաքի կենտրոնական հատվածի փողոցների վերանորոգման՝ Հաղթանակի պողոտա, Չայկովսկի, Տերյան, Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի փողոցները, նաև Խանջյան, Չերազի փողոցները»: Բանախոսը նշեց, որ փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է քաղաքային և մարզային իշխանությունների կողմից:

Մարզային իշխանության ներկայացուցիչն էլ ավելացրեց, որ Գյումրիում փողոցաշինական լայնամասշտաբ ծրագիր է իրականացվում, մոտ 35 փողոցներ կհիմնանորոգվեն: Փողոցներն ընտրվել են համայնքապետարանի կողմից իրականացված հանրային լսումների, ինչպես նաև բնակիչների դիմումների հիման վրա: Սուբվենցիոն ծրագրին ներկայացված փողոցներն ընտրվել են հիմնականում բարձր և միջին երթևեկության ինտենսիվությամբ. «Յուրաքանչյուր տարի եթե հնարավոր լինի նման ինտենսիվությամբ փողոցաշինական աշխատանքներ իրականացնել, ապա ներկայիս 130կմ ասֆալտապատ փողոցներին 225կմ էլ ավելացնելով՝ քաղաքի փողոցներն ամբողջությամբ կավարտվեն: Եթե բնակիչների մոտ հարց է առաջանում, թե ինչու այս կամ այն փողոցն ընտրվել է, իսկ իրենց կամ մյուս փողոցը՝ ոչ, ապա պատճառը հանրային լսումներին մասնակցային ցածր տոկոսն է, և համայնքապետարանն ընտրությունը կատարում է ըստ առաջնահերթության»:

Արման Բաղդասարյանը համակարծիք լինելով հարցախույզում հնչած մտքերին, նշեց, որ փողոցների ընտրությունը կամ նախորդ ծրագրերի պատասխանատվությունը ներկայիս քաղաքային իշխանության և ավագանու դաշտում չէ: Իսկ ինչ մնում է «Անի» թաղամասի փողոցների ներկայիս վատ վիճակին, ապա. «Ընթացիկ փոսալցման աշխատանքներ չեն կատարվել, որպեսզի գումարներ տնտեսվեն: Ավագանու որոշմամբ հատկացվեց շուրջ 40մլն դրամ, և ՎԶԵԲ-ի հետ բանակացության արդյունքում 6մլն եվրո գումարն էլ պիտի ուղղվեն «Անի» և «Ավստրիական» թաղամասերի ամբողջական ասֆալտապատմանը: Այս տարի հավանաբար չենք հասցնի, փորձաքննական աշխատանքներ կան դեռ, կարծում եմ մինչև հաջորդ տարի կձգձգվի, հավանաբար 2024-ի գարնանը նոր կսկսվեն աշխատանքները»:

«Շրջապատի» հարցին, թե սոցիալական ցանցերում երբեմն լուսանկարներ են հրապարակվում, որտեղ անձրևաջրերով լի փոսերը ասֆալտ են լցվում, ինչը թե՛ զայրույթի, թե՛ սրամտությունների տեղիք են տալիս, բանախոսները նախ բացառեցին, որ գոնե այս տարի անձրևաջրով լի փոս է ասֆալտապատվել (մենք այս մտքին համամիտ չենք, քանզի թարմ լուսանկարով է այն փաստվում,-հեղ.):

«Շրջապատի» հաջորդ հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ որակյալ ասֆալտ փռել, որպեսզի նոր հիմնանորոգված փողոցը շուտ շարքից դուրս չգա, բանախոսները բացատրեցին, որ փողոցները ոչ թե վերակառուցվում են, այլ հիմնանորոգվում: Եթե ասֆալտի նախկին ծածկը ամբողջությամբ հեռացվեր ու նորից արվեր, ապա հին ճաքերը ժամանակի ընթացքում դուրս չէին գա: Իսկ եթե հիմնանորոգված փողոցներում թերություններ են ի հայտ գալիս, ապա շինարարը, կապալառուն պատասխանատվություն ունի վերացնել առաջացած թերությունները: «11-16 հազար քառակուսի կիլոմետր տարածքից հնարավոր է թերություններ հայտնվեն, բայց լուրջ խնդիրներ չեն, երաշխիքային ժամկետներում դրանք արագ վերացվում են»,- նշեց Խաչատուր Խնձրցյանը՝ հավելելով, որ մեծամասամբ նաև բնակլիմայական պայմանների հետ է կապված, նաև ձմեռային շրջանում օգտագործված աղաավազային տեխնիկական միջոցների ազդեցությամբ է որակն ընկնում:

Արման Բաղդասարյանն էլ օրինակ բերելով Աբովյան փողոցում սալիկապատման գործընթացը, նշեց, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրների հետևանքվ արդեն երրորդ անգամն է այդ հատվածում սալիկները շարվում, ինչը տպավորություն է թողնում բնակչության մոտ, թե թերի աշխատանքներ են տարվել, սակայն դա այդպես չէ:

«Շրջապատը» նկատեց, որ բնակիչները շատ են դժգոհում Շիրակացի փողոցի ջարդուփշուր վիճակից, նաև խնդրեցինք ուշադրության կենտրոնում պահել 50-ամյակի կամուրջը, նաև՝ թատրոնի անմիջապես հարևանությամբ տարածքը՝ հարակից փոքր փողոցներով, որոնք ահավոր վիճակում են: Պատասխանատուները համաձայնեցին, որ նշված փողոցներն, իրոք, անմխիթար վիճակում են, հնարավոր է քաղաքային բյուջեի միջոցներով վերականգնելու ծրագիր իրականացնեն: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ կամուրջին, ապա փորձագիտական ուսումնասիրություն է իրականացվել, և կամուրջը անվտանգ վիճակում է: