ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Առաջ շարժվելու համար լիցքեր են պետք, իսկ մշակույթը դրա լավագույն տարածքն է»

Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

Տիկին Թովմասյան, քաղաքում համարյա ամեն շաբաթ որևէ մշակութային միջոցառում է տեղի ունենում. բացի օրացուցային տոնական օրերից կամ համայնքապատկան արվեստի ու երաժշտական դպրոցների հաշվետու համերգներից ու ցուցադրություններից, շարունակվում են «Դասական ուրբաթ»-ները, «Շիրակի էսքիզներ» պարային փառատոնը, իսկ այս շաբաթ էլ «ART ՇԱԲԱԹ» դասական երաժշտության փառատոնն է ասես եզրափակում տարվա առաջին կեսը:

— Որպես մշակութային ոլորտի պատասխանատու, կազմակերպիչ կամ համակարգող, ի սկզբանե ինչ ստանձնել եմ այս աշխատանքը, իմ առջև նպատակ եմ դրել չսահմանազատել համայնքապատկան և ոչ համայնքապատկան կառույցները, և աշխատանքը կազմակերպել բոլոր արվեստի, մշակույթի կրթօջախների համար և լայն պրիզմայով մշակել քաղաքի մշակութային քաղաքականությունը: Եթե հանձն ես առել մշակութային մայրաքաղաքի մշակույթի ղեկավարումը, ապա սահմանափակվել թղթերով քեզ տրված լիազորություններով և գործունեություն ծավալել թվով 20 ՀՈԱԿ-ների համար, նշանակում է՝ տանուլ տալ… Իսկ այդ շրջանակները լայնացնելու և հնարավոր բոլոր մշակութային կազմակերպությունների ներգրավվածությունն ապահովելու համար պետք էր գտնել ձևաչափեր, որոնք հետաքրքիր կլինեին ոչ միայն արվեստի և երաժշտական դպրոցների աշակերտների և ուսուցչական հանրույթի համար, այլև կատարող-ստեղծագործող մյուս օղակներում ներգրավված մարդկանց: Դրա լավագույն տարբերակը փառատոնային միջավայրն է:

Առհասարակ, ես քաղաքի մշակութային զարգացումը կապում եմ փառատոնային կյանքի զարգացման հետ: Որովհետև, երբ դու տարվա մեջ ունես հստակ ֆիքսված օրեր, որոնք մարդիկ գիտեն, որ Գյումրիում այս օրը, այս շաբաթ տեղի է ունենալու այս կամ այն միջոցառումը, դու կապահովես կայուն լսարան: Փառք Աստծո, առայժմ մի քանի նախագծեր իրենց չեն սպառել, իսկ «ART ՇԱԲԱԹ»-ը մեծ հետաքրքրություն բերած նախագծերից մեկն է, որն առաջին անգամ իրականություն դարձրեցինք 2019թ-ին: Բոլորիս հայտնի հանգամանքներով պայմանավորած՝ 2020-ին և 2021-ին ցավոք չկար այդ իրադրությունը: Առաջ շարժվելու համար լիցքեր են պետք, իսկ մշակույթը դրա լավագույն տարածքն է. 20-21թթ-ներին ամենաշատը տուժել է մշակույթը, բայց այս ամենաբարդ իրավիճակից մեզ միևնույն է՝ հանելու է մշակույթը: Փոքր ազգերը ապրելու, վերապրելու ուրիշ տարբերակ ուղղակի չունեն, և միակ տարբերակը մշակութային արթնացումն է, որի շնորհիվ կնորոգվեն հոգիները և մարմինները: Իմ մտածողության մեջ դա այդպես է: Եվ այն, ինչ «ART ՇԱԲԱԹ»-ի շրջանակներում կատարվում է դահլիճներում՝ իմ ասածի ուղիղ ապացույցն է: Եթե 2019-ին կարիք կար հավելյալ զանգերի, հրավերների հիշեցումների, ծանուցումների և այլն, հիմա ինքներդ նկատեցիք՝ սրահից սրահ աթոռներ ենք տեղափոխում, որպեսզի հանդիսատեսը կարողանա նստած վայելել դասական երաժշտությունը:

«ART ՇԱԲԱԹ»-ը հարթակ է, որտեղ ինքնաներկայացման հնարավորություն ունեն բոլորը, և այդ զուգակցված աշխատանքի ամենալավագույն օրինակներից մեկն է: Մյուս կողմից, սա լուծում է միջավայրի խնդիր: Ես կարծիք ունեմ, որ Գյումրին դասական արվեստի քաղաք է: Դրանով չեմ ժխտում, թե արհեստավորական միջավայրը ամուր հիմքեր չունի կամ ժողովրդական գործիքներն անելիք չունեն, իհարկե՝ ոչ: Չմոռանանք, որ այս քաղաքն առաջին օպերան բեմ բարձրացրած քաղաքն է, և չի կարող չունենալ դասական երաժշտության փառատոն: Ներքին վստահություն ունեմ, որ հաջորդին կլինեն դասական արվեստի բոլոր ճյուղերով միջազգային ներգրավվածություն: Ամեն տարի, հունիսի վերջին շաբաթը կլինի դասական երաժշտության շաբաթ, և մարդիկ անվճար դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն կունենան:

— «Փառատոն» բառն ինքնին հուշում է տոնի մասին, և որքան փառատոներ, այնքան տոներԻնձ շատ դուր եկավ, որ այս փառատոնը կազմակերպված է երկուերեք արվեստների խաչմերուկում. պատկերասրահում կամ թանգարանում դասական երաժշտություն:

— Ընդհանրապես, մինչ այս էլ, արդեն հայտնի դարձած «Hayat» ջազ նախագիծն հենց այս նպատակին ենք ուզել ծառայեցնել: Այն, իհարկե, քաղաքապետարանի նախագիծը չէ, մասնավոր ձեռնարկ է, բայց հասկանալի հանգամանքներով պայմանավորված սերտ առնչություն և կապ ունեմ այդ նախագծի հետ: Երբ փորձեցինք առաջին անգամ թանգարանների բակերում ջազ նվագել և տեսանք, որ ջազասերն եկավ թանգարան, որ ջազ լսի, հասկացանք, որ սա գործող տարբերակ է, և պետք է ընդլայնել: Ասլամազյան քույրերի պատկերասրահում այսօրվա «ART ՇԱԲԱԹ» փառատոնի մեկ օրը կազմակերպելն ամենադասական միջավայրն է, և եզակի այն առումով, որ նախ՝ տարածաշրջանի միակ կին-արվեստագետներն են, որովհետև առհասարակ կին նկարիչները շատ քիչ են, որովհետև Ասլամազյանների հայացքներն ու պատկերացումները վաղուց դասական էին, անգամ սովետական ժամանակաշրջանում: Իսկ Շիրազի տուն թանգարանի բակում բացօթյա համերգն էլ իր հերթին շատերին ներս կհրավիրի:

Անշուշտ պիտի խոսենք նաև օգոստոսի վերջ սպասվող «Քաղաքի օր» միջոցառումից, որի անցկացումն առանց տեղական մշակութային օջախների ներգրավվածության ուղղակի անհնարին է:

— Ավագանու համաձայնությունն արդեն ստացանք, և կարող եմ նախատեսված միջոցառումների փակագծերը բացել. որոշել ենք ամեն տարի, ամռան վերջին շաբաթում կազմակերպել քաղաքի գլխավոր տոնը: Այս տարի որոշեցինք այն սկսել օգոստոսի 26-ին՝ «Երևանի օրերը Գյումրիում» աննախադեպ, հրաշալի ձեռնարկով: Գիտեք, որ մայրաքաղաքի և Գյումրու քաղաքապետերն հանդիպել էին, եկել են համաձայնության, որ մեր քաղաքում պետք է ստեղծենք տոնական միջավայր. այն ենթադրում է համերգային ծրագրեր, փառատոներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ, հանդիպում-քննարկումներ, մանկական երաժշտական համույթների միջև համատեղ միջոցառումներ, մանկական փողային նվագախմբին ամբողջական գործիքակազմի նվիրում: Տոնը կշարունակվի նաև օգոստոսի 27-ին՝ «Գյումրու օրը», այն նույն աշխարհագրական ընդգրկվածությամբ կնշվի, ինչպես նախորդ տարի, որպեսզի քաղաքի որևէ ծայրամասային թաղամաս անմասն չմնա տոնական օրվանից: Կլինեն և մանկական, և երիտասարդական հարթակներ, և պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողներ, անպայման օգտագործելով թանգարանային միջավայրերը, պարտադիր օգտագործելով բոլոր ՀՈԱԿ-ների ներուժը, և իհարկե, ստեղծելով այնպիսի միջավայրեր, որպեսզի որևէ ոլորտ դուրս չմնա. արհեստավորների համար՝ տոնավաճառներ, երաժիշտների համար՝ համերգներ, նկարիչների համար՝ ցուցահանդեսներ և այլն: Իսկ վերջին ակորդը կտրվի Վարդանանց հրապարակում, որտեղ հագեցած ձայնային, լուսային տեխնիկայով բեմահարթակում կլինեն իրապես աննախադեպ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի և «Ռեինկարնացիա» խմբի համատեղ համերգը, որն հատուկ ծրագիր է պատրաստում Գյումրու օրվա համար: Երևանի կոլեգաների հետ ամեն մի դետալ քննարկվել է, որպեսզի այնպես կազմակերպենք, որ Գյումրին օգոստոս 26-27-ին ամենաայցելելին լինի, զբոսաշրջիկների համար ամենափնտրելին: Գիտեմ, որ հյուրանոցները չեն բավարարելու, բայց մենք հյուրընկալ ենք, և հաստատ կգտնվեն հյուրընկալ տներ, որոնք իրենց հարկի տակ կընդունեն գիշերակաց փնտրող հյուրերին: Այս միջոցառումը կլինի ասես ամառային արձակուրդային շրջանի փակում:

«Շրջապատը» բազմիցս է բարձրաձայնել. այսպես ասած, մեռնող ժող գործիքների հարցըԱրդյո՞ք մի օր հնարավոր կդառնա, որ այդ գործիքների «ռեինկարնացիան» տեսնենք:

— Ամենանվազագույնը՝ բոլոր երաժշտական դպրոց գնացող երեխաներին փորձում ենք ցույց տալ, ծանոթացնել այդ գործիքներին, բացատրել, թե որքան յուրահատուկ են, որ այդ գործիքներին տիրապետելն իրենց առանձնահատկություն կհաղորդեն: Եթե կոնկրետ ժողգործիքների մասին է, ապա մտածել ենք սեպտեմբերին «ժողֆեստ» կազմակերպել, որտեղ և մեռնող գործիքների վրա կլինի շեշտադրումը, և, չմոռանանք, որ կան փողային գործիքներ, որոնց վրա այսօր մեկ-երկուսն են նվագում, իսկ ժամանակ անց էլ չենք ունենա, կամ թավջութակի վրա ընդամենը մեկ նվագող ունենք… Սա տևական շրջան բացթողում է եղել, որը ժամանակին բաց է թողնվել, և մենք՝ այն է, ինչ ժառանգել ենք: Մի պահ նախարարությունն ուզում էր դադարեցնել անհետացող նվագարանների անվճար ուսուցման ծրագիրը, սակայն մի քանի ամսից փոխեց որոշումը, և այդ ծրագրով աշակերտներ են կրթվում: Այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն կա նաև պետական կոնսերվատորիայի հետ, որովհետև պարզ է՝ այսօրվա բացթողումը հետագա բացն է: Այս խնդիրը միայն մշակույթի բաժնի գործառույթում չպիտի լինի, այլև պետական քաղաքականություն է պետք, լիահույս եմ, որ կգտնեն ելքեր, հակառակ դեպքում, մի քանի տարի հետո, երբ ժողնվագախմբերում սերնդափոխության կարիք լինի, հնարավոր չի լինի բացը լրացնելու:

Խոսենք պարարվեստի դպրոցներիցայստեղ էլ ոչ պակաս են խնդիրները:

— Կան շատ խնդիրներ, որոնք հետևողական լուծում են պահանջում: Նախ՝ Գյումրին չունի պարի պետական համույթ, որի մասին բոլոր նախկին ու ներկա նախարարների մոտ բարձրաձայնվել է, դա այնքանով է խնդիր, որ այսօր պարարվեստի դպրոցն ավարտած լավագույն պարողը չունենալով տարածք, որտեղ պիտի ինքնադրսևորվեր, ակամա թողնում է սիրելի արվեստը: Մեկ անգամ չէ, որ խոսել եմ այս մասին, առնվազն 8 տղա և աղջիկ, գեղղեկավարով և փորձավարով մեր քաղաքին պետք է: Ամեն ինչ անելու ենք, որ այս հարցը լուծենք: «Շիրակի էսքիզներ» փառատոնն ինչ-որ տեղ կարելի է ասել այդ բացը ժամանակավոր լրացնելու համար է, և լուրջ ներուժ և ուշադրություն ենք կարողացել կենտրոնացնել, որի շնորհիվ հանրապետության բոլոր մեծանուն մանկավարժ-պարուսույցներն եղել են Գյումրիում, ունեցել ենք համագործակցություն, և ծանոթ ենք իրենց հսկայական պոտենցիալին, որը կկարողանանք օգտագործել ըստ անհրաժեշտության, երբ այդ պահը գա:

Իսկ երգարվեստի պարագայում ինչպե՞ս ենք փորձում առաջ գնալ. կարո՞ղ ենք աստղեր փայլեցնել բեմերում:

— Եթե խոսքը դասական վոկալի մասին է, ապա նրանց արահետը կարծես հստակ է. դպրոց, կոնսերվատորիա, ապա մայրաքաղաք՝ օպերային արվեստ, թատրոն և այլն: Մնացյալի համար դաշտն ազատ է, անհատական ստեղծագործական դաշտ է, և սեփական ներուժով հնարավոր կլինի փայլել, նկատվել, առաջ գնալ: Բաներ կան, որոնք համակարգային լուծումներով է հնարավոր, հնարավոր կլինի, երբ ներքևից ազդակները շատ լինեն և համակարգը տեղիք տա: Երբ մշակութային համայնք ունենաս, և որը պահանջատեր լինի, բացառված է, որ արդյունք չտա:

Ո՞ր կարևոր խնդիրը կնշեք, որի լուծմանը կարողացել եք հասնել:

— Իմ պաշտոնավարման ընթացքում քաղաքային թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները իմ բարձրացրած հարցերի մոտ 80 տոկոսին կարողացել է լուծման ուղի գտնել: Ներկայացրել եմ կամերային երաժշտության դահլիճի բացակայություն՝ ստացել ենք լուծում, թանգարանների մասով ներկայացրել եմ էքսպոզիցիաների փոփոխությունների խնդիր՝ ստացել ենք լուծում, շենքային պայմաններում բարեկարգում է եղել, ջեռուցման անցկացում է եղել, սուբվենցիոն ծրագրով Տիկնիկային թատրոնի շենքի ամբողջությամբ վերականգնում է նախատեսվում, մասնակի վերանորոգումներ գրեթե բոլոր ՀՈԱԿ-ներում եղել է: Էլի կան խնդիրներ, և չեն կարող չլինել, բայց հնարավոր են լուծել: Ցավոք, համայնքի բյուջեն փոքր է, և մշակութային տողի բյուջեն ավելի փոքր է, ամեն ինչ հնարավոր է դառնում նաև արվեստի նվիրյալների միջոցով, համագործակցության, դրամաշնորհների միջոցով: