ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Եղանակային պայմանները խանգարեցին մեր ծրագրերի ընթացքին»

Հարցազրույց Գյումրու համայնքապետ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

Պարոն քաղաքապետ, խոսենք փողոցաշինությունից. ինչ ընթացքի մեջ են ծրագրերը և ինչ սպասելիքներ ունենան մեր համաքաղաքացիները:

— Նախ՝ մեր բոլոր համաքաղաքացիների բողոքներին, նամակներին մենք փորձում ենք մաքսիմում պատասխանել, ասել, թե ինչ ծրագրեր ունենք, որպեսզի իրենք տեղեկացված լինեն: Այս տարվա ձմեռը ձնառատ էր ու ցրտաշունչ, և կլիմայական խիստ տատանումները ուղղակի ազդեցություն են թողնում փողոցների ասֆալտային շերտի վրա և շատ փողոցներ, այսպես ասած, շարքից դուրս են եկել: Հենց եղանակը մի քիչ տաքանում է, մենք արագ փորձում ենք աշխատանքներ իրականացնել: Երբ համեմատականներ ենք տանում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա նորմալ տաք եղանակներ էին, և մենք այդ ժամանակահատվածում հասցրել էինք բավական աշխատանքներ իրականացնել: Փոսալցման աշխատանքները նախատեսել ենք երեք փուլով իրականացնել: Առաջին փուլում 10 հազար քմ փոսալցում պետք է անենք, համապատասխան բաժնին հանձնարարական եմ տվել, որ չլինի թե մի փողոց ցանկից դուրս թողնեն: Երկրորդ փուլով դարձյալ մոտ 10000 քմ ենք անելու, իսկ երրորդ փուլում 2300քմ ծավալի է:

Փոսեր են առաջացել անգամ արդեն հիմնանորոգված փողոցներում, դրա՞նց էլ եք անդրադառնում, թե՞ մնացած փողոցներում են նախատեսված երեք փուլերը:

— Ոչ, հիմնանորոգված փողոցների այս պահի պատասխանատուները շինարար կազմակերպություններն են, այս հատվածներում չնչին փոսային աշխատանքներ են, թերությունները վերացնելու են: Մենք խոսում ենք այն փողոցների մասին, որտեղ դեռ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, և դեռ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել՝ փոսերն ենք փակում: Իսկ ՎԶԵԲ-ով կամ սուբվենցիոն ծրագրերով իրականացվածները դեռ շինարարի երաշխավորության դաշտում են:

Ունենք փողոցաշինական ևս երեք ծրագիր: Մեկը՝ սուբվենցիոն ծրագիրն է, որն արդեն ներկայացրել ենք՝ ընդգրկում է 22 փողոց. քաղաքացիները միշտ հարցնում էին, թե ինչու իրենց փողոցները չեն ներառվում ծրագրերում, դրանք են առավելս ընդգրկվել սուբվենցիոն ծրագրի ցանկ: Քանի որ KFW ծրագիրը «Անի» թաղամասում, Շիրակացի, Կոմիտաս և այլ փողոցներում է աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի մեջ են, մենք այդ տարածքներում ծրագիր չենք անում: Այդ փողոցներում ջրամատակարարման, խողովակաշարերի փոփոխման աշխատանքներ են, պետք է ավարտեն, միացումներ տան, տեսնեն՝ նորմա՞լ է, բնականաբար, առաջացած խնդիրները պիտի վերացնեն, և ստիպված մենք այդ փողոցներում չենք կարող ասֆալտապատում անել, որ հետո նորից քանդենք ու ծախսած գումարը ջուրը լցնենք: Իսկ այս 22 փողոցների համար բոլոր ծառայությունների հետ կապ ենք հաստատել, հարցումներ ենք արել, թե արդյո՞ք որևէ աշխատանքներ նախատեսված են: Ստացել ենք պատասխան, որ ոչ մի աշխատանք նախատեսված չէ կամ արդեն արված է, ապա նոր ցանկում ներառել ենք այս կամ մյուս փողոցը: Բոլոր թաղամասերից փողոցներ ընդգրկված են, մոտ 8,5կմ է սուբվենցիոն ծրագրով՝ ընդհանուր 102 հազար քմ ծավալի՝ փողոց-մայթ-լուսավորություն՝ հիմնանորոգվելու են:

Լուսավորությո՞ւնն էլ: Երբ սուբվենցիոն ծրագրերը ներկայացվում էին, ես պատասխանատուից հետաքրքրվեցի լուսավորության մասով, ասել էր՝ ոչ, առանձին ծրագրով պիտի արվի:

— Այս բոլոր 22 փողոցների համար մենք լուսավորությունն էլ ենք կարգավորելու, մանավանդ, հենասյուները կան: Մյուս ծրագիրը և այս պահին ամենակարևորներից մեկը՝ «Անի» թաղամասն է, որտեղ ՎԶԵԲ ծրագիրն է: Անցած Ավագանու նիստին մենք ներկայացրել էինք և հաստատվել է, որ միջազգային փորձագետ վարձենք: Նրա անհրաժեշտությունը շատ կար, որպեսզի ծրագիրը, որը նախատեսված էր քաղաքի լուսավորության համար, փոփոխվի փողոցների հիմնանորոգման: Քաղաքում նախատեսված էր մոտ 6000 լուսակետի ավելացում, առաջարկեցինք ամբողջ «Անի» թաղամասի՝ մեր կողմից հաշվարկվել է 28 փողոցի կապիտալ հիմնանորոգում, որի մեջ էլ նախատեսված է մոտ 800 կետ լուսավորության անցկացում, մայթերով, կահավորանքով, ինչպես պատմական միջուկում է արված: Փառք Աստծո, մրցույթն արդեն կայացել է, հաղթող կազմակերպությունը հայտնի է, հիմա տեսնենք, այդ աշխատանքները բավականին տևական ու բարդ ընթացք են ունենալու: Մենք խնդրեցինք սեղմ ժամկետներում պայմանագրերը կազմենք, որ հնարավորինս արագ այս գործը գլուխ բերենք: Հիմնավորումները կուղարկենք, հարցը բանկ կմտնի, կքննարկվի, դրական պատասխանի դեպքում մենք արդեն կհայտարարենք նախագծային աշխատանքների փուլը: Աստծո կամոք, արդեն հաջորդ տարի այս ժամանակահատվածում մենք կունենանք «Անի» թաղամասում շինարարական ընթացք: Մասնագետները հույս են տվել:

Հիմնանորոգված փողոցներում շահագործումից քիչ անց ճաքեր են առաջանում. մի՞թե մեր շինարարները չեն կարող նորմալ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել, որ այդպես արագ շարքից դուրս չգան: Խիստ հարց դրեք, թող գործը լավ անեն, որ ավելորդ ծախսեր չանենք:

— Ճիշտն ասած, որակի վերահսկող մարմին կա, որը պարտավոր է վերահսկել, նոր հիմնանորոգված փողոցի հանձնման ակտի տակ ստորագրել: Մենք էլ, ինչ խոսք, մեր հերթին ենք կարծիք հայտնելու: Մեզ համար էլ ցավ է: Մրցույթ ենք հայտարարում, բազմափորձ շինարար է մասնակցում կամ շահում, շատ անգամներ մենք էլ ենք հարցեր դնում, խիստ խոսում, թե ինչն է պատճառը: Պատասխանում են, որ իրենք պահանջված նորմայով անում են, բայց երևի մեր եղանակային պայմանները խիստ են…

Ուրեմն պետք է նորմերը, տեխնոլոգիաները փոխեն մեր տարածաշրջանի համար:

— Այո, մենք ևս առաջարկել ենք: Տեսեք, Գազի գրասենյակի տարածքում, Նժդեհի հրապարակում քանդվել է, արդեն 2-3 անգամ նույն հատվածում անում են, ասում եմ՝ լավ, ամբողջ աշխարհում մի՞թե լուծում չկա, որ էդ նստվածքի դեմն առնեք, տեխնոլոգիան ճիշտ անեք, որ նույն հատվածի վրա 10 անգամ նույն աշխատանքը չանեք: Ասում են՝ հա, մենք այդ ուղղությամբ մտածում ենք, բայց փաստն այն է, որ թերությունը կա: Դա իրենց համար էլ կրկնակի-եռակի ծախս է: Մենք պահանջատեր ենք, պայմանագրով էլ խիստ մոտեցում ենք ցուցաբերելու:

Պարոն Սամսոնյան, հաջորդ հարցը քաղաքում ներդրումներ անելուն է վերաբերում: Հաճախ գալիս են, ծրագրեր են խոստանում, բայց միայն խոսում են ու անհետ կորում

— Մի քանի լավ ծրագրեր կային, որոնք ինչ-որ տեղ ստացվելու էին, բայց… Քովիդն իր հերթին, պատերազմն իր՝ խոչընդոտեցին: Հետո նորից փորձեցինք տարբեր ներդրողների հետ բանակցել, դեսպանատների, ազգությամբ հայ գործարարների, էլի ինչ-որ կետի հասել էինք, հիմա էլ այս՝ ռուս-ուկրաինական պատեազմը մեջտեղ եկավ. աշխարհը խառնվել է իրար: Ասում ենք, տա Աստված, այդ ամենը շուտ ավարտվի, որ մենք էլ իմանանք մեր անելիքները: Ասեմ, որ հենց ձեր գալուց առաջ էլ ամերիկյան «Փարոս» հիմնադրամի հետ հանդիպում էր: Իրենք 2007-ից 25 բնակարան են նվիրաբերել, առաջարկեցի, որ մենք ունենք կիսակառույցներ, եթե ցանկություն ունեն, այդ կիսակառույցները տանք իրենց, թող վերանորոգեն, տանք տնազուրկ ընտանիքներին: Ներդրումների հետ կապված հանդիպումներ շատ ենք ունենում, բացատրում, ինչ-որ տեղ համոզում ենք, որ քաղաքը լուրջ պոտենցիալ ունի, մեծ հայտ է ներկայացնում զբոսաշրջության ոլորտում… տեսնենք:

Պարոն քաղաքապետ, Դուք երկար տարիներ ղեկավարել եք քաղաքի Կոմունալ ծառայությունը. հիմա, Ձեր այս դիրքից ինչպե՞ս կգնահատեք քաղաքի ներկայիս կոմունալ վիճակը:

— Կասեի՝ բավարար: Ես շատ եմ իրենց հետ զրուցում, թերացումները մատնացույց անում, կարծում եմ, ավելի ինտենսիվ կշարունակեն աշխատել: Նաև տեխնիկայի ոչ բավարար քանակն է խնդիրներ առաջացնում, սուբվենցիոն ծրագրով ավելացնելու ենք: Ճապոնիայի դեպանատան հետ ենք համագործակցում, տեխնիկա են խոստացել, տեսնենք, երբ կլինի: «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում համագործակցում ենք Պիլա քաղաքի հետ, այնտղից նույնպես խոստումներ ունենք: Նաև էլեկտրոավտոբուսներ են 5 հատ խոստացել… Գիտեմ՝ նաև պիտի հարցնեք թափառող շներից… Ասեմ, որ ստերջացման երկրորդ փուլ պիտի անենք: Առաջին փուլով 500 շան են ստերջացրել, ոնց որ մի քիչ կարգավորվել էր, բայց… Օրեր առաջ ԱԺ պատգամավորների հետ էինք քաղաքում շրջում, իրենց կատակով ասեցի, որ արդեն շներին էլ ենք դեմքերով ճանաչում, բայց տեսեք, այս շները մեր քաղաքից չեն… Ի դեպ, մեզ զգուշացրեցին, որ ինչ-որ տեղերից մեքենայով գալիս, շներին քաղաքի մի հատվածում բաց են թողել: Ես ամենևին որևէ մեկի մեղքը չառնելով, մի հարց տամ. էդ ո՞նց է, Գյումրին շների ստերջացման մրցույթ հայտարարում է, իսկ հարակից մյուս համայնքները՝ ոչ: Ի՞նչ է, շները միայն Գյումրիո՞ւմ են բազմանում:

Ռուսուկրաինական պատերազմի հետևանքով ռուս գործարարներ են Գյումրի տեղափոխվում, Դուք փորձե՞լ եք գոնե մի քանիսի հետ հանդիպել, ի վերջո, գործարար են, ներդրում են անում, քաղաքում գումարներ են ծախսում: Համոզենք, բանակցենք՝ մնան, չփախնեն, գնան:

— Այո, ճիշտ եք, այդ ուղղությամբ նոր-նոր սկսել ենք աշխատանքներ տանել: «Ոսկե ծիրան» փառատոնն այստեղ են անցկացնելու, դիմել եմ՝ նաև ռուսական ֆիլմեր ցուցադրեն, որ տեղի ռուսների մոտ հետաքրքրություն առաջանա, իրենց մշակույթին առնչվեն: Նաև թանգարաններին եմ զգուշացրել, որ մի քանի օտար լեզուներով ներկայանան:

Խոսենք տրանսպորտիցԳիտենք, որ ավտոբուսային պարկ է կառուցվում, որ 65 նոր ավտոբուս ունենք, բայց, ինչպես ասում են՝ «Անունը կա, ամանում չկա»:

— Այո, ավտոպարկը կառուցվում է, բայց ստիպված եմ մեղքը բարդել եղանակային պայմանների վրա, մարդիկ չհասցրեցին խոստացված ժամկետներում աշխատանքներն ավարտել: Հիմա ժամկետ չեմ նշի, բայց արագացնելը մեր մեծ ցանկությունն է:

Պարոն քաղաքապետ, Ձեր աշխատանքների վերաբերյալ քննադատություններ լսե՞լ եք: Եթե այո, ապա տեղի՞ն են:

— Բնականաբար, դժվար աշխատանք է, պատասխանատվությունն էլ ավելի շատ: Փորձում եմ դիմանալ, հաղթահարել, շարունակել օրնիբուն աշխատել: Իսկ քննադատության մասով. տրանսպորտը, որ թեպետ կոնկրետ ինձանից չի կախված, որովհետև ընթացք տվել ենք, բայց… Նաև շների պահով, որ երկու քարի արանքում ենք. մի կողմից քաղաքացիները, որոնք շներից հարձակման են ենթարկվում, մյուս կողմից՝ կենդանասերները, որոնք ուշիուշով հետևում են, որ չլինի թե շներին մի բան պատահի… Պատմական միջուկի մշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանման առումով էլ ամեն ինչ անում ենք: «Վառեմ-մարեմի» շենքի պահով արդեն նախագծային փուլ կա:

Կանաչապատումըայս ցավոտ հարցով էլ եզրափակենք մեր զրույցը:

— Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են: Գիտեք, որ ոռոգման ցանցի խնդիր ունենք, բայց պիտի փորձենք ամեն կերպ ավելացնել կանաչ տարածքները: Շարա Տալյան փողոցի վրա լայն հատված կա՝ Թբիլիսյան խճուղին ու Նժդեհի փողոցը կապող հատվածում ուզում ենք ծառատունկ իրականացնել, աղբադաշտի հարևանությամբ՝ Բուլվարայինից մինչև «Մուշ 2»-ում նույնպես մեծ հատված կա, որ ևս պետք է ծառատունկ անենք՝ անտառաշերտի վերածենք: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծառ ու ծաղկի մեծ խմբաքանակ պետք է բերենք ու տնկենք: Լանդշաֆտային դիզայնով կանաչապատ տարածքներ կփորձենք ստանալ, որ ոչ միայն մեզ համար, նաև զբոսաշրջիկների համար գրավիչ լինի: