ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Խնդիր չունենք լավն երեւալու, կանք՝ ինչ կանք

Գյումրու Վարդանանց հրապարակին կից գյումրվա կոլորիտով կարմիր դռան մոտ հնչում է հեռավոր 70-80-ականների հայտնի մեղեդիներ, որոնք անցորդին հրավիրում են Բ612 արվեստի նկուղ: Ջեվո երկվորյակ եղբայրները՝ Մամիկոն և Աշոտ Միքայելյանները, ջերմ ժպիտով ներս են հրավիրում: Չնայած նախօրոք պայմանավորվել էի հարցազրույցի համար, բայց երիտասարդ արվեստագետները նստում են նկարակալների առջև ու միաժամանակ ասում. «Դու քո հարցերը տուր, իսկ մենք էլ մեր հարազատ գործը կանենք՝ կնկարենք…»:

Ինչի՞ց է սկսվում արվեստը:

— Կյանքից… Ապրումներից, վերափոխվող զգացողություններից, էմոցիաներից:

Այսինքն, էտալոն դարձած՝ մուսան՝ այդպե՞ս է Ձեզ այցելում:

— Եթե հույսդ դնես մուսայի վրա, կարող է և երկար սպասես: Մենք օրվա զգացողությունից էլ կարող է ներշնչվենք ու ստեղծագործենք:

Առանց տեսնելու՝ կնկարեի՞ք, ստեղծագործելով թեկուզ աբստրակտ:

— Կնկարեինք… Դա էլ է տարբերակ, երբ քո միջի ասոցիացիաներով ես մարդուն արտապատկերում, բայց ոչ արտանկարում… Մենք դա չենք սիրում, երբ լուսանկարից արտանկարում են:

Իսկ գո՞ւյնը:

— Գույնը հենց պահի զգացողությամբ է վրձնին հայտնվում: Նախապես չենք պլանավորում, թե ա՛յ, այս գույնով պիտի նկարենք: Քայլ-քայլ նկարը կկառուցվի: Մեր դեպքում 3 կոմպոնենտ է գործում. տեսողություն, միտք, ձեռքի շարժում, որ կոմպոնենտը հանես, այդ զգացողությունը թերի կդառնա:

Ասում են, թե ամեն ոք ունի իր աուրան: Դուք որպես արվեստագետներ, միգուցե դիմացինի գույնը տեսնո՞ւմ եք:

— Որ ասենք, թե հեռվից մարդուն առանձնահատուկ գույնը տեսնում ենք՝ ոչ, բայց նկարելու ընթացքում, ծանոթության ընթացքում, աչքերի մեջ նայելով մենք գտնում ենք նրա գույնը:

Ի՞նչ արտաքին գործոններ կարող են ազդեցություն թողնել:

— Երաժշտությունը:

Եղանակը՝ մեղեդի, նաև բնությա՞ն հաղորդածը:

— Եղանակը՝ բնության, ոչ այնքան, իսկ երաժշտությունը դեր խաղում է: Մենք խնդիր չունենք խաղալու, ցուցադրական բաներ անելու, խնդիր չունենք լավն երևալու, կանք՝ ինչ կանք: Կարող է նույնիսկ չքնենք, որպեսզի այն, ինչը շատ ենք սիրում, ավելի շատ ժամանակ ունենանք այն անելու: Ինչքան սեր ունենք, ուզում ենք, որ օգտագործենք: Անընդհատ նկարել ենք ուզում: Մենք նկարում ենք, նկարում, բայց կուտակված էներգիան չի սպառվում: Մարդիկ ելել, ասում են՝ Հայրենիքը փրկենք, ու դատարկ խոսում են… Հայրենիքը նախ սիրեք, ձեզ նվիրեք Հայրենիքին, նոր փրկելու մասին խոսեք: Եթե ամենքս մեր մեծ նվիրումով, ի վերուստ տրված մեր սրտի մեջ տեղավորվող սիրով ու զգացողությամբ գործի կպնենք, մենք լուրջ երկիր էլ կունենանք, դրախտավայր դարձած Հայրենիք էլ կունենանք: Փոքր դետալներից է սկսվում ամեն ինչ: Գլխներիս զարգացած, հզոր Հայրենիք չի ընկնի, եթե պատի տակն ամբողջ օրը պարապ նստենք ու դատարկաբանենք:

Էն, որ ծխախոտի մնացուկը չպիտի նետես՝ ուր պատահի, էն որ դալար շիվին պիտի հոգ տանես, որ ծառ դառնա, մանրուքներով է, չէ՞ գծագրվում մեր Հայրենիքը:

— Այո, հենց մանրուքներից է ամենը սկսվում: Էլ չենք ասում՝ մարդկանց, բնությանը ժպտալը, բարի վերաբերվելը: Գերմանացիների օրինակը բերեմ. երբ Հայրենական պատերազմից հետո քանդված երկիր ունեին, բոլոր կողմերից հալածանքների տակ էին, ժողովուրդը միախմբվեց, երաժտության ներքո սկսեց քարերը հավաքել ու քարը քարին դնել, երկիր կառուցել: Հայրենասիրությունը սա է: Սա Հայրենիքը սիրելու միջոցներից է: Պարտադիր չէ, որ հենց այնպես կամուֆլյաժ հագնես, որ հայրենիքի զավակ երևաս: Հայրենիքը կենացասածության մեջ չէ, և ոչ էլ ձև բռնելով է:

Մեկմեկ պատկերացնում եմ, թե մեր դարավոր ազգն այնքան է հասել, որ սկսել է ճաքել, տեղտեղ փտել

— Բայց և մատաղ ծիլեր էլ ենք տալիս, չէ՞: Տեսեք, դարերի ընթացքում խաժամուժը ամեն կողմից ասպատակելով մեր երկիրը, ուզենալով մեզ վերացնել, առաջին հերթին փորձել է կտրել մեր ուղեղներին, մտավորականներին, լավագույններին, բայց արի ու տես՝ դեռ կարողացել ենք վերհառնել: Թուրքն էլ, սովետն էլ ամեն ինչ արեցին, որ մեզ ճնշեն, ճզմեն, նույնիսկ դա արեցին մերոնց ձեռքերով: Ի վերջո, վերևից հրամանը երբ իջնում էր, ներքևում մեր հայրենակիցն էր մեր վրա գրում, մեզ հետապնդում, բռնում, բանտարկում կամ գնդակահարում: Այդպես վարվեցին Չարենցի, Բակունցի ու մի շարք մտավորականների հետ: Սա անցյալում…

Իսկ հիմա՞

— Իսկ հիմա, շատերը կան, որ իրեց տեղերում չեն: Այնպիսի մարդ գիտենք, որ նույնիսկ իր ուսանողներն են իրեն ծաղրել, բայց հիմա ելել այնպես մեծ-մեծ է խոսում… Իրեն ո՞վ կլսի: Ամեն մարդ պիտի զգա, թե այս մոլորակի վրա ինչ դեր կարող է տանել: Սակայն, մի բանում համոզվել ենք. որքան էլ կյանքը մարդուն հանի, թռցնի, քշի, ի վերջո կպպտացնի, կհասցնի այն տեղը, որին նա արժանի է:

Ի՞նչն է ձեզ հիասթափեցնում, թևաթափ անում:

— Օրինակ, պատերազմի ժամանակաշրջանում չէինք կարողանում նկարել: Նաև մեր կյանքի այնպիսի շրջադարձում, երբ տատիս կորցրեցինք: Նրա մահից հետո 40 օր ու ավել ոչինչ չէինք կարողանում անել:

Իսկ խոչընդոտներն ինչպե՞ս եք հաղթահարում:

— Մեր փորձով, կարող ենք ասել, որ հակառակ էֆեկտով, ավելի հզորացել ենք. շատերն են ուզեցել մեզ խոչընդոտել, բայց մենք թույլ չենք տվել, որ իրենց էժան արժեքով մեր դեմ պատնեշներ ստեղծեն, իսկ թե պատահել է դժվարություններ, համառությամբ ենք հաղթահարել:

Ձեզ մոտիվացրել ենիսկ միգուցե փորձությո՞ւն է:

— Երկուսն էլ կա: Ուղղակի կյանքից մեր ուզածը շատ չէ՝ մատիտ ու թուղթ ունենանք, փոքր ուրախություններն ապահոված են: Բայց միևնույն ժամանակ կնշեմ, որ բացարձակ երջանկություն չկա:

Վերջերս նկատել եմ, որ դիմանկարներ եք նկարում, հատուկ շա՞րք եք պատրաստում:

— Դրանք մարդկային փոխհարաբերություններից են ծնվում, երկխոսություն է մարդու հետ: Այդպես է ստացվել, ինքնանպատակ չէ, մեզ մոտ հյուրընկալվածներին ենք նկարում, բայց ստացվեց շարունակական: Մենք սիրով մեր գործն ենք անում, բայց արի ու տես, որ ինքնաբերաբար կարող է մի մեծ ցուցահանդեսի հիմք հանդիսանալ:

Եվ ե՞րբ կարող ենք ըմբոշխնել Ջեվո եղբայների ստեղծագործությունները:

— Այո, անհատական ցուցահանդես վաղուց չենք ունեցել, բայց այս տարի կարծես չենք նախատեսել:

Որտե՞ղ կուզենայիք Ձեր ստեղծագործությունները հրապարակայնացնել, նկատի ունեմ՝ Գյումրիից դուրս ինչոր ձևաչափում:

— Շատ հավաքված գործեր ունենք, առաջն Աստված, մի օր պահը կհասունանա: Գուցե իմպուլս է պետք, դրդում: Օրինակ, մենք շատ կուզենայինք մեկ գործի ցուցադրություն, ինչը շատ պարտավորեցնող է: Հասկանո՞ւմ եք, տեխնիկայի այս դարաշրջանում շոու ասվածն իրեն սպառել է: Հիմա մարդն ուզում է սովորական մարդկային հարաբերություններ, գիտակցաբար ձգտում է բնությանը կապվել, դեպի գյուղ են գնում, հողին են ուզում դիպչել: Հոգնել ենք կեղծավոր շփումներից: Ինչպես վարպետ Կոշտոյանն էր ասում՝ էս տեխնիկան մարդուն որդերի է վերածում… Բայց մարդն ուզում է իր Արարչին մոտ լինել:

Ձեր ստեղծագործություններում բնությո՞ւնն է, մա՞րդն է, մարմի՞նն է

— Արվեստն անծայրածիր է, անսահման, կարող է լինել մի քանի արվեստի զուգորդում, տեխնիկաների զուգորդում: Մենք այդ ամենի մեջ ազատ ենք, մեզ համար կարևորը մտահղացումն է, այն բացահայտելու համար սկսում ենք գործիքները որոնել, թե որով առավել գերող կլինի…

Քանդակե՞լը, թե՞ նկարելը..

— Նկարելուց կարոտում ենք զարդ սարքելուն ու քանդակելուն, քանդակելուց՝ զարդին ու նկարակալին… Մենք միշտ սիրահարված ենք, անընդհատ մեզ համար էմոցիաներ ենք ստեղծում, արևից էներգիա ենք ստանում, ժպիտից թռիչք վերցնում, օտար մարդկանց բարևում ենք, ժպտում, բարի էներգիա փոխանցում:

Գյումրին

— Ամեն մի քարի տակ հիշողություն է, մի տեղ մանկությունն է, մի տեղ երիտասարդությունը, մի տեղ առաջին սերն է… ու մարդիկ, որոնց հետ շփումներն են: Մարդկանց խորհուրդ կտայի՝ իրենց չզրկել այդ հաճույքներից: «Ես»-ից զատվեք, միայնակ միշտ չէ, որ հետաքրքիր է:

Խոսեցինք սիրուցՍերը

— Մենք հավերժական սիրահար մըն ենք:

Օգնո՞ւմ է ստեղծագործել:

— Ավելի շատ ենք ստեղծագործում, բայց բնավ պարտադիր չէ, որ սիրո էակին նկարենք, այլ զգացողությունն ենք փորձում պատկերել: Սերն անծայրածիր է և անմահ: Պարտադիր չէ, որ ամեն ինչ ստացվի ճիշտ: Եթե ապրումներիդ կուլմինացիան վերջնական տեսնես, կարող է այդքան հետաքրքիր չլինի: Կարող է և ստեղծածն ավարտելուց չսիրեմ, ատեմ, ժամանակ է պետք, որ ընդունեմ: Շատ հաճախ քանդակելուց, պրոցեսի ընթացքում մենք մեզ լուսանկարում ենք, մեզ համար հետաքրքիր է բուն ընթացքը, և ոչ թե արդյունքը, թե ինչ վիճակներում ենք եղել, երբ ստեղծում էինք: Վիլյամ Սարոյանն ասում էր, թե ամեն պահն այնպես ապրիր, որ գուցե մահվան պահին այդ պա՞հը հիշես:

Զարդերի գաղափարներն ինչպե՞ս են ծնվում:

— Երբ ինչ-որ բանի ներշնչանք է լինում, մենք մի գործով չենք սահմանափակվում: Մի անգամ մեր վարպետներից մեկը խորհուրդ տվեց, որ մեկ թեմայի վրա շատ չկենտրոնանանք, խորհուրդն ընդունեցինք, և շարունակական ենք ստեղծում: Չպետք է ապրես հասարակության համար, փառքի համար, հենց սկզբից պետք է ձգտես հոգու ներդաշնակություն գտնել: Քո ամեն օրվա մեջ պիտի զգաս քո դերն այս Երկիր մոլորակի վրա, ու քո հնարավորությամբ ապրես ու արարես: Ավելին չպետք է անել, եթե չես կարող, զարմացնելու համար կարող է ծիծաղելի դառնաս: Իսկ Գյումրու դեպքում առավել ևս. պիտի ուշադիր լինես, թե ինչ ես անում: Ու փառք Աստծո, մեր սերունդներն արդեն շատ լավն են, կոնսերվանտ չեն, ստեղծարար են: Չպետք է ոչ մեկին թերագնահատել, մեր սերունդի վրա պետք է հույս դնել: