ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Հպարտանալու առիթներ դեռ շատ կլինեն

Կանանց «Հայասա» ֆուտբոլային ակումբի գործունեության 2-ամյակը դեռ չի բոլորել (ակումբի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից 2 օր առաջ), սակայն «Հայասա» կանանց ֆուտբոլային թիմն իր նորամուտով փոխել է կանանց Հայաստանի ֆուտբոլային «խաղի» ողջ ընթացքը և լուրջ մարտահրավեր նետել մրցաշարային աղյուսակի մյուս թիմերին:

Նախ՝ «Հայասա»-ն երկու տարի անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն: Այս տարի անցկացրած 14 խաղում խփել է 95, բաց է թողել ընդամենը 3 գոլ: Անցնած շաբաթ թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանի գլխավորած թիմը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում և վաստակած 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստում քննության էր առնվել ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչը հնարավորություն է ընձեռնում մասնակցելու 2022-2023թթ. ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: «Հայասան» կրկին ներկայացնելու է Հայաստանը կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ի դեպ, անցած տարի «Հայասան» իր նորամուտն էր նշել կանանց Չեմպիոնների լիգայում: «Հայասա»-ի հաջողությունների և ցուցանիշների մասին խոսելու համար բավական է նշել, որ Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականում «Հայասա»-ից 6 խաղացող է ընդգրկված, մինչև 17 տարեկանների հավաքականում ունեն մեկ խաղացող, 3 հոգի էլ Մ-19 հավաքականում են ընդգրկված:

Եվ, իրոք, հպարատանալու մեծ առիթ ուներ «Հայասա» ՖԱ գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրառել էր. «26 խաղ, 26 հաղթանակ՝ «Հայասա» ՖԱ գլխավոր մարզչի պաշտոնում… 162 գոլ ենք խփել, ընդամենը 4 գոլ ենք զիջել… Հայաստանի Բարձրագույն Լիգայի կրկնակի չեմպիոն ենք»:

Ակումբի նախագահ Արտակ Գյոլեցյանի հետ զրուցեցինք: Հարցին, թե ինչպես հաջողվեց 2020-ին մեզ պատուհասած իրավիճակներում ոչ միայն պահպանել, այլև զարգացնել նորաստեղծ ակումբը, պատասխանում է. «Մեծ դժվարությամբ, մանավանդ, որ թիմում ընդգրկված էին այլազգի աղջիկներ, որոնք ստիպված էին եղել վերադառնալ իրենց հայրենիք, սակայն հաջորդ մրցաշրջանում նորից վերադառանալու էին թիմ՝ միանալով մեր աղջիկներին և թիմը մեծ թափով առաջ էր ընթանալու՝ մինչև չեմպիոնական հորիզոնական»:

— Ըստ Ձեզ, Հայաստանում ի՞նչ մակարդակում է գտնվում կանանց ֆուտբոլը:

— Բավական զարգացած է, թեև անելիքներ շատ ունի: Թիմերը տարեց տարի հզորանում են: Այս տարի Բարձրագույն լիգայի առաջնությանը 5 թիմ է մասնակցել, թեպետ անցած տարվանից թվով քիչ է, 8 թիմ էլ առաջին լիգային են մասնակցում: Սա Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման տեմպերի մասին է խոսում:

— «Հայասա»-ն հովանավոր ունի՞:

— Խոշոր մասշտաբով հովանավոր չունենք, բայց աջակցողներ կան:

Զրուցեցինք նաև «Հայասա» ՖԱ գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանի հետ: Հարցին, թե ի՞նչ գնահատական կհնչեցնի թիմի մարզական վիճակի մասին, պատասխանում է. «Տարբերությունը տեսնելու համար բավական է հետևել մրցաշարային աղյուսակի վիճակագրությանը, որն հիանալիորեն արտացոլում է որակական հատկանիշները. մոտակա հետապնդող թիմից 14 խաղի ընթացքում 20 միավորով առաջ ենք: Այս տարվա մրցաշրջանի ողջ ընթացքում մեր մրցակիցներին բոլորին հաղթել ենք, երկու խաղում է, որ խոշոր հաշվով հաղթանակ չենք տոնել (3 գոլ և ավել), «ոչ-ոքի» չունենք գրանցված: Չեմպիոնների լիգայում ուզում ենք լավագույնս հանդես գալ… կփորձենք»:

Նշենք, որ այս պահին «Հայասա» ֆուտբոլային ակումբն ունի 9 լեգիոներ՝ Ուկրաինայից, Ղազախստանից, անգամ Աֆրիկայից: