«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր քննարկում «Գյուղական տուրիզմի զարգացման միտումները Շիրակի մարզում» թեմայով: Բանախոսներն էին՝ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը, և նույն կենտրոնի հետազոտող Հովհաննես Հակոբյանը:
Քննարկման թեման համակարգող Լուսինե Մովսիսյանը բացման խոսքում նշեց. «Հայաստանի մեծ թվով գյուղական համայնքներ օժտված են տուրիստական նշանակության օբյեկտներով, որոնք հնարավորություն են տալիս համայնքներում զարգացնել և կիրառել տուրիզմի շատ տարատեսակներ, այդ թվում`գյուղական տուրիզմը: Մեր երկիրն ունենալով բնական հարուստ ռեսուրսներ, պատմամշակութային մեծ ժառանգություն ու ավանդույթներ`ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմի զարգացման համար: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, այդ թվում` Շիրակի մարզում, գյուղական տուրիզմի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ կա»։
Նաիրա Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները, գյուղական համայնքներում անցկացված տուրիզմի համար հետաքրքիր վայրերի քարտեզագրումը ցույց են տվել, որ այո, Շիրակի մարզի գյուղկան համայնքներում այդ ոլորտի զարգացման համար կա մեծ պոտենցիալ: «Եթե մինչև 2019թ-ը մենք այդ հնարավորությունները չէինք գեներացրել, այժմ կարելիէ ասել այդ փուլում ենք, բացի այդ բավականաչափ ծրագրեր և միջոցառումներ կարողացել ենք իրականացնել, թե ներդրումների տեսքով, թե խորհրդատվության՝ աջակցություն ցուցաբերել: Եթե մինչ այդ գյուղական համայնքներում (անգամ քաղաքային) տարակուսանքով էին մոտենում, թե էս պայմաններում ի՞նչ զբոսաշրջություն, ապա վերջին տարիներին ոչ միայն բազմաթիվ հյուրատներ են բացվել, այլև անհատներ նախաձեռնություն են ցուցաբերում, որպեսզի ներդրումներ անեն: Մանավանդ, որ արդեն ՄԱԿ-ի ծրագրերով չենք անում, այլ ձեռնարկատերերն իրենք են դիմում, իսկ մենք փորձում ենք ճիշտ ուղղորդումներ տալ»: Նաիրան ավելացրեց, որ մեր բոլոր համայնքներն էլ պետք է ներգրավված լինեն որևէ ծրագրի կամ միջոցառման մեջ, որպեսզի նախ պետական և միջազգային աջակցությամբ այն զարգանալու հնարավորություն ունենա, ապա, որ այդ համայնքի տեղն իմանան ու ծանոթանան պոտենցիալին:
Կարեն Բադիշյանը ասաց, որ մի քանի ուղղությամբ են ծրագրեր իրականացրել. պետական աջակցությամբ, որոնք ուղղված են գյուղական համայնքների զարգացմանը, կան ծրագրեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Ծրագրերից նշեց ենթակառուցվածքների զարգացումը, որն ուղղակի փոխկապակցված է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Զուգահեռ նախարարությունները միջազգային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումներ են անցկացնում, թե հատկապես ինչպիսի ծրագրերի իրականացումը առավել արդյունք կապահովի, հատկապես շեշտը դրված է գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը՝ դա կարող է լինել կայուն գյուղատնտեսության, ակտիվ զբոսաշրջության և այլ շրջանակներում: Կ.Բադիշյանը ևս կարևորեց գյուղական համայնքների զբոսաշրջային հնարավորությունների զարգացումը, տեղեկության տարածումը: Նախատեսվում է փոքր ֆիլմաշարերով համայնքների մասին պատմող ֆիլմերի նկարահանում: Սա կտա հիմնական հնարավորությունների բացահայտում, հոսքերի ավելացում, բնակիչների եկամուտների ավելացում, կյանքի որակի բարելավում:
Արծրուն Իգիթյանը խոսեց հատկապես այն խնդիրներից, որ դեկտեմբերին Ախուրյան կենտրոնով միավորված 35 գյուղական համայնքները լուրջ ուսումնասիրության խնդիր ունեն, հնարավորությունները մեծ են, ունեն տեղեկության պակաս ազգաբնակչության շրջանում, իսկ ամենամեծ խնդիրը պետք է լինի բնակիչների անմիջական մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի զբոսաշրջության ոլորտում մեծ քայլեր անել: «Այս պահին Զարգացման հիմնադրամի միջոցներով նախահաշվարկներ են կատարվում Մարմաշենի վանական համալիրի ամբողջական կառուցման, բոլոր հարմարություններով, ենթակառուցվածքների առկայությամբ, որպեսզի հարմարավետ դառնա տուրիզմի ակտիվացումը: Ջրառատ գյուղում 6-րդ դարի եկեղեցի ունենք, որը եզակի կառույց է, ու շատ քիչ մասն է պահպանվել: Կարողացել ենք եղած հիմքերի վրա վերականգնել եկեղեցին, լրացուցիչ բարեկարգման աշխատանքներ են անհրաժեշտ: Ենթակառուցվածքների բացակայություն շատ տեղերում ունենք: Բացի այդ, Ջրառատում Կիկլոպյան քարանձավներ ունենք, որոնք լուրջ ուսումնասիրության խնդիր ունի և նույնքան լուրջ անելիքներ կան, որպեսզի կարողանանք տուրիզմի համար հետաքրքիր վայր դարձնենք: Շատ կարևոր է, որ օրինակ, «Շիրակի ձմեռ-2022» անցկացվեց Մեծ Սարիարում, դա հնարավորություն տվեց, որպեսզի այդ բնակավայրի տեղն իմանան ու հնարավորություններին ծանոթանան: Ցանկացողներին պատրաստակամ ենք հողատարածքներ հատկացնել, եթե զբոսաշրջությանն է միտված կառուցապատումը: Ուշադրության կենտրոնում են պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքները, հուշարձանները: Զուգահեռ աշխատանքներ ենք տանում ագրոտուրիզմի զարգացման ուղղությամբ: Կարող եմ նշել, որ դեռ չուսումնասիրված տարածքներ էլ ունենք, որտեղ, հնարավոր է, տուրիզմի զարգացման համար կարևոր կոմպոնենտներ կան: Բոլոր նախադրյալները կան, որպեսզի Ախուրյան խոշորացված համայնքի տարածաշրջանում տուրիզմը զարգացնենք»:
Հովհաննես Հակոբյանը մանրամասնեց, որ իրենք ունն քարտեզագրված Շիրակի մարզի գյուղական համայնքների այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ծառայել տուրիզմին: Թվարկեց մի քանիսը. Մեծ Սարիարի անտառային հատվածը մեծ հարստություն է, այն ևս ունի փոշոտման շրջան, որը կարող է մրցակցել Ստեփանավանի Դենտրոպարկի հետ: «Շիրակի ձմեռը» այստեղ անցկացնելով, որոշ ներդրողների հետաքրքրությունը շարժեց, որպեսզի ներդրումային ծրագրեր մշակեն: Կամ Գառնալիճը, որտեղ «Կարմիր գիրք» անցած թռչնատեսակներ կան, ինչը ևս հետաքրքրողներին կգերի, և այլն: Մեծաշենում ունեցանք ծրագիր, որը աշխատատեղեր ստեղծեց: Կրաշենում էկոտուրիզմի պոտենցիալը ցայտուն դարձավ: Բազմաթիվ ձևաչափեր ունենք, որոնք հնարավորություններն են ավելացնում՝ լինի դասընթացներ, թե վարպետության դասեր, կարևորը հետաքրքիր գաղափարներ առաջարկելն ու դրանք կյանքի կոչելն է: Իսկ իրենք կենտրոնի միջոցով ստեղծում են այն հարթակները, որտեղ կարող են գովազդվել համայնքների պոտենցիալն ու հնարավորությունները: