ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հովհաննես, Նարե, Անահիտ, Մարիամ…

Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) Գյումրու տարածքային ստորաբաժանման տվյալների, այս տարվա 8 ամիսների ընթացքում ամուսնությունների թիվը կազմել է 341, իսկ 2018 թվականի ողջ տարվա կտրվածքով այն կազմել էր 461: Ամուսնալուծությունների թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 145, իսկ այս տարվա 8 ամիսների ընթացքում 113-ն են եղել: Աշխատակիցների փոխանցմամբ, այս թվերը, բնականաբար, արտահայտում են այն պաշտոնական տվյալները, որոնք գրանցվել են ՔԿԱԳ-ում: Խոսքի մեջ օրինակ են բերում, որ հնարավոր է, ամուսնություն լինի, բայց զագսավորում չունենան դեռ, իսկ ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա այստեղ խնդիրը մի քիչ այլ է. մարդիկ ամուսնալուծվում են՝ իրական հիմքերով և ֆիկտիվ, այն է՝ նպաստի համար. ասենք, ամուսինը ավտոմեքենա ունի, բայց աշխատաք չունի, և ընտանիքը սոցիալական վատ պայմաններում է, նպաստի շեմը տուժում է ավտոմեքենայի պատճառով: Կամ՝ արտասահման մեկնելու հնարավորությունը մեծացնելու համար. այսինքն, երբ ամուսիններով չեն կարողանում միասին մեկնել, ապա ստիպված ամուսնալուծվում են, որպեսզի արտասահմանում ուրիշի հետ զագսավորվելու հնարավորությամբ լուծեն գրանցման կամ կեցության իրավունքի հարցերը: Եվ այս պատկերը ողջ Հայաստանում է:

Ըստ նույն պաշտոնական տվյալների, 2018 թվականին Գյումրիում ծնվել է 1306 երեխա, իսկ այս տարվա 8 ամիսների ընթացքում՝ 785: Ծնունդների թվի ավելացում սպասվում է հատկապես աշնանային ամիսներին:

Մահերի թիվը, համեմատած ծնունդների, բարձր է: Նախորդ տարի կազմել է 1302, իսկ այս տարվա 8 ամիսների կտրվածքով՝ 934:

Թե ինչ անուններ են ամենատարածվածը, ՔԿԱԳ-ի աշխատակիցները նախ մեկնաբանում են, որ հայերս ընկնելով, այսպես ասած, մոդայի հետևից, կամ գտնվելով սերիալների ազդեցության ներքո, երեխաներին անվանակոչում ենք արտասահմանյան անուններով կամ դերասանների անուններով: Բացի այս, հաճախ են լինում, երբ երկրի լավ ղեկավարի բարձր համբավի շնորհիվ, մարդիկ իրենց երեխային ղեկավարի անունով են կոչում, եթե հիշում եք, անգամ օտար երկրի ղեկավարի ազգանունով էին երեխաներին անվանակոչում: Սրանից ելնելով, հետաքրքրվեցի, թե արդյո՞ք Նիկոլ կամ ձևափոխված անունը տարածված է եղել նախորդ տարվանից: Ըստ գրանցված պաշտոնական տվյալների, հաճախ ընտրված անուն աղջիկներին տրվել է Նարե, Անահիտ, Մարիամ, Մարի, Անգելինա, Գայանե: Իսկ տղաներին տրվել է Դավիթ, Տիգրան, Հովհաններս, Ալեքս, Հայկ, Արթուր: Փաստորեն, արձանագրեցինք, որ կարծես հայկական անունները գերակշռող մաս են կազմում, ինչն անկեղծորեն ուրախացրեց  աշխատակիցներին: ՔԿԱԳ-ի աշխատակիցները հատկապես նշեցին, որ վատ է, երբ երեխային ուզում են կրճատ անվանակոչել՝ Ժոռ, Ռոբ, Հովո, արդարանալով, թե՝ «մեկ է, պտի մայլեն կրճատ կոչեն», կամ «իկ» վերջածանցով փաղաքշական անվանելով՝ Լիդուշիկ, Մարիամիկ, Լյովիկ, Լևոնիկ, Վարդանիկ: Ամեն դեպքում, ցանկալի է, որ հայկական անուններով անվանակոչեն երեխաներին, և լիարժեք անունով, որպեսզի, երբ երեխան մեծենա, անհարմար կամ անհարմարություն չզգա իր անվան պատճառով: