ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկան եւ Եվրոպան արտագնա աշխատուժի շուկա չեն հայերի համար

Գաղտնիք չէ, որ հայն իր բնույթով ավանդապաշտ է և նրա կենցաղում հատուկ շեշտադրում կա տարիներով ձևավորված սովորույթների պահպանման հանդեպ: Իսկ կոնկրետ Ամանորը դիմավորելու հանդեպ հայի վերաբերմունքը միանշանակ է: Օրինակ` առաջին հերթին Ամանորի խորհուրդը նրանում է կայանում, որ շատ անգամ` անգամ միջոցների սղության պայմաններում, տոնական սեղանի առկայությունը պետք է պարտադրաբար կապված լինի անթույլատրելի ճոխության հետ: Այսինքն` պետք է ըմբռնումով մոտենալ այդ օրերին ցանկացած հյուրին տոնականորեն պատվելու հայկական առանձնահատուկությանը: Բայց ակնհայտ է նաև, որ դրա համար ծախսեր են պահանջվում: Իսկ ծախսերի չափն էլ պայմանավորված է դրամական միջոցների առկայությամբ: Այս դեպքում հնարավորություններն ընդլայնելու միջոց կարող են հանդիսանալ արտերկրում աշխատող իրենց ազգական-բարեկամների արած շնորհները` դրամական փոխանցումների տեսքով, որոնք իրականացվում են բանկերի միջոցով: Ուստի հետաքրքիր էր իմանալ, թե անցնող տարվա վերջին ինչպիսի՞ն էր վիճակը այս հարաբերությունների ոլորտում:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի կառավարիչ Լևոն Գասպարյանին ուղղված այս հարցիս պատասխանն իր տեսանկյունից, թերևս, օրինաչափ էր. «Բնականաբար, տարեմուտի օրերին արտերկրից փոխանցումները Հայաստանի Հանրապետություն, աճում են: Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այդ ժամանակահատվածում փոխանցումների մեծ մասը ՌԴ-ից են: Չնայած այն պարագային, որ ԱՄՆ-ում և այլ երկրներում էլ հայության թիվը պակաս չէ, այնուհանդերձ, փոխանցումների 70-80 տոկոսը հենց Ռուսաստանից են ստացվում»: Լևոն Գասպարյանը նշում է, թե դա, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ բնակչության մեծամասնությունը արտագնա աշխատանքով փող վաստակելու համար առավելապես նպատակամիտված է Ռուսաստանի Դաշնության հետ հույսերը կապելուն: «Մենք դեռ այն մակարդակին չենք հասել, որպեսզի մարդիկ Ամերիկա կամ Եվրոպա մեկնելով ու աշխատանքի տեղավորվելով այնտեղ, կարողանային այդ կերպ վաստակած իրենց միջոցներից ազգականներին որոշակի գումարով օգտակար լինել: Նախ` լեզվական, ապա նաև տեխնիկական խոչընդոտներ են առկա այս նախադեպերի իրագործելիության համար: Մյուս կողմից, իհարկե, կան բողոքներ նաև ՌԴ-ից կատարված փոխանցումների դեպքում, երբ մարդիկ չեն կարողացել այստեղ ստանալ հարազատների ուղարկած գումարները և այժմ սպասման մեջ են, որ մոտակա օրերին դա հնարավոր կլինի: Փաստը փոխանցումների հետ կապված փաստաթղթային պահանջված ոչ լրիվ գրանցմամբ է պայմանավորված»,- ասում է Լևոն Գասպարյանը:

«2017 թվականին, երբ ՌԴ-ն` Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից կիրառված և ներկայում էլ շարունակվող տնտեսական պատժամիջոցների շրջանակում էր գտնվում, ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումներ արդյո՞ք չարձանագրվեցին» հարցիս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի կառավարիչը բացասաբար է պատասխանում՝ նշելով, թե անցնող տարվա ընթացքում նման դիտարկումներ չեն եղել: «Ռուբլի-դոլար փոխարժեքը 2017-ին նկատելի փոփոխությունների չի ենթարկվել: Ըստ փաստացի տվյալների, մեկ դոլարի արժեքը մարտի 1-ից մինչև այս տարվա հունվար ամիսը տատանվել է  56-60 ռուբլու սահմաններում: Իսկ, ընդհանուր առմամբ, երբ տատանումը 10 տոկոսի սահմանը չի հատում, ավելին` երբ նույնիսկ 5 տոկոս չի կազմում, մեծ չի գնահատվում: Այլ էր իրավիճակը 2016 թվականին, երբ հիշյալ պատժամիջոցների սկիզբը դրվեց»:

«Մարդիկ` կենսական պայմանների վատթարացմանը զուգընթաց, սովորաբար փորձում են բանկերից վարկեր վերցնելու միջոցով ֆինանսական խնդիրներին լուծում գտնել, սակայն հետագայում էլ` դրանք վերադարձնելու անհնարինության պատճառով, անելանելի դրության մեջ են հայտնվում, իսկ անցնող տարում այսօրինակ միտում արձանագրվե՞ց» հարցին Լևոն Գասպարյանը պատասխանեց. «Այժմ այլ է իրավիճակը, այնպես չէ, որ վարկ վերցնելու համար անպայմանորեն ստիպված են լինում դիմել բանկերին: Հիմա մարդիկ ավելի շատ դիմում են վարկատու կազմակերպություններին, որոնք էլ, թեև վարկերի տրամադրումն ավելի մեղմ են կարգավորում, բայց այստեղ ավելի բարձր տոկոսադրույքներից ու սպասարկման բարձր ծախսերից խուսափել չի լինում: Այդ առումով, տարվա վերջին` վարկերի պահանջարկով պայմանավորված հոսքը դեպի բանկեր պակասել է: Երևի նաև մարդիկ եկել են այն գիտակցման, որ պետք չէ վարկեր ստանալու միջոցով Նոր տարի նշել: Երևի կարողանում են իրենց ունեցած միջոցներով բավարարվել և մեծ իրարանցման խնդրի առջև չեն կանգնում»:

Ինչ վերաբերվում է այս տարվանից մի շարք սպառողական ապրանքների գների բարձրացմանը, ապա «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի կառավարչի կանխատեսմամբ, անցյալ տարում պահեստավորած ապրանքների սպառումից հետո, բնականաբար, առևտրային ընկերությունները տարեսկզբին կանգնում են նոր ապրանքներ ներկրելու խնդրի առջև. «Ուստի ակնհայտ է, որ շուկայում գործում է առաջարկ-պահանջարկի սկզբունքը և հաշվի պետք է առնվեն միջազգային գները: Ընդհանուր առմամբ, ավելի վաղ խոսվում էր, որ մի շարք ապրանքների գները մեզ մոտ ցածր են միջազգային շուկայի գների համեմատությամբ, իսկ դա իր հերթին հանգում է այն տրամաբանությանը, որ պետք է հավասարակշռություն հաստատվի: Այս է ամբողջ խնդիրը»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ