Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Ավետիսյան, այսօր ունենք ցավալի պարտություն, մի քանի հազար զոհ, հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ… Երևի կոպիտ կհնչի, եթե ասեմ՝ ազգը դեմքով պատին է խփվել… Ի՞նչ իրավիճակում էինք և ենք:
— Իրավիճակը հետևյալն էր. երբ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ստորագրվեց եռակողմ հաշտության պայմանագիրը, բոլոր իշխանավորները և՛ Հայաստանում, և՛ Արցախում շատ լավ գիտեին, որ 5+2 շրջաններն ընդամենը «խաղաքարտ» էին, որպեսզի ապագայում դրանցով առաջնորդվելով, կարողանայինք Արցախի ինքնորոշման խնդիրը լուծել: Տարբեր տարիներ, բոլոր նախկին իշխանությունները փորձեցին բանակցային գործընթացներով տարբեր խնդիրներ առաջ քաշել, ժամանակահատվածը ձգել, մինչև կհասնեինք այն կետին, որը ձեռնտու կլիներ կողմերին, իսկ մեզ համար դա Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն էր:
Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ինտենսիվությամբ բանակցություններ են եղել: Մինսկի խումբն էլ այնպես էր անում, որպեսզի որոշակի հավասարակշռվածություն պահպանվեր: Դա նրա համար էր, որպեսզի չլիներ այն, ինչ տեղի ունեցավ… պատերազմ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ:
Եկանք հանգրվանեցինք մի փուլի, որ ժողովրդի, այսպես ասած, նուրբ զգայարանների վրա խաղալով, իշխանության եկավ մի ուժ, որը հերքելով անցած ամեն ինչը, սկսեց բանակցություններն իր ցանկացած կետից: Մի պահ կտրվելով մտքից, ուզում եմ մեջ բերել նոր ԱԳ նախարարի արտահայտությունը, որը շարքային քաղաքագետն էլ իրեն թույլ չէր տա. «Դիվանագիտությունը չի պարտվել»… Ոչ, դիվանագիտությունն է պարտվել, որ պատերազմ է սկսվել: Պատերազմից հետո նոր միայն պարզվում է, որ Գլխավոր շտաբի պետը, գեներալները 3-րդ օրը վարչապետին տեղեկացրել են իրական վիճակը, իսկ նա միջոցներ չի ձեռնարկել: Մինչդեռ, նա իր սիրած ժողովրդին, որով իշխանության է եկել, կարող էր շատ հանգիստ բացատրել, որ մենք ի վիճակի չենք պատերազմել ՆԱՏՕ-ի՝ երկրորդ հզորությամբ բանակ ունեցող երկրի լիարժեք աջակցությունն ու սատարումն ունեցող երկրի դեմ, վարձկանների դեմ: Մենք պառլամենտական երկիր ենք, վերջիվերջո, նա կարող էր փակ քննարկումներ անցկացնել, կամ բոլոր քաղաքական ուժերին հավաքել, ներկայացնել իրական պատկերը և որոշում կայացնել: Չնայած այն բանին, որ արտախորհրդարանական ուժերի հետ երկու հանդիպում ունեցել էր, սակայն չիմացանք ինչի մասին են խոսել, ինչ են քննարկել: Այդ ուժերը հարցերին պատասխանում էին. «Վարչապետից հարցրեք», վերջինս էլ ոչ մեկին ոչինչ չէր ասում: Իմ կարծիքով, նա նաև իր թիմի հետ չէր քննարկել, այլ նեղ շրջանակով որոշեցին իրականացնել դավադիր պլանը:
Կապիտուլյացիոն ստորացուցիչ ակտը ստորագրելուց հետո անցել է մեկ ամիս. ի՞նչ է արել այս իշխանությունը մեկ ամսվա ընթացքում: Գերիների հարազատները գնում են կառավարություն, այնտեղից ուղարկում են Պաշտպանության նախարարություն, այնտեղից ուղարկում են… Ստիպված մարդիկ գնում, դիմում են Ռուսաստանի դեսպանությանը: Մարդիկ ասում են զոհվածների դիերը հետ բերենք, ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել, պիտի դիմենք Ռուսաստանին: Ասում ենք՝ սահմանների խնդիր ունենք, ասում են՝ Ռուսաստանին պիտի դիմենք: Այսինքն, մի դեպքում Մուրադովը պիտի գերիների հարցը լուծի, մյուս դեպքում սահմանների հարցը Ռուսաստանը պիտի լուծի… ստացվում է, որ մենք իշխանություն չունենք:
Այսօր Հայաստանն ու Արցախը իշխանություն չունեն: Իսկ դա նշանակում է, որ մենք կորցնում ենք երկրի անկախությունը: Այդ դեպքում ինչո՞ւ ենք կոչվում Հայաստանի անկախ Հանրապետություն, ուրեմն պիտի կոչվենք Հայաստանի մարզ ՌԴ կազմում… Եթե Հայաստանի նախագահը, վարչապետը, ՊՆ-ն ամեն անգամ ասում են՝ պիտի դիմենք ՌԴ-ին, խաղաղապահներին, ուրեմն… Արցախի հանրապետությո՞ւն… մի շրջանի կարգավիճակ է մնացել Արցախից: Բայց ցավն այն է, որ ժողովրդի ստվար զանգված կա, որ դա դեռ չի գիտակցում: Դեռևս մտածում են, թե աթոռակռիվ է գնում, սակայն չեն ասում, որ երկու տարի պարբերաբար ոնց հայի ինքնությունը՝ Հայ ժողովրդի պատմություն, Հայ եկեղեցու պատմություն, փորձում էին դուրս մղել, նույնկերպ էլ այսօր հայի անկախությունն են փորձում ի չիք դարձնել: Որքան պետք է մարդը տհաս լինի, որ այս ամենից հետո կառչի աթոռից. այսքան վատությունից, պետությունը քանդելուց, ստորաբար հողերը տալուց հետո ստորաբար հայտարարի, թե երբ ժողովուրդը պահանջի, ես նոր կգնամ: Այսօր մեր ժողովրդի վիճակն օրհասական է. կրկին անգամ խաբվեցին իշխանություններից…
-… Այսօր խորը հիասթափություն է, ապատիկ վիճակ է և սարսափելի է նաև ժողովրդի արթնացումը..:
— Ժողովուրդը պիտի արագ արթնանա, որովհետև օր-օրի մենք կորցնում ենք մեր երկիրը:
— Բայց ախր հրապարակում այն ուժերն են, այսպես կոչված «17+»-ը, որոնց հետևից ժողովուրդը չի գնա, քանզի շատ լավ է ճանաչում նրանց:
— Եվ համամիտ եմ, և… եթե կան այլ ուժեր, թող նրանք գան, ելնեն, առաջնորդեն: Էլի եմ ասում՝ ինձ համար մեկ է, չնայած ես կուսակցական եմ, բայց այստեղ ու հիմա այդ խնդիրը չէ, եթե կա մեկը, թող նա գա: Եթե խնդիրը Վազգեն Մանուկյանի թեկնածությունն է, թող ժողովուրդն իր ուզածին առաջարկի…
— Հրապարակում ժողովրդի ուզածը չէ:
— Իշխանությունն էլ ժողովրդին տեր չի… Ապա ի՞նչ անենք: Թող իշխանությունը, վարչապետը, նախագահը հրաժարական տան, մենք խորհրդարանական երկիր ենք, թող ընտրեն նոր վարչապետ, նոր նախագահ… Վերջը թող էս ատելության մթնոլորտը հանդարտվի, սև ու սպիտակը, հին ու նորը դուրս գան: Կես տարուց թող նոր ընտրություններ լինեն: Այս իշխանությունն այլևս ի վիճակի չէ որևէ միջազգային կառույցի, երկրի հետ բանակցել, սպառված է, կա ընդամենը մարդկանց խումբ, որ աթոռներին են գամված:
— Ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք հնարավոր էր հոկտեմբերի 19-20-ին, պատերազմը կանգնեցնել:
— Նախ ուզում եմ ասել, որ շատ էի ուրախացել, որ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները լծվեցին կամ փորձեցին լծվել Արցախի փրկության գործին: Ես հիմա եմ հասկանում, որ ինչպես գեներալները, նախագահներն էլ այն նույն պատին հանդիպեցին, որը Նիկոլ Փաշինյանն է, ով թույլ չտվեց որևէ մեկին մտնել այդ գործընթացների մեջ, ով թույլ չտվեց, որ իրեն որևէ բան հուշեն, խորհուրդ տան, օգնեն, և հիմա նա մեղքը փորձում է գցել որևէ սպայի, չգիտեմ փախնող կամավորականի կամ ինչ-որ դավաճանի վրա… բոլորը մեղավոր են, բացի իրենից:
— Երբ երկրի առաջին դեմքը հայտարարում է, որ եղել է դավաճանություն, որ հատ—հատ գիտեն դավաճաններին, բայց մեկ ամսից ավել է՝ ոչ մեկը չի պատժվել, դա արդեն աբսուրդի ժանրից է:
— Ես հանդիպել եմ մարտական գործողությունների բազում մասնակիցների հետ: Նրանց խոսքերով, եղել է կազմակերպվածության մեծ պակաս, որի արդյունքում էլ եղել է այս ամենը, իսկ դիտավորյալ է եղել, թե ոչ՝ հետագան ցույց կտա: Եթե ամեն ինչ արվեց, որպեսզի 1992-94թթ. հերոս գեներալները հեռու մնային բանակից, քաղաքականությունից, արդեն համոզվում եմ, որ դա նպատակային ծրագիր էր, դիտավորություն էր:
— Լավ, եղել է ցավալին, ի՞նչ է լինելու, կարո՞ղ ենք հասկանալ, թե ի՞նչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը:
— Նիկոլ Փաշինյան անձն այլևս ադեկվատ չէ… Չնայած մենք դրանում համոզվելու առիթներ այս ընթացքում ունեցել ենք, բայց որ այս չափի… Իրականությունից հեռու է կանգնած: Այսօր ամբողջ ազգով, Սփյուռքով ողբի մեջ ենք, անելանելիության մեջ ենք, բայց առավել սարսափելի վիճակում են զոհ ունեցող ընտանիքները, էլ ավելի սարսափելի է անհետ կորածների ու գերիների ընտանիքների վիճակը: Պառլամենտն ասում է՝ տեղյակ չենք եղել ստորագրումից, նախագահն ասում է տեղյակ չի եղել: Պառլամենտն ինքը պետք է անվստահություն հայտներ նման դեզերտիր վարչապետին: