ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այստեղ չկան սահմանափակումներ ու սահմաններ

«Լոֆթ». բառացի թարգմանությամբ` ձեղնահարկ կամ ինտերիերի ոճ: Գյումրիում ժամանցի այս նորաբաց համանուն կենտրոնն ինքնատիպ է թե՛ իր ոճով, թե՛ այցելուներով: Օրվա ցանկացած պահի այստեղ երիտասարդական ստեղծարար մթնոլորտ է: «Լոֆթ-Գյումրիի» տնօրեն ԱՄԱԼՅԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում խոսել է կառույցի հնարավորություններից ու առանձնահատկություններից:

— Ամայլա, սկսենք նրանից, թե ի՞նչ է «Լոֆթը»: Այսօր շատերը չեն պատկերացնում՝ ինչ ֆորմատով է այն գործում:

— «Լոֆթը» հայկական բրենդ է, ինքնազարգացման և ժամանցի հարթակ: Երևանից ու Սամարայից հետո Գյումրիում բացված «Լոֆթը» 3-րդ կառույցն է, որ իր գործունեությունը սկսեց այս տարվա փետրվարի 1-ից: Սա բազմաֆունկցիոնալ մի տեղ է, որտեղ չկան սահմանափակումներ ու սահմաններ, հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց խելամիտ գաղափարները իրականացնելու հարթակ են փնտրում: Կառույցում առկա է այն ամենը, ինչ պետք է միջին գաղափար իրականացնելու համար: Ունենք լավ պատրաստված աշխատակազմ և նրանք, իրենց հերթին, օգնում են լավ գաղափարները կյանքի կոչելուն:

— Ինչո՞վ է առանձնանում «Լոֆթը» Գյումրու ժամանցի մյուս վայրերից:

— «Լոֆթի» ֆորմատով որևէ այլ կառույց չկա, որ կարողանամ համեմատել, բայց կարող եմ ասել՝ ինչու գալ «Լոֆթ»: Մենք այստեղ անում ենք ամեն ինչ, որ մեր այցելուն իրեն հնարավորինս հարմարավետ զգա՝ սկսած ընդունարանից, վերջացրած մնացած անկյունները: «Լոֆթն» ունի անկյուններ՝ ցանկացած նախասիրության մարդու համար: «Լոֆթը» սկսվում է կանաչ սրահից, որը շուտով կդառնա ցուցահանդես-վաճառքի մի սիրուն սենյակ, դրանից հետո ընդունարանն է, որտեղից բարձրանում ենք 2-րդ հարկ: Այնտեղ մենք տեսնում ենք երկու մեծ գրադարան՝ հայկական ու արտասահմանյան հարուստ գրականությամբ, որը հասանելի է բոլորին: 2-րդ հարկում կինոսրահն է, որը օգտագործվում է նաև դասընթացների և այլ հանդիպումների համար, այստեղ է նաև ընդհանուր և երաժշտական գործիքների սրահները: Հյուրերի ամենասիրելի անկյունը 2-րդ հարկում խոհանոցն է, այնտեղ միշտ մարդաշատ է, որովհետև շատերը գալիս են և փորձում են իրենք տեղում ինչ-որ բան պատրաստել: 3-րդ հարկը ժամանցային գոտի եմ անվանում: Այստեղ ունենք յոգայի սրահ, արվեստանոց, արհեստանոց, որտեղ շուտով գործելու է կավագործության ու նկարչության խմբակները: Մենք ունենք նաև խաղասրահ, որտեղ սեղանի ինտելեկտուալ խաղերից սկսած մինչև թենիս ու ֆուտբոլ կարող ես գտնել: Բոլոր սենյակներն իրենց հերթին տրանսֆորմացվող են և ցանկացած պահի կարող են մեկ այլ նպատակի ծառայել:

— Ո՞վ է «Լոֆթի» այցելուն:

— Սկզբնական շրջանում տարբեր մարդիկ էին գալիս, հիմա արդեն «Լոֆթն» ունի իր կոնկրետ այցելուն. մարդիկ, ովքեր իրենց գտել են այստեղ և գիտեն, թե ինչ են ուզում: «Լոֆթի» այցելուն 1-80 տարեկան մարդիկ են, բայց հիմնական հյուրերը դեռահասներն են, ովքեր իրենց զբաղմունքը գտնում են խաղասրահում, շատ ակտիվ են միջոցառումներում և դասընթացներում: Մենք միշտ սպասում ենք նոր առաջարկությունների, նոր գաղափարների, որոնք մշակում ու հետաքրքիր մատուցում ենք միջոցառումների տեսքով: Շատ կարևոր է քաղաքացիների ներգրավվածությունն այս գործում: Իրենց աջակցությամբ, փոքրիկ մասնակցութամբ ու դիտողություններով մենք փորձում ենք կատարելագործվել և զարգանալ:

— Ի՞նչ դասընթացներ են կազմակերպվում ու ի՞նչ խմբակներ են գործում «Լոֆթում»:

— Այժմ միայն յոգայի խմբակն է գործում, մյուս խմբակները նոր ենք հավաքում: Նշեմ, որ, ի ուրախություն մեզ, մեր սպասելիքներն արդարացան: Օրինակ՝ սկզբից նախատեսել էինք յոգայի մեկ խումբ, որը կազմված էր լինելու 10-15 հոգուց, այժմ ունենք յոգայի 3 խումբ: Հիմա կավագործության խմբակն ենք հավաքում, որը նախատեսված է երեխաների համար, բայց կունենանք նաև մեծահասակների խումբ: Շուտով կգործեն նաև լեզուների խմբակները՝ առայժմ միայն անգլերեն ու ռուսերեն, բայց հետագայում նաև այլ լեզուներ կուսուցանվեն: Կունենանք նկարչության ու պարարվեստի խմբակներ, կգործեն նաև տարբեր ակումբներ: Արդեն գործում է կինոակումբը, որը ամեն շաբաթ մեծ թվով այցելուներ է ունենում:

— Այդ դասընթացներին ու խմբակներին մասնակցությունն ի՞նչ սկզբունքով է:

— Միջոցառումներ կան, որոնց համար սահմանված է կոնկրետ մուտքավճար, ունենք միջոցառումներ, որոնք անվճար են բոլորի համար, ունենք միջոցառումներ, որոնք «Լոֆթի» տարիֆով են: Ի դեպ, մայիսի 1-ից մենք կունենանք մի քանի տարիֆներ՝ Գյումրիում գործող կառույցների համար, որոնք առավել ակտիվ են. դրանք բուհերն են, տեխնոպարկում գործող կառույցները և այլն: Մենք այդ մարդկանց համար ստեղծել ենք հատուկ սակագնային փաթեթներ, և նրանք հնարավորություն ունեն առավել մատչելի գներով գալ «Լոֆթ»: Դասընթացները, հավանաբար, ամսավճարով կլինեն, բայց անվճար դասընթացներ ևս կունենանք:

— Կարծրատիպ կա, որ գյումրեցի երիտասարդները պասիվ են, փակ են, նախաձեռնող չեն: «Լոֆթում» կարծես այդ կարծրատիպերը կոտրվում են: Այդպե՞ս է:

— Համաձայն չեմ, թե երիտասարդները պասիվ են, պարզապես գյումրեցի երիտասարդները կարծրատիպներ ունեն՝ իրենց գաղափարները ներկայացնելու առումով, վախենում են՝ իրենց գաղափարը հանկարծ վատը չլինի, իրենց չաջակցեն: Մենք այս հարցում փորձում ենք օգտակար լինել ու, կարծում եմ, ստացվում է, որովհետև այս կարճ ժամանակահատվածում եղել են առաջարկներ, որոնց ընդառաջել ենք:

— «Լո՞ֆթն» է ստեղծում այդ միջավայրը, որ երիտասարդները գաղափարներով հանդես գան, թե՞ այս տարածքը պարզապես միջոց է՝ արդեն պատրաստի գաղափարները կյանքի կոչելու համար:

— Ե՛վ…և՛, որովհետև «Լոֆթը» հարթակ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեցել են, սա նաև հարթակ է այն մարդկանց համար, ովքեր ունեցել են ինքնադրսևորման ու ինքնաարտահայտման կարիք: Այստեղ բոլորն անում են այն, ինչ ուզում են, ոչ մեկը իրեն չի սահմանափակում, մենք էլ մեր հերթին ինքնուրույնություն ենք տալիս նրանց:

Զրուցեց ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ