Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Մինասյան, Հայաստանում արտակարգ դրության հաստատման օրվանից սկսած ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի բոլոր խմբակներում կրթության շարունակականությունը ապահովվել է օնլայն հարթակում։ Ինչպե՞ս հաջողվեց իրականացնել արտադպրոցական կրթություն, երբ անգամ հանրակրթական ոլորտում էր դժվար հեռավար ուսուցում կազմակերպելը։
— Հեռավար արտադպրոցական կրթություն կազմակերպելը, իրոք , բարդ էր, բայց ոչ անհնարին։ Մեր աշխատանքն ու ջանքերը կայանում են նաև դրանում, որ չնախատեսված իրավիճակներում նույնպես կրենք ելքեր գտնելու պարտականությունը։ Հեռավար ուսուցման մեթոդը մեր կենտրոնի մանկավարժական կազմն ու սաներն ընդունեցին որպես նոր կարողությունների ձեռքբերման փորձություն: Դեռահասները սիրով մասնակցեցին հեռավար ուսուցմանը, մենք էլ ջանք ու եռանդ չխնայեցինք ապահովելու սովորողների նախասիրությունների և ունակությունների զարգացմանը՝ առանց կենտրոն հաճախելու:
Արհեստի, արվեստի խմբակներում տարվող աշխատանքներն ամենօրյա հաճախականությամբ տեսանելի են դարձել սաների, ծնողների ու բոլոր հետաքրքրվողների համար՝ հնարավորություն տալով տեսնելու յուրաքանչյուր սանի տնային պայմաններում կատարած աշխատանքները: Մեր խմբավարները փաստացի հաշվետվություն են ներկայացրել ամեն մի պարապմունքի համար։
Արտակարգ դրությունը պատճառ հանդիսացավ կրթամշակութային ծրագրերի իրականացման գործընթացը նույնպես առցանց շարունակելու համար: Zoom հարթակում միջոցառումներ ենք անցկացրել նվիրված Գաբրիել Սունդուկյանի՝ 190, Վահան Տերյանի՝ 135 ամյակներին, անդրադարձել ենք բոլոր ժողովրդական և կրոնական տոներին, բազմաթիվ այլ հոբելյանների։
— Մամուլի հրապարակումներից և կենտրոնի պաշտոնական կայքից տեղեկացել ենք, որ անխափան պարապմունքներ ապահովելուց բացի, կենտրոնը հաղթանակներ է գրանցել նաև միջազգային հարթակներում տեղի ունեցող հեղինակավոր մրցույթներում։ Արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի խմբակների սաների 6 ամիսների ընթացքում գրանցած հաղթանակները բազմաթիվ են ու ընդգրկուն: Ներկայացրեք այդ հաղթանակները։
— Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Brilliant Voices 2020», «GOLDEN VOICE», «World Vision 2020», «SILVER YANTRA» և բազմաթիվ այլ միջազգային ու հեղինակավոր մրցույթներում կենտրոնի երգարվեստի խմբակի սաները արժանացան բազմաթիվ գրան-պրի և առաջին մրցանակների: Առանձնահատուկ ուզում եմ այս հաղթանակների ձեռքբերման գործում կարևորել երգարվեստի խմբակի ղեկավար, Մշակույթի Վաստակավոր գործիչ Արևիկ Թանաշեանի անձնվեր աշխատանքը։
Նշեմ, որ օրեր անց Բուլղարիայում կայանալիք միջազգային երգի օնլայն մրցույթում, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերին Իտալիայում կայանալիք «San Remo Junior» երգի միջազգային մրցույթ-փառատոնին Հայաստանը ներկայացնելու հնարավորություն է ստացել Կարինե Տիգրանյանը: Լսումները տեղի են ունեցել օնլայն հարթակում։ Կարինեն Հայաստանը իտալական բեմում կներկայացնի Էդիտ Պիաֆի «Non je ne regrette» երգով, որը կկատարի 40 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Բելառուսում անցկացվող «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային օնլայն մրցույթում Հայաստանը ներկայացրած «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանրանկարչության խմբակի սան Անժելա Պապիկյանը 14-16 տարեկանների տարիքայի խմբում 27 երկրների 4500 պատանի նկարիչների մեջ գրավել է առաջին հորիզոնականը:
Ճապոնիայի Տոկիո քաղաքում «Goi Piace Faundation» հիմնադրամի կազմակերպած «Նամակ ինքս ինձ՝ 2030-ից» խորագրով էսսեների մրցույթին մասնակցում են «Ընտանիք» կենտրոնի անգլերենի և ֆրանսերենի խմբակների սաներ՝ Լամարա Աբրահամյանը, Մելսիդա Խաչատրյանը, Մելանյա Կյուրեղյանն ու Նաիրա Մնդլյանը։ Մրցույթի արրդյունքները կհրապարակվեն մինչև 2020թ. տարեվերջ։
Պատանիների ստեղծագործական ունակությունների զարգացմանը նպաստելու և 2020 էսսեների միջազգային մրցույթին սաների մասնակցությունը խրախուսելու համար «Goi Piace Faundation» կազմակերպության կողմից պարգևատրվեցի վկայագրով, իսկ սաները ստացան մասնակցությունը հաստատող հավաստագրեր։ Առջևում բազմաթիվ հաղթանակներ են սպասվում:
— Ինչպե՞ս եք պատրաստվում սկսել նոր ուսումնական տարին, ի՞նչ նոր ծրագրեր ու մտահղացումներ կան։
— Անկախ ստեղծված բարդ իրավիճակից, աշխատելու ենք նույն եռանդով ու նվիրումով: Թե ինչ ընթացք կունենա արտադպրոցական ուսուցման կազմակերպումը՝ կախված է նախարարության որոշումներից։ Բայց մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր սանի, առավել ևս, ինքներս մեր հանդեպ՝ օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն՝ ներդաշնակ ու նպատակային ուսումնական գործընթաց կազմակերպելու համար։
Պատանեկան երգեհոնային երաժշտության հիմնադրման և այս արվեստի ճյուղի մասսայականացմանը նվիրված լուրջ գործնական քայլեր ենք իրականացնում մեր ֆրանսիահայ գործընկերների հետ համատեղ: Ուզում եմ առանձնահատուկ կարևորել երաժշտագետ, երգեհոնահարուհի, մեր լավ բարեկամ Նարինե Սիմոնյանի ջանքերն այս ուղղությամբ։
Լինելով հանրապետական ենթակայության կառույց` առաջնային ենք համարում մեր գործունեությունը հասցնել հեռավոր սահմանամրձ, բարձրադիր գյուղական համայնքներ։ Նպատակ ունենք նաև հնարավոր ամեն ինչ անել կենտրոնում խոհանոց-ճաշասրահ ունենալու համար։
— Ո՞րն է նոր գաղափարների իրականացման և անընդհատ հաջողությունների գրանցման գաղտնիքը։
— Գաղտնիք, որպես այդպիսին, չկա։ Կարող եմ փաստել, որ հաջողության հասնելու համար պարզապես աշխատանքի բանաձև ունենալ է պետք, մեր դեպքում դա յուրաքանչյուր բջիջով աշխատանքին նվիրվելն է, ամբողջ աշխատակազմով պայքարի մեկ խրամատում գտնվելը։