ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է միշիկազերծել լրատվական դաշտը

Այսօր ամենաակտուալ թեմաներից է՝ քաոսային լրահոսը: Թեմայի շուրջ «Շրջապատի» հարցերին պատասխանում են մեդիա դաշտում գործունեություն ծավալող, հայաստանյան կյանքին ակտիվ հետևող մարդիկ՝ լրագրող, մամլո խոսնակ, հրապարակախոս:

Հարցեր.

1.Ինչպե՞ս հասարակությանը սովորեցնել՝ զերծ մնալ կամ չխճճվել, կամ տարբերակել քաոսային լրատվությունը, կամ՝ ինչպես սովորեցնել հավաստի տեղեկություն ստանալու մշակույթին:

2.Սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել մարդուն զրպարտելը, անձնական կյանք «ներխուժելը», վիրավորանքներ հասցնելը, ոչ հարիր բառապաշար օգտագործելը. ինչպես՞ պայքարել դրա դեմ:

3.Գտնո՞ւմ եք, որ մեդիա դաշտում անհավասար պայմաններ են ստեղծվել. պետական ռեգիստրում գրանցված, հարկային պարտավորություններ կատարող լրատվական կազմակերպությունների եւ խոսքի ազատության համատեքստում բազմաթիվ, կարճատև կամ երկարատև կյանք ունեցող կայքերի, բլոգերների համար:

 

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄների հետ կապերի գծով խորհրդական

1. Ձեր բարձրացրած խնդիրը ցանցային հաղորդակցության արգասիքն է, որտեղ բոլորը՝ և՛ տեղեկատվություն արտադրող են և՛ սպառող, կամ՝ և՛ լրագրող են, և՛ ընթերցող, և որտեղ այդ պրոդուկտի համար պատասխանատվության մեխանիզմները կամ չափազանց հեղհեղուկ են ու անարդյունավետ, կամ չկան: Ես առաջին հերթին կարևոր եմ համարում լուր ստեղծող հանրույթի պրոֆեսիոնալիզմը, այդ մանիպուլյացիաներին չտրվելու, փաստերով, այլ ոչ թե ստերեոտիպներով կամ կանխատրամադրվածությամբ առաջնորդվելու, ճշմարտությունը, այլ ոչ թե ցանկալի արդյունքը բացահայտելու ետևից գնալու ունակությունները: Ես ընթերցողներին խորհուրդ կտայի՝ աստիճանաբար ընտրություն կատարել փորձված, վստահելի տեղեկատվական աղբյուրների միջև և տեղեկատվական պահանջարկը բավարարել «ընտրյալների», թեկուզ հակառակ ամբիոններ ներկայացնող լրահոսի համադրված օգտվելու միջոցով:

2. Հարցը կիսով չափ էթիկական, կիսով չափ իրավական բաղադրիչ ունի: Զրպարտությունը, անձնական վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացված են, և կարգավորվում են քաղաքացիական իրավունքի շրջանակներում: Անձնական կյանք ներխուժելը՝ կախված դրա դրսևորումից, հետևանքներից, կարող է նաև քրեական պատասխանատվություն ենթադրել: Իսկ ոչ հարիր բառապաշար օգտագործելը, եթե դրանք վիրավորանքի տարրեր չեն պարունակում, էթիկայի դաշտում են: Սոցիալական ցանցում նման երևույթների հետ կապված խնդիրը անվերահսկելիության բարձր մակարդակի է: Երբ բոլոր նշված երևույթները կարող են դրսևորվել կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով: Եթե «հարձակումը» հանցագործության հատկանիշներ է պարունակում, ապա իրավապահ մարմինները կարող են քննել, ի հայտ բերել կատարողին: Եթե ոչ, ապա բարդ է, և շատ հաճախ հասկանալով, որ նման վարքագիծ դրսևորած անձանց ի հայտ բերելը և՛ ժամանակատար է, և՛ սթրեսային, և՛ շատ դեպքերում անիմաստ, մարդիկ պարզապես նախընտրում են ուղղակի համարժեք պատասխանելու տարբերակը: Ահա թե ինչու է «ֆեյքամանիան» այսպիսի ծաղկում ապրում: Բայց, քանի որ սա հանրային տիրույթ է, անկասկած պետք է ժամ առաջ մտածել հասցեականացման և նույնականացման առումով ցանցային կարգավորումները բարելավելու մասին: Դա ինքնաբերաբար կբերի զսպվածության:

2. Այո, մեծ հաշվով այդպես է, բայց խնդիրը բլոգերների մեջ չէ, այլ անհասցե, առանց գրանցման, այսպես կոչված՝ ԶԼՄ-ների մակաբույծ, «ժուլիկ» գործունեության, որը բերում է հեղինակային իրավունքների ոտնահարման: Այս իմաստով ոլորտն ունի իրավակարգավորումների փոփոխման խնդիր:




ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

1. Շատ տեղին և ցավոտ հարց եք բարձրացրել… Սա ժամանակի խնդիր է, հիմա մի քիչ բացիթող վիճակ է, հետհեղափոխական շրջան, ռևանշի ցասում և ամենակարևորը՝ հասարակության թերի կայացած մեծ հատված. նրանից սպասիր ամեն ինչ: Կրկնում եմ, ժամանակի խնդիր է, կկարգավորվի իրավիճակը, կկանոնակարգվի բոլոր հասկացություններն ու գաղափարային ընկալումները, դրանք այսօր չկան մի պարզ պատճառով, դրանով զբաղվող չկա:

2. Ոչ միայն սոցցանցերում, այլ մարդուն զրպարտելը և նրա անձնական կյանք ներխուժելը բոլոր ժամանակներում եղել է դատապարտելի արարք: Այսօր էլ կարելի է մի քանի նման տականքի դատի տալ, որ մնացածներին դաս կամ խրատ լինի: Հարցը կայանում է նրանում, որ ո՛չ իրավապահ մարմիններն են հարցին լուրջ մոտենում, ո՛չ հասցեատերերը: Իմ օրինակով ասեմ՝ կապված ինչ-որ մեկի տարածած ստահոդ գրառման հետ… Շատ ցանկացա գտնել, թե ով է: Բայց ոչ թե նրա զրպարտությունն էր, որ մտահոգել էր, այլ պարզապես ցանկանում էի պատժել, որ ուրիշներին չվիրավորի, բայց շատ լուրջ մարդիկ խորհուրդ չտվեցին: Սա նշանակում է՝ այդ տականքը մնաց անպատիժ, հաջորդ զոհը կարող է մեկ ուրիշը լինել: Հարթությունը միայն իրավական դաշտն է, բողոքելու դեպքում պարտավոր են միջոցներ ձեռք առնել և համապատասխան պատիժ տալ, այդ մասը միանշանակ կարգավորվում է օրենքով:

3.Միանշանակ: Առայժմ մեր իրականության մեջ մի գործընթաց է, որն էապես տարբերվում է ավանդական համարվող ԶԼՄ-ների հետ տարվող գործընթացից: Սա ժամանակի խնդիր է, քանզի ԶԼՄ-ների հետ համագործակցությունը կարգավորվում է մի քանի կարևոր գործոններով՝ ՀՀ Սահմանադրության 27 հոդված, Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենք, ԶԼՄ օրենք, այսինքն օրենքները շրջանցել մշտապես հնարավոր չէ, կգա մի պահ, անկախ նրանից՝ ով է խախտում, կլինի անհաճելի իրավիճակ, խախտվում է օրենք, իսկ օրենքի առջև հավասար են բոլորը, այլ բան է, որ նոր ոճ է որդեգրվել, և դա ունի իր անցումային ժամկետը:

 

ԵՎԱ ԱԴԱՄՅԱՆ
Newsline.am կայքի խմբագիր

1.Հավաստի տեղեկություն հաղորդում են այն լրատվամիջոցները, որոնք վարկաբեկված չեն նախկին իշխանությունների հետ համագործակցությամբ: Կասկածելի են նոր ստեղծված կայքերը, որոնք հիմնականում տարածում են չստուգված սկանդալային նյութեր: Այդ կայքերն հիմնականում կարճ կյանք ունեն. աղբը լցնում ու որոշ ժամանակ անց փակվում են, ստեղծվում են նորերը՝ նույն աշխատելաոճով:

2. Սոցցանցերն ազատ են, չեմ կարծում, թե պետք է օրենքներով ղեկավարվեն:

3. Ոչ, չեմ կարծում. անհավասար պայմաններ ստեղծել էին նախկին իշխանությունները, որոնք բոլոր միջոցներով ճնշում էին ընդդիմադիր կայքերին և անհատներին, այժմ իրավիճակը փոխվել է: Հատուկ ուշադրություն դարձրեք բլոգերներին. նրանցից շատերը ղեկավարվել են Բաղրամյան 26-ից, հիմա ոմանք փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, բայց մենք հո՛ լավ գիտենք՝ «ով ում բարեկամն է» և ինչ արժե այդ «բարեկամությունը»:

 

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գրողլրագրող, սցենարիստհրապարակախոս

1. Գիտեք, հասարակությունը տարիներ շարունակ սուտ լուրերով է սնվել: Ոչ նրա համար, որ դա իր քիմքին հաճելի է եղել, այլ նրա համար, թե ինչ են տվել հանրությանը: Եվ հանրությունն այսօր ինչ միջոցով պետք է տարանջատի ճիշտ կամ սուտ լուրը, կդժվարանամ ասել, որովհետև հանրություն կազմում են տարբեր շերտերի, ընդունակությունների տեր մարդիկ: Տարիներ շարունակ լրատվության դաշտ լցվել են ոչ պրոֆեսիոնալ մարդկանցով ու այդ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ էլ կարողացել են դաշտը ամայացնել: Եվ դա ձեռնտու է եղել նախկին իշխանություններին: Սերժ Սարգսյանը կարողացել է լրատվությունն իր ձեռքն առնել ու վճարել լրատվամիջոցներին, որ հանրության մեջ տարածեն սուտն ու ոչ հավաստի տղեկատվությունը: Եվ դա արվեց նրա փեսայի թեթև ձեռքով: Այսինքն, լրատվամիջոցները աշխատավարձ ստացան լռելու համար, անգործության համար, ոմանք էլ դաշտում մայմունություններ իրագործելու համար աշխատավարձ ստացան: Իզուր չէ, որ քաղաքականության մեջ հայտնվեցին մականունավորներ, և լրագրողները սկսեցին աշխատել հենց մականունավոր օլիգարխներին հարցեր տալով ու շոուներ սարքելով, հանրությունն էլ սկսեց դրա վրա զվարճանալ ու հեռու մնաց տեղեկատվական դաշտից: Ոչ պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվեցին լրատվամիջոցների ղեկավարների պաշտոնում եւ նրանց հովանավորների միջոցով սկսեցին պատվերներ կատարել: Ով փող տվողը դարձավ, նա էլ պահանջեց լրատվության ուղղությունը: Այս առիթով շատ բան կա անելու: Հատկապես միշիկազերծ անել լրատվությունը և դաշտը վերահսկել: Հանրությունը շատ բան կարող է չիմանալ, թե որ լուրն է համապատասխանում իրականությանը, բայց այդ առիթով պետք է վերահսկողություն իրականացնել, և այն լրատվամիջոցը, որը կփորձի ապատեղեկատվություն տարածել, այդ լրատվամիջոցին պետք է զրկել դաշտում որպես լրատվամիջոց աշխատելու հնարավորությունից: Այսինքն, դրա համար նաև օրենք է պետք մշակել:

2. Սոցիալական ցանցերում մարդուն զրպարտելը դարձել է շատերի համար հեշտ ու մի վայրկյանում խաչին հանելու պես մի բան: Այսինքն՝ ոչ բոլորն են ծանոթ բոլորին և վայ նրան, ով մեկին մի վատ բառ կասի, եթե դա ձեռնտու է մյուսներին, բոլորը մի-մի քար կառնեն ու կսկսեն այդ մարդու ետևից ընկնել, ընդհուպ մինչև ազգի դավաճան անվանելը: Դա հիմնականում քաղաքականության մեջ գտնվող ցանկացած մարդու վրա կարող է ազդել: Էլ չեմ ասում, որ համացանցում կան խմբավորումներ, որոնք հստակ առաքելություն ունեն՝ հարձակվելու նրանց վրա, որոնք նրանց սրտով գրառումներ չեն անի: Եթե ես դեմ եմ ինչ-որ արատավոր երևութների, իսկ դա կարող է խանգարել ինչ-որ մարդկանց, նրանք միանգամից մոլեգնում են: Դա էլ պետք է վերահսկել: Մենք այսօր պետք է ունենանք այնպիսի դատական համակարգ, որ մարդիկ դատարան դիմելուց առաջ նախ ունենան վստահություն հենց դատարանի և դատավորի նկատմամբ: Ես ունեցել եմ մի դեպք, որտեղ հենց Վահրամ Սահակյան անունով մեկը ինձ անձնական վիրավորանք հասցրեց հենց սոցիալական ցանցի միջոցով ու ես դիմեցի դատարան: Ցավոք, դատարանն այնքան ձգձգեց, որ ես ինչքան համբերությամբ սպասում եմ, բայց դա ազդում է մարդու անգամ առողջության վրա: Ինչ եմ ուզում ասել. քանի դեռ մենք չունենք անկախ դատական համակարգ, մենք կուլ ենք տալու վիրավորանք, զոհ ենք դառնալու խմբավորված հարձակումների:

3. Մեդիա դաշտում անհավասար պայմաններ ստեղծվեցին այն ժամանակ, երբ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ այդ դաշտում ինքնահաստատվեցին ու իրենց անձնական դաշտը բերեցին մեդիա դաշտ: Ով ում դեմ անձնական հարցեր ուներ, լրագրության տակ սղացնելով դարձրեց լրատվություն: Այո, պետք է նաև լրատվամիջոցի խնդիրը լինի՝ դուրս թողնել անձնական նկատառումներն ու գործի զուտ մաքուր լրատվության տեսանկյունից: Եթե մենք անկախ ու ազատ խոսքը խառնում ենք լպիրշության հետ, ինչը առկա է այսօր, մենք չենք ունենալու ժողովրդավարություն: Դրանք զուտ բառեր չեն: Ցավոք, այսօր իմ կարծիքով լրատվության մեջ չկա ազատ խոսք, որովհետև որոշ լրատվամիջոցներ պատվեր կատարելով վիժեցնում ու նեղացնում են ազատ խոսքի տարածքը: