«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» «Դատական համակարգի ճգնաժամն ու անցումային արդարադատության անհրաժեշտությունը» քննարկումն էր, որի բանախոսներն էին փաստաբաններ Սուսաննա Մխիթարյանը, Հայկ Հարությունյանը, «Քաղաքացու պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի համակարգող Կարապետ Մխչյանը և Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
Բնականաբար, հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված թեմաները՝ Անցումային արդարադատությունը, օտարահունչ՝ վեթինգը և այլն, տարբեր հարթակներում լուրջ քննարկման թեմա է դարձել, և շատ կարևոր է հասարակությանը բացատրել, թե ինչ են նշանակում անցումային արդարադատությունը, վեթինգը, ո՞րն է նպատակը, որոնք են իրականացման գործիքակազմերը, ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել, և որքանո՞վ է պահանջված այն մեր երկրում:
Հայկ Հարությունյանը նախ մեկնաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը. «Անցումային արդարադատությունն ինքն իրենով լայն հասկացություն է, բայց կփորձեմ ամփոփ ներկայացնել մեր երկրում տիրող իրավիճակն ու վարչապետի հայտարարած վեթինգի մասին: Վեթինգը թարգմանաբար նշանակում է «զտում»: Այսինքն՝ զտում անբարեխիղճ աշխատողներից, իսկ այս պարագայում, քանի որ դատական համակարգում ճգնաժամ է, այն անբարեխիղճ դատավորներին է վերաբերում, և ցանկությունը մեծ է համակարգը մաքրելու: Վեթինգ գործիքը 4 բաղադրիչներ ունի. առաջին հերթին կձևավորվի հանձնաժողով, կձևավորվի վեթինգի իրականացման ընթացակարգ: Պետք է ստուգվի դատավորների մասնագիտական կոմպետենտությունը, ապա՝ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, այն է՝ ֆինանսական միջոցները, ինչքի ձեռքբերումը և այլն: Երրորդ՝ պետք է ստուգել դատավորների էթիկայի, վարվելաձևի կանոնները, ինչ խախտումներ են ունեցել և ունեն: Եվ չորրոդ՝ կոռուպցիոն ռիսկերը. թե տվյալ դատավորները կապվա՞ծ են որևէ կոռուպցիոն գործարքներով, ի՞նչ անձանց հետ: Շատ կարևոր է, որ ձևավորվող հանձնաժողովն ինքն այս նշված բաղադրիչները պարունակի՝ և՛ լինեն մասնագետ, և՛ լինեն կոմպետենտ, և՛ կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված չլինեն: Վեթինգի արդյուքնում ոչ թե դատավորը պետք է ապացուցի, որ ինքն անմեղ է, այլ հանձնաժողովը պիտի հիմնավորի դատավորի այս կամ այն կետում մեղավորությունը: Սա ոչ թե քրեական և այլ գործերի վերաբացում է ենթադրում, այլ վերաբերում է կոնկրետ դատավորների անձերին, վարվելակերպերին»:
Սուսաննա Մխիթարյանը նշեց, որ անցումային արդարադատությունը լայն հասկացություն է, և այն միայն դատական համակարգին չի վերաբերում, այլ ամբողջ իրավական համակարգին՝ դատարան, ոստիկանություն, քաղծառայողներ. «Արդարադատություն իրականացնելու համար կարող է կիրառվել նաև վեթինգ, որը ներկայացրեց Հայկը: Անցումային արդարադատություն ասելը միգուցե հեշտ է, բայց իրականացնելը բավականին բարդ է ու ժամանակատար: Շատ երկրներում է նման պրակտիկա իրականացվել: Մեր երկրում արդեն իսկ սկսվել էր այն. հիշեք կոռուպցիոն գործերի բացահայտումները, որը դրական արդյունք է տվել: Սակայն գլոբալ առումով, անցումային արդարադատություն իրականացնելու համար բավականին մեծ ծախսեր են պահանջվում, մեծ հանրային բնագավառ է ընդգրկելու, և դեռևս մեխանիզմները պատրաստ չեն, և հարց է, թե ինչ եղանակով է իրականացվելու, որտեղից է սկսվելու: Այսօր թիրախում դատավորներն են: Այո, ճիշտ է, որ դատարաններն իրենց տեղում չեն եղել, որ հասարակության մոտ վստահությունը կորցրել են, մի քանի ոչ բարոյական դատավորների պատճառով իրենք իրենց վարկաբեկել են: Դեմ չեմ, որ հենց դատարաններից էլ սկսվի: Բայց, մյուս կողմից, ես չգիտեմ՝ կո՞ղմ եմ, որ անցումային արդարադատություն սկսվի, որովհետև այն մեծ սկանդալների կհանգեցնի: Բայց այն, որ օրենքով ու Սահմանադրությամբ, դատարանն է իրականացնում արդարադատություն, սա է կարևոր. ոստիկանությունը բացահայտում է, քննչականը մեղադրանք է առաջադրում, և դատարանն արդարադատություն է իրականացնում, և արդարության վերականգնողը դատարանն է: Սրա համար եմ ասում, որ կողմ եմ դատարանները մաքրվեն, զտվեն, բայց մեխանիզմները դեռևս պարզ չեն: Շրջանառվում են վեթինգ, լյուստրացիա… սա դեռ հասկանալի չէ մեզ համար, որովհետև պրակտիկա չի եղել: Ես ուզում եմ պատկերացնել, թե ովքեր են լինելու այն «անմեղները», որ պետք է բացահայտեն «մեղավորներին»: Նման խնդիրներ կան: Եվ այդ բեռը կարծես հասարակական կառույցների, քաղհասարակության ուսերին է դրվում, մտածելով, որ նրանք ավելի առողջ են, կեղտոտված չեն, քան պետական այլ մարմիններ: Մի բան էլ. եթե անցյալում բաներ են եղել, ապա դա համակարգի սխալն էլ է եղել: Եթե վերադասը թալանող է եղել, ապա ստորադասին ինչպե՞ս հարցնես՝ ինչու ես թալանել: Վերադասն է ստորադասից պահանջել»:
«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, հանրության կողմից կա վստահություն գործադիր և օրենսդիր իշխանությունների հանդեպ, բայց նույնը չի կարելի ասել արդարադատություն իրականացնող իշխանության մասին,- կարծիք հայտնեց Կարապետ Մխչյանը:- Եվ սա խոսում է այն մասին, որ դատավարական համակարգում կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Իսկ մյուս կողմն էլ այն է, որ դատարաններն ինչ-ինչ թելերով կապված են եղել նախկին իշխանությունների հետ, ծանոթ-բարեկամական, բիզնես կապերով, և դա որոշակի կաշկանդվածություն է առաջացրել՝ որոշումներ կայացնելիս: Հայաստանի Հանրապետության անունից կայացված վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարաններից ետ են վերադառնում 180 աստիճանով շրջված՝ ՀՀ-ի դեմ և սա խնդիր է: Այո, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ովքեր են այն դատավորները, որոնք ՀՀ-ի անունից վճիռներ են կայացնում, որոշ դեպքերում վարկաբեկում երկրի վարկանիշը: Դատարանները, դատավորները մեկ տարի ժամանակ են ունեցել, որ անկաշկանդ ու լիարժեք գործեն, իրականացնեն արդարադատություն, սակայն խնդիրները դեռևս մնում են, շանսը բաց են թողել, և դրա համար էլ օրենսդիր ու գործադիր իշխանությունների կողմից պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն, դա կլինի սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի բարեփոխումների, թե վիրահատական միջոցներով, որպեսզի հանրության վստահությունը վերականգնվի նաև 3-րդ իշանության նկատմամբ»:
Սեյրան Մարտիրոսյանն ասաց, որ կա հասարակության վստահության վերականգնման խնդիր՝ նախևառաջ արդարադատություն իրականացնող համակարգի հանդեպ, իսկ անցումայինը հուշում է, թե երբ է դա կիրառվում. «Չեմ ընդունում ներկայիս իշխանությունների ձևակերպումներն ու արդարացումները, թե տվել էինք շանս, քանզի անատոմիան այնպիսին է, որ շանս չպետք է տրվի: Մեր կազմակերպություն դիմած մարդկանց երբ ասում ես, թե ձեր հարցը կլուծվի դատարանում, դիմեք դատարան, մարդիկ ասում են՝ «Վայ, միայն թե՝ ոչ դատարան»: Դա արդեն խոսում է հասարակության վերաբերմունքի մասին: Խնդիրը ոչ թե մի քանի անբարեխիղճ դատավորներին է վերաբերում, այլ համակարգին: Բոլորիս է հայտնի, որ որոշակի չակերտավոր չափանիշներ են եղել, որպեսզի համապատասխանես դատավոր աշխատելու համար, և դրանք չեն վերաբերել պրոֆեսիոնալիզմին, սկզբունքայնությանը, այլ ուղղակի կապ են ունեցել նրանց քավոր-սանիկական հարաբերությունների հետ, թիկունքով է պայմանավորված եղել, էլ չեմ ասում գրպանի պարունակությամբ: Լավ է՝ ուշացած քայլ արվի, քան չարվի: Անցումային արդարադատությունը ենթադրում է նաև հիբրիդային լուծումներ, ենթադրում է այդ ոլորտի միջազգային փորձագետների ներգրավում, ենթադրում է քաղաքացիական հասարակության լայն ընդգրկում, ենթադրում է նաև բացի դատարանականից՝ արտադատարանական համակարգի կիրառումը: Սա անցումայինի մյուս լավ կողմն է: Եթե նախկինում ահռելի ծավալի հանցագործություններ են տեղի ունեցել, և դրանք համակարգային բնույթ են կրել, հնարավոր չէ բոլորին դատել, նստեցնել, հետևաբար շատ հստակ պետք է ճամփաբաժին գծվի, թե որ դեպքում ինչպես է պատիժ կիրառվելու, որ դեպքում է փոխհատուցում կիրառվելու, և որ դեպքում է քրեական պատիժ հասնում»:
Բանախոսներն, ընդհանուր առմամբ, միակարծիք էին, որ անցումային արդարադատության նպատակը մեկն է՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակների իրականացում, որն անընդմեջ խախտվել է տարբեր ատյանների կողմից: Անհրաժեշտ է բարեփոխումներ մտցնել համակարգում և սահմանադրությամբ օրենքները կիրառել: Սակայն, իհարկե, հանցավորների նկատմամբ կլինի պատժիչ մեթոդներ:
Անդրադարձ եղավ նաև Ռոբերտ Քոչարյանի դատական գործին, որը, հարցադրողի կարծիքով, պետք է իրականացվեր անցումային արդարադատության շրջանակներում, իսկ ըստ բանախոսների, այն յուրատեսակ լակմուս հանդիսացավ, որպեսզի ըմբռնենք, որ Հայաստանում կա անցումային արդարադատություն իրականացնելու հիմքեր և անհրաժեշտություն:
Մյուս հարցը, որին անդրադարձան, այն էր, որ եթե դատավորները հրաժարական տան, արդյո՞ք փոխարինողների ռեսուրս կա: Հայկ Հարությունյանը մեկնաբանեց, որ նախկին համակարգը թույլ չի տվել, որպեսզի մասնագետն առանց խնամի-բարեկամ, թիկունքի ու փողի հնարավորությունների դատավոր աշխատեր: Իսկ տիկին Մխիթարյանի տեսակետով, այս պահին էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ունի դատավորների պահանջ, և թափուր տեղերը չեն համալրվում:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Dialogue Media Center