Հարցազրույց Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար ԱՄԱԼՅԱ ԱԴԱՄՅԱՆԻ հետ:
— Տիկին Ադամյան, զրուցենք գյումրեցիներիս համար ամենացավոտ խնդիրներից մեկի՝ զբաղվածության, գործազրկության մասին:
— Հունվարի 1-ի տվյալներով, ուենք հաշվառված 13.921 աշխատանք փնտրող քաղաքացի, նրանցից 11.314-ն ունի գործազուրկի կարգավիճակ, որից 80 տոկոսը կանայք են: Միայն հունվար ամսին մենք արդեն ևս 100 քաղաքացի ենք հաշվառել: Պետք է փաստեմ, որ հաշվառվողների մեջ մեծամասամբ երիտասարդներ են: Այս հանգամանքն ինձ և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում: Տխրեցնում է, որ այդքան շատ երիտասարդներ աշխատանք չունեն, բայց մյուս կողմից էլ երիտասարդը, փաստորեն, ակտիվանում է, փնտրում է աշխատանք: Իսկ այս հանգամանքը նպաստում է, որպեսզի զբաղվածության պետական ծրագրերը, քաղաքականությունը հենց երիտասարդների ուղղությամբ տարվի: Մեր ցանկությունն է՝ օր առաջ օգնել երիտասարդին՝ աշխատանք գտնել: Իսկ դա նշանակում է, որ երիտասարդը ձգտում է, մնում է իր քաղաքում:
— Կներեք, եթե հարցս միգուցե ինչ-որ մարդկանց հանդեպ վիրավորական հնչի. ինչպես տեսնում եմ, հաշվառվողների թիվն աճել է: Միգուցե այս դեպքում Զբաղվածության պետական ծրագրերով գումար ստանա՞լն է խթան հանդիսանում: Բացի այդ, եթե մեր մարզն հայտնի է գործազրկության բարձր մակարդակով, ապա այդ 13 հազարն այն իրական պատկերը չի արտացոլում, ինչ կա իրականում: Այդպես չէ՞:
— Դինամիկան ցույց է տալիս, որ գոնե վերջին տարիներին տարբերությունը մեծ չէ՝ հաշվառվողների առումով: Այսինքն՝ նույնիսկ ոչ թե աճում է, այլ՝ պակասում: Չնայած որ, Դուք ճիշտ եք, գործազրկության թվով մեր մարզը բարձր հորիզոնականն է զբաղեցնում, սակայն թիվը մեզ մոտ շատ տատանումներ չի տալիս, անգամ նվազման միտում ունի:
— Դա նշանակում է, որ աշխատանք կա, տեղավորվում են, թե՞ արտագաղթն է նպաստել…
— … Նաև Զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի տեղավորման շնորհիվ է: Գիտե՞ք, եթե նախկինում գործազրկության նպաստ էինք հատկացնում, այցելությունները շատ-շատ էր, միշտ մտածում էինք, որ նպատակը Ձեր նշածի պես՝ գումար ստանալն է: Երբ 2014թ. գործազրկության նպաստների հանգամանքը հանվեց ծրագրերից, մտածեցինք, որ մարդիկ կարող են այլևս չդիմել: Բայց, հավատացեք, վերջին 2-3 տարիներին այցելությունները նորից շարունակվեցին: Եթե այն ժամանակ չաշխատելով ստանում էին այդ փոքր նպաստը, ինչը ինչ-որ տեղ մարդուն հոգեբանորեն ծուլության էր տանում, իսկ հիմա, երբ մենք անցանք ակտիվ ծրագրերի քաղաքականության, այն և՛ էական ազդեցություն է թողնում մարդու հոգեբանության վրա, և՛ նպաստում է անձի մասնագիտական որակավորման բարձրացմանը: Պետք է փաստեմ, որ էական ազդեցություն են ունեցել այն ծրագրերը, որոնցով նաև ֆինանսավորում ենք բիզնեսմեն-գործատուին: Ով գյուղատնտեսությամբ, ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, մոտիվացնում ենք, ծրագրերի օգնությամբ նա մինչև մեկ միլիոն դրամ է ստանում, ինչը խթանում է, որպեսզի նա ևս աշխատատեղ ստեղծի: Այս տարի էլ սեզոնային զբաղվածության ծրագիրն ենք ունենալու, աջակցելու ենք լեռնային և բարձր լեռնային, սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց մոտ 350 հազար դրամ ենք տալիս, որ իր տան մերձակա հողամասը մշակի, աշխատի, բարիք ստեղծի: Թե չէ, տեսել եք, անգամ գյուղացին է իր հողից հեռացել… Եվ մեր օգնությամբ նրան ակտիվացնում ենք, էական աջակցում:
— Այս տեսանկյունից պիտի փաստենք, որ էական ազդեցություն զգում եք, փոփոխություն կա՞:
— Այո, զգում ենք: Վերադառնամ երիտասարդներին. նրանց համար ունենք նախատեսած և՛ ուսուցողական, և՛ մասնագիտական, և՛ պրակտիկ ծրագրեր: Ինչպես գիտեք, ուսանողն ավարտելով բուհը, չունի պրակտիկ աշխատանքային փորձ, այդ երիտասարդների համար ունենք ծրագիր. գործատուի հետ պայմանավորվածության արդյունքում, նրան 3-ամսյա աշխատանքային պրակտիկայի ենք տեղավորում, որի ընթացքում երիտասարդը փորձ է ձեռք բերում, մասնագիտական որակները խորացնում: Հետո գործատուն տեսնելով փորձաշրջան անցնող մասնագետի որակները, արդեն կարող է հիմնական աշխատանքի վերցնել:
— Տիկին Ադամյան, հաճախ ենք հանդիպում այն երևույթին, երբ արտահայտություններ են հնչում, թե գործ կա, բայց համապատասխան մասնագետ չկա… Կարո՞ղ է, իրոք, եթե անգամ գործ կա, բայց մեր կրթական հաստատությունները չեն տալիս այն որակյալ մասնագետին, որի պահանջարկը կա աշխատաշուկայում: Հաշվի առնելով նաև ժամանակակից կյանքի զարգացումներն ու պահանջները:
— Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Այո, թափուր աշխատատեղեր կան, գործ կա: Երբ ինձ մոտ հաճախորդ է գալիս, վերջում նրան ասում եմ, թե հիմա դուրս կգաս այստեղից ու կասես, թե գործ չկա… Պարբերաբար մեզ գործատուներ են այցելում, ովքեր պահանջված մասնագիտությամբ աշխատակից են փնտրում: Տարբեր միջոցներով, ճանապարհներով մենք գտնում ենք աշխատատեղեր ու փորձում մարդկանց տեղավորել աշխատանքի: Հենց այս պահին ունենք շուրջ 200 առաջարկ:
— Հիմնականում ի՞նչ ոլորտի մասնագետի պահանջարկ են:
— Սպասարկման ոլորտի՝ կարող-ձևող, վարսահարդար, մատնահարդար, գանձապահ, վարորդ, մատուցող, խոհարար… Շատ կան:
— Կարծում եմ, նաև դայակների պահանջ կա, քանզի մեր թերթում էլ հաճախ նման հայտարարություններ են հանդիպում:
— Շատ ճիշտ եք, դայակների առումով ասեմ Ձեզ, որ այս տարվանից մենք նոր ծրագիր կմտցնենք համակարգ. նպատակն այն է, որպեսզի դայակներ պատրաստելով, երիտասարդ մայրերին շատ ավելի շուտ պահանջված աշխատավայր վերադարձնենք, ինչին պետությունը կաջակցի: Մինչև երեխայի 2 տարեկան դառնալը կվճարվի դայակին:
— Վերջերս առողջապահական ոլորտից լսում եմ, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով սերնդափոխության խնդրի առաջ են կանգնելու: Ի՞նչ է, բժիշկ-մասնագետներ չունե՞նք:
— Գիտեք, կարծում եմ խնդիրն այլ տեղ է. երիտասարդներն հիմնականում ձգտում են մայրաքաղաքում աշխատանք գտնել: Եթե դիմում են մեզ, մենք շատ արագ գտնում ենք նրանց տեղը: Ավելի շատ բուժքույրեր են դիմում: Տեսեք, հիմա մասնավոր շատ ատամնաբուժարաններ են բացվում, և նրանց կարիքը զգացվում է: Այս առումով ևս տարբեր ծրագրեր ունենք. թե՛ միանվագ փոխհատուցում, թե՛ գործատուի ֆինանսավորում՝ մանսագետին աշխատանքային պրակտիկա անցնելու համար:
— Այս ամենից զատ նաև արհեստավորների պահանջարկ կա…
— Այո, ճիշտ եք նկատել: Մի ժամանակ միջին մասնագիտական մասնագետների բացը մեծ էր, բայց վերջին 2-3 տարիների ընթացքում կրթության նախարարությունը լուրջ ուշադրություն է դարձնում այս հանգամանքին ու մեր կողմից ներկայացված պահանջարկին, որպեսզի նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները թեկուզ կարճատև ծրագրերով, բայց գոնե կարողանան կարճ ժամկետում պատրաստեն մասնագետ:
— Խորհրդային տարիներին գործում էին արհմիություններ: Բայց հիմա դրանք կամ չկան, կամ ձևական են գործում:
— Երբ հետևում ենք զարգացած երկրների արհմիությունների տարած աշխատանքներին, հասկանում ենք, թե որքան կարևոր կառույց է, քանի որ այն աշխատողների շահերն է պաշտպանում, խնդրահարույց հարցերը կարգավորում, հակակշռում է համակարգին: Բայց Հայաստանում դեռ այն դերակատարությունը չի կարող ունենալ, որի մասին նոր խոսեցինք:
— Խոսեցինք երիտասարդների մասին: Սակայն գոյություն ունի մի այսպիսի հասկացողություն. «միջին տարիքի ճգնաժամ», այսինքն՝ ով այն տարիքում չէ, որ թոշակի անցնի, և այն տարիքում չէ, որ երիտասարդ համարվի…
— Միջին ու բարձր տարիքի ճգնաժամ… շատ ճիշտ նշեցիք: Գիտենք, որ գործատուները փնտրում են լեզուների իմացությամբ երիտասարդ մասնագետներ: Մենք բավական ժամանակ այս ուղղությամբ աշխատանք տարանք, որպեսզի նրանք համոզվեն, որ շահեկան վիճակում կհայտնվեն, եթե միջին տարիքի աշխատակիցներ վերցնեն աշխատանքի: Կան, իհարկե, ոլորտներ, որտեղ, իրոք, երիտասարդի ներկայությունն է ճիշտ, բայց պետք է նշեմ, որ արդեն բավական փոխվել է գործատուի պահանջների ձևակերպումները. այլևս կտրականապես տարիքային սահման չի սահմանվում: Սակայն այս խնդիրը դեռ շարունակում է մնալ:
— Շնորհակալություն տիկին Ադամյան: Իսկ նոր ծրագրերից ի՞նչ կասեք:
— Ես նույնպես շնորհակալ եմ: Իսկ նոր ծրագրերին սպասում ենք փետրվարի կեսերից: