ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում պայքար է գնում տարանցիկ ուղիների գրավման համար

Հարցազրույց պատմաբան, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ:

— Պարոն Պապյան, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական ծրագրերից: Իրանն ու Ադրբեջանը խոսում են նոր երկաթուղու հնարավոր կառուցման մասին: Տարիներ են անցնում, սակայն Հայաստանի ապաշրջափակման և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման մասին որևէ խոսք չկա, Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունն էլ դանդաղ է ընթանում: Ինչու՞ ենք դուրս մղվում տարածաշրջանային տնտեսական նախագծերից:

— Աշխարհում պայքար է գնում տարանցիկ ուղիների գրավման համար: 90-ականների սկզբին մենք լուրջ ջանքեր էինք գործադրում և նախաձեռնություններ ունեինք: Օրինակ՝ Հայաստան-Իրան-Թուրքմենստան բազմաթիվ հանդիպումներ են եղել: Ցավոք, այդ ամենն արդյունք չտվեց: Հիմա նկատում ենք, որ Ադրբեջանը բավական ակտիվացել է և Հյուսիս-հարավ շատ կարևոր մի երկաթգծային ուղի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան, շուտով շահագործման կհանձնվի: Պետք է հաշվի առնել, որ այդ երկաթգիծը Բաքվից դեպի Արևմուտք կարող է ընթանալ, Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկթագծով միանալ նաև թուրքական երկաթգծին:
Ինչ վերաբերում է Գյումրի-Կարս երկաթգծի վերաբացմանը, ապա այն քաղաքական հարց է: Թուրքիան դրան դեմ է եղել, առավել ևս հիմա, երբ ուզում է կառուցել նաև Նախիջևանի Ջուլֆա-Կարս երկաթգիծը: Մենք 1 մլրդ դոլար վարկ ստացանք Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելու համար, բայց ճանապարհը դեռ չկա: Եթե ունենայինք լավ բետոնապատ, մի քանի երթևեկության գիծ ունեցող ճանապարհ, կկարողանայինք Իրան-Վրաստան հատվածը վերցնել մեր վրա՝ թեկուզև մեծ բեռնատարներով: Այսօր բեռնափոխադրումների զգալի մասը մեծ բեռնատարներով է իրականացվում, և դա հաճախ ավելի հարմար է, քան երկաթգծով, քանի որ մեքենան կարող է արտադրողից ապրանքը վերցնել և տանել մինչև սպառողի պահեստ: Երկաթգիծն աշխատում է կայարանից կայարան: Այդտեղ կրկին բեռնափոխադրման խնդիր է առաջանում: Մենք միայն խոսում ենք, բայց գործ չենք անում, անելու համար վարկեր են վերցնում, վարկերն ուտում են, բայց ճանապարհները չեն լավանում:



— Իրան-Հայաստան երկաթգիծը պետք է կառուցվեր: Խոսվում էր Չինաստանի ցուցաբերվելիք աջակցության մասին: Ինչո՞ւ երկաթգիծը չկառուցվեց:

— Մերոնք հաճախ խաբում են: Գնում են Չինաստան, ասում են՝ այսպիսի ծրագրեր կան, նրանք էլ ասում են՝ կնայենք, կմտածենք: Մեր իշխանություններն էլ՝ որպես վերջնական ծրագիր, սկսում են բարձրաձայնել այդ մասին: Մինչդեռ իրականությունն այդպես չէ: Դու պետք է ցույց տաս, որ քո այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է: Ժամանակին առաջարկում էի, որ մերոնք հանդես գային նախաձեռնությամբ՝ իրանական Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթգիծ բացվեր: Եթե բացվեր, մենք կշահեինք տնտեսապես: Եթե Ադրբեջանն էլ դրան չարձագանքեր, մենք կշահեինք քաղաքականապես՝ ցույց տալով, որ Ադրբեջանը դեմ է տարածաշրջանային համագործակցությանը: Բայց մենք դա էլ չարեցինք: Եթե ոչինչ չես անում, ոչինչ էլ չի լինի, եթե անգամ գումար կա: Չինաստանը չֆինանսավորեց, բայց Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի կառուցումն էլ հո՛ ֆինանսավորեցի՞ն: Քանի՞ կիլոմետր ճանապարհ է կառուցվել 1 միլիարդով՝ 50կմ, այն էր արդեն կառուցված տեղը. դա Երևան-Աշտարակ հատվածն է: Որոշ տեղ բետոն արեցին, որն արդեն սկսել է քանդվել:

— Ռուսաստանը Թուրքիայում նոր ատոմակայան է կառուցելու: Ռուսների աջակցությամբ կարծես մենք ևս նոր ատոմակայան էինք կառուցելու: Ի վերջո, ծրագիրը կյանքի կոչվելո՞ւ է, թե՞ շարունակվելու է գործարկվել հին ատոմակայանը:

— Ատոմակայանը, որը կառուցում են ռուսները Թուրքիայում, վերջնականպես փակեց հայկական ատոմակայանի ապագան: Դա բավական հզոր ատոմակայան է: Ռուսները 20 միլիարդ դոլար են դնում դա կառուցելու համար, սակայն ռուսները պետք է շահագործեն 15 տարի, վաճառեն էլեկտրականությունը, դրանից ստանան իրենց շահույթը և իրենց կատարած ներդրումները փակեն: Արտադրված էլեկտրաէներգիայի մնացած 50 տոկոսի դեպքում ատոմակայանը շահագործող ընկերությունը պետք է գտնի սպառողներ: Բնականաբար, իրենք ոչ միայն Թուրքիան են դիտարկում սպառման շուկա, այլև Հայաստանը, Սիրիան, Իրաքը և այլ երկրներ: Հայաստանը թուրքական էլեկտրականության համար շուկա է դառնալու: Եթե ժամանակին Ռուսաստանը փող ներդներ մեր նոր ատոմակայանի կառուցման համար, կլիներ լրիվ հակառակը: Ժամանակին մենք նման առաջարկություններ ունեցել ենք Կանադայից և Ճապոնիայից՝ կառուցել ատոմակայան և նույն սկզբունքով էլեկտրականություն վաճառել Թուրքիային, բայց ռուսները մեզ չթողեցին: Երբ 2026 թվականին մեր ատոմակայանը փակվի, մենք էլեկտրաէներգիայի լուրջ կարիք կունենանք, ռուսներն էլ նախատեսում են, որ 2023-ին թուրքական ատոմակայանը բացվելու է, ուստի մեր վրա էլեկտրականություն կծախեն, հատկապես, որ էլեկտրաէներգիան Հայաստանում ավելի թանկ է, քան Թուրքիայում:

— Ինչպե՞ս կարող է Գյումրին զարգացնել կապերն Իսրայելի հետ: Ինչպե՞ս կարձագանքի դրան Իրանը, հաշվի առնելով Իսրայել-Իրան բարդ փոխհարաբերությունները:

— Գյումրին նոր աշխատատեղերի կարիք ունի, ուստի ես ողջունում եմ նման նախաձեռնությունը: Մենք չպետք է նայենք, թե ինչ են թելադրում ուրիշների շահերը, այլ՝ ինչ են թելադրում մեր շահերը: Իրանը պետք է հասկանա, որ մենք մեր տնտեսությունն ենք զարգացնում և դա չի կարող վնասել Հայաստան-Իրան փոխհարաբերությունները: Իսրայելը մեր պարագայում տնտեսական շահ պետք է ունենա: Մի քիչ բարդ գործընթաց է. եթե իրենք պետք է Իսրայելում արտադրեն տարբեր ապրանքատեսակներ, բերեն, ԵՏՄ-ում վաճառեն, ինչո՞ւ չեն անում դա ուղիղ ճանապարհով: Ես ենթադրում եմ, որ եկամտաբեր կարող է լինել հետևյալը. իրենք Գյումրիում դնեն որոշակի հավաքման արտադրություն: Այսինքն՝ բերեն ինչ-որ մի բանի մասերը, դա որպես հումք գրանցվի, որպեսզի ներկրման պարագայում հարկեր և մաքսեր չվճարեն: Հետո ԵՏՄ տարածքում արտադրեն որպես ապրանք՝ առանց մաքսի տանեն Ռուսաստան: Բայց մենք կրկին պետք է այն հարցին պատասխանենք, թե ինչո՞ւ իրենք նույն բանը չեն ուզում անել Կրասնոդարում: Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ Գյումրիում աշխատավարձերը շատ ավելի ցածր կլինեն, հողի անհատույց օգտագործման պայմաններն ավելի լավը կլինեն, անձի ապահովության առումով էլ Հայաստանն ավելի լավ երկիր է. ռեկետներ և մաֆիոզ կլաններ Հայաստանում չկան: Հայաստանում միակ մաֆիան իշխանությունն է:

Սակայն մենք դառը փորձ ունենք. այնքան ենք լսել բազմամիլիարդանոց ծրագրերի մասին և ոչինչ չենք տեսել, դրա համար զգուշավոր լավատես եմ:
Հայաստանում պետք է զարգանա ռազմական արդյունաբերությունը և այստեղ Գյումրին իսկապես կարող է մեծ դեր ունենալ: Մեր արտադրած զինատեսակն առաջին հայացքից կարող է լինել մի քիչ ավելի թանկ, քան դրսից գնվող զինատեսակը, սակայն այդ փողը կդառնա մեր տնտեսության համար շրջանառու միջոց, կխթանի սպառումը:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ