ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավոտ՝ միլիցիքը, ցերեկը՝ լրատվամիջոցները, իրիկունն էլ՝ աշխատակիցները. ի՞նչ գուզեն մեզնից

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ Օզանյան փողոցում՝ քաղաքային մարզադաշտին կից, ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան, որոնք ոչ մի կերպ չեն համաձայնվում տեղափոխվել իրենց համար հատկացված այլ տարածք: Քաղաքային իշխանությունը ստիպված էր ոստիկանության հետ այցելել, որպեսզի օրենքի ուժով կարգ ու կանոն հաստատեին: Քաղաքապետարանից տեղափոխման հիմքը բացատրեցին նրանով, որ նախ՝ հասարակական միջավայրում է, քաղաքի մեջ, մանավանդ՝ մարզադաշտի կողքին: Վերջերս էլ ֆուտբոլի Եվրալիգայի խաղերից մեկի ժամանակ շատ անհարմար բան էր ստացվել. պարզվում է՝ հեղինակավոր BBC լրատվականը նկարահանել ու աշխարհով մեկ եթեր էր հեռարձակել մարզադաշտի հարակից տարածքը՝ ոչխարներով հանդերձ:

Նշված տարածքում էին քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի աշխատակիցները: Իմ հարցին, թե ո՞ր օրենքով է կարգավորվում այս հարցը, առաջատար մասնագետը բացատրեց. «Ըստ Վարչական օրենսգրքի՝ հասարակական, բնակելի վայրում անասնապահությունը խստիվ արգելվում է: Դրա համար կան համապատասխան վայրեր, որոնցից մեկն էլ մենք ենք իրենց առաջարկել»:

Քիչ-քիչ հավաքվեցին նաև թաղի բնակիչները: Ոչխարաբույծ Գարիկ Զոհրաբյանին, ում պաշտոնյաները պատրաստվում էին «կարգի» հրավիրել, հարցնում եմ.

— Տարածքում ցուցանակ եք փակցրել, որ այստեղ գառ է վաճառվում, դա նշանակո՞ւմ է, որ օրենքով եք աշխատում:

— Ես իմ սեփական ապրանքն եմ վաճառում: Էդ ցուցանակը նրա համար է, որ մարդիկ տեսնեն, թե որտեղ են գառներ վաճառվում: Ես իմ գառներիս պահում, մեծացնում, վաճառում եմ:

Էլի մի քանի հարցեր տվեցի, բայց նույն պատասխանն էի ստանում: Ի վերջո, երբ գյումրեցու բարբառով հարցրեցի՝ «Դու բերեսգը, ծախեսգը, կերթա՞ս», թաղեցիներից մեկն ասաց. «Քուր ջան, հազիվ հայերեն խոսացիր՝ բան հասկցանք: Հա, էս մարդը բերեգը, ծախեգը, կերթա»:

Քաղաքապետարանի աշխատակիցը համոզում է Գարիկ Զոհրաբյանին (աջից)

 

Ասում եմ.

— Լավ, Ձեր գառներն են, բա որտե՞ղ են գառներն արածում:

— Մենք իրանց խոտ կուդանք:

— Բայց քաղաքապետարանից ասացին, որ Ձեր գառները մտնում են մարզադաշտին կից տարածք: Անգամ BBC-ով են ցուցադրել:

— Իյաաա, էդ խոտածածկ տարածք կա՞, օր հըլը մէ հատմ էլ մեր օչխարները գնում, արածում են, հա՞,- վրա տվեցին թաղի կանայք:

— Ըսի՞գ է քաղաքային մարզադաշտը,- հեգնելով հարցադրում է թաղի տղաներից մեկը,- ըբը ըսպես քաղաքային մարզադաշտ կեղնի՞, հըլը կողք-բոլորը նայեք, սաղ քարուքանդ, փոշի, սաղ չոլ է: Հըլը մէ բանմ էլ մենք քաղաքի մասին կմտածենք, օր ըստեղ պաժառ չընգնի: Կհիշե՞ք, անցած տարի ըստեղ պաժառ ընգավ, որտև 2 տարի չթողեցին, որ անասունները էդ խոտն արածեին:

Ի դեպ, ոչխարաբույծ Գարիկը հաշմանդամ է՝ զինվորական ծառայության ժամանակ կորցրել է աջ դաստակը: Եվ թաղեցիները ի պաշտպանություն Գարիկի, մատնանշում են այդ փաստը՝ բողոքելով, թե աշխատանք առանց այն էլ չկա, մարդիկ սոված են, քաղաքապետը խաբա՞ր է

— Մարդիկ իրանց համար գործ կենեն, օրվա հացը կվաստակեն, ի՞նչ գուզեն էս մարդուց, գնացել, ծառայել է, օր քաղաքապետը հանգիստ ու խաղաղ ապրի: Տիյա, էս մարդն էլ (մատնացույց են անում մի տարեց տղամարդու) 2 ինվալիդ կպահե, կարիքավոր են էս մարդիկ: Ըսիկ քաղաքապետի քմահաճույքն է, որ պռինցիպի է ընկել: Ընչի՞ է ընկել էս տղու ետևից: Թող թողնի՝ մարդիկ ապրին,- ասում են բնակիչները:

— Ես երկու անգամ գնացի քաղաքապետի հետ հանդիպելու՝ չընդունեց,- պատմում է Գարիկը,- ի՞նչ գուզե, կսեք՝ քաղաքային միջավայրում անասուն չպիտի պահվի… Ըսի՞կ է քաղաք, ըսիկ քաղաքից դուրս է, քաղաքը ըդիկ հրապարակն է ու մէ երկու կենտրոնական փողոց: Ան, ես մայթը չեմ փակել, հըլը մէ բանմ ավել էլ՝ սաղ կողք-բոլորը մենք ամեն օր կմաքրենք, կլվանք: Ան, դուք եկաք, կեղտ տեսա՞ք: Կամ էլ թե չէ՝ ի՞նչ BBC… Դուք տեսե՞լ եք, չէ՞, ես էլ չեմ տեսել: Թե չէ մեկ կըսեն՝ BBC, մեկ կսեն՝ վարչապետի վերահսկողությունից են եկել, տեսել: Իյա, հայ-հայ, եկել, տեսել են՝ ոչխար կպահենք, հանձնարարել են, որ վերացնենք, հա՞:

Գարիկին հարցնում եմ.

— Սննդի վերահսկողությունից տեղյա՞կ են, թույլտվություն տվե՞լ են:

— Հա, անպայման: Էն ժամանակ մենք դուրսը մորթ կենեինք, բայց հետո եկան, արգելեցին, մենք էլ ներսը սիրուն տեղ ենք սարքել, օրենքը կսե՝ կաֆել-մետլաղով պտի էղնի՝ կաֆել ենք շարել, ըսել են՝ պարտադիր մշտական ջուր պտի էղնի՝ ջուրը կա, կանալիզացիան կա: Մեզ էլ մինչև լիցենզիան չեն տա, բժշկական ստուգումներ չանցնի՝ մենք իրավունք չունենք միս վաճառելու,- ասաց Գարիկը:

Համայնքապետարանի աշխատակիցները տարբեր ուղղությամբ թաղեցիների հետ բացատրական զրույցներ են վարում, ասում են, թե, ախր, քաղաքապետը հո չի՞ ասում՝ գործ մի արեք, ուղղակի ասում է՝ տեղափոխվեք հատկացված տարածք՝ 200 մետր հեռավորության վրա է:

— Ի՞նչ 200 մետր… Սևերսկի՝ համարյա քաղաքից դուրս: Իսկ մենք ըստեղ հարմարվել ենք, մեր տանը մոտիկ է, կախովի կտուր ենք ամրացրել, ջուր քաշել,- պնդում են բնակիչները:

Տպավորությունն այն էր, որ թաղի մեկ տասնյակից ավել բնակիչ այդ տարածքում զբաղվում են ֆերմերությամբ: Եվ միահամուռ պնդում են, որ որպես թաղեցի՝ իրենք ոչ մի դժգոհություն չունեն՝ «էլ քաղաքային միջավայրի տեսքը խաթարելս ո՞րն է. մենք չե՞նք բնակիչները… Մենք բողոք չունինք, վսյո»,- ասացին նրանք:

— Դուք ըստեղ գառ կտեսնի՞ք, չէ՞, որտև իրանք եկան, մեզի ըսեցին՝ աչքից հեռու տարեք, մենք էլ սիրուն ներս տարանք, դեմն էլ պատ շարեցինք: Որ տանեի, հասցնեի հրապարակ, ասեին՝ ամոթ չարեցի՞ր: Մայթի վրա չէ, դաժե մարդիկ, որ գուկան գառ առնելու, տեղը չեն գտնի, կզանգեն, կհարցնեն: Էդ ցուցանակն էլ ըդոր համար ենք կախել,- ասում է Գարիկը:

Թաղեցիներն ասում են, թե Գարիկենք արդեն 20 տարի է՝ էս թաղում գառ են պահում, մորթում, միսն էլ տեղում վաճառում:

Քաղաքային իշխանության աշխատակիցները նորից են փորձում բացատրել, որ չեն եկել արգելելու, այլ իրենց առաջարկն այն է, որ տեղափոխվեն հատկացված տարածք: Ու սա բոլորին է վերաբերում: Բացատրում են, որ այնտեղ նույնպես ջրագիծ կա: Ասում են՝ որքանո՞վ հաճելի է, որ այս տարածքում գառ մորթեն, երեխաներն անցնեն, տեսնեն, կամ տուրիստները տեսնեն:

— Իյա, մեղայ Աստծու, էդ մենք քրիստոնյա ազգ չե՞նք, հազար տարի է՝ գառ մատաղ կենենք, ուր մնաց՝ երեխեքը վախենան: Կամ՝ կըսեն տուրիստը գուկա՝ հաճելի չէ: Հակառակը, Ձեր եվրոռեմոնտները տուրիստը հա էլ տեսել է, հակառակը, օր գուկա կտեսնի մեր իրական կյանքը՝ կսկսեն նկարվել: Կամ բացի ըդորից՝ եթե քաղաքային օր կա, առիթ կա, մեզի կզգուշացնեն, մենք գառները սիրուն կհավաքենք, կփակենք: Կամ՝ եթե «Սև ղուլը» միջոցառում կա, մենք հո կհասկնանք ըդքան բան. էլի մեր գառներին խելոք կհավաքենք, պատի ետև կփակենք:

Հարցնում եմ.

— Լավ, բայց եթե շատ հեռու չէ, պատասխանատուներն էլ ասում են, որ ջուր ու կոյուղագիծը կա, ի՞նչն է խնդիրը, որ չեք ուզում տեղափոխվել:

— Քուր ջան, ըստեղ մե պզտիկ տեղմ գործ ենք էրել, վրեքս արդեն 3000 դոլար է նստել: Մեզի ըդքան փող ուրդի՞ց, որ թաժա տեղը էնենք:

— Մենք քաղաքապետարանից լավ կաշխատինք,- ասում է մեկ այլ բնակիչ,- սաղ օրն ավելը ձեռներս է՝ կավլենք, կլվանք: Համ էլ, ըսենք տիյա՝ ըսիկ իմ տունս է, ես էլ տունս պահելու համար՝ կով ու ոչխար կպահեմ, հմի ի՞նչ, վերցնեմ տուն-տեղս Սովխոզ կամ Սևերսկի տեղափոխե՞մ:

Մոտեցավ տարիքով մի տղամարդ: Հարևանների ասելով՝ Ռազմիկ Փիլոյանը 40 տարվա ֆերմեր է, և երկու օտար հաշմանդամ է պահում.

— Տեսեք, էս երեխեն (ցույց է տալիս 29 տարեկան տղային) հոգեկան խնդիրներ ունի,- ասում է Ռազմիկ Փիլոյանը,- իրա մերն էլ է հոգեկան հիվանդ, երկուսն էլ անտեր են: Ո՛չ թոշակ կուդան, մէ ամիսմ տվին, էն էլ կտրեցին: Բերել, իմ տունս ես իրանց կպահեմ: Թող ըսպես մարդկանց մասին մտածեն, օր անտեր են, հո չպիտի թողնեի, օր դուրսը սոված մեռնեին… Բերի տունս, հաց ու ջուր կուդամ, էս երեխեն էլ մեր հետ կաշխատի: Ես 63 տարեկան թոշակառու եմ: Կառնիմ մի երկու հատ գառ, կընկնիմ գեղերն, օր ծախեմ, բերեմ քյարով իմ ընտանիքիս ու էս որբերին պահեմ:

Հարցնում եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ հոգեկան խանգարմամբ մարդկանց թոշակ չեն տալիս… Պապիկը պատմում է, որ տղային բանակ տանելուց բժշկական հանձնաժողովը նրան ազատել է պարտադիր ծառայությունից, իրենք Կամոյի փողոցի 46 շեքում են բնակվել, բայց հացի փող չունենալու պատճառով՝ աղբամանները քրքրելով են ապրել, ինքն էլ տեսել, խիղճը տվել է, բերել է իր մոտ: Լավ է, գոնե մորը ցմահ հաշմանդամություն են նշանակել, բայց տված թոշակն ի՞նչ է, որ կարողանան ապրել: Բայց տղային չեն թոշակավորել:

Քաղաքային իշխանության աշխատակիցները կրկին փորձեցին իրենցը պնդել, բայց, տեսնելով, որ կոմպրոմիսի չեն գալիս, հեռացան:

— Երկու անգամ քաղաքապետի մոտ գնացինք՝ չընդունեց,- պատմում է Գարիկը,- մէ հատմ ելնիր, բարևեր, հարցներ՝ տղեք, ինչ է եղել, կամ՝ ինչի՞ չեք ուզե ելնիք: Մէ հատմ մեր դարդերը լսեր: Չէ՝ տո միլիցոնց ղրգեց, տո սաղ լրատվամիջոցներին ղրգեց… հաա, ըհը, հմի BBC-ն էլ կիմանա, Եվրոնյուսն էլ, թե Լեննագան ինչ կկատարվի: Կամ՝ ըսենք թե գառ է, ու տեսել են, է ինչ՝ ամո՞թ է: Ինչ է թե՝ BBC-ին նկարել է, վսյո, սաղին աքսորեք գեղերը: Էլ չեմ ուզե ասել, թե ընչի գուզեն մեզի ըստեղից հանել: Չէ, առավոտ՝ միլիցի, ցերեկը՝ լրատվամիջոց, իրգունն էլ աշխատողները: Հմի ի՞նչ գուզեն մեզնից… Հեչ մի անգամ չեմ գնացել, վիզս չեմ ծռել, բան չեմ ուզել… հազար հատ պրոբլեմ ունիմ, չեմ էլ ուզե՝ դիմել: Ես ինչքան հնարավորություն ունիմ, ինչքան թասիբս ներեգը, ըդքան կաշխատիմ, տուն էլ կպահեմ, պարտք ու տալիքս էլ կուդամ: Հեչ մեկն էլ ընձնից լավ տղա չէ… Գիտես, ես սիրուն ապրելու ձևերը չիդե՞մ… Ապրելու հնար ենք գտել՝ կապրինք: Հնար լինի՝ կով էլ կպահեմ, ձի էլ կպահեմ: Թե չէ՝ սաղ քաղաք մաքուր էր, ասֆալտած, պլպլցրած, ձեռներից հացը գետնին կընկնի, կվերցնեն՝ ֆու կենեն, կուդե՞ն… ու մենակ մենք կկեղտոտե՞նք:

 

Օզանյան փողոցի «գիշերային խրախճանքները» հոգս են դարձել բնակիչների համար

Թաղի տղաներից մեկն ինձ ուղեկցեց Օզանյան փողոցի վերջնամաս, որտեղ անցնում է, այսպես ասած, «Կեղտոտ չայը»: Ու այն, ինչ ինձ պատմեցին, հիշեցրեց ֆիլմերում տեսած չափից դուրս աղքատ թաղամասերը: Երիտասարդը պատմեց. «Քաղաք ինչքան շուն, կատու կա, որոնց տերերն ուզում են կորցնել, բերում են այս կողմերը՝ բրախում: Դա դեռ ոչինչ. ինչքան սատկած կենդանի կա, դիակները նորից բերում, էս կողմերն են շպրտում: Բացի այդ, ինչքան անցնող կա, զիբիլը շպրտում են շուրջ բոլորը: Մենք բողոքել ենք քաղաքապետարան… Բերել, աղբաման են դրել: Բայց էդ աղբամանից միայն թաղի բնակիչներն են օգտվում… Դա էլ հեչ, ավելի ներքև, հուշարձանի մոտակայքում դարձել է մի իսկական… Ամոթ էլ է ասելը, մէ օրմ մեր թաղի տղեքը բանտ կընկնին՝ մարդասպանության համար… ինչքան նարկաման կա՝ գուկան ըդտեղ կհավաքվին, կծակվին, սպռիչները կքցեն… Փչացածների հետ գուկան… Մէ օրմ սաղս լուրջ պատմության մեջ կընկնինք… Վերջիվերջո, ըստեղ ընտանիքավորներ կապրին, հարս ու աղջիկ, երեխաներ կապրին… Հազար ասացինք, որ Մանասյանը (քաղաքապետարանի բնակկոմունալի բաժնի պետ,- հեղ.) ըդտեղ երկաթյա արգելակներ դնե: Չեկան, չդրին»:

Այնուհետև երիտասարդը մեկ առ մեկ ցույց տվեց բավական մեծ, դատարկ, փշածածկ, կիսաքանդ տներով տարածքն ու բացատրեց, որ բնակիչները «Կեղտոտ Չայի» «գժությունների» պատճառով են իրենց տներից հեռացել, որովհետև ջրի հունը երբ բարձրացել է, ավիրել է շատերի տները: Սննդի անվտանգության պետական ծառայության տարածքի հետնամասում էլ ցույց տվեց, որ մարդիկ լիքը աղբ են թափում, էլ չենք ասում, «էդ հիմնարկ գալողները կելնին, կարիքները կհոգան»:  Ստիպված թաղով մի մարդու են վարձել, որպեսզի գետակից մաքրի աղբն ու կեղտը, որ հոտած ու նեխած ահավոր բույրերից գոնե մի քիչ ազատվեն:

Մի խոսքով, թե համայնքապետարանն ուզում էր մի հարց լուծել, պարզվեց՝ հազար հարց էլ այս կողմից կա:

Հ.Գ. Երևանում բնակվող ընկերներիցս մեկը պատմեց, որ Գառնի-Գեղարդ գնացող ուղիներից մեկն անցնում է Ջրվեժով, որտեղ բացօթյա անասունների մորթերի 3-4 տարածք կա: Այնպես որ, Գառնի-Գեղարդ տուրիստ գնացողն ավելի շատ է, բայց երևանի համայնքապետարանը կարծես չի շտապում այդ հարցը փակել: Գյումրիում մարդիկ հաց վաստակելու հնարավորություն են գտել… լավ, թե վատ՝ էդ է:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ