Գյումրու Երևանյան խճուղու կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Ստրոմմաշ» թաղամասի բնակիչները դիմել էին «Շրջապատի» խմբագրություն՝ բողոքելով, որ թաղամասը զրկված է հանրային տրանսպորտից: Նկարագրեցին, որ մինչ պանդեմիան՝ տարիներ շարունակ թաղամասը՝ մինչև օդանավակայան, սպասարկում էին մի քանի ավտոբուս ու երթուղային տաքսիներ, պանդեմիայի ժամանակ, երբ, բնականաբար, մարդիկ տանն էին ու երթուղին թերբեռնված է եղել, «գծի տերերը» հրաժարվել են սպասարկել այն: Սակայն այժմ՝ սահմանափակումների մեղմացումից հետո, երթուղին սպասարկող ընդամենը մեկ տրանսպորտային միջոց է գործում՝ 22 համարի երթուղայինը:
«Այդ երթուղին քաղաքի հետ կապող միակ տրանսպորտային միջոցն է, բայց չի բավարարում»,- ասում է բնակիչներից մեկը: Մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Պատկերացրեք, ես երկու երեխայի առավոտյան՝ 8:30-ին պետք է թիվ 7 դպրոց հասցնեմ. հարց՝ ինչպե՞ս, երբ 22 համարը այլ ուղղությամբ է, կենտրոնական փողոցներով, քաղաքի միջով չի երթևեկում… Ստիպված տաքսիներից ենք օգտվում, բայց մի՞թե հնարավոր է օրվա մեջ մի քանի անգամ տաքսիներից օգտվելը… Հաշվեք, թե օրական որքան գումար է կազմում»:
Բնակիչների բողոքը տեղ հասցնելու համար զրուցեցինք Գյումրու համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ ԱՐՏՅՈՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Վերջինս ասաց, որ իրենք ևս տեղյակ են խնդրից, քանի որ բնակիչները նաև իրենց են դիմել. «Այո, մենք մինչև օդանավակայան հասնող գիծ ունեինք, որը սպասարկող ընկերությունը հրաժարվել է շահագործել՝ պատճառաբանելով ավտոբուսների խոտանումով, շարքից ելնելով. 15 ավտոբուսից ընդամենը երեքն են այս պահին կարգին վիճակում»:
— Այսինքն, էն մանուշակագույն չինական ավտոբուսների սպասարկման ժամկետները լրացե՞լ են:
— Այո, շատ վատ որակի էին, իսկ պահեստամասերն այնքան թանկ են, որ գիծը շահագործող ՍՊԸ-ն ի վիճակի չէ մեքենաները թարմացնել: 1-ին համարի ավտոբուսը, իրոք, 15-20 րոպե ինտերվալով աշխատում էր, նաև 20 համարի երթուղայինն էր սպասարկում, որի վերջին կանգառը «Ստրոմմաշինա» գործարանն էր: Մինչև օդանավակայան հասնող 22 համարի երթուղային մտցվեց, որը 3-5 րոպե սպասաժամով էր սպասարկում՝ 20 մեքենայով:
— Մարդիկ բողոքում են, թե քանի որ 22 համարի երթուղին քաղաքի հետ կապող միակ տրանսպորտն է, այն մշտապես ծանրաբեռնված է:
— Այո, հավատացեք, մենք էլ ենք ուզում, որ մեր բնակիչն այդքան նեղություն չկրի, բայց այս պահին սա է իրողությունը: Ուզում ենք վերականգնել թիվ 1-ին կամ 40 համարի ավտոբուսների երթուղին… Ասենք, 20 համարի երթուղայինը հասնի մինչև օդանավակայան, բայց այսրոպեական լուծվող հարց չէ, քանզի պետք է ընկերություններից որևէ մեկը համաձայնի ստանձնել երթուղու սպասարկումը:
— Երթուղին սպասարկող ընկերությունները մրցույթով են ստանձնում գծի սպասարկումը: Հիմա նրանց կողմից հրաժարվելը արդյոք չի՞ հակասում օրենքի տառին:
— Օրենքում կետ կա, ըստ որի կարող են հրաժարվել: Եվ 45-օրյա ժամկետ է նշված, որի ընթացքում շարունակում են սպասարկումը, մինչև նոր մրցույթ հայտարարելու և անցկացնելու ընթացակարգերը, ապա պայմանագիրը լուծվում է:
— Հիշում եմ, որ համայնքապետարանը նոր ավտոբուսների գնման գործընթացներում էր: Ծրագիր կար, որ որոշակի քանակ պիտի գնվեր, եթե փորձարկմանը դիմանային…
— Ես ինքս անհամբեր սպասում եմ այդ օրվան, թե երբ պիտի գնենք: Ծրագրերն էլ կան, հաստատումներն էլ կան, այս տարի պիտի իրականացնենք: «Գազել» մակնիշի 17-տեղանոց երթուղայիններ են, պլանավորված է 65 հատի գնումը՝ 50/50 հարաբերակցությամբ, գնումն իրականացվելու է համայնքային բյուջեից և պետական սուբսիդիայի հաշվին: Ունենք արդեն շահած ևս մի ծրագիր, որով պետք է ձեռք բերենք 5 էլեկտրոավտոբուս, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու համար: Կառավարության որոշման փոփոխությամբ, հունվարի 15-ից պարտադրված է բոլոր երթուղիներում ունենալ մեկական տրանսպորտ՝ հարմարեցված սահմանափակ կարողություն ունեցող անձանց: Կարծում եմ, սա մինչև օգոստոս-սեպտեմբեր կիրականացվի:
— Իսկ հնարավոր չէ՞ 20 համարի երթուղին սպասարկող ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի այդ ժամանակահատվածում գոնե սպասարկի Գ.Նժդեհ հրապարակից մինչև «Ստրոմմաշինա» հատվածը:
— Տարբերակ է: Բայց քանի որ մենք ունենք թիվ 1 և թիվ 40 ավտոբուսների երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթներ, մինչև փետրվարի 10-ը ժամանակ է հատկացված, եթե կգտնվի ընկերություն, որը պայմանագիր կկնքի, ապա հարցը մեկ ամսից կլուծվի: Որպեսզի երթուղային ցանցը լավը աշխատի, եկամտաբեր լինի ՍՊԸ-ի համար, որ ամեն անգամ չհրաժարվեն սպասարկումից, բնական է, որ որոշակի պայմաններ պիտի ապահովվեն:
— Այսինքն, հնարավոր գտնո՞ւմ եք, որ ժամանակավոր հարցի լուծում կարող ենք ակնկալել:
— Այո, կփորձենք լուծում գտնել, գոնե մինչև Կոմիտաս փողոցի վերջը՝ այսպես ասած՝ մինչև ասֆալտի վերջը: Օգտվելով առիթից էլ, կուզենամ մեր բնակչությանը դիմել. պարտադիր պահպանել հիգիենայի կանոնները, եթե միկրոավտոբուսում նստատեղերը համալրված են, չպետք է բարձրանան, իրենք էլ պետք է վարորդից պահանջեն «ալկոգելի» առկայություն և այլն: