Հայաստանում հարսանեկան նոր ավանդույթներ են մոդայիկ դարձել: Իհարկե, խոսքը բուն ծիսակարգին չի վերաբերում, այլ… նկարահանումներին: Նկարահանումներ եղել են միշտ. ի վերջո, մարդիկ սիրում են իրենց կյանքի նշանավոր դեպքերն ու իրողությունները ֆիքսել լուսանկարների և տեսահոլովակների միջոցով: Եվ, ինչպես այլ բիզնես-գաղափարներ, հարսանիք նկարահանելու բիզնեսն էլ տարածված բնույթ է կրում:
«Շրջապատի» զրուցակիցն է լուսանկարիչ ԱՐՍԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ, որը լուսանկարչության ոլորտում արդեն իսկ թողնում է իր ուրույն ձեռագիրը:
— Արսեն, հարսանիք նկարահանելը, կամ թամադությունը նոր թրե՞նդ է, թե՞ հնի նորացումն է` ժամանակակից տեխնիկայի հնարավորություններով:
— Երբ 2011 թվականին առաջին անգամ հարսանիք նկարահանեցի, անկեղծ ասած, դա արեցի լոկ գումար աշխատելու ակնկալիքով: Բանն այն է, որ ես այս տարի ավարտում եմ հենց կինոօպերատորական բաժինը և երազանքս է՝ լուսանկարչության արվեստի մեջ լինելը, ձեռագիր թողնելը: Ըստ իս, հարսանիքը և՛ գումար աշխատելու միջոց է, և՛ հետաքրքիր է, և՛ արվեստ է. մեջը համ ռեպորտաժ կա, համ պորտրետ կա, համ պեյզաժ կա: Ամենաշատը սիրում եմ պատահական արված լուսանկարները…
— Այն, ինչը ֆոտոաչքը որսում ու ֆիքսո՞ւմ է:
— Այո, մանավանդ այնպես է, որ հիմա էլ վրանային ու ճաշարանային հարսանքիներ չեն անում, կամաց-կամաց փոխվում է, մոտենում եվրոպական ստանդարտներին, որտեղ հարսանիքը կազմակերպվում է սյուժեով, սկսած ֆոտոսեսիայից, վերջացրած պարային համարներով ու անակնկալներով:
— Այսինքն, հիմա պատվեր է իջեցվում՝ հարս ու փեսայի ֆոտոսեսիա, և ա՞յլն:
— Այո, ու դա այնքան էլ հեշտ գործ չէ: Զույգեր կան, որ հեշտությամբ են տեսախցիկին հարմարվում, զույգեր էլ կան, որ կաշկանդվում են կամ, ուղղակի, չեն սիրում: Հիմնականում տղամարդիկ չեն սիրում լուսանկարվել: Եվ հարսանեկան խառնաշփոթի մեջ, երբ փոխնեփոխ, օպերատորն իր նկարահանումներն է անում, ես էլ փորձում եմ կադրեր որսալ ու այս հաճելի քաոսի մեջ ևս ընտիր լուսանկարներ են ստացվում: Օրինակ, ֆոտոսեսիաների ժամանակ երբեմն ամենալավ ֆոտոները վերջում են ստացվում, երբ արդեն հարսնացուն էլ, փեսացուն էլ բազմաթիվ կադրերից հետո, մի տեսակ հոգնում են կամ, կարելի է ասել, ընտելանում են, թուլանում, ու պատահական որսացած կադրերն ավելի լավ են ստացվում:
— Խոստովանենք, որ բարձրակարգ կադրեր որսալն առանց բարձրակարգ տեխնիկայի անհնար է պատկերացնելը:
— Այո, միանշանակ: Եվ Դուք կարծես բժշկի նման ախտորոշեցիք իմ հիվանդությունը. տեխնիկան ժամ ժամի զարգանում է, ու ես նոր տեխնիկայի հետևից հիվանդագին վազքի մեջ եմ:
— Իսկ հարսանիք նկարահանելը քեզ ֆինանսապես գոհացնո՞ւմ է, որպեսզի ժամանակակից տեխնիկայի մրցավազքին հասցնես:
— Չեմ բողոքում: Եվ որքան մասնագիտանում ես, այնքան բարձրանում է քո ծառայության արժեքը: Բայց Հայաստանում ենք ապրում, սա եվրոպաները չեն, որ ժամավարձով քեզ վճարեն, բայց, էլի եմ ասում, հիմա արդեն չեն բողոքում:
— Մի բան եմ նկատել. հաստատ ձեր հոգին հանում են, երբ միջոցառման մասնակիցները փորձում են ձեր ֆոտոխցիկների ուշադրությունը խլել:
— Հա, դա պարտադիր է. այն պահին, երբ կարևոր կադր ես որսում, մեկ էլ խցիկի դիմաց մի դեմք է հայտնվում, թե՝ «Հըլը ընձի մե հատըմ նկարե»:
— Կազուսներ… Հաստատ գիտեմ, որ զվարճալի պահեր ևս շատ են լինում…
— Շատ-շատ կա… Մի հարսանեկան պատվեր էինք կատարում: Նավակով Պարզ լճի վրա էինք, որում հարսն ու փեսան, ևս երեք նկարահանողներս էինք: Նավակը ճոճվում էր, և ես քիչ էր մնում ջուրն ընկնեի, ասացի. «Եթե կամերայով ընկնեմ, կարող եք էլ ինձ դուրս չհանել»… Նոր էի թանկարժեք խցիկը գնել՝ մեծ վարկով…
— Արսեն, իսկ բուն հարսանիքներից ի՞նչ կասես: Ես հիշում եմ, որ կար, այսպես ասած, «հին հայկական ավանդույթ», երբ ամեն ազգի մեջ հաստատ կգտնվեր խմիչքի սիրահար մեկը, որը պարտադիր փսորում էր միջոցառումը:
— Հիմա ավելի ցիվիլ են դարձել: Ճիշտ է, տարբեր բաներ լինում են: Ես միայն գյումրեցիների հարսանիք չէ, որ նկարահանել եմ, այլ նաև եզդիների, ախալքալակցիների: Օրինակ, եզդիների հարսանիքի ժամանակ կռիվ չի եղել, բայց այնքան խմիչք կար, որ վերջում չէինք հասկանում, իրենք կռվում են, թե բարձր-բարձր խոսում:
— Իսկ ճոխ հարսանիքներից ի՞նչ կասեք. հարսնապարին՝ դոլարներ թափել, չգիտեմ էլ ինչեր…
— Ներկա եմ եղել մի քանի ճոխ հարսանիքի, որտեղ, ասենք, թանկարժեք իկրան (ձկնկիթը) ծով լցրած է եղել, թակնարժեք խմիչքեղենով, բայց պիտի ասեմ, որ հարուստների հարսանիքներն ավելի զուսպ են անցել, եվրոպական, շնորհքով: Ու չէին խանգարում նկարահանող խմբին, դրանից շահում էր մեր աշխատանքը:
— Իսկ ունե՞ս ամենասիրած նկարահանման պահերը:
— Սիրում եմ հարսին նկարել մինչև դիմահարդարում անելը: Երբ նա խառնված է, հուզված է՝ թե չի հասցնի հագնվել, վախեցած է… Այդ պահերին լիքը էմոցիա կա ֆիքսելու:
— Արսեն, միջոցառումներից զատ, քո ֆեյսբուքյան էջում լոկ լուսանկարներ եմ տեսել, որոնք պրոֆեսիոնալ գործեր են:
— Այո, ես կայք էլ ունեմ, որտեղ իմ արած լուսանկարներն եմ տեղադրում: Սիրում եմ աշխատանքից լիցքաթափվել՝ լուսանկարներ ստեղծելու միջոցով:
— Ես հիշեցի, որ ամռանը մի ֆոտոսեսիա մեծ բում էր առաջացրել. այն, որ երիտասարդ, կոկետ աղջիկը մեր շուկայում էր հայտնվել…
— Աաաա, դա մի ուրիշ թեմա էր: Այդ 18-ամյա աղջիկը մոդել է: Նրա մենեջերը «Ինսթագրամ»-ից ինձ պատվիրեց նկարահանում: Աղջիկը մոսկվաբնակ է, իսկ մենեջերը՝ գյումրեցի, բայց վաղուց արդեն Երևանում է բնակվում: Եվ նա ինձ հետ կապվեց, պատվիրեց նկարահանումներ՝ Գյումրվա կոլորիտով: Դուք չեք պատկերացնի, թե ինչ գործ ենք արել: Իսկ շուկայում տեղի ունեցածն իսկական մեր կոլորիտն էր արտահայտում, մեր ֆիլմերի շարքից էր… Էմոցիա, քաոս, լեննականցոնց ռեկորդներ, մի խոսքով, հիանալի օրեր էին:
— Դե, ինչ, Արսեն, մաղթենք քեզ նախ անփորձանք նկարահանումներ, ապա հիմնես քո սեփական ստուդիան:
— Այո, Դուք ճիշտ գուշակեցիք, ես հենց այդ ուղղությամբ եմ աշխատում. ուզում եմ հիմնել մի ինքնատիպ ֆոտոստուդիա, որի համբավը կտարածվի ամենուր: