Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Ավետիսյան, տարիներ շարունակ ԱԺ պատգամավոր եք եղել, և թե՛ քաղաքային, թե՛ հանրապետական կյանքից լավատեղյակ եք: Այսօր այս ի՞նչ իրավիճակների ժամանակակիցն ենք, ինչե՞ր են տեղի ունենում, թեկուզ դիտարկենք Գյումրին, քաղաքապետարանում, քաղաքային իշխանության մանավանդ ՔՊ անդամներն այս ինչ պատմությունների մեջ են ընկնում: Սա ուղղակի ամենաթողությո՞ւն է:
— Անպատժելիության, մեծի ու փոքրի փոխադարձ հարգանքի, առողջ մարդկային հարաբերությունների պակաս է: Ավելի շատ ու շուտ մեկը մեկին թշնամի է դիտարկում, փոխանակ միավորվելու և ուրիշ թշնամու դեմ պայքարելու, մենք մեր մեջ ենք սկսել թշնամությունը: Սա էլ ներմուծված թշնամություն է:
— Ինչո՞ւ, ի՞նչ հարց է այն լուծում:
— «Բաժանիր, որ տիրես» արտահայտություն կա: Ինչ գործընթացներ են ընթանում այս ընթացքում. մեկ բաժանում են հին ու նորի, մեկ՝ սև ու սպիտակների… Դա հատուկ տեխնոլոգիաներ են քաղաքականությունում՝ հասարակությանը պառակտում են, որպեսզի մեկ խնդրի շուրջ չմիավորվեն ու պահանջ չկարողանան բարձրացնել: Մինչդեռ մենք այնքան խնդիրներ ունենք, որ ցանկացածս՝ երկրի ղեկավարությունից սկսած, վերջացրած ամենավերջին մարդը պետք է միավորվենք՝ մեր երկրի անկախությունը պահենք, Արցախի խնդրի շուրջ միավորվենք, մեր բանակը հզորացնենք, մեր սահմաններն անառիկ պահելու շուրջ… Ու ոչ ոք չի ասում՝ եկեք միավորվենք: Եվ դրա համար էլ թե՛ մեր քաղաքապետարանում, թե՛ երկրի այլ մարզերում ու քաղաքներում ինչերի ականատեսն ասես՝ լինում ենք, ինչ ասես՝ իմանում ենք: Համենայնդեպս, պետական կառույցներն այնպիսի դրսևորումներ պիտի ունենան, որ նման խնդիրներից զերծ լինեն: Ի դեպ, թող չնեղվեն մեր ԶԼՄ-ները, բայց նրանք էլ տեղիք են տալիս, փոխանակ համախմբման կոչ անեն, դաստիարակչական դերակատարում ունենան, յուղի վրա կրակ են լցնում, նման բաներ են գտնում, որ հասարակության մեջ ջրբաժանն ավելի մեծացնեն:
— Չե՞ք գտնում, որ մեր ԶԼՄ—ներից շատերը կուսակցությունների ու գործարարների ենթակայության ներքո են աշխատում, և այդպիսով բացատրվում է իրենց գործելակերպը:
— Հիմնական պատճառը դա է՝ իրենց հրահանգավորած է, կամ հորդորել են փոքր ու անհատական լուրն այնպես ուռճացնել, գունավոր երանգներով համեմել, որ հասարակությանը շեղեն, և անընդհատ է սա տեղի ունենում:
— Մի նկատառում անեմ. եթե բարձրադիր իշխանության պահվածքը ոչ հարիր է ղեկավարի պահվածքին. քաղաքացու վրա թքելը, ժողովրդի առաջ հայհոյախառը խոսելը, ոստիկանապետի կողմից երեխա ծեծելը, բնականաբար, մանր պաշտոնյաների մոտ անպատժելիության է հանգեցնում:
— Երեկ մի գիրք էի նայում՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը»… սա պատահականություն չէ, որ բերեցին, թարգմանեցին, համացանցում գովազդեցին, կամ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումները հասարակության մեջ տարածելը, այս ամեն ինչը հասարակության մեջ ոչ հարիր մթնոլորտ ձևավորելուն է միտված:
— Վերջերս ես հաճախակի եմ մեջբերում ամերիկացի գնդապետ Դանի մեթոդաբանությունը՝ «Ինչպես քանդել երկիրը ներսից»: Եվ կարծես թե Դանի մեթոդները մեկ առ մեկ տեղի են ունենում մեր երկրում:
— Հասցրեցին: Հատուկ ծառայությունները հասան դրան և նրանց համար պարարտ հող էր ստեղծվել: Տարիներ շարունակ ժողովրդի մոտ տեսանելի ու անտեսանելի դժգոհություն էր կուտակվել, և այդ ամենը հասցրեց դրան: Այդ վիճակում միայն մեր երկիրը չէ, Վրաստանն էլ է անհասկանալի իրավիճակում հայտնվել, Մոլդովան էլ, Ուկրաինայի մասին էլ չասեմ՝ բան չի մնացել: Ու առաջնային պատճառը հրահրված պատերազմը չէ, այլ դրան նախորդած հեղափոխությունը, ղեկավարի ընտրությունը և այլն: Բայց վերադառնալով մեր երկրին՝ մեր մոտ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք: Մենք քաղաքականության կանխատեսելիության խնդիր ունենք: Մենք մի կողմից ուրախանում ենք, որ ԱՄՆ սենատն ինչ-որ բանաձև է ընդունում Լաչինի վերաբերյալ, Արցախի պահով, մուս կողմից զայրանում, որ Ալիևին են թև տալիս, մի կողմից Եվրոպային ենք ծափահարում, թե Հաագայի դատարանի որոշումը կա, մինչդեռ մյուս կողմից ոչինչ էլ չեն անում, Ռուսաստանը պատերազմի մեջ է մխրճված, մի կողմից իրենք ասում են, թե իրենց խաղաղպահներն են կանգնած և այլն, և այլն, մինչդեռ ամեն օր հրադադարի խախտում է գրանցվում ու ոչինչ: Անհասկանալին ու անկանխատեսելին է տեղի ունենում, որի մեղավորը նախ մեր իշխանությունն է. մի օր Բրյուսելում է, մի օր Սոչիում…
— Այո, երկիրը պետք է արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր տանի, բայց դա չի նշանակում՝ քաոտիկ, քամին կապած փուչիկին ոնց է տանում այս ու այն կողմ:
— Այո, բազմավեկտոր, բայց չպիտի լինի փոփոխականություն, պիտի լինի բազմակողմանի հստակ հարաբերություններ պետությունների հետ, ոչ թե կենտրոնների՝ Եվրոմիություն, այս, այն… Ցավալին այն է, որ մեր իշխանությունները հայտարարում են, թե Լաչինի միջանցք չկա, հետո ասում են, Լաչինի «միջանցքի» համար ռուսներն են պատասխանատու, Արցախը թող ինքնուրույն գնա երկխոսության, հետո մեկ շաբաթից ասում ենք, թե արեք զբաղվեք Լաչինի միջանցքով, գնում եվրոդիտորդներ են բերում… Անհասկանալի է: Եվ դա է պատճառը, որ ժողովրդի մոտ էլ է քաոտիկ վիճակ, չգիտեն ինչ է տեղի ունենում, ինչ պիտի լինի, ինչ պիտի անենք, ուր պիտի գնանք, ոնց պիտի անենք: Մի ժամանակ տարբեր քաղաքական ուժեր փորձեցին միտինգներ անել, հետո ինչ-որ ուժերի ազդեցության տակ այդ միտինգները մարեցին: Եվ հիմա մարդկանց մոտ անվստահություն է, անհավատություն՝ ոչ իշխանության հետևից են ուզում գնալ, ոչ էլ ընդդիմության:
— Բայց ընդդիմություն ունե՞նք:
— Ունենք այն, ինչ ունենք: Պառլամենտում ունենք ընդդիմություն: Թե ումն են, ինչ չափով է ընդդիմություն, դա էլ այսօրվա ժողովրդի գնահատականն է նրանց:
— Ցավն այն է, որ կար ժամանակ, երբ ժողովուրդը, թեկուզ ինչ—որ հասարակական կառույցների ազդեցությամբ, դուրս էր գալիս փողոց՝ տրանսպորտի թանկացման դեմ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, մինչդեռ այսօր Արցախն ենք կորցնում, Հայաստանից տարածք ենք կորցնում, այդքան զավակ կորցրեցինք, այդքան բան է տեղի ունենում, ու ոչ մի հասարակական մեծ ալիք:
— Ցավոք, այդ նույն տրանսպորտը, էլեկտրիկը կամ և այլնը ոչ թե այդ հասարակական կառույցների կողմից ժողովրդի համար մտահոգությունից դրդված էին տեղի ունենում, այլ դրսերից ղեկավարվում էին, ժողովրդի մեջ խժդժություններ գցելով, շոշափում էին հասարակության զարկերակը, և հեղափոխության համար հող նախապատրաստում:
— Եթե 90-ականներին Լևոն Տեր—Պետրոսյանի ղեկավարած դիվանագիտական կորպուսը դեռ նոր էր ինքնիշխան Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորում, և նախագահը մասնակցեց Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորությանը, Տեր—Պետրասյանն ընդդիմախոսների կողմից արժանացավ սուր քննադատության: Բայց, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Էրդողանի ինագուրացիային, Ալիևի հետ էլ ջան—ջիգյար ժպտում էր, կարծես թե բոլորի կողմից նորմալ ընդունվեց:
— Ես եղել եմ ֆուտբոլային դիվանագիտության մեջ, այն ժամանակ էլ շատ քաղաքական ուժեր քննադատում էին, թե թուրքերի հետ քաղաքականություն եք սկսել… Գիտեք ինչ, ես էլի գալիս եմ իմ խոսքին. կարելի է ու պետք է ցանկացած պետության հետ դիվանագիտական հարաբերություն ստեղծել, բայց այդ հարաբերությունները չպետք է կառուցել ի հաշիվ մեր երկրի ինքնության, մեր ազգի պատվախնդրության, արժանապատվության հաշվին: Դա այն դեպքում, որ այդ մարդիկ սուր են ճոճում, մեզ վրա մատ են թափ տալիս, ծաղրում են մեր ազգին, իսկ դու գնում, ժպտում ես նրանց դեմքերին: Այդ հարաբերությունները պետք է հավասարի պես վարես, դիրքդ պահես, որ ժողովուրդդ անհարմար չզգա: Թե չէ՝ ցանկացածի հետ էլ կարելի է հարաբերություն ունենալ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, և դա նորմալ է, բայց քո պետության, քո ժողովրդի շահը պետք է գերադասես, ոչ թե ստորադասես:
— Դուք կարո՞ղ եք բացատրել՝ մենք ուր ենք գնում: Փաշինյանը առավոտ մի բան է ասում, ցերեկը ուրիշ, երեկոյան՝ այլ բան:
— Ինքը պառլամենտում մի բան է ասում, հետո իր մանկլավիկները այսպես կամ այնպես են մեկնաբանում: Ես չեմ էլ ուզում դրան անդրադառնալ, որովհետև դրանք բառերի կույտ են: Երբ նա պառլամենտում հայտարարեց, թե ինքը իր կետից է սկսում, հիմա էլ, որ նեղն են ընկում, ասում են նախորդներն են բանակցել… Զրո պատասխանատվություն է: Ու դրա համար էլ կարող են փողոցում քաղաքացու վրա թքել, մարդ էլ ծեծել ու համարել, որ դա նորմալ է: Դիտավորյալ պառակտում են, սեպ են խրում ու մարդկանց մղում են իներտության:
— Եթե այսպես ասած՝ պառլամենտական ընդդիմությունը չի կարողանում որևէ բանի հասնել, ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, գոնե այդպիսով որևէ բանի հասնի:
— Սահմանադրության մեջ կա՝ ԱԺ-ում պետք է գոնե 30 տոկոս ընդդիմություն լինի, բայց չի գրված, որ եթե չլինի, ապա ԱԺ-ն կլուծարվի, իսկ ՔՊ-ն ԱԺ-ում մեծամասնություն է: Միջազգային ստանդարտներով, ժողովրդավարական երկրի պառլամենտում պետք է այդպես լինի, բայց, քանի որ ժողովրդավարությունը երկակի, եռակի ստանդարտներով է գործում, ԱՄՆ-ի համար այլ են ստանդարտները, Եվրոպայի համար այլ, իսկ մեր նման երկրների համար լրիվ այլ, ապա ճիշտն ասած, այդպես էլ չհասկացանք, թե ինչն ինչպես է ճիշտ: Մենք, ցավոք, այն ժամանակահատվածում ենք, որ գերտերություններն իրար մեջ գզվռտում են՝ թե՛ քարտեզի վերաձևման, թե՛ տնտեսության, և այլնի համար, իրենց շահի համար Հայաստանի նման երկրներն ուղղակի սպասարկման, խաղաքարտի նման բաներ են:
— Այսինքն, մենք առակի այն սայլն ենք, որին կարապը, խեցգետինն ու գայլաձուկը փորձում են տարբեր ուղղություններով քաշել:
— Այո, մեկը մի ձևով է մեր երկիրն ուզում օգտագործել, մյուսն այլ ձևով, մենք էլ չգիտենք, թե մենք ինչ ենք ուզում:
— Էլ ռուսամետ, էլ եվրոպամետ, էլ ամերիկամետ… բաժանվում ենք ու իրար «ծեծում», չհասկանալով, որ մենք պարտավոր ենք նախ պետականամետ լինել, մեր երկրի ինքնության պահպանման համար մենք պիտի նախ մենք լինենք…
— Ու հայամետ խնդիրները թողած, ազգովի լծվելու՝ մեր խնդիրները լուծելու փոխարեն ճամբարների ենք բաժանվել… Երբ 88-ին ազգը միավորվեց Արցախի շուրջ, հիմա կորցնում ենք ու չկա միավորում:
— Որովհետև հաղթանակը մսխվեց, արվածը փսորեցին, պատմությունը կեղծվեց…
— Փորձում են, բայց նախևառաջ ամեն մեկս պետք է հիշենք Եռաբլուրը, այնտեղ մեր նահատակներն են հանգչում, ովքեր արյուն են թափել, կյանք են զոհել գաղափարի, երկրի, անկախ պետություն ունենալու համար:
— Հիմա ժողովրդին մոլորեցրել, դիլեմայի մեջ են գցել. կամ հոգևոր արժեքներ, կամ նոր պատերազմ…
— Ով որ մոլորեցնում է, նա էլ հստակ ասել է՝ կարող էր այդ 5 հազար զոհը չլիներ… Մի կողմից գնում ենք Սարդարապատ, մյուս կողմից մեր նորօրյա պատերազմի զոհերի արյան գնով ձեռք բերածին չենք ուզում տեր կանգնել: Ու, ցավոք, ասում են նաև նրանք, ովքեր 90-ականների պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել: Այսինքն, մենք բարոյական շեմը իջեցրել ենք, երբ նույն այդ մարդը կասկած գցելու համար ասում է, թե ինչի համար ենք գնացել կռվել, որ… Լուրջ գնահատականի խնդիր կա:
— Մինչդեռ ժամանակին արժանապատիվ խաղաղության գնալու առաջարկ կար, ոչ թե մուրալու…
— Որովհետև այդ ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, մարդիկ հաղթանակի արբեցման մեջ էին, ու իրենց համար անընդունելի էր, մինչև Բաքու էին գնում «թեյ խմելու»: Ու դա մոռացվել է: Բայց հույսը պետք չէ կորցնել: Մենք պետք է ինչ-որ կերպ համախմբվենք՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի անվտանգ սահմանների, անկախության, պետականության պահպանման: Խոսում են սահմանազատման մասին, մինչդեռ այն բացառապես մեր երկրի հաշվին է: Ոչ մի քարտեզում էլ նշված ու գծված չկա, որ ադրբեջանցիները Սոթքում են եղել, Ջերմուկում են եղել… Մեր երկրի քարտեզը փորագրված է Բաբելոնյան կավե սալիկի վրա՝ թվագրված մ.թ.ա. 600-ական թվականներին: