Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու հերթական նիստն էր: Օրակարգում 10 հարց էր: Բոլոր որոշումները, բացառությամբ մեկի, ընդունվեցին միաձայն: Բացառությունը՝ Գյումրու Աբովյան ճեմափողոցում Գյումրեցի անվանի անձանց նվիրված հուշարձաններ տեղադրելու հարցի քննարկումն էր: Ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ այդ ճեմափողոցում կա 12 հենասյուն ու ցանկություն կա յուրաքանչյուրի մոտ մեկական հուշարձան տեղադրել:
Զեկուցումից հետո, Ս.Բալասանյանը հարցրեց. «Հարցեր կա՞ն», ԳԱԼԱ խմբակցության բոլոր անդամները ձեռք բարձրացրեցին, ինչին քաղաքապետը կատակով արձագանքեց. «Ասեք, հերթո՜վ ասեք»:
ԳԱԼԱ խմբակցության անդամ Արման Գրիգորյանը հետաքրքրվեց. «Որոշման նախագծում գրված է, որ այդ հուշարձանները տեղադրվելու են ՀՀ նախագահի հովանավորությամբ…»: Քաղաքապետն արձագանքեց. «Ես ասեմ. ես կպատասխանեմ. ճիշտն ասած, ես եմ անձամբ խնդրել նախագահին, իմ առաջարկությունն է, որպեսզի մենք կարողանանք Աբովյան փողոցում, որը նաև հետագայում Քըրք Քըրքորյանի անունն է կրելու, ամեն մի հենասյան մոտ լինեն մեր մեծերի արձանները, այնտեղ 12 հենասյուն ունենք, պետք է 12 հատ արձան տեղադրենք: Արձանի մեկ օրինակը, ահա՛, ձեզ ենք ներկայացնում. ես խնդրեցի քանդակագործին, որպեսզի մեր Վարպետի (Ավ. Իսահակյանի) արձանը լինի. ա՛յ, էսպիսի արձաններ են լինելու (տես նկարը): Կամ՝ ինչպես եք պատկերացնում, եթե Պոլոզ Մուկուչը լինի… մեր հումորն է, կամ Վարպետի ասած խոսքերը փորագրված լինեն, կամ, դիցուկ, Մհեր Մկրտչյանի՝ մեր Ֆրունզի, ինքն ինչ կարող էր ասել. «Նստի նայեմ ի՞նչ կենես»: Սա միայն իմ որոշելու խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է: Բայց, որ մեծ հետաքրքրություն պիտի առաջացնենք, որպեսզի հանրաճանաչ դարձնենք մեր մեծերին, ինչո՞ւ չէ, տուրիզմը զարգացնենք, որն ամենակարևոր փողոցն է լինելու մեր Գյումրի քաղաքի, Հայաստանի Հանրապետության ամենալավ ու գեղեցիկ փողոցն է արդեն դարձել: Ես ուղղակի առաջարկել եմ էսպիսի բան, և հանրապետության նախագահն ընդառաջ գնաց, ասաց՝ ես կֆինանսավորեմ, այսինքն` ինքը հովանավորելու է այս ծրագիրը։ Էնպես որ՝ մենք բյուջեից լումա չենք ծախսելու, և նույնիսկ, եթե գումար պակասի, ապա բարեգործներով, մյուսներով անպայման կլրացնենք: Ամեն արձանի համար կլինի մրցույթ, մրցույթի արդյունքում կորոշվի գինը: Մենք հանրային քննարկման արդյունքում կունենանք, թե ում արձանները տեղադրենք… Որովհետև մեր մեծերն այնքան շատ են, որ ճիշտն ասած՝ դա բոլորիս որոշելու խնդիրն է, ոչ թե մենակ իմ։ Երեք մարդու արձան տեղադրելուն մենք բոլորս համաձայն ենք՝ դա Շիրազն է, դա Ավետիք Իսահակյանն է, դա Մհեր Մկրտչյանն է, կարո՞ղ է որևէ մեկն առարկի դրա մասին: Մնացած բոլոր արձանները կդնենք հանրային քննարկման: Գեղեցիկ բան է լինելու, մարդու չափով, ոնց որ Երևանում կա: Ամբողջ աշխարհում նման մշակույթ կա… հըլը գնացեք տեսեք Բրյուսելում, ես եղել եմ՝ կա, Հռոմում եղել եմ, կա… Մարդը նստում է կողքը, խոսում է՝ «Վարպետ ջան, ըսպես է վիճակը…»,- երկար ներկայացրեց քաղաքապետը:
Ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանը (ԳԱԼԱ) հարցրեց, թե Գյումրիում բարձր է աղքատության ցուցանիշը, անօթևանության խնդիրը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, որպեսզի անօթևանությունը վերանա Գյումրիում, այլ արձաններ տեղադրելն է ֆինանսավորում և ռեպլիկ նետեց. «Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր միայն արձանների պարը», ինչին Ս. Բալասանյանը արձագանքեց. «Էկեք էդ պարը չպարենք, լա՞վ, ի՞նչ օգուտ կստանանք»։ Քրիստինե Մկրտչյանը շարունակեց. «Ինչո՞ւ արձանները տեղադրել այդ փողոցում ու չտեղադրել, ասենք, Կոշտոյան փողոցում»։ Սամվել Բալասանյանն էլ պատասխանեց. «Այդ որոշումը դուք կայացրեք։ Իսկ սա որոշում չէ, իմ առաջարկն է, հանրային քննարկման արդյունքում ինչ-որ ստացանք, լուրջ հանրային քննարկում կկազմակերպենք»։
Լևոն Բարսեղյանն իր ելույթում ասաց. «Ուրախալի է իմանալ, որ քաղաքը ոչ մի լումա չի ծախսելու այս արձանների համար։ Ես մտահոգություն ունեմ քաղաքի կենտրոնն արձաններով ծանրաբեռնելու հետ կապված։ Բազմաթիվ թաղամասեր ունենք, որտեղ պատշաճ ժամանցի վայրերը դեռ երազանք են, մարդիկ իրենց թաղամասերից անընդհատ գալիս են քաղաքի կենտրոն՝ լավ ժամանցի համար։ Այս և հնարավոր նման գաղափարների դեպքում առաջարկում եմ մտածել քաղաքի մշակութային ապակենտրոնացման մասին, ինչպես հաճախ դժգոհում ենք, թե Հայաստանում ամեն ինչ Երևանում է, այնպես էլ ստացվում է, որ Գյումրիում ամեն ինչ կենտրոնում է»։
Քաղաքապետը կատակեց. «Բարսեղյան, դե, բոլորով որոշենք, մենակ իմ վրա մի թողեք»:
Ի վերջո, 20 կողմ, 10 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Գյումրու Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց հուշարձաններ տեղադրելու որոշումը:
Դահլիճում հայտնվեցին ցուցապաստառներ՝ «Արձանախեղդ Գյումրի» վերտառությամբ։ Քաղաքի կենտրոնում արձաններ տեղադրելու գաղափարին դեմ էին Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի երիտասարդները։ Նրանք լրագրողների հետ զրույցում դժգոհեցին, որ Գյումրին մեծ թվով խնդիրներ ունի, որոնք լուծման կարիք ունեն, մինչդեռ ամեն քայլափոխի արձաններ են տեղադրում ու դրա համար գումարներ հատկացնում, թեկուզև ֆինանսավորումը քաղաքային բյուջեից չէ։