Դեռևս 2018թ-ին Գյումրին հպարտորեն հայտարարեց, որ այսուհետ թողարկելու է տեղական արտադրության ջինսե պրոդուկտ՝ «Զաքարյան ջինս» անվանումով, որն իր որակով բնավ չի զիջելու արտասահմանյան հայտնի բրենդներին և նպատակ ունի աշխարհին ճանաչելի դարձնել հայկական որակյալ արտադրանքը։
Շատ չանցած, նորաստեղծ արտադրությանը օգնելու համար նոր կառավարությունը արտոնություն տալու որոշում կայացրեց: Ջինսե տաբատները սկզբում նախատեսված էր ռուսական շուկայի համար, սակայն, աշխարհագրությունն ընդլայնվելու էր, քանի որ եվրոպական երկրներ արտահանելու նախնական պայմանավորվածություններ կային: Կառավարությանը ներկայացրած ներդրումային ծրագրի համաձայն, ընկերությունը մտադիր էր կատարել շուրջ 1,42 մլրդ դրամի ներդրում և 3 տարվա ընթացքում ստեղծել 58 նոր աշխատատեղ:
Թե ինչ եղավ հետո, երբ եղավ պանդեմիա, և ինչ ճակատագիր է սպասվում «Զաքարյան ջինս» բրենդին, զրուցեցինք «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի հիմնադիր Հովիկ Զաքարյանի հետ:
— Չնայած պանդեմիայի պատճառով երկրների սահմանները փակվեցին, բայց բեռնափոխադրումներ իրականացվում էին: Այստեղ խնդիրն այլ է. թե ի՞նչ թափով կարող էին աշխատել, օրինակ, ասենք՝ հումք արտադրող ձեռնարկությունները: Իսկ վերջիններս, ինչպես և այլ ոլորտները, սկսեցին աշխատել ոչ լիարժեք,- ասում է Հովիկը:- Շատ ծանր ազդեցություն թողեց կարանտինը մեր վրա. կան շուկայական դժվարություններ, ֆաբրիկաների առօրյա աշխատանքային գրաֆիկի խնդիր, հումքի խնդիր, նոր գնային քաղաքականություն և այլն:
Ըստ Հ.Զաքարյանի, ենթարկվելով երկրի ղեկավարության կողմից կայացրած որոշումներին, ստիպված են եղել դադարեցնել ֆաբրիկայի աշխատանքները: 106 աշխատակից ունեն, կրճատումներ չեն եղել, որոշ մասին հարկադիր պարապուրդի են ուղարկել: Իսկ արտակարգ դրության մեղմացումից հետո աշխատանքներն ամբողջ ծավալով հնարավոր չի եղել շարունակել. շաբաթը մեկ մի խումբ գալիս, աշխատում է, բայց այդ տեմպերով հնարավոր չէ արդյունք ապահովել:
Հովիկն ասում է, որ կառավարության՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված քայլերը լավ է, սակայն մեկանգամյա օգնությունը բավարար չի կարող լինել: Հարցին, թե որոշ ոլորտներ փաստում են, որ պանդեմիայի այս շրջափուլը նաև ինչ-որ դրական բան է տվել, իրենց դեպքում ինչպե՞ս է, պատասխանում է. «Այս շրջափուլն ազդեց մարդկանց վարքականոնի փոփոխության վրա, սովորեցրեց հիգիենային ուշադրություն դարձնել, որ ամեն մարդ ոչ թե միայն իր մասին մտածի, այլև՝ դիմացինի մասին ևս: Սակայն, որպես արտադրություն, ասես եղածը զրոյացրեց: Պայմանավորվածությունները՝ կապված արտաքին շուկայի հետ, կտանի փոփոխությունների, վերաձևումների և, եթե մեծ թափով սկսելու լինենք, շատ բաներ ստիպված ենք լինելու վերանայել»:
Պիտակներ՝ #covid_19