ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 «Բնակիչ կա, որ 10 տարի է՝ բնակվարձ չի վճարել»

Հարցազրույց «Գյումրի կենտրոն» համատիրության նախագահ ՄՈՎՍԵՍ ՋՈՒՀԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ջուհարյան, 2020 թվականն իսկական աղետ էր մեր գլխին. կարծես քիչ էր, որ աշխարհով մեկ համաճարակ էր, ուժգին քամիներն ու հորդառատ անձրևներն էլ՝ ջրհեղեղի տեսքով, եկան լրացնելու: Կառույցը, որը զբաղվում է համատիրության ներքո գտնվող շենքերի ու բնակարանների մանր ու մեծ խնդիրների կարգավորմամբ, ինչպե՞ս կազմակերպեց աշխատանքները:

— Հայտարարված Արտակարգ դրության առաջին երկու ամիսներում ամբողջ տնտեսությունը կաթվածահար եղավ, սակայն մեր աշխատանքը, մեկ օր անգամ չենք դադարեցրել: Կոյուղագծերը, ջրագծերը և այլ համակարգերը չեն սպասի, թե երկրում ի՞նչ վիճակ է՝ և կխափանվեն, և կվթարվեն… Մենք հո չէի՞նք կարող սպասել, թե երբ կավարտվի COVID-19-ը, որ նոր միջամտեինք: Ճիշտ է, ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում, հասկանում, որ ստեղծված իրավիճակում մենք էլ չգիտենք, թե ինչպես վարվել, բայց անգամ մեկ օր մեր հիմնարկի դուռը փակ չի եղել: Երբ որևէ խնդիր է եղել, զանգել են, դիմել են, մենք էլ որքանով այդ պայմաններում կարողացել ենք՝ միջամտել ենք: Մյուս կողմից, պետությունն էլ 20-ից ավել աջակցության փաթեթներ ներկայացրեց, սակայն ոչ մեկում մենք ներառված չէինք:

Պետությունն ինչոր չափով աջակցություն տվեց, իսկ բնակվարձերի գանձումները շարունակվե՞լ են

— Տեսեք, եթե բանկային արձակուրդներ սահմանվեցին, ապա դրանից հետո պարտադիր գանձումներ եղան: Մեր դեպքում՝ 2-3 ամիս բնակվարձեր համարյա չեն վճարվել, իսկ ծախսերը, որոնք մենք պարտադիր պիտի անեինք՝ այդ թվում նաև աշխատավարձերը, ստիպված եղանք ծախսել բանկերում ի պահ տրված «սև օրվա» գումարները: Մենք ձմեռվա ընթացքում միշտ կուտակումներ ենք ունենում, իսկ սեզոնը բացվելուն պես, այդ կուտակումներից օգտագործում ենք տարբեր ծրագրեր ու պլանային աշխատանքներ իրականացնելու համար: Պետությունը մեզ չաջակցեց, մեզ համարեցին որպես չտուժած կողմ:

Իսկ հակահամաճարակային, հականեխման գործողություններ Ձեր գործառույթներում չպիտի՞ լինեին:

— Երբ կարանտինային իրավիճակը սկսվեց, մենք ուզեցինք օգնության ձեռք մեկնել. ձեռք բերեցինք քլորի որոշ քանակություն, համապատասխան սարքավորումներ, սկսեցինք ախտահանման աշխատանքներ իրականացնել: Մոտ 100 մուտք ենք ախտահանել: Հետո մեզ համար ճշտեցինք, որ իրավունք չունենք քլորով այդպես աշխատելու, այն շատ վտանգավոր կարող էր լինել: Դիմեցինք Սանէպիդ, մարզպետին, որ հասկանանք, թե ինչպես շարունակել նպաստավոր լինել, ի վերջո, այդ գործառույթները դրվեցին քաղաքապետարանի վրա:

Եվգարունն ու ամառը վրա հասան ուժգին քամիփոթորիներով ու հորդառատ անձրևջրհեղեղներով:

— 1 վայրկյանում 20 մետր արագությամբ քամիներ եղան, որոնց պատճառով պոկվեցին կտուրներ, կտուրի հատվածներ. 100-ից ավել նման դեպքեր են արձանագրվել: Եվ սա հետաձգելու աշխատանք չէր. դրանց ուսումնասիրման ու ամրացման աշխտանքներին լծվեցինք: Ու, եթե սկզբում 110 դեպք էինք արձանագրել, հետագայում այն վերաճեց 150-ի, մարդիկ աստիճանաբար պարզեցին, մանավանդ՝ անձրևից հետո, որ իրենց կտուրներն էլ են վնասված եղել: Իսկ տեղումների մակարդակը քանի որ շատ էր, ջրատար խողովակները ջրի հոսքից տրաքվում, պոկվում էին: Պարզ է, որ սա աղետ էր, ֆորս-մաժորային իրավիճակ էր… Եվ քաղաքում չեղավ մի բնակարան, տուն, որ իր վրա չզգած դրա հետևանքները: Այս վնասները ևս հաշվարկվեցին, ներկայացվեցին քաղաքային, ապա մարզային իշխանություններին, վերջինս էլ ներկայացնում է  կառավարություն: Թե որքան է կազմել ընդհանուր վնասի չափը, ինչ գումարների մասին է խոսքը, ես չգիտեմ, բայց մեր քաղաքապետն իր ուշադրության կենտրոնում առավ այն և, ինչպես գիտեք Ավագանու վերջին նիստին 2 միլիոն 225 հազար դրամ հատկացրեց մեր համատիրությանը: Շնորհակալ ենք, սակայն, հավատացեք, և փաստեր էլ ունենք, որ այս վնասների և կատարված աշխատանքների համար գոնե կրկնակին էր անհրաժեշտ: Ինչու եմ ասում՝ փաստեր, որովհետև, գաղտնիք չէ, որ «պղտոր ջրում ձուկ որսացողները» միշտ եղել են ու կան, ու փորձում էին դրամական օգնություններից օգտվել, բայց գոնե մենք պարտադիր, գնում, դիմում-բողոքները տեղում ուսումնասիրում էինք: Մի նկատառում անեմ. ամեն տարի մի ուժգին քամի լինում է, և վերջին քամին, եթե մի քանի շենքի կտուր վերջնական պոկեց, չմոռանանք, որ մի քանիսիսնն էլ խարխլեց, որովհետև փորձը ցույց է տվել, որ տարիների ընթացքում, ամեն մի անսովոր եղանակային պայման թողնելով իր ազդեցությունը, բերում, հանգեցնում է մեծ վնասի: Իսկ Գյումրիում շենքեր ունենք, որ 100 տարվա պատմություն ունեն: Եվ այս շենքերի խնդիրն առաջնահերթ պետք է լուծել: Գրել ենք, բոլոր դեպքերի ժամանակ էլ ցուցակ ենք ներկայացրել, բայց սա 2-րդ դեպքն է, որ քաղաքապետարանը մեզ հատուցում է: Եթե հատկացում չանեին, ի՞նչ պիտի անեինք. մենք պատվով ենք դուրս եկել, մեր պահուստային գումարներից կարողացել ենք ահազանգերով գնալ: Մի սուբսիդիոն ծրագիր ունենք, որը կառավարությունն է իրականացնում՝ հին կտուրների վերանորոգման համար. մեզ 10 մլն հատկացվել է՝ 5 շենքի կտուր վերանորոգելու համար (Գործարանային նրբ. 65, Խրիմյան Հայրիկ 40, Մուսայելյան 167 շենքերը, 2 հատն էլ 9-հարկանիներն են), շնորհակալություն: Բայց մենք լուրջ խնդիր ունենք, որի համար հատուկ եմ ուզում բարձրաձայնել. բարձրահարկ շենքերի վրա աշխատելու համար մենք չունենք հատուկ տեխնիկա, ոչ «վիշկա» կա, ոչ՝ ամբարձիչ, չկան ապահովիչ պարաններով հարմարանքներ, մինչև Երևան գնացել եմ, փորձել ճարել… Ստիպված եմ դիմելու ԱԻՆ նախարարին, չգիտեմ, ինչպես պետք է այդ հարցերը լուծել: Ինչ խոսք, քննադատաբար չեմ մոտենում ոչ մարզային, ոչ քաղաքային իշխանություններին, քանզի լավ հասկանում եմ, թե ինչ հնարավորություններ ունեն, բայց չխոսել քաղաքի 88-115 վթարային, 3-րդ աստիճանի շենքերի մասին՝ ուրեմն գործից չհասկանալ է նշանակում: Սրանք պետական հոգածության ներքո են, բայց այս տարիների ընթացքում պետությունը չունեցավ հնարավորություն, որ անդրադառնար այս շենքերին: Իսկ բնակիչները մեզ են դիմում, մեզանից են պահանջում: Եթե այս շենքերի խնդիրները լուծվեն, մենք գոնե մի քիչ շունչ կքաշենք:

Էլ չենք խոսում նորակառույց շենքերից, որոնցում անպարտաճանաչ, անբարեխիղճ շինարարություններ են ընթացել

— Ինչ խոսք, եթե աշխատակազմն ընդլայնելու հնարավորություն ունենանք, պակասող, անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերենք, գումար տան, մենք այս հարցերը ավելի լայն թափով կկարողանանք կարգավորել: Առանց այդ հնարավորություններն ունենալու, վերջին 6 տարում շատ-շատ շենքերի կտուրներ ենք փրկել: Կտուրներից ենք հաճախ բարձրաձայնում, որովհետև շենքերի շատ խնդիրներ կտուրներից են սկսվում: Իսկ էն հարթ կտուրներն էլ, որ թեք կտուրներով փոխվեցին, այ, Ձեր ու իմ ասած՝ անբարեխիղճ շինարարի պատճառով էր, որ քամին պոկեց ու մի քանի հարյուր մետր նետեց:

Ասում են, թե կոմունալ ոլորտում աշխատակիցներ են պահանջվում. արտագնա աշխատանքի չմեկնածներից փորձե՞լ են Ձեր մոտ աշխատանք փնտրել:

— Ոչ: Կամ առիթն են օգտագործում՝ հանգստանալու, կամ իրենք ռուսաստաններում ավելին են վաստակել (չհաշված ծախսերն ու քաշվելները): Մոտ 6 ամիս աշխատակիցներ էին պահանջվում…

Կներեք համեմատության համար, բնակիչհամատիրություն հարաբերությունները լսելիս, հավի ու ձվի պատմությունն ես անկախ քեզանից պատկերացնում. բնակիչն ասում է՝ թող գան սարքեն, ես էլ վարձը տամ, համատիրությունն ասում է՝ թող վճարեն, մենք էլ գանք սարքենք:

— Ես Ձեզ հիմա ցուցակներ ցույց տամ, ու Դուք տեսեք, թե բնակիչների պարտքերի հանրագումարն ինչ թիվ է կազմում: Վերջիվերջո, մինչև պահանջելը, պարտավորություններ կան: Անվանական չասեմ, բայց շենքեր ու բնակիչներ կան, որ «հոր արևով երդվել են»՝ չվճարելու, աշխարհի բարիքների տեր են, 10 դրամ չեն տալիս, իսկ մարդիկ էլ կան, որ խեղճ ու կրակ ապրուստի մեջ են, պարտաճանաչ վճարում են, որ անգամ չես ուզում ձեռքերից վերցնել:

Օրենքն ինչպիսի՞ կարգավորումներ ունի նման դեպքերում:

— Երկու ամիս վարձավճար չվճարողներին կարող ենք դատի տալ… Բայց… կան, որ 10 տարի է՝ չեն վճարում: