Հարցազրույց Շիրակի մարզպետ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
— Պարոն մարզպետ, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է մարզում կարանտինային վիճակը:
— Ինչպես գիտեք, ՀՀ պարետի որոշմամբ, համապատասխան սահմանափակումներ էին մտցվել, չնայած ընթացքում մեղմացվեց, բայց կորոնավիրուսի ավելի շատ տարածման հետ կապված նոր մոտեցումներ են ֆիքսվել, որտեղ հիմնական կոմպոնենտներից մեկը արդեն հաստատված դեպքերի հետ աշխատանքներն են. մինչ հիմա հաստատված բոլոր դեպքերը պիտի լինեին հսկողության ներքո: Այս ընթացքում ձևաչափը փոխվեց. քանի որ աճ գրանցվեց, իսկ առողջապահական հիմնարկներում մահճակալային տեղերը և բժշկական սարքավորումները սահմանափակ թվով էին, ստիպված հիմնականում ֆիքսվեց առողջական բարդ խնդիրներ ունեցողներին պահել առողջապահական հիմնարկներում, իսկ ասիմպտոմ հիվանդներին նշանակել ինքնամեկուսացում: Նաև, երբ մինչ այդ ամբողջ կոնտակտային շրջանակն էր նմուշառվում, հիմա այն ավելի սահմանափակ թվով է իրականացվում: Երկիրն այս ընթացքում բաժանվեց 100-ից ավել աշխատանքային գոտիների, որտեղ յուրաքանչյուրն ունի իր առողջապահական, ոստիկանական, ԱԻՆ պատասխանատուները, ովքեր իրականացնում են գործառույթներ՝ վիրուսակիրների հայտնաբերում, մեկուսացում, կապ ինքնամեկուսացվածների հետ և այլն: Սա առաջին հատվածն էր: Հետագայում երկրի տնտեսական խնդիրն էր և թույլատրվեց տնտեսական գործառույթների իրականացում, բացառությամբ կրթական, և երեխաների հետ ուսուցման կենտրոնները: Սակայն այս ամենին զուգահեռ, իհարկե, շատ կարևոր էր, որ յուրաքանչյուր քաղաքացի որոշակի վարքականոնի հետևի, անձնական պատասխանատվություն վերցնի՝ կատարելով պարետատան ցուցումները, այն է՝ դիմակ-ձեռնոցի կրումը, ախտահանումը, ձեռքերի հաճախակի լվացումը և սոցիալական հեռավորության պահպանումը: Այս պահին ոստիկանությունն ու տեսչական մարմիններն են իրականացնում այս գործառույթները, իրազեկման աշխատանքներ են տանում և պիտի ասեմ, որ վարքագծային փոփոխություններ բոլորի մոտ չէ, որ նկատվում է, արդեն 112 անհատի վարչական խախտումներ է ֆիքսվել: Տեսչական մարմիններն եղել են մարզի բոլոր տեքստիլ, մանվածքային ոլորտի տնտեսվարողների մոտ, ֆիքսել են կարանտինի թուլացումների հետևանքով բացթողումներ: Ուղղորդել են ճիշտ գործառույթներ իրականացնել: Փորձում ենք անել ամենը, որպեսզի նվազագույն տեմպեր պահպանենք, որ առողջապահական համակարգը կարողանա դիմակայել այս իրավիճակին:
— Խոսակցություններ են պտտվում, թե իբր Գյումրիում մեծ թվով վարակակիրներ են մեկուսացված…
— Ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 30-ի դրությամբ ունենք 79 քաղաքացի, որից 30-ը Շիրակի մարզից, այդքան էլ տներում՝ ինքնամեկուսացման մեջ: Ֆիքսված բոլոր դեպքերի քանակն այն թիվն է, որը ներկայացվում է պաշտոնապես: Եթե կարծիք կա, թե կա քանակ, որ իրականում ավելի շատ է, և պաշտոնական վիճակագրության մեջ չեն երևում, կամ չեն թեստավորվել, կամ ապացուցված չեն, ընդամենը դրանք խոսքերի մակարդակում են:
— Կարանտինի պատճառով ի՞նչ ծրագրեր կասեցվեցին:
— Մեծ ծրագրեր կային քաղաքաշինության ոլորտում, սակայն դրանք այս պահին կասեցված չեն, նման խոսակցություն էլ չկա: Հնարավոր է՝ ժամանակի հետ խնդիր լինի: Մեծ ծավալ էր կազմում ճանապարհաշինությունը և շուտով արագ տեմպերով կմեկնարկի Գյումրիում, Գյումրի-Արմավիր մայրուղում՝ Բագրավանի հատվածում արդեն մեկնարկել են: Սուբվենցիոն հայտերն արդեն ներկայացվել են Տարածքային նախարարություն, շուտով նաև այդ աշխատանքները կմեկնարկեն: Մասնավոր սեկտորում, իհարկե, որոշակի խնդիրներ կան, հատկապես զբոսաշրջության ոլորտում՝ հյուրանոցային և հյուրատնային կառուցապատման ոլորտում, բնականաբար, այս իրականությունում շատ տնտեսվարողների համար այն իրականացնելը բավականին բարդ է:
— Ի՞նչ կարծիքի եք, գոնե հնարավո՞ր է ներքին տուրիզմի աշխուժացումը:
— Մի քանի օր առաջ մարզպետարանում հանդիպում եմ ունեցել տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք հենց այդ թեման, թե ինչպես բարձրացնել մարզի տեսանելիությունը, գրավչությունը, ինչ լրացուցիչ գործառույթների կարիք կա, ինչպիսի՞ առաջարկներ ունեն: Ամառային շրջանը սկսվում է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տուրիստական այն պոտենցիալը, որ կա մեր մարզում, մաքսիմալ ռեալիզացնի իր հնարավորությունները և կարևոր է, որ անվտանգության նորմերի ու երաշխիքների լուրջ հավաստումներ ունենանք: Ինչ խոսք, հասկանում ենք, որ բոլորի համար, մանավանդ հիմա, կարևորվում է մաքուր բնությունը և անվտանգությունը և իմ կարծիքն է, այս տեսանկյունից ավելի մեծ հնարավորություններ կունենան բնությամբ հարուստ միջավայրերը:
— Վերջին ուժգին քամիները մեծ վնաս հասցրեցին մարզի բնակավայրերին. հաշվվե՞լ է վնասի չափը, ինչպիսի՞ օժանդակություն կարող է ցույց տալ պետությունը:
— Մայիս 22-ին և 25-ին ուժգին քամիները, նաև 24-ի տեղումները լուրջ վնաս հասցրեցին մեր մարզին: Համայնքային խմբերը, մարզպետարանի ձևավորած աշխատախումբը գնահատել են վնասները, այն աշխատանքները և ռեսուրսները, որոնք կարող ենք տեղային ուժերով իրականացնել, կանենք, իսկ այն վնասները, որը մեր ուժերից վեր է՝ 4 դպրոցների, բազմաբնակարան շենքերի ամբողջական կտուրները, խնդիրները ներկայացրել ենք Տարածքային կառավարման նախարարություն, ակնկալում ենք, որ կառավարությունը կաջակցի:
— Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է մարզի տնտեսական վիճակը, և զարգացման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:
— Այն ոլորտները, որոնք հիմնական էին՝ օրինակ, գյուղատնտեսությունը, բավական ակտիվության մեջ է: Շուտով կգնահատենք, թե ինչ ծավալի ցանքատարածություններ ունենք: Դուք արդեն անդրադարձել էիք այս թեմային, որ արտագնա աշխատանքի գնալու հնարավորություն չունեցող քաղաքացիները, հատկապես, գյուղաբնակները, մնալով՝ օգտագործեցին իրենց հողը, և սա ընդհանուր ծավալների աճ է կանխատեսում: Քաղաքաշինական առումով արդեն նշեցի, որ պլանավորած աշխատանքների ծավալները կշարունակվեն: Առևտրի ոլորտում արդեն ակտիվություն է նկատվում, սահմանափակումները դուրս են եկել: Մի քանի օր առաջ Արթիկի ելակի ջերմոցում էի, որը լուրջ ծավալներ էր արտահանում Ռուսաստան և Եվրոպա: Քննարկումը ցույց տվեց, որ ժամանակավոր խնդիր են ունեցել՝ այլ պետությունների սահմանափակումների հետ կապված, բայց շատ արագ այդ խնդիրը լուծվել է:
— Իսկ տեղեկություն ունե՞ք, թե քանի՞ բիզնես փակվեց ընդհանրապես:
— Ամբողջական տեղեկություն չունեմ, սակայն ժամանակավոր դադարեցման մեջ գտնվող տնտեսվարողներ կան, որ սպասողական ռեժիմում են, հատկապես այն կազմակերպությունները, որոնք արտաքին աշխարհի հետ հարաբերությունների տիրույթում են:
— Տնտեսության մասով խոսեցինք, բայց նաև կարևոր է ներդրումային ոլորտը:
— Ակնկալում ենք, որ այս իրավիճակից ավելի կայուն վիճակի անցնելու պարագայում մեր մարզում հետաքրքրություն ունեցող հեռանկարային ծրագրերը շարունակվելու են: Շարունակվելու է Հյուսիսային մաքսատան կառուցումը, դիտարկման փուլում է «Բարեկամության այգու» հետ կապված պետական որոշակի մասնակցության խնդիրը, մարզում մի շարք մշակութային, պատմական արժեք ունեցող շենքերի վերականգնման, միջավայրերի վերակառուցման կամ համալրման հետ կապված նախապատրաստական գործընթացներ են իրականացվում: Նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները, որոնք հրաժարվեցին ԲԳՎ-ներից, կառավարությունը «Ֆուլեր» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ գումարները փոխանցեց, որպեսզի այն սեփականատիրոջ հետ զուգահեռ իրականացնի տան կառուցապատումը: Կարևոր ծրագրերից մեկն էլ Կապսի ջրամբարի շինարարության հարցն է, որը թե՛ աշխատանքային ծավալների, թե՛ մեր մարզի, երկրի ջրային անվտանգության խնդիրները լուծելու տեսանկյունից խիստ կարևոր նախաձեռնություն է:
Պիտակներ՝ #covid_19