ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

Գյումրեցի Ալեքսանդր Կիրակոսյանը սահմանել է աշխարհի 4 ռեկորդ

«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն հերթական անգամ համալրվել է մեր համաքաղաքացի, Գյումրու «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, 58-ամյա Ալեքսանդր Կիրակոսյանի սահմանած միանգամից 4 ռեկորդներով:

Նշենք, որ 2016 թվականին Ալեքսանդր Կիրակոսյանը սահմանել էր 2 ռեկորդ, որոնք էին. 1 ժամում 16 կիլոգրամանոց կշռաքարերը երկու ձեռքով 2780 անգամ բարձրացնելը, որով նա շրջանցել էր բելառուս Վյաչեսլավ Խորոնեկոյի սահմանած ռեկորդը, ինչպես նաև ռեկորդ էր սահմանել որովայնի արտակորում ու ներկորում վարժությունում. Կիրակոսյանը 10 րոպեի ընթացքում 144կգ ծանրությունով վարժությունը կատարել էր 101 անգամ:

Իսկ մինչ այդ, 2012 թվականին Կիակոսյանն արձանագրել էր համաշխարհային ռեկորդ. 16կգ 150 գրամ քաշ ունեցող կշռաքարը մեկ ժամվա ընթացքում անընդմեջ բարձրացնելով 1816 անգամ:

Մինչ Ամանորը, ընկեր Սաշիկը (նրան բոլորն այդպես են անվանում), իր աշխատասիրությամբ ու հոգացածությամբ վերականգնած մարզադպրոցում, մեծաթիվ ներկաների և հատուկ հանձնաժողովի ներկայությամբ կրկին զարմացրեց ներկաներին՝ սահմանելով հերթական ռեկորդները. կշռաքարերը ասես խաղալիքի թեթևությամբ, վարպետորեն աշխատեցնելով: Ընկեր Սաշիկի նպատակն էր գերազանցել Վյաչեսլավ Խորոնեկոյի մյուս ռեկորդը ևս. 16 կգ-ոց կշռաքարով վարժությունը պետք է կատարեր մեկ ձեռքով՝ քարը բարձրացնելով 73-ից ավելի անգամ (սա Խորոնեկոյի սահմանած ցուցիչն էր): Ընկեր Սաշիկը վարժությունը կատարեց 81 անգամ՝ այդպիսով սահմանելով նոր ռեկորդ:

Կիրակոսյանին հարցնում եմ, թե Խորոնեկոն մի՞թե 1998-ին սահմանած ռեկորդներից հետո չէր փորձել նոր ռեկորդներ սահմանել կամ գերազանցել սեփական ռեկորդը:

— Խորոնեկոյին ուսումնասիրելով, գիտեմ, որ նա ունի բնավորություն՝ սահմանելու բազմաբնույթ ռեկորդներ: Ենթադրենք, նույն 16կգ կշռաքարը նա մեկ կանգնած դիրքից է բարձրացնում, մեկ շպագատ իջած դիրքից է բարձրացնում, մեկ ջրի տակ է բարձրացնում: Այսինքն, նա բազմազան ռեկորդների հեղինակ է:

Բայց, հիմա, որ Դուք նոր ռեկորդ եք սահմանել, այս պահի դրությամբ, Դուք եք ռեկորդակիրը:

— Գիտե՞ք ինչ, «ես» հասկացողություն, գոնե ինձ համար, գոյություն չունի: Եթե մարդն ասում է «Ես արեցի», ապա նա ուղղակի եսասեր է, էգոիստ: Ցանկացած հասարակական գործողության մեջ կա մի քանի մարդու մասնակցություն. այս պարագայում դա միայն իմը չէր, այլ մի որոշ մասը ես արեցի, մի մասն այն բժիշկն արեց, որը զբաղվում էր ինձանով, այն մյուս մասն արեցին իմ մտերիմները, ովքեր ինձ ոգեշնչում էին, ոգեպնդում էին, հավատում էին…

Դուք համեստություն եք անում: Բայց, այդուամենայնիվ, կշռաքարերը բարձրացնելիս Դուք միայնակ էիք

— Ոչ, իրականությունն այն է, որ ամեն ինչի տերը Ամենակարող Տեր Աստվածն է:

Ախ հա՜, մի պահ մոռացել էի, որ Դուք կյանքին նայում եք սեփական խոհափիլիսոփայության տեսանկյունից:

— Այո: Ինձանից անցել է մարզվել՝ մարզվել եմ, չեմ ծուլացել, նպատակ եմ դրել, չեմ թերացել, իսկ մնացածի տերը, ինչպես հայտնի խոսքում է ասվում. «Մարդը ենթադրում է, Աստված՝ կարգադրում»:

Լավ, այդ դեպքում անդրադառնանք այն 4 ռեկորդներին, որոնք սահմանվեցին վերջերս:

— Մենք որոշեցինք գերազանցել Խորոնեկոյի բազմազան ռեկորդներից մի քանիսը: Ռեկորդ համար 1. մեկ րոպեում ձեռքից ձեռք փոխանցումով մեկ 16կգ կշռաքարը բարձրացնել որքան հնարավոր է շատ: Խորոնեկոն գրանցել էր 73 անգամ, այն գերազանցվեց 8-ով, այսինքն կատարվեց 81 անգամ: Ռեկորդ համար 2. երկու կշռաքարերով 73-ը գերազանցվեց և հասցվեց 76-ի: Սա, իմ կարծիքով, ամենածանրն էր: Հետո նա ուներ ռեկորդ. 3 րոպեում 193 անգամ մեկ 16կգ կշռաքարը ձեռքից ձեռք փոխանցելով, բարձրացում: Մենք այդ ռեկորդը սահմանեցինք 201: Եվ վերջինը՝ 3 րոպեի ընթացքում 2 կշռաքարերը երկու ձեռքով բարձրացրեցի 250 անգամ: Սա, կարծում եմ, մեր սեփական ռեկորդն է, որովհետև ուրիշ ոչ մի տեղ այդ մասին տեղեկություն չկա: Մենք հանձնաժողովի եզրակացությունները ներկայացրեցինք Երևան՝ «Դյուցազնագրքի» կոմիտե, և Վարդան Թովմասյանն ընդունեց և այդ ռեկորդները գրանցվեցին:

Իսկ հետո՞Ի՞նչ ռեկորդներ եք պատրաստվում սահմանել:

— Ուզում եմ 10 րոպեի ընթացքում ձեռքից ձեռք 16կգ-ոց կշռաքարի փոխանցման ռեկորդի վրա աշխատել, որի ոչ պաշտոնական, մարզումային տեսագրությունը տեսել եմ մեկ այլ բելառուսի՝ Վյաչեսլավ Սիտնիկովի մոտ, որը 10 րոպեում կատարել է 618 անգամ: Ահա սրա վրա ենք կենտրոնացել, և կփորձենք այն գերազանցել:

Ս.Մ.