ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրիում այս տարի մեծ թափով ծառատունկ կիրականացվի

Հարցազրույց “Գյումրու կոմունալ ծառայություն” ՀԲՀ տնօրեն ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

Պարոն Սամսոնյան, արդեն գարնան շունչը զգացվում է: Քաղաքը կարծես կամացկամաց բարեկարգվում է, ամենակարևորը՝ կտրվում ենք ցեխից ու փոշուց, բայցԽոսենք այն մասին, թե ինչ ծրագրեր են նախատեսվում՝ քաղաքի կանաչ ֆոնդն ավելացնելու ուղղությամբ:

—  2020թ. պլանավորել ենք կապիտալ վերանորոգված՝ Երևանյան խճ., Գ.Նժդեհ, Տիգրան Մեծ, Վ.Սարգսյան փողոցներում, մոտ հաշվարկներով, 800 ծառ է անհրաժեշտ: Նաև Բուլվարայինը «Մուշ»-ին կապող հատվածը սևահողով է ծածկվելու, և այդ տարածքում շատ ծառեր են տնկվելու:

Իսկ ի՞նչ ծառատեսակներ են նախատեսված:

— Գնդաձև ակացիաներ: Տարածքային կառավարման նախարարությանն ենք դիմել, որպեսզի մեզ այդ ծառերից տրամադրեն, դրանք և՛ գեղեցիկ են, և՛ շատ չեն բարձրանում: Մենք համոզվել ենք, որ հատկապես քաղաքի կենտրոնական հատվածներում բարդիները խնդիրներ են առաջացնում ու նման ծառատեսակ չպիտի լինի: Ե՛վ բարձրությամբ է խոչընդոտ հանդիսանում, և՛ բամբակատվությամբ է խնդիրներ առաջացնում: Նման ծառատեսակ կարելի է ունենալ ծայրամասային հատվածներում՝ քամիները պահելու, նաև քաղաք մտնող օդը մաքրելու համար:

Քաղաքը չունի ոռոգման ցանց, այդ խնդիրը ինչպե՞ս է լուծվելու:

— Իրոք, ոռոգման ցանցի բացակայությունը դժվարացնում է կանաչապատ տարածքները պահպանելը և հույսը դնել միայն ջրցանների վրա, այնքան էլ օգտակար չէ: Ոռոգման ցանցի հետ կապված՝ Մարմաշենի խճուղուց սկսվող տեղ կա հատկացված, խողովակաշար ունենք պահեստավորած, երբ եղանակային պայմանները հնարավորություն տվեցին, մենք դրանք կսկսենք տեղադրել: Այնտեղ կա ռուսական այգի, այն ևս հնարավոր կլինի ներառել ոռոգման ցանցի մեջ: Կփորձենք այսպես, փոքր հատվածներով, խնդրին մասնակի լուծում տալ:




Ես չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ, երբ քաղաքի փողոցները ասֆալտապատվեցին, հնարավոր չեղավ զուգահեռաբար ոռոգման նոր ցանց անցկացնելը:

— Ճիշտն ասած, երկրաշարժից հետո՝ տարիների ընթացքում ոռոգման ցանցն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, իսկ նորն անցկացնելու համար հսկայական գումարներ է անհրաժեշտ: Տեսեք, երկրաշարժից առաջ, քաղաքի մուտքից՝ Մայիսյանի ջուրը վերցվել և բաշխվել է: Հիմա այդ ցանցը լրիվ շարքից դուրս եկած է: Եթե ուզենանք, պետք է այդպես փողոցները նորից քանդելով, հսկայական գումարներ ծախսենք:

Ստացվում է, պիտի այնպիսի ծառեր տնկենք, որ ջրի կարիք քիչ ունենան, ու բավարարվեն բնության պարգևած անձրևաջրերով:

— Կաշխատենք այնպիսի ծառեր ու թփեր տնկել, որոնք դիմացկուն կլինեն մեր կլիմայական պայմաններին: Բայց նաև մենք լուրջ խնդիր ունենք՝ կապված բնակչության վերաբերմունքի հետ: Օրինակ, «Մուշ» թաղամասում տնկումներ արեցինք, որոշ ժամանակ անց վերացրել էին… Անշուշտ, պետք է բնակչությանը սովորեցնենք, որ որքան ուշադիր ու հոգատար լինեն բնությանը, այնքան օգուտ է լինելու:

Մոտ երկու տարի առաջ, մշակույթի բաժնի նախկին պետը հայտարարեց, որ բանակցություններ են ունեցել և Երևանյան խճուղու սկզբնամասում՝ քաղաքի մուտքից, շուրջ 1000 հատ ճապոնական սակուրաներ պիտի տնկվեին:

— Բանն այն է, որ երբ այդ տարածքում տուաներ տնկեցինք, անհետացան… տարան… Իսկ սակուրան բավականին թանկ է, Գյումրիում դեռ հարց է նրանց կպչունակությունն ու բարգավաճումը:

Կարծեմ, Ճապոնիայի դեսպանատունն էր խոստացել տրամադրել սակուրաներ: Եվ, երբ պատկերացնում եմ, շատ գեղեցիկ կլիներ, հատկապես ծաղկման շրջանում:

— Իրենք տվեցին սակուրաներ, տնկեցինք «Էմիլի Արեգակ» կենտրոնի այգում, որ պահպանվեն: Ինչ խոսք, շատ գեղեցիկ են, սակայն կարևոր է մասնագետների կարծիքը, որպեսզի փաստարկեն, թե Գյումրիի կլիմային որ ծառատեսակներն են կայուն:

Կարծում եմ, որ մեր քաղաք պետք է հրավիրել լանդշավտային դիզայներ, որն իր պրոֆեսիոնալ նախագծումով գեղեցիկ լուծումներ կառաջարկի:

— Մենք բաց ենք, փնտրտուքի մեջ ենք, ցանկացած քաղաքացի, եթե կունենա նման առաջարկ, պատրաստ ենք արձագանքելու:

Գիտեմ, որ Գերմանիայի Դաշնության պատվո հյուպատող Ալեքսան ՏերՄինասյանը նման առաջարկ արել էր, և կարող է Գերմանիայից մասնագետներ հրավիրել:

— Շատ լավ, մենք կկապվենք նրա հետ և կքննարկենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին։ Արդյո՞ք այս ուղղությամբ արդեն պլանավորումներ ունեք: Համապատասխան տարածք նախատեսե՞լ եք: Եվ քանի՞ ծառի տնկման հնարավորություն եք տեսնում:

— Անտառաշերտ տարածքներ, ցավոք, մեր քաղաքը 1-2 ունի: Դրա համար փորձում ենք Բուլվարայինից «Մուշ» տանող ճանապարհահատվածում 7-10 հեկտար անտառ հիմնել: Եթե բնակչության միջին թվով մոտ100 հազար ծառ հաշվարկենք, սա անհնարին է՝ նախ տարածքի մասով, հետո՝ խնամքի, ի վերջո, այդ ծառերը պետք է ջրել… Բայց, այդուամենայնիվ, փորձում ենք լուծում գտնել:

Կանաչապատումից զատ, մեկ հարցի էլ անդրադառնանք, եթե, իհրակե, այն Ձեր բաժնի իրավասության տակ է: Տարիներ շարունակ այդ հարցը բարձրաձայնել եմ. արդյո՞ք հնարավոր չէ, որպեսզի մեր այն շենքերին, որոնց արտաքին ֆասադը, մեղմ ասած, աչք չեն շոյում, մարդու աչքն ու սիրտը զվարթացնող գունային լուծում տալ:

— Գունավորման ուղղությամբ քննարկումներ եղել են, բայց… Տեսեք, մենք այս տարի արդեն նախագծել ենք շենքերի պատշգամբներին ծաղկամաններ ամրացնել: Կփորձենք բնակիչների հետ հանդիպում կազմակերպել, նրանց մնում է միայն երբեմն ջրել: Գունավորման համար էլ, շատ ճիշտ եք, գուցե փորձենք փողոցաշինական ծրագրին զուգահեռ, դրական հույզեր առաջացնող գույներով ներկել շենքերը:

Կարելի է նույնիսկ երիտասարդ ստեղծագործողներին ներգրավել. կարող են գեղեցիկ, խորհրդանշող, տպավորիչ նկարներ նկարել:

— Առաջարկն ընդունելի է, կփորձենք: Բացի այս, մենք բավական թվով արդեն խաղահրապարակներ ենք հիմնել, նստարաններ դրել: Ուզում ենք ամեն ինչ անել, որ մարդիկ իրենց տներից դուրս գան, հաճելի ժամանակ անցկացնեն: