ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Գյումրիում բացվեց Սարյանի ջրաներկերի ցուցահանդեսը՝ աշխարհի 13 երկրներից ժամանած վարպետների մասնակցությամբ

Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում սեպտեմբերի 28-ին մեծ հանդիսավորությամբ բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի ցուցահանդեսը, որին ներկա էին բազմաթիվ արվեստասերներ, արտերկրից ժամանած հյուրեր, ինչպես նաև Սարյանի, Ավետիք Իսահակյանի և Մինաս Ավետիսյանի ժառանգները։ Միջոցառման կազմակերպումը նշվեց որպես բացառիկ մշակութային իրադարձություն։

Համայնքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի խոսքով` այս ցուցահանդեսը հնարավոր է դարձել Գյումրու քաղաքապետարանի, «Արվեստա» ընկերության, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Ազգային պատկերասրահի համագործակցության շնորհիվ:

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը միջոցառումը անվանեց աննախադեպ իրադարձություն՝ ընդգծելով, որ ցուցահանդեսին ներկայացված են Մարտիրոս Սարյանի ավելի քան 30 ջրաներկ աշխատանքներ և 4 դիմաքանդակներ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Գյումրի։ Ցուցադրությունը ներառում է նաև Սարյանի վաղ շրջանի «Հեքիաթներ և երազներ» շարքի գործերը, ինչպես նաև «Ալմաստ» օպերայի ձևավորումները։ Այս նկարներից յուրաքանչյուրը բացահայտում է Սարյանի յուրահատուկ մոտեցումը բնության և գույնի նկատմամբ։ Ջրաներկերը, թափանցիկ և միևնույն ժամանակ ուժեղ գունային արտահայտություններով, արտացոլում են Սարյանի արվեստի այն կողմը, որը հաճախ մնում է ավելի քիչ հայտնի՝ նրա յուղաներկ գործերի կողքին։

Ցուցահանդեսին ներկա էր նաև Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի ծոռնուհին՝ Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, որը մեծ հպարտությամբ նշեց, որ թե՛ Մարտիրոս Սարյանը, թե՛ Ավետիք Իսահակյանը և նաև իր հայրը՝ Ավիկ Իսահակյանը Գյումրու պատվավոր քաղաքացիներ են: Նրա խոսքով, գյումրեցիները մեկ ամսվա ընթացքում կունենան բացառիկ հնարավորություն՝ վայելելու մեծ վարպետի գլուխգործոցները, քանի որ թանգարանից Գյումրի է բերվել 20 աշխատանք, իսկ Ազգային պատկերասրահից՝ 10։ Ցուցահանդեսը Գյումրիի համար դառնում է ոչ միայն մշակութային կարևոր իրադարձություն, այլև յուրահատուկ կամուրջ՝ կապելով անցյալն ու ներկան, ընձեռելով եզակի հնարավորություն՝ վերագտնելու Մարտիրոս Սարյանի ջրաներկ արվեստը։

Ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ՝ հնարավորություն տալով բոլոր արվեստասերներին ծանոթանալու Սարյանի ստեղծագործություններին, սա եզակի հնարավորություն է, հատկապես, երբ մուտքն ազատ է։

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Լրագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի