Հարցազրույց «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ տնօրեն ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Սամսոնյան, տարիներ շարունակ բնակիչը բարձրաձայնում է Գյումրու կանաչապատ տարածքների հարցը, հասարակական պետքարանների հարցը, հիմա էլ ծագել է թափառող շների խնդիրը…
— Ձեր նշածների հետ համամիտ եմ: Քաղաքային զուգարանների հարցը կբարձրաձայնեմ ղեկավարության մոտ, չնայած դա մեր լիազորությունների տիրույթում չէ, ինչպես և շների հարցը: Մենք պատասխանատու ենք կանաչապատման, բարեկարգման, աղբահանության, սանմաքրման համար: Ինչ վերաբերում է կանաչապատմանը, ապա բավական լավ նորություններ կհայտնեմ…
— Մինչ այդ, կուզենայի նշել այն հանգամանքը, որ նկատելի է աղբահանության աշխատանքը, սակայն որոշ անբարեխիղճ բնակիչների «շնորհիվ», նաև թափառող շների պատճառով ձեր բաժնի աշխատանքն ասես ջուրն է լցվում:
— Իրոք, դա այդպես է: Բնակիչը կենցաղային աղբը թափում է այն աղբամաններում, որոնք նախատեսված են ծխախոտի ու փոքր ծավալի աղբի համար: Եվ այո, շները մեզ համար ևս խնդիր են, տարածում են աղբը:
— Երևի բնակչի հետ աշխատանք տանելու այլ տարբերակ չի մնում, քան, այսպես ասած «մահակի» գործածումը. նկատի ունեմ՝ տույժ, տուգանքի կիրառումը: Ի վերջո, որպես զսպման միջոց մի բան պե՞տք է արվի:
— Մենք սոցցանցերով անգամ հայտարարություն տարածեցինք, որ այսուհետ այն բնակիչները, որոնք չնախատեսված տեղում աղբ կթափեն, կնկարահանենք ու կտարածենք: Տուգանումներ էլ են եղել, հասցեատերերին ուղարկվել են: Ես կարծում եմ, բոլորս՝ հոգացավ քաղաքացիները, լրատվամիջոցները, քաղհասարակության ակտիվիստները պետք է միահամուռ պայքարենք այդ երևույթի դեմ: Շատ տհաճ է, երբ մեր աշխատակիցները պարտաճանաչորեն կատարում են այդ դժվար աշխատանքը, սակայն մի քանիսի պատճառով ապականվում է: Մի օրինակ բերեմ. երաժշտական դպրոցներից, մանկապարտեզներից խնդրել էին աղբաման տրամադրել: Բայց որոշ ժամանակ անց խնդրեցին ետ վերցնել. պատճառը բնակիչներն էին, որոնք իրենց կենցաղային աղբը այդտեղ էին թափել: Ալարում են մի քանի քայլ ավել անցնել, հասնել մեծ աղբամաններին: Հիմա մենք 100 նոր աղբաման ենք բերելու, բայց պարզվում է դրանք որևէ տեղում տեղադրելը խնդիր է. մեկ այս կողմի բնակիչներն են դժգոհում, թե մեր դռներից տարեք, մեկ՝ այն կողմինները… Ապա ո՞ւր դնենք աղբամանները: Պատկերավոր մի օրինակ բերեմ. առավոտյան անցեք Ռուսթավելի, Շիրազ վերականգնված ու գեղեցկացած փողոցներով. մի անհարմար, ամոթալի վիճակ է. ամեն տան դիմաց աղբ է դրած… Ալարում են… Լավ, հիմա ամեն տուն մեքենա ունի, գոնե ձեր մեքենաներով էդ հարյուր մետրն անցեք, տարեք, աղբը թափեք: Այն եզրակացության եմ եկել, որ մանկապարտեզներում երեխաներին հատուկ այս շնորհքը պիտի սովորեցնել, որ վերջիններս էլ իրենց ծնողներին սաստեն: Թե չէ բողոքել, դժգոհել, պահանջել՝ բոլորն են անում, իսկ պատասխանատվություն կրել չեն պատրաստվում:
— Լավ, վերադառնալով կանաչապատմանը. անկեղծ եմ ասում, մարդ նախանձվում է, երբ այլ երկրների, քաղաքների փողոցային կանաչապատումն է տեսնում:
— Ամենաառաջինը, որ պետք է փաստենք, քաղաքը չունի ոռոգման համակարգ, ստիպված ծառերի ու ծաղիկների ոռոգումը ջրցաններով ենք կարգավորում: Անգամ փորձելու ենք ընդերքից ջուր հանելու տարբերակները մշակել: Ուրմեն ծառը տնկում ենք, գնում, տեսնում ենք՝ կոտրված է, կամ՝ գողացել են: Լավ՝ գողանալը՝ գողանան, տանեն, իրենց բակերում տնկեն, բա կոտրե՞լն ինչ է տալիս: Սա մեկ: Երկրորդը՝ շները մեզ էլ են վնաս պատճառում. ահա ձեզ ցույց տամ փաստեր, թե ինչպես են կրծոտում, կամ միզում նորատունկերի վրա: Բոլոր դեպքերում, արձանագրեմ, որ բյուջեով նախատեսված շուրջ 7 միլիոն դրամ ծախսել ենք և բերել մեծ թվով բազմանուն ծառեր, թփեր, ծաղիկներ՝ 40 հազար ծաղիկ, շիթիլ, 3000 ծառ, 15000 թուփ, պատրաստվում ենք տնկել օդանավակայանից եկող հատվածի կենտրոնում, աջ ու ձախ կողմերում, Երևանյան խճուղում, Նժդեհի հրապարակում, Կայարանամերձ հրապարակից Տիգրան Մեծի երկայնքով, Նժդեհի փողոցում, Վազգեն Սարգսյան փողոցում, Մուշ թաղամասի հրապարակում, Շառլի հրապարակում, վերականգնված փողոցներում: Անի թաղամասում էլ ուզում ենք, սակայն այս թաղամասի հետ կապված ինչ ուզում ենք անել, ժամանակավոր կանգնեցնում ենք, սպասում ենք, թե Ջրմուղը երբ է 3-րդ փուլն իրականացնելու: Հայտարարություն տարածեցինք, թե այն քաղաքացիները, ովքեր ուզում են ծառ ու ծաղիկ, թող դիմեն մեզ՝ կտրամադրենք, որ այլևս չգողանան, բայց շատ քիչ մարդ է դիմել: Հետո որոշել ենք դպրոցների բակերում ու մանկապարտեզներում մրգատու ծառեր տնկել, թող երեխաները սովորեն, վարժվեն ծառ խնամել, հոգ տանել, ու կսովորեն չկոտրել, չվնասել: Այս տարի բավական շատ դիզայնով նստարաններ, աղբամաններ ենք դնելու քաղաքով մեկ: Միայն թե էլի չգողանան, ախր գյուղերից էլ են գալիս, գողանում ու տանում:
— Իսկ այն հատվածներում, օրինակ՝ ճեմուղիներում, որ ծառ չթողեցին, ու բոլորը քար ու պատ է, իրենց պարտադրելո՞ւ եք կանաչ տարածք ստեղծել:
— Այո, ինչպես մայրաքաղաքի օբյեկտների կողք-բոլորն է ծառ ու ծաղիկ, մեր օբյեկտների տերերն էլ պետք է կանաչով կենդանություն հաղորդեն: Ի վերջո, կանաչը նաև թթվածնի պաշար է: Իսկ մենք էլ շատ լավ բաներ ենք տնկելու, սիրուն, այլ տեսակի բուսականություն ենք բերել՝ տույա, գնդաձև ակացիա, ճապոնական, ռուսական, կազակական ծառատեսակներ, մագլցող, փաթաթվող վարդեր, բեգոնյա, փնջային մեխակ, եղրևանի և այլն: Եթե բնակիչն էլ, իր հերթին, խնամքով մոտենա, մի տարի հետո, մի քանի տարի հետո հրաշք բուսականություն կունենանք:
———————————————-
Թափառող շների խնդրի լուծման վերաբերյալ, «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սերգո Սարգսյանը «Շրջապատին» հայտնեց. «Նախ պիտի ասեմ, որ ստերջացումը թափառող շների վնասազերծման ցիկլի մի փուլն է ընդամենը: Եթե ստերջացնում ու ազատ ես թողնում, միևնույն է, դարձյալ դրսում են ու, եթե անգամ կատաղած չլինեն, միայն արտաքին տեսքով (խոսքը մեծ շներին է վերաբերում) սարսափ են ներշնչում: Մենք գիտենք, թե որքան անհարմարություններ են պատճառում բնակիչներին, նաև գիտեք, որ օրենք է ընդունվել, որ քնեցնել չի թույլատրվում: Քաղաքապետը ևս շահագրգռված է, որպեսզի քաղաքացիներն իրենց ապահով զգան: Եվ, համայնքը տարածք է տրամադրել նախկին թռչնաբուծարանի տարածքում, որպեսզի շների համար ապաստան ստեղծվի: Հետաքրքրվող կազմակերպություն էլ կա, աջակցելու են, որ այս ծրագիրը խելքի գա: Այս պահին չենք կարող ասել, թե քանի շան համար է, բայց տարածքը մեծ է, սկզբում մի իքս թվի համար կսարքենք, հետագայում ընդլայնելու հնարավորությամբ: Այսինքն, կլինիկայի կողմից շների ստերջացումից հետո դրանց տարվում է ապաստան՝ մինչև կյանքի վերջ: Հետագայում, արդեն ժողովուրդը, կենդանասերները սնունդ կբերեն, թե չեն բերի, դա արդեն իրենց գործն է: Բայց որ սկիզբն արդեն կա, դա արդեն խոստումնալից է»: