ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Դասական ուրբաթ

Այսուհետ, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթը գյումրեցիների համար կնշանավորվի դասականն ըմբոշխնելու ինքնատիպությամբ: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը մշակել է մի նախագիծ, որի կարևորությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքացիները կկարողանան ծանոթանալ երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների հետ, լսել դասական երաժշտություն:

«Դասական ուրբաթ» խորագրով նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ մենք որոշեցինք քաղաքապետարանի գեղեցիկ ու ընդարձակ ճեմասրահը դարձնել համերգասրահ, պատկերասրահ և ցուցասրահ, այն տրամադրելով երիտասարդ ստեղծագործողներին՝ ծառայեցնեու երիտասարդական նախաձեռնություների ներկայացման համար,- հրավիրված մամլո ասուլիսին նախագծի մասին ներկայացրեց քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:-  Տարվա 12 ամիսների կտրվածքով կստացվի 12 համերգ և 12 երիտասարդ նկարչի ցուցադրություն, իսկ համատեղության դեպքում թիվն ավելի մեծ կստացվի: Այսկերպ մենք ժխտում ենք այն, որ, եթե քաղաքում չկա կամերային երաժշտական սրահ, ցուցասրահ, իսկ երիտասարդ ստեղծագործողների համար էլ ոչ հասանելի է իրենց ստեղծագործությունները ներկայացնելը, ապա սա կդառնա քաղաքի բարի ավանդույթներից մեկը»:

Հանդիսատեսին առաջին բեմելով ներկայացավ Գյումրու երիտասարդական կամերային նվագախումբը՝ Արմեն Կարճյանի ղեկավարությամբ: Իսկ ՀԳՊԱ ԳՄ շրջանավարտ, նկարչուհի Մելինե Մաթևոսյանի ստեղծագործական ու դիպլոմային «Ակնթարթներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի աշխատանքները լույսով ու տարվա եղանակային փոփոխական «ակնթարթներով» էին լցրել քաղաքապետարանի ճեմասրահը:

ԵԳՊԱ ԳՄ արվեստի տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը երախտագիտություն հայտնեց քաղաքապետարանին, որ նման մոտեցմամբ երիտասարդներին հնարավորություն է ընձեռնվում հանդիսականին ներկայացնելու և ծանոթացնելու իրենց ստեղծագործական աշխարհը. «Շիրակի հողը շատ տաղանդավորների է ծնում: Գեղարվեստի պետական ակադեմիան հղկում, նոր փայլ է հաղորդում այդ ստեղծագործողներին: Եվ շատ կարևոր է, որ վերջիններս ունենան հարթակ՝ ներկայացնելու իրենց արվեստը: Շատ ուրախ եմ այս համատեղ նախագծի համար»:

Մելինեի ներկայացրած նկարների շարքը կրում էր «Ակնթարթներ» խորագիրը, քանզի իր պատկերացմամբ, կյանքի ամեն ակնթարթում պետք է կարողանաս տեսնել կյանքի լույսը, խավարը, խավարից լույս դուրս բերելը, տեսնել գույները: Եվ Մելինեն հաստատում է, որ կյանքում ամեն ինչ էլ կա, և մենք ենք ընտրում կյանքի լույսն ու մութը, մեր ճանապարհը, մեր ուղենիշը:

ԵԳՊԱ ԳՄ արվեստի տեսության ամբիոնի վարիչ Արաքս Մարգարյանը և նկարչուհի Մելինե Մաթևոսյանը

«Բնության մեջ անթիվ ակնթարթներ կան,- ասում է Մելինեն,- և ես փորձել եմ նկարել ու հավերժացնել իմ ստեղծագործություններում: Նրանց մեջ կյանք կա, և դա ինձ ստիպեց հավատալ հավերժականությանը: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, որ ինձ ներկայանալու հնարավորություն է տրվել»:

Արմեն Կարճյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց դասական երաժշտության վրա՝ մատնանշելով, որ այն չնայած մեծ լսարան չունի մեր քաղաքում, սակայն ունեցած լսարանը բարձր որակ է կազմում: «Նորաստեղծ խմբերին քաղաքապետարանը հնարավորություն, հարթակ է տրամադրում, որպեսզի երիտասարդ ստեղծագործողներն իրենց առաջին քայլերն անելիս՝ վստահաբար քայլեն: Մեր կամերային խումբը նոր է, բայց արդեն համակազմը ձևավորվել է: Եվ այսօր մեր առաջին բեմելն է»: