ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Դեկորատիվ բարեկարգումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ 2-ամսյա ժամկետում պետք է բարեկարգվեն և կանաչապատվեն «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի և Երևան տանող ճանապարհահատվածները, Գյումրու հրապարակի հարակից տարածքը: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ընթացքում է: Մեզ պատասխանեց քաղաքապետի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

— Այս աշխատանքները պետք է իրականացվեն համայնքայի՞ն բյուջեով, թե՞ կառավարության աջակցությամբ:

— Աշխատանքներն իրականացվելու են «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ:

— Որքա՞ն գումար կպահանջվի այս հանձնարարականի իրականացման համար:

— Այս պահին պահանջվելիք գումարների մասին որևէ բան ասել չենք կարող, ներկայում իրականացվում են գումարների հաշվարկման աշխատանքներ:

— Եթե կանաչապատում, ապա ի՞նչն էր խանգարում, որպեսզի մինչ այժմ տարվեին այդ աշխատանքները, ոչ թե սպասեին վարչապետի հանձնարարականին: Մեզ հետ զրույցում, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը որպես լուրջ խնդիր մատնանշել էր ոռոգման ցանց չունենալը, որի պատճառով կանաչապատման ուղղությամբ տարված աշխատանքները ջուրն էին լցվում:

— Ոռոգման ցանցի խնդիր այս պահին ևս առկա է, բայց փորձում ենք դրա լուծման տարբերակներ գտնել: Կանաչ տարածքները քաղաքում հիմնականում ջրվում են ջրցան մեքենաներով:

— Ինչպիսի՞ բարեկարգման աշխատանքներ են նախատեսվում:

— Նախատեսվում է ծառերի, թփերի, ծաղկասածիլների տնկում:

— Կա՞ն նախնական էսքիզներ:

— Նախնական էսքիզներն արվել են «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի կողմից:

— Արդյո՞ք երկամսյա ժամկետում ավարտին կհասցվեն աշխատանքները:

— Պարտավոր ենք տեղավորվել նշված ժամկետներում և հնարավոր ամեն բան արվում է աշխատանքները ճիշտ ժամանակին ավարտելու համար:

— Կանաչապատման էսքիզներից բացի այլևս ի՞նչ դետալներ կամ դեկորներ են ավելացվելու, եթե ավելացվելու են, խնդրում եմ մանրամասնեք:

— Վերը նշված դետալներից զատ այլ դետալներ չեն լինելու: