ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Դեպքեր, մահեր, պատիժ…

Վերջին երկու ամիսներին Գյումրիում արտակարգ իրավիճակների պակաս չկար: Մայիսի 18-ին, Գյումրին ցնցվեց՝ 23-ամյա Արթուր Հարությունյանի դաժան սպանության լուրից: Ընդամենը օրեր անց, հունիսի 8-ին, դեռ այդ դեպքը չբացահայտված, Սայաթ-Նովա փողոցում տեղի ունեցավ ծեծկռտուք, որն, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով: Ծեծկռտուքի մասնակիցները Գյումրու գազի գրասենյակի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդ, Անդրանիկ Պողոսյանի («Կոբալ Անդոյի») որդին ու Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանն էին: Մի քանի օր անց հայտնի «Կոբալ Անդոյի» որդին  ներկայացել էր ոստիկանություն և ձերբակալվել:

Հաջորդ կրակոցը չուշացավ: Հունիսի 25-ին, կրկին Սայաթ Նովա փողոցում, հնչեցին կրակոցներ: Այս անգամ ծեծկռտուքին մասնակից երիտասարդներից մեկը՝ Գևորգ Հակոբյանը որովայնի շրջանում ստացավ հրազենային վիրավորում: Այս գործով 31-ամյա Կարեն Սարգյսանն արդեն ձերբակալված է: Նա գյումրեցիներին առավել հայտնի է «Չախալ» մականունով, ով Գյումրիում կայացած «Հիմնադիր խորհրդարանի» ցույցի ժամանակ դանակահարել էր Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին:

Հուլիս ամիսն էլ պակաս արտակարգ չէր՝ մահվան ելքով վրաերթերից մինչև դանակահարություն և ոստիկանի կողմից ծեծի ենթարկված անձինք:

Հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար տեղի ունեցավ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Ժամը 12:30-ի սահմաններում Ախուրյանի խճուղի 20 հասցեի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել մայթի  փողոցային լուսավորության հենասյանը: Ախուրյան գյուղի բնակիչներ 16-ամյա Վասիլ Ղոչոյանը, 16-ամյա Հովհաննես Ալեքսանյանը և 16-ամյա Ազատ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ Ազատ Գևորգյանը գիտակցության չգալով՝ մահացել էր:

Հուլիսի 7-ին Գյումրու Շահումյան փողոցի բնակիչ, 60-ամյա Նորիկ Սարգսյանը վրաերթի էր ենթարկվել Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Վարորդը՝ անօգնական թողնելով տուժածին, դիմել էր փախուստի: Տուժածի կյանքը փրկել չէր հաջողվել: Միայն ժամեր անց ոստիկանությանը հաջողվել էր պարզել վրաերթ կատարած անձի ինքնությունը: Վերջինս «Անի» թաղամասի բնակիչ, 31-ամյա Էդգար Սուքիասյանն է, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն և հայտնել, որ ինքն է վրաերթ կատարել իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:

Հուլիսի 9-ին Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրած-ծակած վերքով 35-ամյա Սամվել Հովհաննիսյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 10-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել դանակահարության մեջ կասկածվողը՝  21-ամյա Կարապետ Հ.-ն: Վերջինս խոստովանել է, որ հուլիսի 9-ին ինքն է դանակով հարվածել Սամվել Հովհաննիսյանին:

Գյումրիում արտառոց դեպքերից մեկն էլ գրանցվել է ոստիկանի մասնակցությամբ: Հուլիսի 9-ին, ոստիկանության լեյտենանտ Գոռ Սարոյանը, ալկոհոլի ազդեցության տակ, Վարդանանց հրապարակում ծեծի է ենթարկել Գյումրիում հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռանը՝ դարբին Սամվել Մուրադյանին: Ոչ սթափ վիճակում գտնվող ոստիկանը կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Կառապանի մերժումից տաքացած ոստիկանը ծեծի է ենթարկել նրան: Վերջինիս օգնության է հասել մի անցորդ, ում ոստիկանը նույնպես ծեծի է ենթարկել: Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ կառապանը ոստիկանություն չի դիմել, նրա փոխարեն բողոքել է իրեն օգնող անցորդը, ավելին՝ կառապանը ոստիկանությանն ասել է, թե ինքը կառքից է ընկել և ոտքը կոտրել: Թե ինչո՞ւ է կառապանը նման բան ասել, կիմանա միայն ինքը: Իսկ մինչ նա կկողմնորշվի բողոք ներկայացնել, թե՞ ոչ, ՀՀ ոստիկանապետն աշխատանքից ազատել է «հերոս  ոստիկանին»:

Հուլիս 11-ը ողբերգական էր երիտասարդ զույգի և նրանց դեռ չծնված երեխայի համար: Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա Նելսիկ Ղազարյանին, ով տեղում մահացել է, իսկ նրա կինը՝ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց մահացել էր: Պարզվել է, որ երիտասարդ ամուսինները սպասել են իրենց առաջնեկին: 20-ամյա վարորդը ձերբակալված է:

Հոգեբան

Հոգեբան Կարինե Սահակյանը «Շրջապատի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նշված դեպքերը բնութագրել կամ պիտակավորել, թե քաղաքը դարձել է «կրիմինալ» ու «բեսպրեդել է», սխալ է. «Գյումրին կրիմինալ քաղաք չէ, բոլոր քաղաքներում կան նման բաներ: Գյումրին կրիմինալ քաղաք լինելուց հեռու է: Ովքեր, որ նման բան են ասում, իրենք են քաղաքն այդպիսին սարքում… Բոլոր տեղերում էլ լինում են դեպքեր: Նայում եմ՝ Երևանում, Արտաշատում, Հրազդանում կամ այլ քաղաքներում, նման վիճակներ են: Աղետն ունեցավ իր բացասական հետևանքները, մարդիկ ավելի ագրեսիվ դարձան, իր ազդեցությունն է թողել նաև աշխատատեղերի բացակայությունը, զբաղվածություն չապահովելը»:

Դատախազ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքն էլ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե քաղաքում անպատժելիության մթնոլորտ է տիրում:

«Ցույց տվեք մի դեպք, որ հանցագործություն կատարած անձը մնացել է անպատիժ: Եթե մենք ունենք բավարար ապացույցներ, որոնք ենթադրում են, որ այդ անձը կատարել է տվյալ հանցագործությունը, պատժվում է։ Եթե դուք մատնանշեք գոնե մի դեպք, ես բոլորիդ խոստանում եմ՝ չեմ աշխատելու: Նման բան չկա, որ անձը կատարի հանցագործություն, ապացույցների զանգվածը բավարար լինի, ու մենք տվյալ անձին չենթարկենք քրեական պատասխանատվության»:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ