ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Դիջեյ Լյուդա. «ժամանակը մեզ չի փոխել, մենք ուղղակի ճերմակել ենք»

Գյումրիում Լյուդմիլա Բիլբիլիդին հայտնի է «Դիջեյ Լյուդա» անունով: Նա այս անունը ստացել է քաղաքի երաժշտական կյանքի փայլուն գիտակ լինելու համար: «Շիրակ» հեռուստատեսությունում` «Պատ» հաղորդաշարի հեղինակն է եղել, վարել է «Ծիծեռնակներ» սրճարանում, «Երիտասարդական պալատում» կազմակերպված դիսկոտեկները, աշխատել է «TM» և «Շանթ» ռադիոկայաններում: Նրա վաղեմի երազանքն էր՝ հրատարակել «Ջազ-ռոք Լենինական» գիրքը, որն, ի վերջո, իրականություն դարձավ:

«Ջազ-ռոք Լենինականը» յուրատեսակ տարեգիրք է, որ ընդգրկում է 1964-1988 թվականներին իրենց երաժշտական նախասիրություններով, ավանգարդիստական մուտքով քաղաքի մթնոլորտն ինքնովի փոխած երիտասարդական խմբերի մասին: Այդ երաժիշտների` պատերազմից 10 տարի անց ծնված սերնդին, խորթ էր համայն սովետական երիտասարդությանը պարտադրված կարգապահությունը, նրանք մի քիչ տարբերվում էին իրենց սերնդակիցներից ըմբոստ ավյունով, ձգտում էին ապրել այնպես, ինչպես սեփական խառնվածքն էր հուշում և ոչ թե թելադրվում ըստ ընդունված կարգապահական կանոնների:

«60-ականների կեսերին միայն մենք հնարավորություն ունեցանք առաջին անգամ լսել բիթլների երգերը, չէ՞ որ «երկաթյա վարագույրը» մեզանից թաքցնում էր դրանք,- հիշում է Բիլբիլիդին,- բոլոր ընտանիքների բնակարանների անբաժան մասը կազմող պատի ռադիոն ամեն օր հաղորդում էր «Պիոներական լուսաբացը» և մեզ տրամադրում «պայծառ ապագայի», բայց հանկարծ հայտնվել էր երիտասարդության համար նախատեսված «Հորիզոն» ռադիոժամը ու բացել մեր աչքերը: Օրական` գոնե երկու լավ ռոք երգով: Ամեն օր մենք սկսեցինք սպասել վաղվան, որպեսզի նորմալ երաժշտություն լսեինք: Դա սեր էր առաջին հայացքից: Այդ ժամանակներն էին, երբ մեզ փրկության հասան «նոր հայերը», ինչպես ընդունված էր ասել նրանց` «ախպարները»: Նրանք իրենց հետ այնպիսի երաժշտական սկավառակներ բերեցին, որոնց մասին երազել անգամ չէինք կարող: Վաճառում էին այն ժամանակների համար առասպելական գներով: Մենք ստիպված էինք շատ հաճույքներից մեզ զրկել, փող հավաքել, որպեսզի կարողանայինք գնել: Բայց դա արդեն էական չէր, որովհետև այդ երաժշտությունն ամեն ինչ փոխեց մեր կյանքում: Դա մեր կյանքի լավագույն շրջանն էր: Մենք կարողացանք հեղափոխություն անել»:

Դիջեյ Լյուդան այդ շարժման մեջ իրեն տեսնում էր ստալկերի դերում, հավաքում էր խմբերին՝ փառատոներ կազմակերպելու գաղափարի շուրջ, դիսկոտեկներ էր վարում երիտասարդության համար: Նրա բնորոշմամբ՝ տղաները հիմնականում ինքնուս, բայց երաժշտության մեծ նվիրյալներ էին, ու նրանց սիրում էր երիտասարդությունը: Ռոբերտ Սարգսյանը` «Անգին քարեր» խմբի թմբկահարը, հիշում է. «70-ականների կեսերն էին, քաղաքում շատ խմբեր կային` գործարաններում, մշակույթի ակումբներում: Մենք Սևյանի մշակույթի պալատում էինք նվագում: 17-18 տարեկան տղաներ էինք: Մեր համերգներն ընթանում էին լեփ-լեցուն դահլիճում: Հանդիսատեսների մեջ տարբեր շերտերի ջահելությունն էր հավաքված: Կլասիկա, ռոք, ռաբիս սիրողներ, «գողականներ» էլ կային: Համերգներից մեկի ժամանակ, երբ հանդիսատեսների ոգևորությունն հասել էր գագաթնակետին, դժվար է նկարագրել, թե դահլիճում ինչ էր կատարվում, ադմինիստրատիվ գործերով զբաղվող մի կին կար, Միխայլովնա էինք ասում, կարելի է ասել`  Աղասի Շաբոյանի աջ թևն էր, սարսափած զանգել էր վարպետին ու հայտնել, թե պալատը քանդեցին: Շաբոյանն էլ, թե` կոնկրետ ի՞նչը: Միխայլովնան բացատրել էր, թե հանդիսատեսները ելել են նստարանների վրա ու կպարեն: Շաբոյանն էլ նրան հանգստացրել էր, թե բան չկա, էդ խումբը պալատին եկամուտ կբերե, էրկու հատ աթոռ պդի ջարդի` էդ էլ սարքել կուտանք»:

Բիլբիլիդին պատմում է, որ իրեն մի քանի անգամ Կագեբե են կանչել, զրուցել «դաստիարակչական» նոտայով, բացատրել, թե իր պահվածքն հարիր չէ սովետական երիտասարդին: Մի անգամ, երբ նա ցանկացել է «Ծիծեռնակներ» սրճարանում անվաչմուշկներով վարել դիսկոտեկը, իմացել են այդ մասին և արգելել նմանօրինակ օրիգինալության ցուցադրումը: Լուի Արմսթրոնգին նվիրված երեկո կազմակերպելու պատճառով, ազատել են աշխատանքից: Փոխարենը` Սերգեյ Խաչատրյանը, «Պրոմեթևս» խմբի կիթառահարը, ով նաև լուսանկարիչ է և գրքում տեղ են գտել նաև նրա լուսանկարները, չի դժգոհում ժամանակի բարքերից, «ռեպրեսիաների» ենթարկվելու առիթ չի ունեցել. «70-ականներին քաղաքի կուսակցական ղեկավարներից էր Սպարտակ Պավլովիչը: Երբ նա գալիս էր մեր համերգներին, ես անմիջապես բնազդորեն մտածում էի` վերջ, մի բան կասի, «ուրախ տղաների» ինքնագործունեության վերջն եկել է: Մի անգամ ինձ կանչեց ու ասաց. «Էդ կարմիր լուսարձակը դեմքիս է ընկնում, խանգարում է, տեղը չե՞ս փոխի: Սա է եղել միակ նկատողությունը»,- ծիծաղում է Սերգեյը:

Սերգեյ Խաչատրյանը մի դեպք է հիշում կապված «Կիլիկիա» խմբի սոլո կիթառահար, վաղամեռիկ Կարո Սնդոյանի հետ. «Այնպես պատահեց, որ եկել էր ինձ մոտ կիթառ սովորելու: Նայեցի նրա հաստ մատներին ու մտածեցի, որ նրանից երբեք կիթառիստ չի ստացվի: Եվ, ուղղակի գլուխս ազատելու համար, արագ մեղեդի նվագեցի, այնպես, որ գլուխ չհանի, թե դա ինչ է: Մեկ շաբաթ պարապեցի հետը ու նա գնաց: Հանկարծ` 3-4 ամիս անց, իմանում եմ, թե ինչ-որ Կարո անունով մեկը, Ջիմի Հենդրիքս, «Լեդ զեպելին» է նվագում: Տղաների հետ գնացինք տեսնելու, թե ո՞վ է: Եկանք ու ես ապշա, երբ տեսա ինձ աշակերտելու եկած Կարոյին: Դառել, ընկերոջս ասում եմ, թե տես, եթե մի երկու շաբաթ էլ պարապած լինեի հետը, էսօր կպարծենայի, որ ես եմ իր դասատուն: Այ, այսպես ես վրիպեցի Կարոյի հարցում: Կարոյի ու Սուրիկ Մարտիրոսյանի նման Հենդրիքսի գործերը կատարող չկար»:

1975 թվականին կազմավորված Լենինականի պոլիտեխնիկական ինստիտուտի «Վիալպի» խմբի ղեկավար և սոլո կիթառահար Լևոն Դեմիրճյանին երբեմն թվում է, թե այն տարիները հին ու սիրելի կինոյի պես մի բան են դարձել, կարելի է ժամանակ գտնել որևէ սեանսի համար ու հաճուքով նորից ու նորից դիտել այն: «Շատ հետաքրքիր անցան Էստոնիայում մեր համերգները: Եղանակի մասին գաղափար չունենալով, այստեղից բաճկոններով էինք գնացել: Ձյուն էր եկել, ցուրտ էր, փառատոնն էլ` բացօթյա էր անցկացվում: Հրապարակում էր, էլեկտրոնային գործիքներով հնարավոր չէր նվագել, որոշեցինք ակուստիկ կիթառով ելույթ ունենալ: Պետք էր քաղաքական երգ կատարել, բայց պատրաստված չէինք ու որոշեցինք, թե ով պիտի հայերեն հասկանա, նվագեցինք «Տարեք իմ յարիս» երգը: Հաջորդ օրը թերթերն հիացմունքով գրեցին մեր ելույթի մասին` «Հայկական լեռների արձագանքը», էլ չգիտեմ, թե ինչ: Այդպիսի դեպքեր լինում են, երբ պատանեկան խենթությամբ արգելքները շրջանցում ու գնում ես առաջ: Հետո դրանք դառնում են կյանքի լավագույն դրվագները»:

Լյուդմիլա Բիլբիլիդիի հետ կապը հավատարիմ ընկերները պահպանել են մինչ օրս. «Վերջերս սկայպով խոսում էի Մոսկվայում ապրող «Արեգակ» խմբի սոլո կիթառահար Վարդան Թոքմաջյանի հետ, արդեն թոռներ ունի, ասաց` «Ես ռոք երաժիշտ եմ ու այդպիսին էլ կմեռնեմ»: Ասաց ու հանգիստ շունչ քաշեց»: Իսկ ես կարծում եմ, որ ժամանակը մեզ չի փոխել, մենք ուղղակի ճերմակել ենք»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ