ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Դուդուկի մեղեդու հոսող վտակները

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1846″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1769″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1766″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1768″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1767″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1770″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]Գյումրին թերևս փոքր է իր տարածքային չափողականությամբ, բայց ամեն մի գյումրեցու համար ճանաչելի ու յուրային է իր համաքաղաքացին: Գագիկ Վարդանյանը նրանցից մեկն է՝ իր երաժշտական և մանկավարժական գործունեության, ինչպես նաև` հրատարակած գրքերի շնորհիվ: Հուլիսին հրատարակվելու է նրա հերթական` «Դուդուկն է երգում Գյումրիում» գիրքը, որում ներկայացված է 1897-2017թթ. Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու երաժշտական կյանքի, տարբեր սերնդի երաժիշտ-կատարողների անցած ուղու նկարագրությամբ, դրվագներ նրանց կյանքից: Գագիկ Վարդանյանն ասում է. «Ես հպարտությամբ կազմեցի այս գիրքը: Նպատակս էր, որ այն մեկ անգամ ևս հաստատելու գար այն անշրջելի ճշմարտությունը, որ իմ սիրելի քաղաքն արվեստների և արհեստների բնօրրան է, որի հոգու լավատեսությունը ոչինչ ի զորու չէ խաթարելու»:

Ալեքպոլցու կենցաղում` նրանց տխրության և ուրախության պահերին, դուդուկահարների կատարումներն իրենց ուրույն տեղն ունեին, իսկ դուդուկահարները մշտապես հարգված էին երաժշտության բնագավառում: Կատարողական արվեստի ժառանգականորեն փոխանցումը հանգեցրեց այն փաստին, որ 20-րդ դարում հիմնադրվեց «Արևելյան երաժիշտների կոլեկտիվը», որը կնքվեց «ռաբիս» անվամբ: Այս կոլեկտիվին՝ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռնվեց Գորկայի այգում գտնվող թատրոնի շենքում: Բայց դա ժամանակավոր երևույթ էր ու պետք էր մտածել հիմնական «խարսխակայան» ունենալու մասին: Այս գործում անուրանալի էր անվանի դուդուկահար Կարապետ Եղոյանի՝ Փանչոյի, վաստակը: Գեներալ Մազմանովը աղջկան կնության տալով, նրան է նվիրել Ձիթողցոնցից գնած տունը, որում անօգտագործելի մարագներ են եղել: Փանչոն գեներալից խնդրել է՝ դրանք վարձով տրամադրել` որպես ռաբիսի տղաների աշխատանքի համար տարածք ու մերժում չի ստացել: «Վարձս ո՞րն է, արի էդ մարագները նվիրեմ, գնացեք ձեր գործն արեք»,-մեծահոգաբար ասել է գեներալը: Մինչ օրս նախկին Պուշկինի, ներկայում` ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի փողոցում գտնվող, պատշաճ տեսք ստացած այդ նախկին մարագն իր նպատակին է ծառայում:

Էրզրումից Ալեքպոլ գաղթելիս, ասկյարները կտրել են երիտասարդ Կարապետ Եղոյանի ու իր գերդաստանի ճամփան: Կարապետը զգալով վտանգը, գրպանից հանել է դուդուկն ու ասել, թե ինչ թալանել են, թող իրենց լինի, ինքը կռվից ու քաղաքականությունից հեռու երաժիշտ է, բայց չէր խանգարի լսել, թե ինքն ինչի է ընդունակ: Դա հետաքրքրել է ասկյարներին: Բարեբախտաբար թուրք տասնապետը երաժշտասեր է եղել, ասել է. «Թող մի բան նվագի»: Դուդուկի թախծալուր մեղեդին հոսել է ասկյարների սրտերը ու թուրք տասնապետն ափսոսանքով շեշտել է, որ նա գյավուր է` անհավատ, հավելելով. «Թե չէ` Ստամբուլի բլբուլը կդարձնեինք քեզ»: Այս կերպ դուդուկի մեղեդին եղել է Փանչոյի ու իր գերդաստանի փրկագինը: Թուրքերը վերադարձրել են թալանածն ու, անվտանգության համար, ուղեկցել մինչև ապահով վայր:

Փանչոյի գերդաստանը հանգրվան է գտել Ալեքպոլում, որտեղ էլ նա դուդուկահարի` իրեն արժանի ճանաչման է հասել, իսկ հեղինակությունը տարածվել է ամբողջ Կովկասում: Նրա ելույթը Թբիլիսիում կայացած Կովկասի դուդուկահարների մրցույթին, հիացմունքի հոգեզմայլ ալիք է տարածել հանդիսականների հոգիներում, արցունք «քամել» նրանց աչքերից: Ծաղկեփնջեր են կուտակվել բեմեզրին: Այդ ժամանակ արվեստի հայտնի երախտավոր Գլախո Զաքարյանը՝ արտասուքն հազիվ զսպելով, նրան «հայոց պարծանք» է բնորոշել: Չնայած Փանչոյին տարբեր քաղաքներից` իրենց մոտ ստեղծագործելու համար ստացվող առաջարկ-հրավերներին, նա մնացել է մեր քաղաքում և հիմնել դուդուկի սեփական դպրոցը, որը տվել է ոչ պակաս շնորհաշատ ու համբավավոր դուդուկահարներ:

Կարապետ Եղոյանի աշակերտներից Չարչօղլոնց Կարոյին երկրպագուները կնքել են «Կովկասի բլբուլ» մականունով: 1955 թվականին, Մոսկվայում կայացած Հայ մշակութային օրերի շրջանակում, նրա ելույթն ունկնդրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը և բարձրանալով բեմ, հուզմունքով ասել. «Կարո, դուդուկիդ քաղցր ձայնով ու քո երաժշտությամբ ինձ ստիպում ես արտասվել»: Արամ Խաչատրյանն ի հիշատակ այդ օրվա իր տպավորության, «Կովկասի բլբուլին» իր պատվերով պատրաստված ոսկետառ մակագրությամբ դուդուկ է նվիրել:

Մի այլ ականավոր դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մալխասյանը` «Մըկըլը», հանդես է եկել Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետություններում, Սփյուռքում: Անվանի դուդուկահարը ղեկավարել է Գյումրու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ժողգործիքների համույթը: Այժմ նա ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում:

Մեկ այլ ճանաչված դուդուկահար Լևոն Մադոյանը մինչ 1926 թվականը սովորելով Գյումրիում բացված առաջին երաժշտական դպրոցում, շատ երիտասարդների պես, իր բախտը փորձել է այլ քաղաքներում: Բաքվում բժիշկ-երաժիշտ Ավանես Իոանեսյանի նվագախմբում կարծես գտավ իր տեղը, սակայն Գյումրին կանչում էր, վերադարձավ: Աշխատեց Հայֆիլհարմոնիայում, այնուհետ գործի անցավ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների պետական անսամբլում: Իր աշակերտներից մեկի` Ժորա Սիմոնյանի (Չախալ Ժորայի) մասին ասել է. «Եթե մի օր նվագել չկարողացա, ցավ չէ, Ժորան ճիշտ և ճիշտ ինձ նման է նվագում»: Չախալ Ժորայի երաժշտության երկրպագուն է եղել նաև Հովհաննես Շիրազը և սիրել է լսել հատկապես Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված երաժշտական մեղեդիները:

«Իզվեստնի Արամայիսը», նույն ինքը` Արամայիս Աթոյանը, ուրախության խնջույքների և սգո արարողությունների մասնակցելու բազում հրավերքներ էր ստանում: Նա «իզվեստնի» էր դառել հենց դրանով:

Այս սերնդին 1950-ականներին փոխարինեցին նորերը` պահպանելով արվեստի իրենց վիճակված երաժշտական գործիքին վարպետորեն տիրապետողի ու Գյումրու ավանդույթների շարունակողների ինքնատիպությունը: Թերևս, ամբողջականության համար, այս թվարկումը լիարժեք չէ, բայց, այսուհանդերձ, հարգանաց հավաստիքով նշենք մի քանիսի անունները և թող ներեն նրանց ազգականները, որոնց անունները տեղ չգտան այս ցանկում.

Ժորա Սիմոնյան` Չախալ Ժորա,

Միսակ Սնդոյան` Սնդոյենց Միշիկ,

Կարուշ Տեր-Պետրոսյան` Ջումշուտի տղա,

Ալբերտ Գալստյան` Ջազի տղա,

Ահարոն Սիմոնյան` Գեղացի Արո,

Օնիկ Սիմոնյան` Կախեթի տղա Օնիկ,

Օնիկ Սարգսյան` Երկան Օնիկ,

Կարուշ Մելքոնյան` Չապլեխ,

Լևոն Բարսեղյան` Պուշկին Լևոն,

Ռաֆիկ Քոչարյան` Գլախո,

Մկրտիչ Մալխասյան` Մըկըլ,

Սերգեյ Սիմոնյան` Կռենկել,

Սիմոն Հովսեփյան` Շուլուխչի Սիմոն,

Ալբերտ Մարգարյան` Գոգի,

Ռուբիկ Շուխյան` Թորջոնց Ռուբիկ,

Պետրոս Մինասյան` Չախալ Պետո,

Ռազմիկ Սարգսյան` Թիֆլիս,

Աշոտ Վարդիկյան` Գել Աշոտ,

Աղաս Ջուհարյան` Քոքոզ Աղաս…

… Լորո, Կոկոլ, Քոլոշ Միշա, Նեգր, Փեսա Գրիշ, Գմշո Կարուշ, Լոզոտ Սերոժ, Գոդի Արո, Թութուն Անդո և այլք: Շնորհառատ երաժիշտներ, երգիչներ ու դուդուկահարներ, ովքեր հպարտացել են իրենց մականուններով, ու մեր քաղաքն հենց այդպես է ճանաչել և ակնածել նրանց:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]