ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Դրամատիկական թատրոնի վարպետ Ռուդիկը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը բեմական հանդերձանքի հարուստ ֆոնդ ունի։ Դրանք կարվել են տարբեր ներկայացումների համար, տարբեր հագուստի նկարիչների էսքիզներով՝ ելնելով տարբեր ռեժիսորական մոտեցումներից։

Դերձակ վարպետ Ռուդիկը 36 տարի աշխատում է 150-ամյա թատրոնում, ինչպես ինքն է ասում՝ անցած դարի 1983 թվականից։ 33 տարեկան էր, որ ոտք դրեց թատրոն։ Աշխատանքի մտնելով՝ կարծել է, որ որոշ ժամանակ անց կթողնի, դուրս կգա։ Բայց արդեն երկար տարիներ նստած է իր աշխատասեղանի մոտ, իր հավատարիմ կարի մեքենայի առջև. «Դուրս գալ չի լինում, չէ՜, եկա մնացի ու… մնացի։ Գլխավոր ռեժիսորն ասաց՝ քանի սաղ ես, պիտի գաս։ Տունը նստել, նարդի խաղալն իմը չէ։ Ես պիտի կարեմ, պիտի ստեղծագործեմ, պիտի ուղեղս ու ձեռքերս աշխատեցնեմ։ Էս թատրոնն էլ մագնիսական ուժեղ դաշտ ունի, կձգե, հենց մեջը մտար, ուրեմն՝ վերջ։ Թեկուզ աշխատավարձ էլ չտան, ես էլի կգամ թատրոն, էլի տեղս կնստեմ, ներկայացման շորեր կկարեմ»։

Վարպետ Ռուդիկի կարի մեքենան շատ հին է, հպարտորեն ասում է՝ գերմանական, սովետի ժամանակվա, ամենադիմացկուն, հարյուրամյա։ Հարցնում եմ. «Վարպետ, իրեն արդարացնո՞ւմ է»: Պատասխանում է. «Ես եմ իրեն արդարացնում։ Ժամանակակից մեքենաներից էլ ունեմ, բայց մեկ է՝ գործս էլի սրանով եմ անում։ Չեմ ուզե մեքենաս փոխեմ, չէ՜, գիտես ինչեր ենք կարել սրանով, ի՜նչ շորեր, ի՜նչ մեծ մարդկանց շորեր… Կյանքի, առօրյա շորեր կարելու համար մի անհատի հետ գործ ունես, իսկ բեմական հագուստ ձևավորելու, կարելու համար գործ ունես նկարչի, դերասանական կազմի, դրան գումարած ամենակարևորի՝ հանդիսատեսի հետ։ Նայե ինչքան մարդու քմահաճույքի հետ պիտի էրթաս. ռեժիսորը պիտի հավանի, դերասանը պիտի հավանի հագնի, հանդիսատեսի աչքին պիտի հաճելի լինի»։





 

Վարպետի խոսքով՝ մոտ 50-100 նկարչի հետ է աշխատել, 15-20 էլ՝ ռեժիսոր բեմադրիչների։ Բայց մեծ մարդկանց հետ աշխատելու ստաժ ունի. Ալբերտ Մկրտչյանի, Խորեն Աբրահամայանի, Սոս Սարգսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի շորերն է կարել։ Ասում է. «Չուլըմ տայիր Ֆրունզիկին, կհագներ ու կխաղար, ու բեմի վրա հագուստը վերջին պլան կմղվեր»։ Ջիգարխանյանի համար էլ հեռակա կարգով է կոստյում կարել, ասել են՝ մոտավոր պիտի կարվի։ Առանց մի սանտիմետր խախտելու, ճշգրտությամբ, կարել է։

«Էս գործի մեջ հոգնել, հիասթափվել չի եղել։ Եղել է՝ գիշերները չեմ քնել, բայց լուծում գտել եմ, ավարտին եմ հասցրել։ Չի եղել մի օր, որ ասեմ՝ հոգնա։ Տարիքս էլ արդեն մոռացել եմ, ես գիտեմ՝ առաջվա 32 տարեկանն եմ։ Երբ որ զգացի հոգնել եմ, գործս իմիջիայլոց եմ անում՝ էդ վայրկյանից սկսած էլ չեմ կարի»,- ասում է վարպետը։

Հարցնում եմ. «Վարպե՛տ, լրիվ առո՞ղջ ես»: Ծիծաղում է. «Կյանքումս սրսկված չկամ, սոց փաթեթով է բուժման գնացած չկամ։ Աչքերս էլ, թու, թու, թու, չեն խեղճացնում»։ Դժգոհում է, որ հիմիկվա ջահելները սովորել չեն սիրում, ձգտող չեն, դիպլոմներ ունեն, բայց իրենց գործի վարպետը չեն. «Էս գործը հիմա իրա որակը լրիվ կորցրել է, մասնագետներ են հայտնվել, որ կաշխատին իմիջիայլոց։ Լավ դերձակ հիմա շատ քիչ կա… Քայլ քայլի վրա արհեստանոց ու ատելյե կտեսնիս, բայց արհեստանոց բացելը դերձակություն չէ։ Էն օրը մի արհեստանոց մտա, արված գործերը տեսա, ասացի՝ կներես աղջիկ ջան, ամոթ է, փակե։ Էս արհեստի մեջ կիսատ֊պռատ, գործի կեսը իմանալով արհեստանոց բացելը ո՞րն է։ Նույն բանն է, ինչ որ ես կլինիկա բացեմ, ասեմ՝ դանակով կտրել գիտեմ, վիրաբույժ եմ»։

Ըստ վարպետի՝ այս գործում ամենից կարևորը համբերատարությունն է։ Դերասանի հետ աշխատելն էլ ամենաբարդ գործն է։ Շատ բծախնդիր են։ Պետք է ամեն մեկի հետ իր լեզվով խոսես։ Ըստ նրա, դրսից աշխատանքի առաջարկներ շատ են եղել, բայց չի կարող թողնել հայրենիքը։ Բայց կենսուրախ, ժպտուն աչքերը լցվում են, երբ խոսում է ներկայիս ներքաղաքական իրավիճակից, սակայն լավատես է, գիտի, որ հիմա լույս է բացվել ու լավ է լինելու. «Ես գիտեմ, թե էս մարդը ինչի վրա է եկել նստել (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին)։ Գիտեմ, թե էս ժողովրդին տարիներով ինչ են արել։ Թուրքը գար մեզ տիրեր, ավելի լավ էր, քան էն նախկին ղեկավարները»։

Վերջում փորձեցի ճշտել, թե ամենաշատը ի՞նչ է ուզում Վարպետ Ռուդիկը։ Ասաց. «Ինձ բան չի մնացել, ուզում եմ, որ վաղը, մյուս օրը, ով որ եկավ էս թատրոնին դերձակ, ինքն էլ շարունակի այնպես, ինչպես սկսել եմ ես»։

ՇՈՒՇԱՆԵ ՍԱՔՈՒՆՑ
ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս