Հարցազրույց աստղաբան ԱԼԻՆԱ ԴԵՐՁՅԱՆԻ հետ:
— Տիկին Դերձյան, աստղագուշակությունը կամ աստղաբանությունը բավական տարածված է եղել Հին Հնդկաստանում, Եգիպտոսում, Չինաստանում և այլ երկրներում: Մեր զրույցը սկսենք նրանից, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
— Աստղաբանությունը գիտություն է, որը հնարավորություն է տալիս մոլորակների և այլ տիեզերական մարմինների դասավորության հիման վրա եզրակացություններ անել իրադարձությունների հնարավոր ելքերի մասին:
— Երբվանի՞ց եք սկսել զբաղվել աստղաբանությամբ: Ձեր այցելուներն ավելի շատ կանա՞յք են, թե՞ տղամարդիկ:
— 1992 թվականն էր, լավ եմ հիշում, թե ինչ ժամանակաշրջան էր: Երկրում, իմ կյանքում տեղի ունեցող դեպքերի բացատրությունը ոչ մի կերպ չէի տեսնում: Զուտ հետաքրքրությունից դրդված սկսեցի կարդալ աստղաբանության մասին գրքեր, որոնք ինձ նվիրել էր ընկերներիցս մեկը: Հետագայում, երբ համոզվեցի, թե որքան զարմանալի բաներ կարելի է տեսնել սիմվոլների վերծանումից` հասկացա, որ պետք է լրջորեն զբաղվել դրանով: Հարցերով դիմում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ, մի տարբերությամբ` տղամարդիկ ամաչում են սնահավատ երևալուց, այդ իսկ պատճառով մեծ մասամբ գերադասում են լռել:
— Մարդկանց բարձրացրած հարցերին կարողանո՞ւմ եք ինչ-որ չափով լուծում տալ:
— Ես զբաղվում եմ աստղաբանության Հորար մեթոդով, որի օգնությամբ հնարավորինս հասկանալի պատասխաններ են տրվում կոնկրետ ձևակերպված հարցերին: Եթերային, սուբյեկտիվ ընկալման հետ կապված հարցերի քննարկմամբ չեմ զբաղվում: Մարդկանց հարցերին լուծում, բնականաբար, չեմ կարող տալ, որովհետև հասարակ մահկանացու եմ, որն ընդամենը սովորել է կարդալ շատերին անհայտ «լեզվով» գրվածը: Մարդն ինքը պիտի որոշում կայացնի՝ առաջ գնա, փորձի ստեղծված իրավիճակից դուրս գալ: Ես ընդամենը անալիզների պատասխանը կարդացող բժշկի նման կարող եմ ասել, որ եթե այս, կամ այն բուժմանը դիմի, ապա կկարողանա, եթե ոչ բուժվել, ապա գոնե թեթևացնել վիճակը, քանի որ ամեն ինչ անհատական է, ստանդարտ մոտեցում չի կարող լինել:
— Անդրադառնանք գուշակությանը: Մեր օրերում դրա ո՞ր տեսակներն են առավել տարածված:
— Օրինակ՝ հիրոմանտիան: Դա գուշակություն է ձեռքի ափի գծերի միջոցով: Ֆիզիոգնոմիկան տեսություն է այն մասին, որ գլխի ձևի, դիմագծերի և բնավորության միջև գոյություն ունեն կապեր: Հայտնի են նաև գուշակության այլ ձևեր՝ թվերով, թղթերով և այլն: Բայց նախ հասկանանք, թե ո՞վ է գուշակը, և ի՞նչ է նշանակում գուշակություն: Այդ բառն արդեն իսկ խոսում է իր դեմ, քանի որ ենթադրություն է: Ցանկացած կանխատեսում կարելի է անվանել գուշակություն, քանի դեռ այն չի ապացուցվել գիտական տվյալներով: Երբ ապագայի մասին ձեզ ինֆորմացիա ասողը չունի փորձ, վիճակագրություն, նրա՝ խոսքերը լավագույն դեպքում, պետք է ընդունել ի գիտություն, ոչ թե որպես ուղեցույց կամ ապացույց: Դու գնում ես վիճակախաղի տոմս, բայց դա դեռ չի նշանակում, որ հաստատ շահում կունենաս: Գուշակը՝ հիմնվելով որոշակի կամ միայն իրեն հայտնի տվյալների վրա, տալիս է եզրակացություն, որը բացառապես սուբյեկտիվ է: Նրան դիմում են միայն այն ժամանակ, երբ ալարում են սեփական ուղեղով որոշում կայացնել կամ հարկ չեն համարում զբաղվել դրանով: Իսկ ինչո՞ւ չարչարվել, վերլուծել կյանքի դեպքերը, եթե կարելի է գնալ ու պատրաստի պատասխան ստանալ: Էլ ավելի «հրաշալի» է, եթե պարզվի, որ դժբախտությունների մեղավորն այլ մարդ է, և դու սեփական սխալների պատասխանը չես ստանում: Մարդուն խնդիրը տրվում է լուծելու համար, ոչ թե դրանից խուսափելու: Մեծ մասամբ գուշակության միջոցով իրենց հարցերը լուծող մարդիկ հետագայում հայտնվում են ավելի լուրջ խնդիրների առջև: Օրինակ, երբ դիմում ես սուրճի բաժակ նայողի, նշանակում է, որ հավատում ես, թե այդ նստվածքը գերբնական ուժերի կողմից է դասավորվում բաժակի պատերին, իսկ գուշակը կարդում է այդ ինֆորմացիան: Ամեն մարդ իր ընտրությունն է կատարում, բայց պետք է հիշել, որ երբ դիմում եք գուշակի, թարգմանաբար փորձում եք ձեր կյանքի հետագա դեպքերի համար պատասխանատվությունը դնել նրա ուսերին: Այլ հարց է, թե ինչու են իրենք համաձայնում դրան:
— Գիտակցական բարձր մակարդակ ունեցող հասարակություններում գուշակություններին մեծ տեղ տալի՞ս են:
— Ոչ թե գուշակությանը, այլ կանխատեսմանը, որն հիմնված է վերլուծության ու տրամաբանության վրա: Դրա արդյունքում գիտակցված որոշում է ընդունվում, ոչ թե զգայական քայլ արվում: Սուրճի բաժակ, հոգի կանչել, մոմ թափել… հազար բան կա, որոնք ինձ համար ոչ միայն լուրջ չեն, այլ նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասել դրանց մասին: Ըստ սուրճի բաժակ նայող շատ «թունդ մասնագետի», ես պետք է երեք երեխա ունենայի, որոնք արդեն կլինեին ամենաքիչը բանակից եկած: Կապույտ աչքերով տղա էին տեսել սուրճիս բաժակի մեջ, ում հետ պիտի ամուսնանայի, երբ ես 18 տարեկան էի: Երբ ամուսինս ծանր հիվանդ էր, մոմ թափողն ասաց, որ մի տարի հետո երեխան գրկիս նրան այցի կգնամ, բայց 6 ամիս չանցած` մահացավ: Գուշակները միշտ էլ ասում են այն, ինչ կուզեն լսել այցելողները: Անձամբ ես ոչ մեկին չեմ փնովի, որ գնում են սուրճի բաժակ նայողների մոտ, բայց նմաններն ինձ համար արդեն լուրջ մարդիկ չեն, որովհետև չգիտեն, որ սուրճը կոլոիդ լուծույթ է ու ֆիզիկայի օրենքներից ծանրության ուժին ենթարկվելով, դրա մասնիկները նստում են պատերին, ոչ թե գերբնական ուժերն են պատկեր նկարում բաժակի ներսում: Պետք է հասկանալ, որ պարապ գործով են զբաղվում և այդ ամենը խաղ է, ոչ թե լուրջ որոշման հիմք:
— Արդյո՞ք մեր ճակատագիրը մեր ձեռքերում է գտնվում, թե՞ յուրաքանչյուրիս համար այն սահմանված է ի վերուստ: Գուշակությունների միջոցով ինչ-որ չափով հնարավո՞ր է փոխել մեր կյանքը:
— Եթե այդպես լիներ, գուշակները և նրանց անմիջական շրջապատը կլինեին ամենաերջանիկ ու հաջողակ մարդիկ: Կան բաներ, որոնք պիտի ապրենք ամեն մեկս՝ անկախ նրանից, դրա մասին նախապես գիտենք, թե ոչ: Բայց մյուս կողմից, եթե չգիտես, թե ինչ է սպասվում կյանքի հերթական ոլորանից այն կողմ, չես էլ կարող ճիշտ քայլ անել: Եթե դու գիտես, որ արևածագին հաջորդելու է մայրամուտը, կարող ես օրդ պլանավորել, քանի որ ժամկետը տեսանելի է և որոշ բաներ է հնարավոր ռացիոնալ կազմակերպել: Բայց, եթե դու ի վիճակի չես կառավարել արևածագի հետ արթնանալու հավանականությունը, ապա չես էլ կարող ամեն ինչ ըստ սեփական հայեցողության կարգավորել: Մարդ միայն մի անվերապահ ազատություն ունի` կարող է փոխել վերաբերմունքն իր հետ կատարվող դեպքերի հանդեպ և լինել երջանիկ, կամ ամենավերջին դժբախտը:
— Շատերին է հայտնի հեքիմ Ջունա Դավիդաշվիլիի, պայծառատեսներ Սուրբ Մատրոնայի, Նոստրադամուսի և Վանգայի մասին: Վերջինիս է պատկանում հետևյալ միտքը. «Կանհետանա սովորական իշխանությունը, դրա համար պայքար կսկսվի: Մարդկանց ագահությունը կանցնի քաղաքներ և դաշտեր»: Ովքե՞ր են պայծառատեսները, ինչպե՞ս են նրանք կարողանում կանխատեսել իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը կամ գուշակել մարդու ապագան, այն պարագայում, երբ այն մեզ հայտնի չէ:
— Ապագան կանխատեսելը և այն գուշակելը տարբեր բաներ են: Օրինակ՝ ավտովերանորոգող վարպետը շարժիչը գործարկում է ու դրա ձայնից հասկանում, թե ինչ է պետք փոխել, կամ յուղել: Նա գուշակո՞ւմ է, թե՞ կանխատեսում: Իսկ, եթե դու մեքենայի շարժիչը երբեք չես տեսել, բայց հանձն ես առնում տիրոջն այն նորոգելու թեմայով խորհուրդ տալ, ապա ո՞վ ես՝ գուշա՞կ, թե՞ մասնագետ: Մտածել է պետք, թե հարցեր ունենալիս ում ես դիմելու: Չեմ հերքում, իհարկե, կան մարդիկ, ովքեր կարողանում են միանալ, այսպես կոչված, էներգոինֆորմացիոն դաշտին, ու այնտեղից ստացած ինֆորմացիան փոխանցել մարդկանց, բայց նաև պիտի զգուշացնեմ, որ շատ են այն մարդիկ, ովքեր ունենալով բնատուր ներշնչողի, հիպնոսողի ունակություններ` չարաշահում են դիմացինի միամտությունը: Ավելի լավ կլինի, եթե մարդն իր հարցերը սեփական ուղեղով բացահայտի, եթե իր համար շատ բարդ հարց է` դիմի Աստծուն, աղոթք անի: Փորձեք ինքներդ շատ կարդալ, հարցին մի ուրիշ կողմից նայել ու կհամոզվեք, որ ցանկացած վիճակից ելք կա:
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ