ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Եթե վիրուսով հիվանդ կա, պետք է մեկուսացվի»

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ, ականջաբան ծառայության ղեկավար ՄԵՐԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Բժշկուհի, այսպես ասած՝ «գրիպի սեզոնը հայտարարենք բացված»… Հիմա ինչ անուններով գրիպի տեսակ ասես կա՝ հավի, խոզի, ու որքան տարատեսակ, այնքան վտանգավոր, անգամ մահաբեր: Դրանք երևի միշտ եղել են, բայց նո՞ր ենք իմանում դրանց մասին:

— Այդ տարատեսակները միշտ էլ եղել են, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արված հետազոտությունները և ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը հնարավորություն են տվել դրանց մասին տեղեկանալու: Բացի այդ, սննդի բաղադրության մեջ քիմիական կոմպոնենտների՝ հավելումների պարունակությունը հանգեցնում են Ձեր նշած իմացած ու չիմացած՝ տարատեսակ անվանումներով հիվանդությունների առաջացմանը, ինչպես նաև մթնոլորտի աղտոտվածությունն է նպաստում, թթվածնի պակաս է առաջանում, հիվանդությունների բռնկման օջախներ ստեղծում:

Եթե Շիրակի մարզը, որպես բարձրավանդակային գոտի, համեմատության մեջ դնենք ցածրադիր գոտիների հետ, ասենք՝ Արարատյան դաշտավայրի, կարելի՞ է փաստել, որ մեր տարածաշրջանում գրիպի տարածվածության մակարդակը բարձր է:

— Բնականաբար, կարելի է նման համեմատություն տանել, քանի որ մեզ մոտ օդը սուր է, բացի այդ, մեր տարածաշրջանը աղքատ է նաև կանաչ տարածքներով, դրան գումարած՝ օդի աղտոտվածության աստիճանը բարձր է, անգամ կավելացնեմ արտագաղթի բարձր ցուցիչը. դրսում արտագնա աշխատանքի մեկնածները և ժամանակավոր միգրանտները կարող են գրիպի և այլ վիրուսների ներթափանցման պատճառ հանդիսանալ:

Բնականաբար, հիվանդությունների զարգացման ժամանակահատված նաև կարելի է նշել սեզոնային փոփոխությունները:

— Իհարկե, գարնանն ու աշնանը վարակի բռնկումներն ակտիվանում են: Մանավանդ ցուրտ եղանակներին մարդկանց շփումը, միևնույն սենյակում հիվանդների կողքին լինելը տարածման շրջանակը լայնացնում է՝ օդակաթիլային միջոցով: Եվ նրանք, ում մոտ իմունային համակարգը ցածր է, օրգանիզմի դիմադրողականությունը թույլ՝ ավելի հակված են վիրուս ընդունելու:

Մեզանում էլ դեռ տարածված չէ այն կուլտուրան, որ եթե հիվանդ ես ու ստիպված ես շփվել մարդկանց հետ, ապա դիմակ կրելը գոնե մինիմիումի կհասցնի վիրուսի փոխանցումը:

— Այո, եթե մարդը հիվանդ է, նման դեպքում մեկուսանալը ճիշտ կլիներ: Բայց, եթե ստիպված է տանից դուրս գալ, անհրաժեշտ է, որ պաշտպանիչ դիմակ օգտգործեն: Ինչո՞ւ միայն դրսում, նաև տանը՝ տան այլ անդամներին ևս չվարակելու պայման կա:

Բժշկուհի, երբ ես եմ գրիպով հիվանդանում, կատակով ասում եմ՝ դեղերով՝ 5 օր է, առանց դեղ՝ 6: Գրիպն իր բռնկման ու մարման ժամանակաչափն ունի, չէ՞:

— 3-5 օր է, եթե հարբուխից հետո այլ բարդացումներ չեն առաջացել՝ հայմորիտ, մենինգիտ, և այլն, այս դեպքերում առանց դեղորայքի հաստատ անհնար կլինի: Իսկ թեթև շրջանի ժամանակ խորհուրդ ենք տալիս շատ հեղուկներ օգտագործել, սենյակը օդափոխել, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել, իսկ ջերմության առկայության կամ հիվանդության ձգձգման դեպքում նոր միայն հակաբիոտիկներ օգտագործել, հակավիրուսային պրեպարատներ:

Քիթկոկորդի, ականջի կաբինետը հագեցած է բուժսարքավորումներով, այդպես է, չէ՞:

— Մանրամասն զննման համար մենք ոչ մի խնդիր չունենք: Հետազոտություններ կարող ենք իրականացնել կենտրոնում. եթե մեզ պետք է իմանալ, հիվանդի մոտ բարդություններ առկա են, թե ոչ, մենք իրականացնում ենք խոռոչների ռենտգենոգրաֆիա, թոքերի ռենտգենոսկոպիա և այլն:

Դեղորայքի շուկայում առկա են կեղծված դեղեր՝ հիմնականում մեծ պահանջարկ ունեցողները: Ձեր մասնավոր կարծիքը:

— Ինչ խոսք, նման դեպքերի հանդիպում ենք, բայց մենք այդ շուկա մտնել չենք կարող: Մենք նշանակումներ անում ենք հիմնականում արդեն պրակտիկայում հայտնի և օգտավետության աստիճանով բարձր դեղեր: Նոր դեղեր ևս կարող են բերվել պրակտիկա, եթե դարձյալ փորձն անցած է:

Եթե հազն ու գրիպը օդակաթիլային անմիջական ազդեցությամբ առաջացող հիվանդություններ են, իսկ ականջի բորբոքումնե՞րը:

— Ականջի բորբոքումը դա առաջնահերթ գրիպի բարդության հետևանք է, բայց նաև կան հիվանդություններ, որոնք վնասվածքներից հետո, տրավմաներից հետո են առաջանում:

Իսկ հանգստից, այսպես ասած՝ ծովային սեզոնից:

— Միանշանակ: Այդ ժամանակահատվածում դիմած 100 հիվանդից 60-ի մոտ ականջաբորբը ծովից հետո է արտահայտվել:

Մեր տարածաշրջանում կոկորդային հազի՝ ֆարենգիտի, տարածումը մեծ է, դա պարտադիր հեռացված նշիկների հետևա՞ն ք է:

— Ոչ միայն. նպաստում է օդի փոշոտվածությունը, աղտոտվածությունը, նաև այն սնունդը, որը ազգային հատկանիշ է՝ կծու, թթու…

Հիվանդին ուղղված Ձեր խորհուրդներում ներառո՞ւմ եք ժողովրդական բժշկության կոմպոնենտներ:

— Հիմնականում ծաղկաբույսերով ողողումները, ինհալացիաները՝ տնային պայմաններում, նման խորհուրդներ, իհարկե, անհրաժեշտ են, սակայն բարդությունների դեպքերում խորհուրդ չենք տալիս տնային բուժումներով բավարարվել, այլ պետք է պարտադիր դիմել բժշկի:

Ի՞նչ ցուցումներ կտաք ընթերցողներին:

— Որքան հնարավոր է՝ հոգ տարեք Ձեր առողջությանը, եղեք հետևողական, մի թողեք հիվանդությունը բարդանա, հետագայում ավելի բարդ է այն բուժելը, քան ժամանակին դիմելու դեպքում. եղեք առողջ:

Պիտակներ՝