ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ես պացիենտին վերաբերվում եմ ինչպես ծնողիս հետ»

Հարցազրույց «Կումայրի» ախտորոշիչ բժշկական կենտրոնի տնօրեն ՎԱԶԳԵՆ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ հետ:

Բժիշկ, այսօր բազմաթիվ ախտորոշիչ կենտրոններ կան բացված՝ հագեցած ժամանակակից ու թանկարժեք բուժսարքավորումներով, մինչդեռ Ձեր ղեկավարած կենտրոնը շուրջ 30 տարի գործում է տնակային պայմաններում

— Մենք հանդիսանում ենք Երևանի «Դիագնոստիկա» բժշկական միավորման մասնաճյուղ: Այն հիմնել է Նիկողոսյան Հայկը, ով ներկայում աշխատում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Եվ բնական է, որ թե՛ այն ժամանակներում, և մանավանդ հիմա արդեն պետք է, որ դիագնոստիկ կենտրոնների հիմնումը որպես բիզնես դիտարկվեր ու այլ օբյեկտների նման դրանց հիմնումը տարածվեր: Դե, փողը, գիտեք ինչեր կարող է անել, ով փող ունի, բայց կապ չունի՝ մասնագիտությամբ բժի՞շկ է, թե՞ ոչ, կբացի դիագնոստիկ կենտրոն, մի քանի բժիշկների կհամախմբի ու վերջ… Տեսեք, ես իմ սեփականը չունեմ: Կմտածեք՝ չէի՞ կարող: Ինչ-որ տեղ՝ այո, չէի կարող, քանզի մեծ գումարներ էր անհրաժեշտ, սակայն մյուս կողմից էլ, որպես փորձառու մասնագետ, ես դա կարող էի անել: Բայց ես նվիրվող մարդ եմ, նվիրված եմ իմ գործին, իմ աշխատավայրին ու կոլեկտիվին, իսկ այս կենտոնն էլ արդեն իսկ կար, և այսքան տարի ես այստեղ եմ:



Ու, չնայած այն բանին, որ առաջին հայացքից թվում է, թե այս կենտրոնն արդի ասվածի հետ աղերս չունի, սակայն հաճախորդները մեծ վստահություն են տածում կենտրոնի, առավել ևս Ձեր նկատմամբ: Մեջբերեմ շրջանառվող խոսակցություններից մի քանիսը. «Հենց ներս մտա՝ դիագնոզս դրեց», «Մահտեսյանի դիագնոզը սարքավորումներից ուժեղ է», «100 տոկոսանոց է»… Ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւմն է Ձեր գաղտնիքը, միգուցե տարիների փո՞րձը:

— (Ծիծաղում է)… Ոչ մի գաղտնիք էլ չկա: Ի՞նչ ասեմ: Բնականաբար, նախ՝ տարիների փորձը մեծ հմտություն է հաղորդում մարդուն յուրաքանչյուր բնագավառում, իսկ բժշկի դեպքում, ինչպես հաճախ եմ սիրում կրկնել, պետք է ամբողջ կյանքում իր վրա աշխատի, առաջ նայի, առաջ գնա, կարդա, զբաղվի, ուշադիր լինի, իսկ ամենակարևորը, բժիշկն իր մասնագիտությանը զուգահեռ  պետք է սիրի նաև մարդուն: Բժշկությունը՝ դա իմ կյանքի ուղին է եղել, իմ ապրելակերպը, չնայած, որ իմ ազգության մեջ, ընտանիքում բժիշկները շատ են եղել, սակայն ինձ ոչ մեկը չի համոզել, չի ստիպել, որ ես այս մասնագիտությունն ընտրեմ: Ես ուզեցել եմ դառնալ բժիշկ, ես ուզեցել եմ բուժել մարդկանց, ես կարեկցանքով ու սիրով եմ մոտենում պացիենտին ու նրա ցավին: Ինձ համար տարբերություն չունի մարդու սեռը, տարիքը, ազգությունը, ռասան, եթե հիվանդը ներս մտավ, ես նրա հետ վարվում եմ ինչպես ծնողիս հետ, ինչպես հարազատիս հետ: Որովհետև դու պետք է սիրես մարդուն, ուշադիր լինես նրա հանդեպ, ուշադիր ու համբերատար լսես նրա գանգատները, պետք է անգիր ճանաչես մարդու անատոմիան:

Բժիշկ, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ. եթե կա ժամանակակից սարքավորում, ապա ինչպե՞ս կարող է լինել սխալ ախտորոշում: Սա ի՞նչ է, կապված է սարքավորումների թերությա՞ն, թե՞ ախտորոշումը «կարդացող» բժշկի ոչ կոմպետենտության հետ:

— Տեխնիկա էլ կա, տեխնիկա էլ, որակից է կախված: Բնականաբար, լավ տեխնիկան շատ է օգնում բժշկին, բայց դա կարդալ է պետք, հասկանալ է պետք, տեսնել է պետք: Ընդհանրապես, ռադիոլոգիա մասնագիտությունը և հարակից ճյուղերը, որոնց տարբեր անուններ են տալիս՝ սոնոգրաֆիա, էխո, ուզի, և այլն, բժշկության մեջ մեծ հեղաշրջում էր. պատկերացրեք, իրական պատկերը տալիս է իրական ժամանակահատվածում, և դա վերծանել է պետք: Իսկ դրա համար ի՞նչ է պետք. առաջինը՝ պետք է տիրապետես ընդհանուր բժշկությանը: Դուք հարցրեցիք, ո՞րն է իմ գաղտնիքը: Գաղտնիք չկա. ես տարիներ շարունակ պրակտիկ բժիշկ եմ աշխատել: Հետո, որպես ապարատչիկ չպիտի աշխատես՝ տեսար, գրեցիր, որպես օբյեկտ չպիտի նայես, այլ որպես հիվանդ: Սկզբում պետք է լսես ու հասկանաս հիվանդին, նոր տեխնիկան գործի դնես: Պետք է հիվանդությունները ճանաչել, մարդու անատոմիային բացարձակ տիրապետել, այս մասնագիտության մեջ պետք է տոպոգրաֆիան լավ իմանաս, և ապա ախտորոշումից հետո եզրակացություն գրել: Եվ հետո, սոնոգրաֆիան կոչվում է նաև օժանդակ քննության մեթոդ. սա վերջնական չի կարող համարվել, վերջնական կարող է լինել միայն այն ժամանակ, երբ բուժող բժիշկն ընկալում, ընդունում է և, երբ բժշկի դիագնոզն համընկնում է սոնոգրաֆիայի արդյունքներին, որի, ընդհանրապես, դիագնոստիկ ճշտությունը 80-100 տոկոս է: Բաներ կան, որ լրացուցիչ քննություններ են պետք: Եթե նկատել եք, եզրակացությունների մեջ  հաճախ է գրվում՝ սա չի համարվում վերջնական եզրակացություն: Բայց իմացեք, բժշկության մեջ 100 տոկոսանոց ոչինչ չկա:

Բժիշկ, անկախ ինձանից Ձեր ազգանունն է մեխվել աչքերիս առաջ, և ուզում եմ հարցնելբժիշկը Աստծո և մարդու միջև կամո՞ւրջ է:

— Այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում մահտեսի, իմ ապուպապերը, որոնք ժամանակին դարձել են մահտեսիներ, իրենք հանդիսացել են Աստծո, Քրիստոսի և մարդու միջև կապող օղակ: Այդ ստատուսն է պատմականորեն նրանց տրվել, երևի ես էլ մի բան քաղել եմ, գենետիկան կրողներից եմ:

Ասում են, որ Դուք, մյուս բժիշկների հետ համեմատ, զննության ընթացքում սիրում եք հաճախորդի հետ զրուցել կյանքից, դեսիցդենից:

— Այո, մարդը, ով մտնում է իմ մոտ, որը մինչ այդ միգուցե միջանցքում լսել է իմ բարձր տոնով ձայնը, զարմանում է, երբ հաջորդ պահին իմ մեջ տեսնում է փափուկ ու մարդամոտ բժշկին:

Դա իրո՞ք այդպես է՝ Դուք հենց առաջին հայացքից կարող եք ախտորոշել հաճախորդի հիվանդությո՞ւնը:

— Շատ հաճախ այդպես է, քիչ եմ սխալվում, աշխատանքային պրակտիկաս ինձ թույլ տալիս է մինչ գործիքային հետազոտությունը, կանխատեսել պացիենտի հիվանդությունը:

Տարիների ընթացքում շփվելով մարդկանց ու հիվանդությունների հետ, ի՞նչ կասեք՝ կյանքի որակին զուգահեռ փոխվո՞ւմ է հիվանդությունների որակը:

— Իզուր չեն ասում, որ կեցությունն է որոշում գիտակցությունը. այս դեպքում՝ նաև կյանքի որակն է, որ թողնում է մարդու վրա իր ազդեցությունը: Գյումրիում և, ընդհանրապես, մեծ աղետ տեսած վայրերում, հիվանդություններ կան, որոնց տոկոսը ավելի բարձր է: Ես սարսափով եմ արձանագրում, որ քաղցկեղով հիվանդների թիվն աճել է, և ուրախանում կամ թեթևացած շունչ եմ քաշում այն օրը, երբ այդ չարագույժ հիվանդությամբ ախտահարված պացիենտ չեմ ունենում: Գիտեք, չէ՞, որ սթրեսը ամենամեծ թշնամին է մարդու առողջության համար: Իսկ ապրելակերպն ինքնըստինքյան թողնում է իր ազդեցությունը: Ցավով պետք է նշեմ, որ մեր կենտրոնը գոյատևում է սեփական միջոցների հայթայթման հաշվին, ինքնաֆինանսավորմամբ, չունենք պետական դոտացիա, և թող ասածներս որպես հաճախորդ բերելու կոչ չթվա, սակայն յուրաքանչյուր հիվանդություն հնարավոր է մեղմել, բուժել, զարգացումը զսպել, եթե այն ախտորոշվում է նախնական փուլում: Ասելիքս ի՞նչ հետևություն ունի. որ մարդը պետք է սիրի ինքն իրեն, հոգ տանի իր առողջությանը, ժամանակ առ ժամանակ հետազոտվի, որպեսզի կյանքի որակը չվատթարանա մարմնում գլուխ բարձրացրած որևէ ախտի հետևանքով: Ուշացած դեպքերն են շատ, ինչն էլ գալիս է սոցիալական պայմաններից: Դրա համար շատ լավ գաղափար եմ համարում առողջության փաթեթների, բժշկական ապահովագրության ներդրումը, որը լայն հնարավորություններ է տալիս հիվանդին:

Եվ հարցազրույցի ավարտին

— Ունենալով շուրջ 30-ամյա աշխատանքային փորձ և բուժելով հազարավոր հիվանդների` կոչ ենք անում դիմել բժշկի` ախտանիշների, ցավերի ի հայտ գալուն պես, քանի որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման շրջանում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Պիտակներ՝