ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Երբ խոսքեր չես ընտրում` որպես չարածիդ վկա

Լույս է տեսել մանկավարժ, գրող Հասմիկ Վարոսյանի «Մնա ափիս մեջ» բանաստեղծությունների և պատմվածքների անդրանիկ ժողովածուն: Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը, ով ասում է, թե իր համար մեծ պատիվ էր Հասմիկի գրքի ներածության հեղինակը լինել, գրում է. «Գրականության տառապյալ մշակի արժանապատվությամբ և հույժ անաչառ պահնորդի զգոնությամբ է ստեղծագործում բանաստեղծուհին, քանզի իր գործի հանդեպ պատասխանատվությունն անսասան սկզբունք է նրա կյանքում` անկախ Աստծո շռայլ շնորհներից: Հասմիկն այն հազվադեպ գրողներից է, ով խորին երկյուղածությամբ է վերաբերվում գրին և գրականությանը: Առանձնակի ակնածանքի է արժանի նրա պատկերավոր մտածողությունը»: Հովհաննես Ղազարյանը նաև հավելում է, որ Հասմիկ Վարոսյանը գեղարվեստական զարմանալի մտածողություն ունի, իսկ հայերենն անչափ գեղեցիկ է, ընթերցողն հպարտությամբ է լցվում, զգալով, թե նա լեզուն ինչպես է ներկայացնում իր բանաստեղծություններում, ինչն անչափ կարևոր է պոեզիայի սահմաններում: Ուստի, պատահական չէ, որ նրա բանաստեղծություններից մի քանիսն հետագայում վերածվել են երգի:

Բանաստեղծուհին, ով հաջորդ տարի նշելու է յոթանասունամյակը, ասում է, թե ինքն իր հանդեպ քննադատորեն է վերաբերվում և սեփական բանաստեղծություններին տրված շռայլ գնահատականներին վերապահումով է մոտենում. «Մտերիմներս էլ կհավաստեն, որ ես այնքան էլ բաց մարդ չեմ, անընդհատ ներամփոփված եմ իմ մեջ և իմ արժանիքներն ինքս չեմ ուզում գնահատել: Վերջերս ընթերցում էի Դիանա Համբարձումյանի գիրքը, որտեղ մի դիպուկ խոսքի հանդիպեցի` «Մարդը փնտրում է, պտտվում ու գտնում է իրեն»: Իմ ստեղծագործությունների ոդիսականի մասին ավելի հստակ կիմանաք, երբ ես գրեմ իմ հուշերը: Կարծում եմ, որ դա շուտով կլինի: Ես, ժամանակ առ ժամանակ, որքան էլ ուզեցա իմ մեջ կոտրել պոետին, չստացվեց: Եվ հասկացա, որ պոեզիան իմ մեջ է ու ես էլ նրա մեջ»:

Վարոսյանի բազմաժանրությունը, նրա լայնախոհությունն ու փիլիսոփայական մտահայեցումն է արտացոլված «Մնա ափիս մեջ» երկար տարիներ «լռություն» պահպանած գրքում: Հետաքրքիրն այն է, որ բանաստեղծուհին թեև գրել սկսել է դեռևս տասնմեկ տարեկանից, տպագրվել` «Պիոներ կանչ» թերթում, սակայն երազանք է ունցել՝ լրագրող դառնալ: Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո պիտի զգար, որ լրագրությունն իր մասնագիտությունը չէ, ինքը չի կարող կաղապարային սահմաններում շարադրել մտքերը` տողերն ինքնաբերականորեն լայնարձակության են ձգտում:

Ինչ վերաբերում է մասնագիտությանը, նա խորը համոզմունք ունի, որ մանկավարժ ոչ թե դառնում են, այլ` ծնվում: «Մանուկներին անչափ շատ եմ սիրել, դպրոցում այն սերը, որ ես տվել եմ նրանց, հոգեկան կապը, որ ծնվել է իմ ու նրանց միջև, ավելի էր ոգևորում ինձ, որպեսզի հենց այդ ուղով էլ ընթանամ 40 տասնամյակ շարունակ»: Ուսուցչուհին 10 տարի աշխատել է երեկոյան դպրոցում: Աշակերտներն իր տարիքին կամ երկու տարով փոքր էին իրենից. «Այնքան էին կապված ինձ հետ, որ ես ուզում էի ամեն կերպ իրենց փոխանցել գիտելիքներս: Իհարկե, հաճախ էին բացակայում, որովհետև աշխատում էին, բայց ես ինձ պարապության չէի մատնում` անընդհատ գրքեր, մեթոդական ձեռնարկներ եմ ընթերցել, հմտացել իմ գործում: Մի խոսքով, նախապատրաստվել եմ միջնակարգ դպրոցում դասավանդելու, ինչը մեծագույն փափագս էր»:

Ուսուցչուհուն հրաշքի պես էր պատկերանում այն օրը, երբ ինքը կսկսի միջնակարգ դպրոցում աշխատել, կասկածում էր` իսկ արդյո՞ք կկարողանա. «Բայց աշխատանքի անցնելուս առաջին իսկ օրերից պարզվեց, որ ես դրա համար եմ ծնվել»: Այնպես էր ստացվել, որ աշխատանքն այստեղ սկզբում հարթ չէր ընթացել, գտնվել էին ուսուցիչներ, ովքեր նրա նկատմամբ թերահավատորեն էին վերաբերվել: Պատճառաբանությունն այն էր, թե քանի որ երեկոյան դպրոցից է եկել, ուրեմն` երեխաների հետ աշխատելու մանկավարժական հմտություններ չունի : «Սկսեցին իմ դեմ դավեր նյութել, բայց ես համեստորեն դրանք անարձագանք եմ թողել: Հետո որոշեցի, որ, եթե այսպես շարունակվի, անպայման կհեռանամ դպրոցից, բայց աշակերտներիս ծնողները հարգանքով էին վերաբերվում իմ հանդեպ և հենց նրանք էլ ինձ ոգեպնդեցին ու հարկ չեղավ թողնել դպրոցը»:

Պատմում է, որ մոտ 25 տարի պարապել է դիմորդների հետ, ու նրանք լիակատար արդարացրել են իր հույսերը: Բացի «Հայոց լեզվից» ու «Գրականությունից», ուսուցանել է նաև «Հայ ժողովրդի պատմություն»: Վստահաբար ասում է, թե գրականության ուսուցիչն անպայման պետք է լավ տիրապետի իր ժողովրդի պատմությանը, քանի որ գրականությունը, ինքնին, պատմության արտացոլանքն է: Համատեղ դասավանդել է նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնում: «Աշխատեցի երկար տարիներ: Բայց 1999 թվականին տեղափոխվեցինք Երևան, որովհետև որդիներս այնտեղ էին աշխատում, մեկը միջազգայնագետ է, մյուսը` բժիշկ, ու այլևս հնարավորություն չունեցա մանկավարժական գործունեությունս շարունակել»:

Որպես բանաստեղծուհի, Հասմիկ Վարոսյանը երկընտրանքի ու վարանմունքի պահեր է ունեցել, նա իրեն մշտապես միևնույն հարցն է տվել` գրե՞լ, թե՞ չգրել: Մանավանդ ամուսնու ընտանիքում քմահաճորեն են վերաբերվել բանաստեղծություններ գրելու իր շնորհին: Ստիպված է եղել զսպել գրելու տենչը, վրդովված պահերին նույնիսկ պատռել է գրած գործերը, դեն նետել: Հետո պիտի շատ ափսոսար, որ այդպես է վարվել: Այդ բանաստեղծություններից մեկին մի առիթով ծանոթացել էր Հովհաննես Շիրազը ու թղթին այսպիսի մակագրություն թողել. «Գրական աշխարհ է գալիս մի հիանալի բանաստեղծուհի»:

Հասմիկ Վարոսյանը, առհասարակ, չի մտածել, թե տարիներ շարունակ գրած բանաստեղծությունները երբևէ հրատարակելու է, մտադրված է եղել դրանք գրել զուտ զավակներին ընթերցանության թեմա տալու համար, բայց հետո հասկացել էր, որ ընթերցողի սեղանին դնելու գործեր ունի: Գրողն ասում է, թե անդրանիկ գիրքն իրեն թևեր է տվել ու այժմ որոշել է նաև հաջորդը տպագրել: Այն առակների գիրք է լինելու և վերնագրված է` «Առակս զինչ ցուցանե»: Հույս ունի, որ այն լույս կտեսնի արդեն հաջորդ տարի:

Իրեն` որպես մարդ ու անհատականություն, գրողն այսպես է ներկայացնում. «Այն եմ, ինչ կամ, զուր եք իմ մեջ փնտրում ինչ չի եղել, չկա. ես խոսքեր չեմ ընտրում իմ չարածին վկա: Էժան առ ու տուրից շատ եմ հեռու եղել, կքվել ծանրությունից, բայց ճամփաս չեմ շեղել, այս եմ հիմա` ինչ կամ. մոտ է մթնշաղը, տարբերություն չկա` երեկ, այսօր, վաղը: Թեև ծանր է բեռս, բայց թեթև է հոգիս. կյանքից սա է խերըս` խիղճս մաքու՜ր, հանգի՜ստ»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ