ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Երկրաշարժից քաղված դասերը 31 տարի անց

31 տարի է անցել 1988թ. աղետալի երկրաշարժից: Ի՞նչ դասեր ենք քաղել ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հետագա հնարավոր ողբերգական վտանգներից խուսափելու համար: Այս թեմայի շուրջ  քննարկում անցկացվեց Գյումրու «Երկխոսությունների մեդիա կենտրոնում»:

Ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանն անդրադարձավ երկրաշարժի՝ բնական աղետ լինելու հանգամանքին. «88 թվականի երկրաշարժը բնական էր, ոչ մի արհեստական միջամտություն չի եղել: Լինում են բազմաթիվ խոսակցություններ, որ պայթեցման միջոցով առաջացրել են երկրաշարժ  կամ այլ բան… Կասեմ, որ սրանք հեքիաթների շարքից են: Սպիտակի երկրաշարժը չի առանձնանում որպես շատ ուժեղ, քանի որ այդ կարգի երկրաշարժեր՝ մագնիտուտը 7.0, բալականությունը 10 , երկրագնդի վրա լինում է տարեկան 10-15 անգամ, այսինքն դա յուրահատուկ երևույթ չէ, բայց որպես ողբերգություն առանձնանում է: Սպիտակի երկրաշարժի ժամանակ ավերվել է Լենինականի տարածքի գրեթե 60, իսկ Սպիտակ քաղաքի 100 տոկոսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Հիմնականում ավերվեցին բազմաբնակարան շենքերը, դպրոցները և առողջապահական կառույցները»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ Լևոն Հովսեփյանն ասաց. «1988-ի երկրաշարժի ժամանակ չկար արտակարգ իրավիճակների նախարարություն, պատրաստված անձնակազմ, փրկարարներ, գույք, տեխնիկա, որն այժմ առկա է: Այս ամենի առկայության դեպքում մենք 88-ին բավականին հեշտ կկազմակերպեինք մարդկանց փրկելու, փլատակների տակից դուրս բերելու ամբողջ գործընթացը, ինչը հնարավորություն կտար որոշակի քանակով կրճատելու և՛ զոհերի, և՛ վիրավորների թիվը»:

Շիրակի մարզպետարանի քաղշինվարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյան. «Այսօր ամբողջ հանրապետության մասշտաբով, կարելի է ասել, քաղել ենք դասեր նախորդ աղետից: Այն տարիներին բնակելի շենքերը շատ անխիղճ, անորակ էին կառուցված, ոչ միայն բնակելի, նաև կրթական, առողջապահական և մյուս շենքերը: Սակայն այսօրվա շենքերը բավականին որակով են կառուցված, բայց չեմ կարող ասել, որ իդեալական մակարդակի են հասնում: Այսօր Հայաստանում գործող շինարարական նորմերը նախատեսված են մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար»:

Մասնագետների խոսքով, մարզում առկա 114 բազմաբնակարան շենքերն (92-ը Գյումրիում) ունեն 3-րդ, իսկ 8 շենք՝ մասնակի 4-րդ կարգի վթարայնության աստիճան: Այսինքն, սրանք չեն համապատասխանում անվտանգության պայմաններին:

Բանախոսներն անդրադառնալով սեպտեմբերի 10-ին Գյումրիում գրանցված ուժգին ցնցմանը, նշեցին, որ դա դեռևս Սպիտակի երկրաշարժին հետևող հետցնցումներից հերթականն էր, որը կկրի շարունակական բնույթ դեռ 30 տարի:

Խոսվեց նաև այն մասին, թե մեր օրերում ինչպես կարող է ազգաբնակչությունը ճիշտ կողմնորոշվել, չմատնվելով խուճապի՝ ապահովել իր անվտանգությունը: Դպրոցներում այժմ կատարվում են տարհանման փորձեր՝  հնարավորություն տալով դպրոցականներին ճիշտ կողմնորոշվել աղետի ժամանակ: Իսկ ինչ վերաբերվում է բազմաբնակարան շենքերի 1-ին և 2-րդ հարկերի բնակիչներին, նրանք կարող են հասցնել դուրս գալ տներից, իսկ բարձր հարկերում բնակվողներին խորհուրդ է տրվում կանգնել հիմնական պատերի մոտ, քանի որ դրանք ավելի ամուր են կառուցված:

ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս