[vc_row][vc_column width=”1/4″][vc_single_image image=”1159″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1160″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”3/4″][vc_column_text]
Ալեքպոլցի Մանուկ Սարգսյանն ապրել է Բոշի թաղում` ներկայիս Սայաթ-Նովա փողոցի մերձակայքում: Տոհմն իր օժանդակ անունը «ձեռք բերելու» համար «պարտական» է հենց նրան` տոհմի նահապետին: Իսկ պատմությունն այսպես է եղել. մի օր, վարուցան անելիս, հանկարծ լծկան եզը սատկել է: Դե, Մանուկն էլ, գործն առաջ տանելու համար, սատկած եզան փոխարեն էշին է լծել: Դա տեսնողներ են եղել ու բերնեբերան տարածել են. «Մանուկը էշին է լծել, էշին լծել` գործն է արել»: Ու Մանուկին տարբերակելու համար, վերջնական տեսքի է բերվել` «Էշ Մանուկ» անվանմամբ, ինչն էլ «սոսնձվել» է տոհմին ու իրարամերժ պատմություններ առաջ բերել: Հիմքում` այս դեպքն է: Իրականում Մանուկենք խելոք մարդիկ են եղել: Տոհմն այնքան մեծ է եղել, որ երկու ազգանուն է կրել` Սարգսյան և Մանուկյան:
Սեփական քրտինքով հարստացած (այն ժամանակների չափանիշներով) ռանչպար մարդիկ են եղել, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, հնարավորություն են ունեցել նոքյար պահելու: Ասում են` վերջիններս գոհ են եղել Մանուկենցից: Անգամ, երբ ժամանակները փոխվել են, նրանք եկել և երախտիքի խոսք են ասել գերդաստանի ավագին: Գերդաստանն ապրել է 16 փողոցի (Գորկու) ձախակողմյան թևում` Բոշի թաղի դիքի վրա:
Սարգսյանները, ինչպես և շատ գերդաստաններ Լենինականում, աճել են և ինքնաբերաբար առաջ է եկել ընդարձակ բնակմակերեսի կարիք: Այնպես որ, անհրաժեշտություն է ծագել, որ «Էշ Մանուկենց» մի ճյուղը տեղափոխվեր այլ տուն: Հողատարածք են վերցրել նախկին կենտրոնական փոստատան (այժմ` «Պրոգրես» համալսարանի) տեղում: Օկտա Սարգսյանը, ով հայրական «կողմով» համարվում է «Էշ Մանուկենց աղջիկը» (սա քաղաքային գերդաստանագրքի բնորոշիչ է հանդիսանում), պատմում է.
— 2-3 տարեկանից ես արդեն նոր տանն եմ ապրել: Հարևանությամբ միայն գյումրեցիներ էին ապրում: Մեր ընտանիքը գոմեր ուներ` անասուն էինք պահում: 30-ական թվականներին այնտեղ դեռ Լենինի հրապարակը չկար: Հրապարակի տեղում տներ էին` խիտ դասավորությամբ: Բայց քաղաքի զարգացման հատակագիծը պատրաստ էր և կենտրոնը պետք էր «հանձնել», կամ` զիջել:
Հովհաննես և Մովսես Սարգսյան եղբայրներին տարածք հատկացվեց Գյոդակյանների հողամասից: Եղբայրները կառուցեցին քաղաքում առաջին երկհարկանի տունը` ներկայիս 4-րդ մանկապարտեզի մերձակայքում: Հովհաննեսը երկաթուղային էր և հնարավորություն ուներ տան կառուցման վրա իր առանձնակի լուման ունենալ: Այնտեղ, ուր գերան էր պետք, նա ռելսեր էր տեղադրել: 1941 թվականի ամառային սովորական օր, երբ արդեն տան կառուցումը ավարտին էր հասել, Հովհաննես Սարգսյանը բարձրացել է տանիք ու այդ պահին ռադիոյով Լևիտանի ազդեցիկ ձայնը հայտարարել է, որ պատերազմ է սկսվել: Հովհաննեսը գլխիկոր թափ է տվել ձեռքը` «Էլ ո՞ւմ համար կսարքեմ», ու իջել տանիքից:
Օկտա Սարգսյանը` Հովհաննեսի աղջիկը հիշում է.
— Ճիշտ է, պատերազմ էր, բայց այդ տարիներին ոչ լույսից, ոչ բաղնիսից զուրկ չէինք: Էն ժամանակ լույս ունեինք, բայց լուսաքողարկումն անհրաժեշտ պայման էր: Նույնիսկ հատուկ հերթապահներ կային, ովքեր հետևում էին դրա կիրառմանը: Քսան տարեկան ամուսնացել եմ, չեմ աշխատել: Գյումրեցու ընտանիք` ինքներդ պատկերացրեք, նույնիսկ թույլ չեն տվել, որ կոմսոմոլ դառնամ: Տալս` Էմմա Բարսեղյանն էր ինձ տեսել: Նա «Կինո Հոկտեմբերում» տոմսավաճառ էր: Եկան, տեսան, հավանեցին: Նույնիսկ հորս խոսքը վերջնական չէր կարող լինել, մեր ազգի տարեցն էր ամուսնության համաձայնությունը տվել: Ու անկեղծորեն պիտի ասեմ, որ դժգոհ չեմ իմ ամուսնությունից: Ամուսինս` Մուրադը, վարորդ էր: Սկզբում` Լենինականի քաղկոմում, հետո «Բանվոր» թերթի խմբագիր Ասրյանի ծառայողական մեքենան էր վարում: Սկեսրայրս էլ էր վարորդ: Շատ բարի մարդ էր:
Փաստորեն, մեծերի ցանկությամբ է եղել նրանց ամուսնությունը և տիկին Օկտան բնական է ընդունել դա:
— Ես նաև այն տարիների համար շեղում չեմ դիտում այն, որ կինն էլ կարող էր ընտրել իրեն ամուսին: Անձամբ ճանաչում եմ մեկին և ամենայն հարգանք եմ տածել նրա նկատմամբ: Ամուսինն էլ կիրթ ու ուսումնասեր մարդ էր: Բայց,- վերապահումով ասում է Օկտա Սարգսյանը,- առաջ համեստորեն են ընտրել, հիմա` ափաշկյարա:
Այսօր 77-ամյա տիկին Օկտան կյանքի պայմանների հետ համակերպվելը դժվարին խնդիր է համարում` «Առաջ այլ էր, քան թե` էսօր: Առաջ մեր ազգականների երթուգալը մշտական էր: Ճոխ սեղան գցելը պրոբլեմ չէր: Այն չէր գցվում տարին մեկ` Նոր տարուն:
Հետո` նախկինում մի տեսակ թեթև էր, հեշտ էր ապրելը ու այդ հեշտությանը հումորով վերաբերվողներին չէին հանդիմանում` նույնիսկ ավանդապահ քաղաքում:
— Մածուն ծախողն էր եկել` հինգ, թե՞ տասը կոպեկ էր մեկ բաժակ մածունը,- մի զվարճալի դեպք է պատմում տիկին Օկտան,- մածնատերն առևտուրն ավարտել էր, բայց էշը չէր ուզում տեղից շարժվել` չնայած տիրոջ զոռելու բոլոր ջանքերին: Հարցը լուծեց մայրս: Նա եկավ ու էշի ականջին ինչ-որ բան շշնջաց, շոյեց ու էշն առաջ գնաց: Հորեղբայրս` Մովսեսը զարմանքից քար կտրեց. «Նինա, էդ ի՞նչ ասացիր, որ շարժվեց էդ երկարականջը»: Ասել էր` «Ամոթ է, մեր ազգին ընչի՞ կպախարակես»:
Հորեղբայրն ըստ արժանվույն էր գնահատել հարսի հումորը: Եվ, ընդհանրապես, հարսների նկատմամբ հարգանքը գյումրեցիներն ավանդական տուրք են համարել:
— Երբ հորեղբայրս գործի բերումով Իրանում էր աշխատում, հայրս չթողեց, որ հարսն այդ 2-3 տարում աշխատեր,- պատմում է Օկտա Սարգսյանը,- Հետո, երբ հորեղբայրս եկավ, մեր ընտանիքներն ըստ հարկերի բաժանվեցին:
Տիկին Օկտան ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա չի ընդունում բաժանությունը, բայց երևի կյանքն է այդպես` ոչ ոք դրանից չի ապահովագրված: Պարզապես այժմ պետք է ապրել այնպես, ինչպես կյանքն է թելադրում: Այսինքն` ամեն ինչ մեզանից է կախված: Եվ, եթե այլ կախվածություն կա մեր կյանքի իրադարձություններում, դա պետք է անէական համարել:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
Պիտակներ՝ #գերդաստան