ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Ըմբշամարտի դպրոցի փոխարեն մարզահամալի՞ր

Տարիներ շարունակ պատկան մարմինների, պետական այրերի մոտ բարձրաձայնվել էր «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի» անմխիթար վիճակի մասին, և տարիներ շարունակ էլ ի պատասխան լսվել էին միմիայն խոստումներ…խոստումներ…

Հայաստանում փոխվեց իրականություն. ունենք նոր իշխանություն՝ լեգիտիմ, ժողովրդական, նոր իրողություններ: «Շրջապատն» իր հոդվածներից մեկում հույս էր հայտնել, որ գոնե նոր իշխանությունը նոր վերաբերմունք կդրսևորի այս հարցին: Հոդվածն ուղարկվել էր Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարին ու փոխնախարարին: Վարչապետի «ուղիղ եթերների» մեկի ժամանակ դարձյալ հարց էր հղվել: Եվ կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական տվեց. հետաքրքրվել մարզադպրոցի հարցով և զեկուցել: Բացի այդ վարչապետն իր վերջին ասուլիսին ներկայացրած «100 փաստ»-ի 99-րդ կետում նշեց, որ կառավարությունը միջոցներ է տրամադրել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը Գյումրիում կառուցելու համար:

Մանրամասներ իմանալու համար զրուցեցել ենք ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ:

— Պարոն Ալեքսանյան, նախ շնորհավորում եմ, կարծես սայլը տեղից շարժվեց: Եվ, մեկ այլ լուր էլ քաղաքապետ Ս.Բալասանյանից լսեցի. իբր, եթե մարզադպրոցը չվերանորոգվի տեղում, հնարավոր է, որ առանձին մարզահամալիր կառուցվի այլ հասցեում:

— Մենք դեռ 2017-ից ունեինք մեր դպրոցի կապիտալ վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթուղթը: Կառավարությունից եկան, ուսումնասիրեցին, տեսան, որ դպրոցի խոնավության աստիճանը բարձր է, խոսակցության մեջ նշեցին, որ ավելի լավ է նորը կառուցել: Քաղաքապետն առաջարկեց հողամաս տրամադրել, որը Սախարովի հրապարակի դիմացի դաշտային հատվածում է, բավական մեծ տարածք: Գնացինք տարածքը նայեցինք, իսկ մի քանի օր առաջ էլ գեոդեզիստական չափագրումներն արվեց՝ քաղաքապետի նախաձեռնությամբ ու քաղաքապետարանի մասնագետների միջոցով: Պետական այրերը վարչապետին, բնականաբար, ներկայացրել են իրավիճակը: Վարչապետը հրահանգել է նոր շենք կառուցելու նախագծա-նախահաշիվն էլ անել, որպեսզի երկու տարբերակն ունենալով, նոր միայն դրվի քննարկման, երևի հաշվի առնվի դրական ու բացասական կողմերը, գումարային հարցերը, թե ով, ինչպես և ուր է գումարները փոխանցելու: Երբ որոշումը կայացվեց, շատ արագ սկսվելու է շինարարությունը:

— Կոնկրետ ժամանակահատված նշվե՞լ է:

— Ասել են, որ այս տարվա ընթացքում պետք է դպրոցի հարցը լուծված լինի:

— Ձեր տվյալներով, ըստ նախահաշվային փաստաթղթի, ներկա դպրոցի կապիտալ վերանորոգման համար որքա՞ն գումար է պահանջվում:

— Ըստ հաշվարկների և 2017 թվի տվյալների, պահանջվում էր 340 միլիոն դրամ:

— Բնականաբար, նորի կառուցման համար շատ ավելի մեծ գումար կպահանջվի, բայց շատ ցանկալի է, որ որոշում կայացնողները հենց այս տարբերակին հակված լինեն: Բացի այս, որքանով տեղեկացա քաղաքապետից, այս նոր շենքը միայն ըմբշամարտի դպրոցին չի ծառայելու, այո՞:

— Այո, այն շատ մեծ շենք է լինելու, մարզասրահ է ունենալու՝ մրցումներ ու տարբեր կարգի միջոցառումներ անցկացնելու մեծ հնարավորություններով: Հնարավոր է հարակից հյուրանոցային մասնաբաժիններ կառուցվեն, հնարավոր կլինի մարզահավաքներ անցկացնել, մի խոսքով, կլինի մարզական մեծ համալիր:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ